ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.9-րդ հոդվածով.
«Հոդված 182.9. | Հաշվեքննիչ պալատի կամ հաշվեքննողի գործունեությունը խոչընդոտելը |
1. Հաշվեքննության շրջանակում Հաշվեքննիչ պալատին կամ հաշվեքննողին էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն չապահովելը, պահանջվող նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, ինչպես նաև հետհսկողության ընթացքում միջոցառումների պլանը և դրա կատարման ընթացքի վերաբերյալ պահանջված տեղեկությունները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը կամ ոչ լիարժեք տրամադրելը կամ հաշվեքննողներին աշխատելու համար բավարար պայմաններով ապահովված աշխատանքային տարածք չհատկացնելը կամ հաշվեքննության ընթացակարգերի կատարումը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով.
«5.2) սույն օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի հայցադիմումով.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-241-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|