Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-239-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ և 60-րդ հոդվածի 3-րդ մասերի իմաստով քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրելը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում`

1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.

2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը.

3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.

4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Ընդ որում, քաղաքացու համաձայնության պարագայում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացու ծանուցումը կարող է իրականացվել բացառապես նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրի միջոցով, որի դեպքում եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման (եթե առկա չէ սույն մասում նշված համաձայնությունը) բացակայության դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո՝ տասներորդ օրը, քաղաքացին համարվում է ծանուցված: Սույն մասի համաձայն առձեռն հանձնվող ծանուցագիրը կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակն ստանալուց քաղաքացու հրաժարումը գրավոր արձանագրվում է ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակը հանձնող անձի կողմից՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարին և ժամը:»:

 

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասում՝

1) առաջին նախադասության «տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային» բառերը փոխարինել «սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց՝ հայտարարվող վարժական հավաքին սույն հոդվածի 5-րդ և սույն մասերով նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները և քաղաքացու առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:»:

 

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածում 3-րդ մասի առաջին նախադասության «տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային» բառերը փոխարինել «սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված» բառերով:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-239-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան