Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-424-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակման պայմանները

 

1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝

1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված՝ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են հավաստագիր և ընդգրկվել են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ

2) մաքսային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստում։

2. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող՝ մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է:

3. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած մաքսային ծառայողներից հարցազրույցի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է կոմիտեի ղեկավարը առանց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 8.1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում

 

1․ Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։

2. Ընդունելության կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։ Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները։

3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, բարձրագույն կրթության և հայերենին տիրապետելու և 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները․

1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.

2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ մաքսային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը․

3) ընդունելության տեղերի քանակը։

5. Եթե ընդունելության արդյունքով մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով։

6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:

7. Թեստավորման պահանջները հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը։

8. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մաքսային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք։

9. Հարցազրույցն անցկացնում է մաքսային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:

10. Հարցազրույցի կազմակերպման համար ձևավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար:

11. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դրա ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։ Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։

12. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձևը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։

13. Մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով մաքսային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար։

 

Հոդված 8.2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակը

 

1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Ընդ որում, սույն օրենքի 8.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը հիմք չէ անձին ցուցակից հանելու համար։

2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու և ցուցակների վարման կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը։

3. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով՝ ինքնաշխատ եղանակով:

 

Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և վերապատրաստում անցած անձանցից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով։

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հինգ ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) վերապատրաստում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) անցած և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է մաքսային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար մաքսային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, մաքսային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, մաքսային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և մաքսային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Մաքսային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները, անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:

9. Մաքսային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:

10. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

 

1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Մաքսային բոլոր ծառայողները մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ։

3․ Մաքսային ծառայողների առաջխաղացման նպատակով մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են կազմակերպվել նաև մաքսային ծառայողի պաշտոնի խմբի համար կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են հիմք հանդիսանալ մաքսային ծառայողի ծառայողական առաջխաղացման համար՝ սույն օրենքի 8.3-րդ հոդվածով սահմանված հարցազրույցի միջոցով նշանակում կատարելու համար։ Ընդ որում, սույն մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նաև մաքսային ծառայողին մաքսային ծառայության մեկ այլ հավասարազոր պաշտոնի նշանակման համար։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների։

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։

7. Վերապատրաստման ծրագիրը (այդ թվում՝ առաջխաղացման) հաջողությամբ ավարտելու դեպքում մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը գործում է երեք տարի ժամկետով։»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  2.1.

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

Հոդված 17.1. Ուսումնական կենտրոնը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.

3) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

Հոդված 6. Օրենքի 22.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 221. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

 

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքով մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը․

3) մաքսային ծառայության պաշտոնի՝ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը․

4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքով երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.

5) հաստիքների կրճատումը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների մաքսային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը։

4. Մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։»:

 

Հոդված 7. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.»:

 

Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-ին կետերով» բառերով.

2) 2-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը:»,

բ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հանրային ծառայության պաշտոնում նշանակվելը:»:

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում նշանակումներ կատարելու հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով:

3. 2024 թվականի հունվարի 1-ից հետո մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող թեկնածուի բացակայության դեպքում այդ թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով մինչև օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով՝ հաշվի առնելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով և 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Սույն մասով նախատեսված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրերը կնքվում են մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը:

(9-րդ հոդվածը լրաց. 29.02.24 ՀՕ-103-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

Երևան
ՀՕ-424-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: