Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-393-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.7-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

 «Հոդված 197

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը».

 

2) 1-ին մասում՝

ա. հանել «միջմարզային, ներմարզային,» բառերը,

բ. «ուղևորափոխադրումների» բառից առաջ լրացնել «ներքաղաքային երթուղով» բառերով,

գ. «տրամադրելու համար՝» բառերից հետո լրացնել «ամսական» բառով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

 

կանխիկ դրամով վճարումների դեպքում

անկանխիկ դրամով վճարումների դեպքում

2 տոկոսի չափով՝

2024 թվականի սեպտեմբերի 1-ից

1.5 տոկոսի չափով՝

2024 թվականի սեպտեմբերի 1-ից

3.5 տոկոսի չափով՝

2025 թվականի հունվարի 1-ից

2.5 տոկոսի չափով՝

2025 թվականի հունվարի 1-ից

5 տոկոսի չափով՝

2026 թվականի հունվարի 1-ից

4 տոկոսի չափով՝

2026 թվականի հունվարի 1-ից».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։».

5) 3-րդ մասի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն հոդվածի 2-րդ մասում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ:»,

բ. 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

6) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.

1) Երևան քաղաքում՝ 1.0.

2) այլ քաղաքներում՝ 0.5:».

7) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

8) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածով սահմանված՝ ներքաղաքային երթուղու շահագործման կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով։».

9) 7-րդ մասից հանել «միջմարզային, ներմարզային և» և «կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների» բառերը.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը, իսկ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր ստանալու նպատակով այդ գործունեությունն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես էլեկտրոնային եղանակով մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին։ Սույն մասում նշված հայտարարությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը։».

11) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Որևէ ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի և ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մեծությունների հանրագումարով: Ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում ավելացված ավտոբուսների, միկրոավտոբուսների նստատեղերի կամ ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:».

12) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի և ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի հանրագումարով` ավտոբուսների, միկրոավտոբուսների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակահատվածի համար:».

13) 11-րդ մասից հանել «միջմարզային, ներմարզային,» բառերը.

14) 12-րդ մասի «իմաստով, թեթև մարդատար մեքենայով,» բառերը փոխարինել «իմաստով՝» բառով.

15) 14-րդ մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ «ավտոմեքենայի քանակի կամ գործակցի» բառերը՝ «ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի» բառերով.

16) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»։

 

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

 

«20) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար պետական տուրքի հաշվարկման և գանձման լիազորությունները պատվիրակվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով գանձված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»։

 

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման պատասխանատվությունը կրում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:»։

 

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը՝

1) «վճարողից» բառից հետո լրացնել «(սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից)» բառերով.

2) «վճարողները» բառից հետո լրացնել «(սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը)» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-393-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: