Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-423-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

 

1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝

1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված՝ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, հարկային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են հավաստագիր և ընդգրկվել են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ

2) հարկային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստում։

2. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած հարկային ծառայողներից հարցազրույցի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Կառավարությունը սահմանում է հարկային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է հարկային մարմնի ղեկավարը առանց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-17.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում

 

1․ Հարկային ծառայողի պատրաստման նպատակով հարկային մարմնի ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։

2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։ Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները։

3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, բարձրագույն կրթության, հայերենին տիրապետելու և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները․

1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.

2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը․

3) ընդունելության տեղերի քանակը։

5. Եթե ընդունելության արդյունքով մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով։

6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:

7. Թեստավորման պահանջները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը։

8. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք։

9. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:

10. Հարցազրույցի կազմակերպման համար ձևավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար:

11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դրա ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։ Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։

12. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։

13. Հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով հարկային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար։

 

Հոդված 17.2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակը

 

1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Ընդ որում, սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը հիմք չէ անձին ցուցակից հանելու համար։

2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու և ցուցակների վարման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։

3. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով՝ ինքնաշխատ եղանակով:

 

Հոդված 17.3. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և վերապատրաստում անցած անձանցից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով։

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) վերապատրաստում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) անցած և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է հարկային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար հարկային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, հարկային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, հարկային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և հարկային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Հարկային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

9. Հարկային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

10. Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

 

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Հարկային բոլոր ծառայողները հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։

3․ Հարկային ծառայողների առաջխաղացման նպատակով հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են կազմակերպվել նաև հարկային ծառայողի պաշտոնի խմբի համար կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են հիմք հանդիսանալ հարկային ծառայողի ծառայողական առաջխաղացման համար՝ սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված հարցազրույցի միջոցով նշանակում կատարելու համար։ Ընդ որում, սույն մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նաև հարկային ծառայողին հարկային ծառայության մեկ այլ հավասարազոր պաշտոնի նշանակման համար։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների։

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։

7. Վերապատրաստման ծրագիրը (այդ թվում՝ առաջխաղացման) հաջողությամբ ավարտելու դեպքում հարկային մարմնի ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը գործում է երեք տարի ժամկետով։»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

 

«Հոդված 25.1. Հարկային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

 

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքով հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը․

3) հարկային ծառայության պաշտոնի՝ սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը․

4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքով երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.

5) հաստիքների կրճատումը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:

3. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը։

4. Հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։»:

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) սույն օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 3.1.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

Հոդված 26.2. Ուսումնական կենտրոնը

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.

3) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում նշանակումներ կատարելու հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով:

3. 2024 թվականի հունվարի 1-ից հետո հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող թեկնածուի բացակայության դեպքում այդ թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով մինչև օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով՝ հաշվի առնելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 17-րդ հոդվածով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Սույն մասով նախատեսված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրերը կնքվում են մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը:

(8-րդ հոդվածը լրաց. 29.02.24 ՀՕ-102-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

Երևան
ՀՕ-423-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: