Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-240-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակը, գործունեության նպատակն ու երաշխիքները, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իրականացման, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատում ծառայության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Հաշվեքննիչ պալատը

 

1. Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն (այսուհետ՝ հաշվեքննություն) իրականացնող անկախ պետական մարմինն է:

2. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից՝ Հաշվեքննիչ պալատի նախագահից և վեց անդամից:

3. Հաշվեքննիչ պալատը մշակում, հաստատում և իրականացնում է արտաքին պետական հաշվեքննության ոլորտում քաղաքականությունը:

4. Հաշվեքննիչ պալատի նստավայրը Երևան քաղաքն է:

 

Հոդված 3. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը

 

1. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հաշվեքննությունների իրականացմամբ հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում օրինականության և արդյունավետության պահպանման վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողով ժամանակին մասնագիտական ու անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված չափանիշների ու պահանջների և (կամ) Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության մեթոդաբանությանը և (կամ) ուղեցույցներին համապատասխան ընտրված այլ չափանիշների պահպանման գնահատում և հաշվեքննության արդյունքով ներկայացված առաջարկությունների կատարման հետհսկողություն: Սույն օրենքում հաշվեքննությանը վերաբերող կարգավորումները տարածվում են ինչպես հաշվեքննությունների, այնպես էլ ստուգումների վրա, իսկ ստուգման կարգավորումները՝ բացառապես ստուգումների վրա.

2) հաշվեքննության շրջանակ՝ հանրային սեփականության կառավարում.

3) հանրային սեփականություն՝ պետական և համայնքային սեփականություն, այդ թվում՝ պետական և համայնքային բյուջեների միջոցներ (մուտքեր ու ելքեր), Ազգային ժողովի հաստատած՝ Կենտրոնական բանկի վարչական ծախսեր և կապիտալ ներդրումներ.

4) հաշվեքննության առարկա՝ հաշվեքննության շրջանակի գնահատվող մաս.

5) հաշվեքննության (ստուգման) օբյեկտ՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին (ստուգման դեպքում՝ 2-րդ) մասով սահմանված սուբյեկտ.

6) հաշվեքննող՝ հաշվեքննություն իրականացնող պաշտոնատար անձ.

7) փորձագետ՝ պայմանագրային հիմունքներով հաշվեքննության աշխատանքներում ներգրավվող՝ համապատասխան բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ.

8) անհամապատասխանություն՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված պահանջների չպահպանման դեպք.

9) խեղաթյուրում՝ ֆինանսական հաշվետվությունում գումարի, դասակարգման, ներկայացման կամ բացահայտման ու դրանց համար ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքներով սահմանված պահանջների միջև տարբերություն.

10) ֆինանսական հաշվետվություն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով նախատեսված բյուջեների կատարման հաշվետվություն, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքներով նախատեսված ֆինանսական հաշվետվություն.

11) հետհսկողություն (follow-up)՝ հաշվեքննության արդյունքով ներկայացված առաջարկություններից բխող միջոցառումների կատարման վերաբերյալ տեղեկատվության ստացում (ներառյալ հաշվեքննության օբյեկտից), վերլուծություն և ամփոփում.

12) ֆինանսական հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկայի վերաբերյալ կազմված ֆինանսական հաշվետվությունների գնահատում՝ իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշների ու պահանջների համեմատությամբ.

13) համապատասխանության հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկայի՝ իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշներին ու պահանջներին համապատասխանության գնահատում.

14) կատարողականի հաշվեքննություն՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված չափանիշների ու պահանջների և (կամ) Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության մեթոդաբանությանը և (կամ) ուղեցույցներին համապատասխան ընտրված այլ չափանիշների միջոցով հաշվեքննության առարկայի՝ տնտեսող և (կամ) ռեսուրսային և (կամ) նպատակային արդյունավետ լինելու գնահատում.

15) տնտեսում (economy)՝ սկզբունք, որով գնահատվում են ձեռք բերված ռեսուրսներին ուղղված ծախսերը՝ դրանց հնարավոր լավագույն գնի համեմատությամբ.

16) ռեսուրսային արդյունավետություն (efficiency)՝ սկզբունք, որով գնահատվում է հանրային սեփականության օգտագործման դիմաց առավելագույն չափելի արդյունքների ստացումը.

17) նպատակային արդյունավետություն (effectiveness)՝ սկզբունք, որով գնահատվում են սահմանված նպատակներին հասնելու աստիճանն ու ակնկալվող արդյունքների ստացման չափը.

18) զննում՝ հաշվեքննողի կողմից հաշվեքննության առարկային վերաբերող փաստացի վիճակի ուսումնասիրություն.

19) դիտարկում՝ հաշվեքննության առարկային վերաբերող գործընթացի կամ ընթացակարգի կատարմանն ականատես լինելը (ներառյալ հաշվեքննության օբյեկտում).

20) հարցում՝ հաշվեքննության օբյեկտի պատասխանատու անձանց գրավոր կամ բանավոր կարգով տեղեկատվության տրամադրման պահանջի ներկայացում.

21) արտաքին հաստատում՝ հաշվեքննության օբյեկտից բացի, այլ մարմին, հիմնարկ կամ օրենքով սահմանված կարգով պետական գործառույթով օժտված իրավաբանական անձին տեղեկատվության տրամադրման պահանջի ներկայացում.

22) վերլուծական ընթացակարգ՝ հաշվեքննության առարկան բնութագրող ցուցանիշների գնահատում դրանց հետ փոխկապակցված այլ տվյալների հետ համեմատման և համադրման միջոցով.

23) վերահաշվարկ՝ ելակետային տվյալների հիման վրա հաշվարկի ճշտության գնահատում.

24) վերակատարում՝ հաշվեքննության օբյեկտի ներքին հսկողության ընթացակարգերի վերարտադրում հաշվեքննողի կողմից.

25) հաշվեքննության հաշվետվություն՝ փաստաթուղթ, որում ամփոփվում են թեմատիկ հաշվեքննության հիմնական արդյունքները, և որի հաստատմամբ ավարտվում է հաշվեքննությունը.

26) ընթացիկ եզրակացություն՝ պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական հաշվեքննության ընթացքում կազմվող փաստաթուղթ, որում ամփոփվում են հաշվեքննության միջանկյալ արդյունքները.

27) միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպություն՝ աուդիտորական կազմակերպությունների վարկանշմամբ զբաղվող՝ միջազգային ճանաչում ունեցող համացանցային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող 10 խոշորագույն անկախ աուդիտորական կազմակերպություններից մեկը.

28) թեմատիկ հաշվեքննություն՝ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության կազմման նպատակով իրականացվող՝ հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական հաշվեքննությունից բացի, Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրով նախատեսված հաշվեքննությունների այլ ծրագրային կետեր.

29) աուդիտորի որակավորում՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված որակավորում.

30) Հաշվեքննիչ պալատում ծառայություն՝ պետական ծառայության տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով.

31) Հաշվեքննիչ պալատի ծառայող՝ Հաշվեքննիչ պալատում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատող:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 5. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրությունը

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահ (անդամ) կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված աուդիտորի որակավորում (այսուհետ՝ աուդիտորի որակավորում) ունեցող յուրաքանչյուր ոք, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ աուդիտորական կազմակերպությունում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատում՝ նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ և (կամ) 5-րդ մասերում նշված պաշտոններում (ներառյալ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում) պաշտոնավարման ստաժ, կամ ֆինանսների ոլորտում՝ նվազագույնը յոթ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում, կամ հանրային ծառայության ոլորտում՝ նվազագույնը յոթ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահին (անդամին) Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ Հաշվեքննիչ պալատի նախագահ:

3. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին՝ նպաստել հանրային հարստության կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անկախ ու անաչառ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ:»:

4. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ Հաշվեքննիչ պալատի նախորդ նախագահի (անդամի) պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրվելու պահին Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնը թափուր է, ապա Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից:

5. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում:

 

Հոդված 6. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարելը և դադարեցնելը

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարում են՝

1) լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

4) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

5) հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություն ձեռք բերելու դեպքում.

6) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

7) նրա մահվան դեպքում.

8) նրա հրաժարականի դեպքում:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր հրաժարականի դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին Ազգային ժողովի նախագահը տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին: Այդ տեղեկությունը տեղադրվում է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունների դադարման՝ հրաժարականից բացի, այլ հիմքեր ի հայտ գալու դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 

Հոդված 7. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները

 

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրած՝ պետական գործառույթներով օժտված այլ իրավաբանական անձանց նկատմամբ՝ անկախ դրանց գործունեությունն արտահայտող ֆինանսական գործառնությունների՝ պետական և համայնքային բյուջեներում արտացոլված լինելու հանգամանքից կամ եղանակից:

2. Հաշվեքննիչ պալատն ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե՝

1) ոչ առևտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության և (կամ) համայնքի կողմից.

2) առևտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 50 տոկոսից ավելին պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ է.

3) իրավաբանական անձը հիմնադրվել է սույն մասի 1-ին և (կամ) 2-րդ և (կամ) 10-րդ կետերում նշված իրավաբանական անձանց կողմից.

4) պետությունը կամ համայնքն իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ՝ օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշելու այդ իրավաբանական անձի որոշումները.

5) իրավաբանական անձին իրավական ակտով կամ պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում՝ միայն այդ իրավական ակտի կամ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար.

6) իրավաբանական անձն իրավական ակտով կամ պայմանագրով պետական կամ համայնքային աջակցության որևէ եղանակով (ներառյալ բյուջետային վարկերը, փոխառությունները, երաշխիքները, հարկային արտոնությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների) ու այլ ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքները) ստացել է միջոցներ՝ միայն այդ իրավական ակտի կամ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար.

7) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ կամ սուբսիդիաներ՝ միայն այդ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար.

8) իրավաբանական անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում՝ ընդերքօգտագործման մասով.

9) իրավաբանական անձն իրավական ակտով կամ հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիոն համաձայնությամբ (այդ թվում՝ պայմանագրով, համաձայնագրով կամ թույլտվությամբ) պետական և (կամ) համայնքային սեփականության (գույքի) հավատարմագրային կառավարիչ կամ կոնցեսիոներ է միայն հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի հետ կապված իրավական ակտերի կամ համաձայնության (այդ թվում՝ պայմանագրի, համաձայնագրի կամ թույլտվության) պահանջների կատարումն ստուգելու համար.

10) իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից և օժտված է պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներով և (կամ) լիազորություններով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-9-րդ կետերով սահմանված դեպքերում Հաշվեքննիչ պալատը ստուգումն իրականացնում է ստուգման օբյեկտում միայն այն դեպքում, երբ ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկատվությունը հասանելի չեն դառնում պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

4. Հաշվեքննության իրականացման ժամկետում հաշվեքննության շրջանակի վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում Հաշվեքննիչ պալատն ընդունում է որոշում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ուղարկելու վերաբերյալ: Այդ մասով Հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը:

 

Հոդված 9. Հաշվեքննիչ պալատի նիստերը

 

1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:

2. Հաշվեքննիչ պալատի նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ամիսը մեկ անգամ:

3. Հաշվեքննիչ պալատի նիստը հրավիրում է Հաշվեքննիչ պալատի նախագահը: Հաշվեքննիչ պալատի անդամները Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող են ներկայացնել օրակարգային հարցերի առաջարկություններ: Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգը Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է Հաշվեքննիչ պալատը:

4. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հաշվեքննիչ պալատի առնվազն չորս անդամ:

5. Նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ առնվազն չորս կողմ ձայնի առկայության դեպքում:

6. Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

7. Հրապարակման ենթակա որոշման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում հատուկ կարծիքը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դրա վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի նիստի արձանագրությունից քաղվածքը կցվում են որոշմանն ու հրապարակվում:

8. Նիստերն արձանագրվում են: Նիստերը կազմակերպվում, անցկացվում են, և դրանց ընթացքում ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով:

 

Հոդված 10. Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող հարցերի շրջանակը

 

1. Հաշվեքննիչ պալատը հաստատում է՝

1) Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագիրը.

2) Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը (այսուհետ՝ գործունեության ծրագիր).

3) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.

4) հաշվեքննության հաշվետվությունները.

5) ընթացիկ եզրակացությունները.

6) հետհսկողության հաշվետվությունները.

7) Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (այսուհետ՝ տարեկան հաղորդում).

8) Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը և Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման հաշվետվությունը, սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումները.

9) հաշվեքննության առաջադրանքը.

10) հաշվեքննության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որոշումները.

11) Հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները.

12) Հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը.

13) Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի (այսուհետ՝ ներքին աուդիտ) ստորաբաժանման կանոնադրությունը և գործունեության տարեկան ծրագիրը.

14) հաշվեքննության գործառույթին առնչվող մեթոդաբանություններն ու ուղեցույցները.

15) Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների՝ հաշվեքննության էթիկայի կանոնները, Հաշվեքննիչ պալատի ներքին կարգապահական կանոնները.

16) փորձագետների ներգրավման կարգը.

17) Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների խրախուսման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի իրավասու պաշտոնատար անձին ուղղված միջնորդությունները.

18) հաշվեքննության էթիկայի կանոնների խախտման կամ հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքներում բավարար հիմքերի առկայության դեպքերում հաշվեքննողների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի իրավասու պաշտոնատար անձին ուղղված միջնորդությունները.

19) մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրերը.

20) հաշվեքննողներին աշխատանքի ընդունման՝ սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նվազագույն պահանջներից բացի, լրացուցիչ պահանջները.

21) Հաշվեքննիչ պալատում ծառայության և Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերը, Հաշվեքննիչ պալատի հաստիքացուցակն ու պաշտոնների անձնագրերը.

22) արտաքին պետական հաշվեքննության օրենսդրության կատարելագործմանն ուղղված հայեցակարգերն ու առաջարկություններ պարունակող այլ փաստաթղթեր.

23) յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի հիման վրա, սույն օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան, Հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց տարեկան աշխատավարձի չափը՝ ըստ Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների ենթախմբերի.

24) օրենքով նախատեսված այլ հարցեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ, 10-16-րդ և 19-23-րդ կետերով սահմանված որոշումները հրապարակվում են Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված որոշումները Հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում ներկայացվում են Ազգային ժողով և Կառավարություն, եթե օրենքով այլ ժամկետներ սահմանված չեն:

 

Հոդված 11. Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահն ապահովում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝

1) հրավիրում և նախագահում է Հաշվեքննիչ պալատի նիստերը, ստորագրում է Հաշվեքննիչ պալատի որոշումները և Հաշվեքննիչ պալատի նիստերի արձանագրությունները.

2) ներկայացնում է Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

3) հաստատում է Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքների բաշխումը, Հաշվեքննիչ պալատի աուդիտի կոմիտեի (այսուհետ՝ աուդիտի կոմիտե) կազմը, Հաշվեքննիչ պալատի էթիկայի կոմիտեի (այսուհետ՝ էթիկայի կոմիտե) կազմը և Հաշվեքննիչ պալատի որակի հսկողության կոմիտեի (այսուհետ՝ որակի հսկողության կոմիտե) կազմը.

4) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման բաշխումը.

5) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը և սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման) կանոնադրությունները, ծախսերի նախահաշիվը.

6) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հաշվեքննիչ պալատի համապատասխան աշխատողներին, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

7) սահմանում է Հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր.

8) Հաշվեքննիչ պալատի անդամներից մեկին նախապես վերապահում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունների կատարումը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է Հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը.

9) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաև բացակայության դեպքերում Հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը վերապահում է Հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի.

10) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 100 օր առաջ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին.

11) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմնի ղեկավարի համար սահմանված այլ լիազորություններ.

12) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքում հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան:

3. Հաշվեքննիչ պալատի նախագահը Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքները բաշխելիս նախատեսում է՝

1) օրինականության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (ֆինանսական և համապատասխանության տեսակներ) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.

2) արդյունավետության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (կատարողականի տեսակ) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.

3) գործադիր իրավասություններից անկախ Հաշվեքննիչ պալատի չորս անդամի:

4. Հաշվեքննիչ պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր (հրամաններ):

 

Հոդված 12. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները

 

1. Հաշվեքննիչ պալատի անդամը՝

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի շրջանակում՝

ա. համակարգում է հաշվեքննության խմբերի աշխատանքը,

բ. ապահովում է հաշվեքննության խմբի միջոցով հաշվեքննության իրականացումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան,

գ. Հաշվեքննիչ պալատի հաստատմանն է ներկայացնում հաշվեքննության առաջադրանքների, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության, ընթացիկ եզրակացությունների, հաշվեքննության հաշվետվությունների նախագծերը և իր կողմից համակարգվող հաշվեքննությանը վերաբերող այլ նախագծեր.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի շրջանակում՝

ա. հանդիսանում է աուդիտի և (կամ) էթիկայի և (կամ) որակի հսկողության կոմիտեների անդամ՝ ապահովելով դրանց իրավասությունների իրականացումը,

բ. սույն կետի «ա» ենթակետում նշված իրավասությունների իրականացման նպատակով Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կարող է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով խորհրդակցություններ:

2. Աուդիտի և (կամ) էթիկայի և (կամ) որակի հսկողության կոմիտեների նախագահ կարող է լինել տվյալ կոմիտեի անդամներից մեկը: Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կոմիտեի նախագահ:

 

Հոդված 13. Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումները և Հաշվեքննիչ պալատում հաստիքների առավելագույն քանակը

 

1. Հաշվեքննիչ պալատում հաշվեքննություններն իրականացնում են մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումները: Մասնագիտացված է համարվում հաշվեքննություն իրականացնող այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի անվանումը պարունակում է հղում հաշվեքննության մեկ կամ երկու տեսակի, մասնավորապես՝

1) ֆինանսական և համապատասխանության կամ

2) կատարողականի:

2. Հաշվեքննիչ պալատի գործառույթներն ապահովելու նպատակով Հաշվեքննիչ պալատում սահմանվում են հաշվեքննությանն առնչվող, ինչպես նաև աջակցող մասնագիտական ստորաբաժանումներ և ներքին աուդիտի ստորաբաժանում: Աջակցող մասնագիտական ստորաբաժանումներից բացի, մնացած կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական:

3. Աուդիտի, էթիկայի և որակի հսկողության կոմիտեների գործունեության ապահովման համար Հաշվեքննիչ պալատում սահմանվում է հաշվեքննությանն առնչվող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:

4. Հաշվեքննիչ պալատի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

5. Հաշվեքննիչ պալատում հաստիքների առավելագույն քանակը որոշվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

 

Հոդված 14. Ներքին աուդիտը

 

1. Ներքին աուդիտը Հաշվեքննիչ պալատի ներքին հսկողության և Հաշվեքննիչ պալատի կառավարման արդյունավետության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատին անկախ և անաչառ գնահատական տրամադրող գործառույթ է:

2. Հաշվեքննիչ պալատում ներքին աուդիտի գործառույթն անկախ է Հաշվեքննիչ պալատի այլ գործառույթներից: Ներքին աուդիտի ստորաբաժանումը հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հաշվեքննիչ պալատը:

4. Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենքի և իր կանոնադրության համաձայն և առաջնորդվում է Ներքին աուդիտորների ինստիտուտի հրապարակած ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով և էթիկայի կանոններով:

5. Ներքին աուդիտի ստորաբաժանման նկատմամբ հսկողությունն իրականացում է աուդիտի կոմիտեն:

 

Հոդված 15. Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտը

 

1. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են ամենամյա արտաքին աուդիտի՝ մրցութային հիմունքներով ընտրված՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից՝ աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում նոր մրցույթում գնման գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող աուդիտորական բոլոր կազմակերպությունները:

3. Միևնույն արտաքին աուդիտորական կազմակերպությունը չի կարող ավելի քան երեք տարի անընդմեջ իրականացնել Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամենամյա արտաքին աուդիտը:

4. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմը՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան:

5. Յուրաքանչյուր տարի Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակվում է դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

 

Հոդված 16. Աուդիտի կոմիտեն

 

1. Աուդիտի կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտի ընթացքում համագործակցում է Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության հետ, նպաստում է դրա և Հաշվեքննիչ պալատի միջև արդյունավետ փոխգործակցությանը, դիտարկում է արտաքին աուդիտի աշխատանքի արդյունքները, ինչպես նաև իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ աուդիտի կոմիտեին վերապահված այլ գործառույթներ:

2. Աուդիտի կոմիտեն կազմված է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Աուդիտի կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ:

3. Աուդիտի կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները:

4. Աուդիտի կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին չեն կարող մասնակցել աուդիտի կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները:

5. Աուդիտի կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:

6. Աուդիտի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:

 

Հոդված 17. Էթիկայի կոմիտեն

 

1. Էթիկայի կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատի հաստատած հաշվեքննության էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ, դիտարկում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, ուսումնասիրում է հաշվեքննողների ու հաշվեքննության խմբի ղեկավարի կամ հաշվեքննության խմբի ղեկավարի ու հաշվեքննությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի միջև մասնագիտական դատողությունների էական տարբերության դեպքերը, դրանց հիման վրա Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ, ինչպես նաև իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ էթիկայի կոմիտեին վերապահված այլ գործառույթներ:

2. Էթիկայի կոմիտեն կազմված է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Էթիկայի կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ:

3. Էթիկայի կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները:

4. Էթիկայի կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին չեն կարող մասնակցել էթիկայի կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները:

5. Էթիկայի կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:

6. Էթիկայի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:

 

Հոդված 18. Որակի հսկողության կոմիտեն

 

1. Որակի հսկողության կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հաշվեքննության առանձին փուլերի արդյունքների նկատմամբ իրականացնում է որակի հսկողության անկախ վերանայում և դրա հիման վրա Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ, ինչպես նաև իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ որակի հսկողության կոմիտեին վերապահված այլ գործառույթներ:

2. Որակի հսկողության կոմիտեն կազմված է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Որակի հսկողության կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ:

3. Որակի հսկողության կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները:

4. Որակի հսկողության կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին չեն կարող մասնակցել որակի հսկողության կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները:

5. Որակի հսկողության կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին:

6. Որակի հսկողության կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:

 

Հոդված 19. Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն

 

1. Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն (այսուհետ՝ գործադիր կոմիտե) կազմված է Հաշվեքննիչ պալատի նախագահից և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամներից:

2. Գործադիր կոմիտեն՝

1) քննարկում և Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում կարծիք Հաշվեքննիչ պալատի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.

2) Հաշվեքննիչ պալատի նախագահի դիմումի հիման վրա քննարկում և Հաշվեքննիչ պալատի նախագահին է ներկայացնում կարծիք Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.

3) քննարկումներ է կազմակերպում և կարծիք է ներկայացնում Հաշվեքննիչ պալատի իրավասությանը վերաբերող հարցերի մասին:

3. Հաշվեքննություններ չհամակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները չեն կարող մասնակցել գործադիր կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին:

4. Գործադիր կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ:

 

Հոդված 20.  Հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը

 

1. Հաշվեքննիչ պալատը հաստատում է իր կանոնադրությունը՝ սույն օրենքով սահմանված իր գործունեության ապահովման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21. Գործունեության ծրագիրը

 

1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության՝ արտաքին պետական հաշվեքննության տարեկան ծրագիրը հաստատում է բյուջետային տարին սկսվելուց առնվազն 30 օր առաջ:

2. Գործունեության ծրագիրը ներառում է սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի իրագործման համար անհրաժեշտ՝ Հաշվեքննիչ պալատի հաստատած կարգով նախատեսված ծրագրային համապատասխան դրույթներ:

3. Գործունեության ծրագրում ներառված թեմատիկ հաշվեքննության իրականացումը տվյալ տարում չավարտվելու կամ մեկ տարուց ավելի իրականացման ժամկետով պլանավորված լինելու դեպքում այդ թեմաները ներառվում են հաջորդ տարվա գործունեության ծրագրում:

 

Հոդված 22. Հաշվեքննության գործընթացը

 

1. Հաշվեքննության գործընթացը բաղկացած է հաշվեքննության իրականացման (այդ թվում՝ պլանավորման, կատարման և հաշվետվության) ու հետհսկողության փուլերից:

2. Հաշվեքննության գործընթացը կազմակերպվում է օրինականության, տնտեսման, ռեսուրսային ու նպատակային արդյունավետության սկզբունքների համաձայն:

3. Հաշվեքննիչ պալատն իր բացահայտած անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ քրեաիրավական որակում չի տալիս և դրանց քրեաիրավական հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:

4. Հաշվեքննության առաջադրանքի, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության, ընթացիկ եզրակացության և հաշվեքննության հաշվետվության նախագծերի կազմման, վավերացման և Հաշվեքննիչ պալատի հաստատմանը ներկայացման կարգը, դրանց կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաշվեքննության կազմակերպման և իրականացման այլ ներքին ընթացակարգերը սահմանում է Հաշվեքննիչ պալատը:

 

Հոդված 23.   Հաշվեքննության իրականացումը

 

1. Հաշվեքննություններն իրականացվում են ֆինանսական և (կամ) համապատասխանության և (կամ) կատարողականի հաշվեքննության տեսակներով:

2. Հաշվեքննություն իրականացնելիս կարող են կիրառվել հարցման, արտաքին հաստատման, զննման, դիտարկման, վերահաշվարկի, վերակատարման և (կամ) վերլուծական ընթացակարգեր:

3. Հաշվեքննությունն իրականացվում է հաշվեքննության առարկայի համար իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո:

4. Յուրաքանչյուր հաշվեքննության իրականացման համար հաստատվում է հաշվեքննության առաջադրանք, որը ներառում է հաշվեքննության օբյեկտը, առարկան, տեսակը, իրականացման ժամկետը, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը, իրականացնող խմբի կազմը՝ խմբի ղեկավարը, այլ հաշվեքննողներ և փորձագետներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության չափանիշներն ու Հաշվեքննիչ պալատի սահմանած այլ տեղեկություններ: Հաշվեքննության առանձնահատկությունից ելնելով՝ հաշվեքննությունն իրականացնող խմբի կազմում կարող է ընդգրկվել նաև այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման հաշվեքննող:

5. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության իրականացման ժամկետի սկզբից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին է ուղարկում հաշվեքննության առաջադրանքը:

6. Հաշվեքննության իրականացումն ավարտվում է հաշվեքննության հաշվետվության կամ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության հաստատմամբ կամ հաշվեքննությունը դադարեցնելու մասին որոշմամբ:

7. Մինչև Հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը Հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, փորձագետներին և հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որևէ ձևով նախնական գնահատականներ և եզրակացություններ հրապարակել:

 

Հոդված 24. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը

 

1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական հաշվեքննության միջոցով՝ օգտագործելով այդ տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման ֆինանսական հաշվեքննության (այսուհետ՝ եռամսյակային հաշվեքննություն) ընթացիկ եզրակացությունները:

2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը ներառում է պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որի շրջանակում կարող է տրամադրվել հետևյալ չորս կարծիքներից մեկը.

1) չձևափոխված կարծիք, եթե ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, պատրաստված են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքների համաձայն.

2) վերապահումով կարծիք, եթե ստացվել են հաշվեքննության բավարար (քանակապես) ու hամապատասխան (որակապես) ապացույցներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ հայտնաբերված խեղաթյուրումները, առանձին կամ միասին վերցրած, էական են, սակայն համատարած չեն ֆինանսական հաշվետվություններում, կամ եթե անհնար է եղել ստանալ հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, սակայն կարելի է եզրակացնել, որ չհայտնաբերված խեղաթյուրումների հնարավոր հետևանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական, սակայն ոչ համատարած.

3) բացասական կարծիք, եթե ստացվել են հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, և կարելի է եզրակացնել, որ խեղաթյուրումները, առանձին կամ միասին վերցրած, էական և համատարած են ֆինանսական հաշվետվություններում.

4) կարծիքից հրաժարում, եթե անհնար է եղել ստանալ հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, և կարելի է եզրակացնել, որ չհայտնաբերված խեղաթյուրումների հնարավոր հետևանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական և համատարած, կամ եթե առկա են բազմաթիվ անորոշություններ պարունակող այնպիսի հանգամանքներ, երբ չնայած յուրաքանչյուր անորոշության համար ձեռք են բերվել հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, հնարավոր չէ կարծիք կազմել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ՝ ելնելով անորոշությունների հնարավոր փոխկապակցվածությունից և ֆինանսական հաշվետվությունների վրա դրանց հնարավոր հանրագումարային ազդեցությունից:

3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 25. Ընթացիկ եզրակացությունը

 

1. Եռամսյակային հաշվեքննության իրականացման արդյունքներով կազմվում է հաշվեքննության միջանկյալ հաշվետվություն՝ ընթացիկ եզրակացություն, որը ներկայացվում է Ազգային ժողով, Կառավարություն, ինչպես նաև վերաբերելի մասով՝ հաշվեքննության օբյեկտներ՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանի ավարտման օրվանից հետո՝ չորս ամսվա ընթացքում:

 

Հոդված 26. Հաշվեքննության հաշվետվությունը

 

1. Թեմատիկ հաշվեքննությունների իրականացման արդյունքներով կազմվում է հաշվեքննության հաշվետվություն:

2. Թեմատիկ ֆինանսական հաշվեքննության հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարծիքներից մեկը:

3. Թեմատիկ համապատասխանության հաշվեքննության հաշվետվությունը ներառում է ամփոփ տեղեկատվություն օրինականության սկզբունքի պահպանման վերաբերյալ:

4. Թեմատիկ կատարողականի հաշվեքննության հաշվետվությունը ներառում է ամփոփ տեղեկատվություն հատուցման դիմաց արժեքի ստեղծման (տնտեսման և (կամ) ռեսուրսային արդյունավետության և (կամ) նպատակային արդյունավետության սկզբունքների պահպանման) վերաբերյալ:

 

Հոդված 27. Հաշվեքննության արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունները

 

1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության և ընթացիկ եզրակացության նախագծերը ներկայացվում են Կառավարություն, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության օբյեկտի ղեկավարներին, իսկ հաշվեքննության հաշվետվության նախագիծը՝ հաշվեքննության առաջադրանքում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որոնք նախագիծն ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ներկայացնել գրավոր մեկնաբանություններ նախագծում ներկայացված փաստերի, առաջարկությունների և այլ տեղեկությունների վերաբերյալ:

 

Հոդված 28. Հաշվեքննության կասեցումը և դադարեցումը

 

1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հաշվեքննության ընթացքում հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքերում Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:

2. Հաշվեքննությունը կարող է դադարեցվել, եթե կասեցված հաշվեքննության կասեցման հիմքերը կասեցմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում չեն վերացել, կամ եթե հաշվեքննության իրականացման ընթացքում պարզվել է, որ հաշվեքննության տվյալ թեման այլևս չունի բավարար արդիականություն, էականություն կամ բարելավման ներուժ:

 

Հոդված 29. Հետհսկողությունը

 

1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և ընթացիկ եզրակացությունը հաստատումից հետո ներկայացվում են Ազգային ժողով ու Կառավարություն, իսկ հաշվեքննության հաշվետվությունը՝ հաշվեքննության օբյեկտի ղեկավարներին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության առարկային առնչվող այլ մարմինների ղեկավարներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերում ներկայացված առաջարկությունների հասցեատեր հաշվեքննության օբյեկտների ղեկավարները նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, պարտավոր են Հաշվեքննիչ պալատին տրամադրել իրենց հասցեագրված առաջարկությունների կատարման վերաբերյալ միջոցառումների ծրագիր, որը պետք է պարունակի տեղեկատվություն յուրաքանչյուր միջոցառման կատարման պատասխանատուի և վերջնաժամկետի վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հաշվեքննիչ պալատի առաջարկությունների հասցեատեր հաշվեքննության օբյեկտների ղեկավարները պարտավոր են Հաշվեքննիչ պալատի առաջարկած ժամկետում ներկայացնել տեղեկատվություն առաջարկությունների և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հոդված 30. Տարեկան հաղորդումը

 

1. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն պարունակող տարեկան հաղորդում:

2. Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու:

 

Հոդված 31. Հաշվեքննողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Հաշվեքննողն իրավասու է տվյալ հաշվեքննության առարկայի շրջանակում՝

1) հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձից պահանջելու առկա էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն, փաստաթղթեր, դրանց վավերացված պատճեններ, անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման վերաբերյալ, դրանցից դուրս գրելու տեղեկություններ: Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվությանը հաշվեքննողը կարող է ծանոթանալ տվյալ գաղտնիքի համար օրենքով սահմանված կարգով.

2) հաշվեքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձից ստանալու բանավոր և գրավոր պարզաբանումներ.

3) մուտք գործելու հաշվեքննության օբյեկտի տարածքներ.

4) անհրաժեշտության դեպքում հաշվեքննության գործընթացին ներգրավելու հաշվեքննության օբյեկտի ներկայացուցիչներին, այդ թվում՝ պահանջելու հաշվեքննության ընթացքում իր մասնակցությամբ հաշվառման (գույքագրման) իրականացում.

5) պահանջելու հաշվեքննության օբյեկտից՝ հաշվեքննության օբյեկտի հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքների մյուս կողմ հանդիսացած անձից պահանջել և Հաշվեքննիչ պալատ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն.

6) հաշվեքննության առարկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավաբանական անձանցից:

2. Հաշվեքննողը պարտավոր է՝

1) անաչառ և համակողմանի հավաքել ու արձանագրել հաշվեքննության առարկային առնչվող տեղեկություններն ու փաստերը.

2) իրականացնել հաշվեքննության գործընթացի փաստաթղթավորում.

3) չխոչընդոտել հաշվեքննության օբյեկտի բնականոն աշխատանքը.

4) հաշվեքննության ընթացքում հանցագործության առերևույթ հատկանիշներ ի հայտ գալու պարագայում տեղեկացնել հաշվեքննությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին և Հաշվեքննիչ պալատին:

 

Հոդված 32. Փորձագետը

 

1. Հաշվեքննիչ պալատն իրավասու է սույն օրենքով և Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով հաշվեքննության գործընթացում ներգրավելու փորձագետի:

2. Փորձագետն իրավասու է հաշվեքննության ընթացքում իրականացնելու սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված իրավունքները և կրում է սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները:

 

Հոդված 33. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. Հաշվեքննության առաջադրանքում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարն իրավասու է՝

1) ծանոթանալու հաշվեքննության հաշվետվության նախագծին և ներկայացնելու իր գրավոր մեկնաբանությունները դրա վերաբերյալ.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հաշվեքննողների գործողությունները:

2. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է՝

1) հաշվեքննողներին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով.

2) հաշվեքննողի առաջարկած ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն և փաստաթղթեր.

3) կազմակերպել և ապահովել հաշվեքննողի մասնակցությամբ հաշվեքննության ընթացակարգերի իրականացումը, այդ թվում՝ հաշվեքննողի պահանջով կազմակերպել հաշվեքննողի մասնակցությամբ հաշվառման (գույքագրման) իրականացում, ստորագրել բանավոր հարցման արձանագրությունները՝ ըստ անհրաժեշտության արձանագրությանը կից ներկայացնելով արձանագրության բովանդակության վերաբերյալ գրավոր առարկություններ.

4) չխոչընդոտել հաշվեքննության ընթացքը:

3. Հաշվեքննողի՝ հաշվեքննությանը վերաբերող՝ սույն օրենքով սահմանված իրավունքներից բխող պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց համար:

4. Հաշվեքննության առաջադրանքին կից հաշվեքննության օբյեկտին տրամադրվում է հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 34. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) անձեռնմխելիությունը

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) կարող է ազատությունից զրկվել գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հաշվեքննիչ պալատի համաձայնությամբ՝ Հաշվեքննիչ պալատի նիստերում որոշումների ընդունման կարգին համապատասխան: Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) առանց Հաշվեքննիչ պալատի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հաշվեքննիչ պալատի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

 

Հոդված 35. Հաշվեքննիչ պալատի գործունեության ֆինանսավորումը

 

1. Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների (հաշվեքննության և ստուգման) իրականացման համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի կատարումը երաշխավորող ֆինանսավորում:

2. Հաշվեքննիչ պալատի բյուջեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մաս է:

3. Հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը):

4. Հաշվեքննիչ պալատի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ ներկայացվում է Ազգային ժողով:

5. Կառավարությունն Ազգային ժողով և Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:

6. Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի երկու տոկոսին:

7. Հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա սույն օրենքով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող Հաշվեքննիչ պալատի ծառայողների համար պետք է ապահովվի Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների՝ ըստ համադրելի պաշտոնների միջին վարձատրությանը համապատասխան աշխատավարձ: Սույն մասում նշված՝ հարկային մարմնում առկա տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ներկայացնում է Հաշվեքննիչ պալատ:

8. Հաշվեքննիչ պալատի աշխատողների սոցիալական երաշխիքները սահմանվում են օրենքով, այդ թվում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ և 24-26-րդ հոդվածներով սահմանված երաշխիքները:

 

Հոդված 36. Հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը

 

1. Հաշվեքննիչ պալատին անհատույց և ազատ կերպով առցանց հասանելի են հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների կողմից վարվող էլեկտրոնային ու ոչ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններն ու համակարգերը, տեղեկություններն ու փաստաթղթերը:

2. Հաշվեքննության իրականացման ժամկետում Հաշվեքննիչ պալատին առցանց հասանելի են սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սուբյեկտներին պատկանող՝ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարանները:

3. Հաշվեքննիչ պալատի գործառույթներն իրականացնելիս Հաշվեքննիչ պալատի համար ապահովվում է տվյալներ մշակողների կողմից վարվող՝ հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ տվյալների բազաներին, տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, ինչպես նաև հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ՝ օրենքով պահպանվող գաղտնիքի հասանելիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրենքով պահպանվող տվյալները և տեղեկությունները՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի), հաշվեքննողի և փորձագետի կողմից հրապարակելը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված՝ Հաշվեքննիչ պալատի գործառույթների հետ չառնչվող ցանկացած այլ ձևով օգտագործելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 37. Պատասխանատվությունը Հաշվեքննիչ պալատի գործունեությունը խոչընդոտելու համար

 

1. Հանրային սեփականության հաշվեքննության համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն, հաշվեքննության շրջանակում պահանջված նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաև հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը և դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով Հաշվեքննիչ պալատին չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարումը խոչընդոտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում կամ արդյունքով հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, ինչպես նաև վերադաս ունենալու դեպքում վերադասին կարող է առաջարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց, եթե վերջիններս չեն կատարում սույն օրենքի պահանջները:

3. Հաշվեքննիչ պալատը կարող է Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով հրապարակել և Ազգային ժողով ներկայացնել սույն օրենքի պահանջները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվություն՝ համապատասխան դեպքի նկարագրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 38. Հաշվեքննիչ պալատում ծառայության իրավական հիմքերը

 

1. Հաշվեքննիչ պալատում ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքով:

2. Հաշվեքննիչ պալատի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

3. Հաշվեքննիչ պալատի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Հոդված 39. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների համակարգը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն պաշտոններ.

2) գլխավոր պաշտոններ.

3) առաջատար պաշտոններ.

4) կրտսեր պաշտոններ:

2. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի:

3. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Հաշվեքննիչ պալատի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ.

2) 2-րդ ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամ.

3) 3-րդ ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի վարչության պետ:

5. Հաշվեքննիչ պալատի ծառայողների գլխավոր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի վարչության պետի տեղակալ.

2) 2-րդ ենթախումբ՝ հաշվեքննության ավագ կառավարիչ.

3) 3-րդ ենթախումբ՝ հաշվեքննության կառավարիչ:

6. Հաշվեքննիչ պալատի ծառայողների առաջատար պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ առաջին դասի ավագ հաշվեքննող.

2) 2-րդ ենթախումբ՝ երկրորդ դասի ավագ հաշվեքննող.

3) 3-րդ ենթախումբ՝ երրորդ դասի ավագ հաշվեքննող:

7. Հաշվեքննիչ պալատի ծառայողների կրտսեր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ առաջին դասի կրտսեր հաշվեքննող.

2) 2-րդ ենթախումբ՝ երկրորդ դասի կրտսեր հաշվեքննող.

3) 3-րդ ենթախումբ՝ երրորդ դասի կրտսեր հաշվեքննող:

8. Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում չհանդիսացող՝ Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնների դասակարգումը սահմանում է Հաշվեքննիչ պալատը, որի համար կողմնորոշիչ նշանակություն ունեն սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում և 5-7-րդ մասերում նշված պաշտոնների դասակարգումները:

9. Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում չհանդիսացող՝ Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների համար որակավորման՝ գործառույթից կախված պահանջները սահմանում է Հաշվեքննիչ պալատը:

 

Հոդված 40. Հաշվեքննիչ պալատի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) ունի բարձրագույն կրթություն.

2) տիրապետում է հայերենին.

3) բավարարում է պաշտոնին ներկայացվող՝ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար սույն օրենքով սահմանված սահմանափակումները:

2. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.

4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.

6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ.

7) որը, լինելով աուդիտոր, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է որոշակի ժամկետով աուդիտորական գործունեության իրականացման իրավունքից.

8) որը, լինելով աուդիտոր, ստորագրել է աուդիտորական եզրակացություն, որը ճանաչվել է ոչ հավաստի.

9) որի աուդիտորի որակավորումը չեղարկվել է:

 

Հոդված 41. Հաշվեքննիչ պալատում պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետ կամ վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի աուդիտորի որակավորում, և որը մինչև նշանակումն առնվազն երկու տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության գլխավոր խմբի պաշտոն:

3. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության ավագ կառավարիչ կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի աուդիտորի որակավորում, և որը մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության գլխավոր խմբի պաշտոն:

4. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության կառավարիչ կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի աուդիտորի որակավորում, և որը մինչև նշանակումը զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության գլխավոր խմբի կամ վերջին երկու տարին՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում ղեկավարի առնվազն մեկ տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ ղեկավարի առնվազն երկու տարվա ստաժ:

5. Հաշվեքննիչ պալատի առաջին դասի ավագ հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն չորս առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն երկու տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար խմբի պաշտոն:

6. Հաշվեքննիչ պալատի երկրորդ դասի ավագ հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն չորս առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար խմբի պաշտոն:

7. Հաշվեքննիչ պալատի երրորդ դասի ավագ հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն չորս առարկաները, և որը մինչև նշանակումը զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար խմբի պաշտոն կամ ունի կրտսեր հաշվեքննողի առնվազն երկու տարվա ստաժ կամ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն երկու տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն չորս տարվա ստաժ:

8. Հաշվեքննիչ պալատի առաջին դասի կրտսեր հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն երկու առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն երկու տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության կրտսեր խմբի պաշտոն կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում աուդիտորի առնվազն երկու տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն չորս տարվա ստաժ:

9. Հաշվեքննիչ պալատի երկրորդ դասի կրտսեր հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն երկու առարկաները, և որը մինչև նշանակումն առնվազն մեկ տարի զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության կրտսեր խմբի պաշտոն կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում աուդիտորի առնվազն մեկուկես տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն երկու տարվա ստաժ:

10. Հաշվեքննիչ պալատի երրորդ դասի կրտսեր հաշվեքննող կարող է նշանակվել սույն օրենքի 40-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որը հանձնել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի որակավորման քննությունների ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատի սահմանած առնվազն երկու առարկաները, և որը մինչև նշանակումը զբաղեցրել է Հաշվեքննիչ պալատում ծառայության կրտսեր խմբի պաշտոն կամ ունի սկսնակ աուդիտորի առնվազն մեկ տարվա ստաժ և անցողիկ միավորով հաղթահարել է սկսնակ հաշվեքննողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացները կամ ունի միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունում աուդիտորի առնվազն մեկ տարվա ստաժ կամ այլ աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորի առնվազն մեկուկես տարվա ստաժ կամ տնտեսագիտության, ֆինանսների բնագավառներում՝ մասնագիտական աշխատանքի առնվազն երկու տարվա ստաժ:

11. Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում չհանդիսացող՝ Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման պայմանները սահմանում է Հաշվեքննիչ պալատը, որի համար սույն հոդվածի 2-10-րդ մասերով նախատեսված պայմանները կրում են կողմնորոշիչ բնույթ:

12. Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնները (բացառությամբ ինքնավար պաշտոնների) համալրվում են Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա, բացառությամբ փոխադրման կարգով Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնների համալրման:

13. Հաշվեքննիչ պալատում ծառայության թափուր պաշտոնը եթե չի զբաղեցվում փոխադրման կարգով, կամ թափուր պաշտոնը մինչև սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով զբաղեցնելը, կարող է զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Սույն մասով սահմանված պայմանագիրը կնքվում է այն անձի հետ, որը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

 

Հոդված 42. Հաշվեքննիչ պալատում սկսնակ հաշվեքննողների ներգրավումը

 

1. Հաշվեքննիչ պալատում որպես սկսնակ հաշվեքննող որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով կարող է ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող կամ բակալավրիատի ուսանող հանդիսացող և սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջից բացի, մյուս պահանջները բավարարող անձը:

2. Սկսնակ հաշվեքննողները Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով անցնում են սկսնակ հաշվեքննողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ:

 

Հոդված 43. Հաշվեքննիչ պալատում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողներին (բացառությամբ ինքնավար պաշտոններ զբաղեցնողների և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

2. Հաշվեքննիչ պալատի տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հաշվեքննիչ պալատում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

 

Հոդված 44. Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման և փոխադրման կարգով

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը մինչև երկու տարի ժամկետով կարող է տեղափոխություն կատարել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր պաշտոն զբաղեցնող Հաշվեքննիչ պալատի ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

2. Հաշվեքննիչ պալատում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահը կարող է նույն կամ այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել թափուր պաշտոնի, եթե նա բավարարում է Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

3. Փոխադրումից հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցույթով կամ փոխադրումով:

4. Հաշվեքննիչ պալատում ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը Հաշվեքննիչ պալատի նախագահը կարող է այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հաշվեքննիչ պալատի ծառայողին ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում նրա պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող ծառայողը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանում է՝

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

4) Հաշվեքննիչ պալատի ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.

5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխադրումն իրականացվում է հավասարազոր կամ տվյալ պաշտոնին հաջորդող մեկ ենթախմբով բարձր Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի:

7. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են Հաշվեքննիչ պալատի ծառայողի համաձայնությամբ:

8. Տեղափոխության և փոխադրման դեպքերում Հաշվեքննիչ պալատի ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

9. Տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, ինչպես նաև տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է Հաշվեքննիչ պալատը:

10. Սույն հոդվածի իմաստով հավասարազոր պաշտոն է համարվում Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնների անվանացանկում Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված պաշտոնը:

11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի դրույթները չեն տարածվում Հաշվեքննիչ պալատի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

 

Հոդված 45. Հաշվեքննիչ պալատի ծառայողի առաջխաղացումն առանց մրցույթի

 

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով կամ 7-րդ մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հաշվեքննիչ պալատի ծառայողի առաջխաղացումն առանց մրցույթի իրականացվում է տվյալ պաշտոնի (հաստիքային միավորի) ենթախումբը հաջորդող մեկ ենթախմբով բարձրացնելու եղանակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի ծառայողի առաջխաղացման նպատակով Հաշվեքննիչ պալատում կազմակերպվում և անցկացվում է համապատասխան պաշտոնի առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման գործընթաց, որի արդյունքով որոշվում է Հաշվեքննիչ պալատում ծառայողի առաջխաղացման հարցը:

3. Հաշվեքննիչ պալատում ծառայողի առաջխաղացման նպատակով կատարողականի գնահատման գործընթացի կազմակերպման և արդյունքների ամփոփման կարգը և ձևաչափը սահմանում է Հաշվեքննիչ պալատը:

 

Հոդված 46. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:

 

Հոդված 47. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոնից ազատվելը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողը (բացառությամբ ինքնավար պաշտոններ զբաղեցնողների) պաշտոնից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) հաստիքների կրճատման դեպքում, եթե Հաշվեքննիչ պալատում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

4) Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում.

5) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

7) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

8) նրա նկատմամբ սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու դեպքում.

9) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը.

10) սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկն ի հայտ գալու դեպքում.

11) երկու տարի անընդմեջ իր մեղքով շարունակական մասնագիտական զարգացման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

12) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում:

2. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

 

Հոդված 48. Հաշվեքննիչ պալատի ծառայողի իրավունքները

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեությանը վերաբերող փաստաթղթերին.

2) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ.

3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն.

4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը.

5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

6) ներկայացնելու առաջարկություններ Հաշվեքննիչ պալատի գործունեության կատարելագործման վերաբերյալ:

 

Հոդված 49. Հաշվեքննիչ պալատի ծառայողի պարտականությունները

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) պահպանել ծառայողական կարգապահությունը.

5) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության օգտագործման համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

6) Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով հավաքել շարունակական մասնագիտական զարգացման անհրաժեշտ կրեդիտներ.

7) պահպանել Հաշվեքննիչ պալատի ծառայողի համար սահմանված սահմանափակումներն ու անհամատեղելիության պահանջները:

 

Հոդված 50. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում:

2. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժի հանումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված խրախուսման միջոցները կիրառում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

4. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի դեպքում՝ Հաշվեքննիչ պալատը:

 

Հոդված 51. Հաշվեքննիչ պալատի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) հաշվեքննության էթիկայի կանոնները խախտելը.

2) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

3) ներքին կարգապահական կանոնները խախտելը.

4) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:

 

Հոդված 52. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի դեպքում՝ Հաշվեքննիչ պալատը:

 

Հոդված 53. Հաշվեքննիչ պալատի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում՝ նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին Հաշվեքննիչ պալատի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` երկօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Հաշվեքննիչ պալատի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանում է Հաշվեքննիչ պալատը:

6. Հաշվեքննիչ պալատի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

 

Հոդված 54. Հաշվեքննիչ պալատի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է Հաշվեքննիչ պալատի ծառայողի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելիս.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս՝ Հաշվեքննիչ պալատի ծառայողի դիմումի հիման վրա:

 

Հոդված 55. Հաշվեքննիչ պալատի ծառայողի վարձատրությունը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

 

Հոդված 56. Հաշվեքննիչ պալատի ծառայողի արձակուրդը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծառայողներն ունեն ամենամյա նվազագույն 20 աշխատանքային օր և ամենամյա լրացուցիչ 4 աշխատանքային օր տևողություններով վճարովի արձակուրդների իրավունք:

2. Հաշվեքննիչ պալատի անդամներին արձակուրդ տրամադրում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 57. Հաշվեքննիչ պալատի համագործակցությունն այլ մարմինների և անձանց հետ

 

1. Իր նպատակի ապահովման ու լիազորությունների իրականացման ընթացքում Հաշվեքննիչ պալատը համագործակցում է (այդ թվում՝ հաշվեքննության ապացույցների ստացման նպատակով) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, այլ սուբյեկտների հետ:

2. Հաշվեքննիչ պալատի հարցման կամ արտաքին հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու օրենքով սահմանված կարգով պետական գործառույթով օժտված իրավաբանական անձինք տրամադրում են Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությանը վերաբերող պահանջված տեղեկատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ստացած նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի հրապարակած եզրակացությունները, ընթացիկ եզրակացությունները և հաշվեքննության հաշվետվությունները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է Հաշվեքննիչ պալատի հետ:

 

Հոդված 58. Միջազգային համագործակցությունն ու ստանդարտները

 

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությանն առնչվող մեթոդաբանությունների ու ուղեցույցների մշակմանը և հաշվեքննությունների իրականացմանը վերաբերող հարցերում համագործակցում է այլ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների և դրանց միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություններին առնչվող մեթոդաբանություններ և ուղեցույցներ մշակելիս հիմք է ընդունում Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքները, ստանդարտներն ու ուղեցույցները:

3. Հաշվեքննիչ պալատը բարձրագույն հաշվեքննիչ մարմինների և դրանց միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կարող է իր իրավասության շրջանակում կնքել միջազգային պայմանագիր չհանդիսացող համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր՝ այդ մասին նախապես ծանուցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին: Սույն մասով նախատեսված փաստաթղթերն ստորագրում է Հաշվեքննիչ պալատի նախագահը կամ նրա լիազորած այլ անձ:

4. Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների շրջանակում և կարգով ինքնուրույն կամ այլ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների հետ համատեղ իրականացնում է այդ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 59. Օրենքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 2-7-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս անց, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Մինչև սույն մասում նշված վեցամսյա ժամկետը լրանալը Հաշվեքննիչ պալատում շարունակում է իրականացվել քաղաքացիական ծառայություն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող 2018 թվականի հունվարի 16-ի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան:

3. Հաշվեքննիչ պալատի պաշտոնավարող ծառայողներին վերաբերող աուդիտորի որակավորման դրույթներն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հուլիսի 1-ից:

4. Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված որակավորման քննությունների պահանջն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ 2026 թվականի հուլիսի 1-ից:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատում չպաշտոնավարող անձանց վրա:

6. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետները չեն տարածվում սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված որակավորման և որակավորման քննությունների պահանջներին՝ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներից ավելի վաղ համապատասխանող անձանց վրա:

7. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 36-րդ հոդվածը, 39-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շարունակում են համապատասխանաբար վերաբերելի մասով (mutatis mutandis) գործել «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 32-րդ հոդվածի 1-ին մասի, 57-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները։

 

Հոդված 60. Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների իրավական վիճակի առանձնահատկությունները

 

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների այն քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված որակավորման քննության պահանջը կամ ունեն աուդիտորի որակավորում, առանց մրցույթի շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի ծառայողներ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված համարժեք պաշտոններում: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից դադարում (դադարեցվում) է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների՝ աուդիտորի որակավորում չունեցող այն քաղաքացիական ծառայողների պաշտոնավարումը, որոնք չեն բավարարում սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված որակավորման քննության պահանջը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներում (բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման) քաղաքացիական ծառայության պաշտոններին համարժեք Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոններն են՝

1) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կառավարչի պաշտոնին.

2) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 1-ին դասի ավագ հաշվեքննողի պաշտոնին.

3) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի ավագ հաշվեքննողի պաշտոնին.

4) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ավագ մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 1-ին դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին.

5) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններին համարժեք Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոններն են՝

1) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի (քաղաքացիական ծառայողի) պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի (Հաշվեքննիչ պալատի ծառայողի) պաշտոնին.

2) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի (քաղաքացիական ծառայողի) պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի (Հաշվեքննիչ պալատի ծառայողի) պաշտոնին.

3) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի ավագ հաշվեքննողի պաշտոնին.

4) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ավագ մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 1-ին դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին.

5) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին:

4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը դադարում է, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համարժեք պաշտոններում պաշտոնավարման շարունակությունը տեղի է ունենում նոր ձևավորված՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումում: Մինչև սույն մասում նշված ստորաբաժանման վարչության պետի և վարչության պետի տեղակալի պաշտոնների՝ մրցութային կարգով համալրումը, վարչության պետի և վարչության պետի տեղակալի պարտականությունները համապատասխանաբար կատարում են Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում պաշտոնավարման ավելի երկար ստաժ ունեցող կառավարիչն ու 1-ին դասի ավագ հաշվեքննողը:

6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոններում պաշտոնավարումը շարունակող Հաշվեքննիչ պալատի ծառայողների հետ վերջնահաշվարկ չի կատարվում, ինչպես նաև պահպանվում են նրանց ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը:

7. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետից հետո տվյալ պաշտոնի համար սահմանված աուդիտորի որակավորման պահանջին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներից հետո՝ տվյալ պաշտոնի համար սահմանված որակավորման քննությունների պահանջներին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելուց հետո՝ յուրաքանչյուր հաջորդ 18 ամսվա ընթացքում, աուդիտորի որակավորման՝ տվյալ պաշտոնի համար սահմանված և դեռևս չհանձնած քննություններից առնվազն երկու քննության անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնավարումը դադարում (դադարեցվում) է:

8. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելուց հետո հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ծառայողների համար Հաշվեքննիչ պալատի սահմանած պայմանները բավարարող քաղաքացիական ծառայողները առանց մրցույթի վերանշանակվում են որպես Հաշվեքննիչ պալատի ծառայողներ Հաշվեքննիչ պալատի սահմանած համարժեք պաշտոններում:

9. Հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հաշվեքննիչ պալատում և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածները:

10. Մինչև սույն օրենքով սահմանված աուդիտորի որակավորման և աուդիտորի որակավորման քննությունների, իսկ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում Հաշվեքննիչ պալատի սահմանած պահանջները բավարարելը Հաշվեքննիչ պալատի ծառայողների հիմնական աշխատավարձը շարունակում է հաշվարկվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներին համապատասխան:

11. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով որակավորման քննության պահանջ է համարվում «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված որակավորման քննությունների ծրագրով սահմանված առաջին առարկայի («Ֆինանսական հաշվառման հիմունքներ») կամ դրան համարժեք համարվող՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) քննության («Ֆինանսական հաշվառում») անցողիկ միավորով հանձնումը:

 

Հոդված 61. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները

 

1. Հաշվեքննիչ պալատի 2023 և 2024 թվականների գործունեության ծրագրերով նախատեսված հաշվեքննությունների արդյունքներով կազմված ընթացիկ եզրակացությունների, 2023 և 2024 թվականների պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներգրավված փորձագետների ու մասնագետների նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

2. Սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի աուդիտի, էթիկայի, որակի հսկողության և գործադիր կոմիտեներին վերաբերող կարգավորումները, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ տարածվելով Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի և հաջորդող տարիների գործունեության ծրագրերի կատարման վրա: Հաշվեքննիչ պալատի 2023 և 2024 թվականների գործունեության ծրագրերով նախատեսված հաշվեքննությունների խմբերի համակարգումները շարունակում են իրականացնել հաշվեքննության առաջադրանքներում նշված Հաշվեքննիչ պալատի անդամները:

3. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրում Կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների հաշվեքննություն (ստուգում) նախատեսվելու դեպքում տվյալ հաշվեքննության (ստուգման) առաջադրանքը պետք է ղեկավարի աուդիտորի որակավորում ունեցող ծառայողը:

 

Հոդված 62. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը

 

1. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնութ ամսվա ընթացքում:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված Հաշվեքննիչ պալատի որոշումները համապատասխանեցվում են սույն օրենքին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնութ ամսվա ընթացքում:

 

Հոդված 63.

Իրավահաջորդությունը

 

1. Հաշվեքննիչ պալատը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավահաջորդը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-240-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան