Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-96-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը «հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «և հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային հսկողության շրջանակում հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.9-րդ գլխին համապատասխան:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.9-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 31.9

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՌԳՐԱՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՒՄ ԿԱՄ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 222.28. Հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը

 

1. Հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 222.29. Դատական ակտերը

 

1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե՝

1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հսկողության շրջանակներից․

2) զննում կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից էլեկտրոնային սարքերի կամ կրիչների առգրավումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընթացակարգերի համաձայն:

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է հարկային մարմին և այն հարկ վճարողին, որին պատկանող էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննման վերաբերյալ կայացվել է դատական ակտը:

4. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը հրապարակվում է դռնփակ նիստում։ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-96-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան