Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-163-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված՝ դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սույն ժամկետը լրանալուց հետո որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ տասնօրյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում։ Որակավորման հանձնաժողովի նախագահը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.»։

 

Հոդված 2 Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.1) նա սույն օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը չի լրացնում էլեկտրոնային համակարգում.»:

 

Հոդված 3 Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ:»:

 

Հոդված 4 Օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը եռօրյա ժամկետում համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սույն ժամկետը լրանալուց հետո որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։»։

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-ին հոդվածով.

 

«Հոդված 50.1.

Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

 

1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ դատախազի պաշտոնում նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Գլխավոր դատախազը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:

2. Նախկինում դատախազի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատախազի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են դատախազի պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

4. Այն դեպքում, երբ դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, դատախազն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետը սկսվում է հաշվարկվել դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

5. Դատախազը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։

7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքով ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է գլխավոր դատախազին:»։

 

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) դատախազի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն:»:

 

Հոդված 7. Օրենքի 56-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն օրենքի 50.1-ին հոդվածով սահմանված խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության դեպքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում գլխավոր դատախազը պարտադիր հարուցում է կարգապահական վարույթ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական բնույթի եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների)։ Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում։»:

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում դատախազների կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Մինչև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով:

3. Այն դատախազները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են հետևյալ հաջորդականությամբ. 2024 թվականին՝ 20 տոկոս, 2025 թվականին՝ 25 տոկոս, 2026 թվականին՝ 25 տոկոս, 2027 թվականին՝ 30 տոկոս՝ հիմք ընդունելով հետևյալ հերթականությունը՝ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների, ապա զինվորական դատախազության, այնուհետև գլխավոր դատախազության դատախազներ:

4. 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնող դատախազները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ 2025, 2026 և 2027 թվականներին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող դատախազները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատախազները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնելուց հետո բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են Օրենքի 50.1-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, որը սկսվում է հաշվարկվել բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

 7. Այն դատախազները, որոնք դատախազի պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են Օրենքի 50.1-ին հոդվածով սահմանված կարգով։ Սույն ժամկետի հաշվարկը սկսվում է վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-163-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: