Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-8
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.1994-01.01.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.01.23/14 Հոդ.1
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1998

     Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 դեկտեմբերի 1991 թ.
Հ.Ն.-0489-I


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I

 

ՀԱՐԿԻ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. Շահութահարկ գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս ստացված շահույթից:

 

ԳԼՈՒԽ II


ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

Հոդված 2. Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների ու այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների (հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերը) գումարն է:

Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի (առանց շրջանառության հարկի և ակցիզային հարկի) և դրա արտադրության և իրացման ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի տարբերություն:

Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների (ծախսերի) կազմի մեջ մտնում են`

ա) գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները.

բ) Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես չեն հարկվել: Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտների գծով շահութահարկի հաշվարկումը և վճարումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

գ) արտադրանքի արտադրության (աշխատանքների, ծառայությունների) և իրացման հետ անմիջականորեն չկապված գործառնություններից ստացվող մյուս եկամուտները (ծախսերը), ներառյալ տուգանքների, տույժերի և բաց թողնված եկամտի ձևով ստացված և վճարված գումարները և վնասների փոխհատուցման գումարները:

դ) այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները, եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների):

(2-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 3. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) դիմաց բնամթերային ձևով եկամուտներ ստացող ձեռնարկությունների կողմից վճարվող շահութահարկի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:

 

ՀՈԴՎԱԾ 4. Շահույթը որոշելիս արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ են մտցվում`

ա) նյութական ծախսերը.

բ) հիմնական արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման հատկացումները.

գ) աշխատանքի վարձատրման ծախսերը.

դ) վարձակալական վճարը.

ե) գույքի պարտադիր ապահովագրման վճարումները.

զ) պետական սոցիալական և բուժապահովագրության վճարումները.

է) կարճաժամկետ վարկերի տոկոսների դիմաց կատարվող վճարումը (բացի ժամկետանց և տարկետված վարկերի).

ը) արտադրանքի արտադրման և իրացման մյուս ծախսերը (ներառյալ հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը):

(4-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

Հոդված 5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս հանձնարարությամբ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի մեջ ներառնվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում:

(5-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 6. Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի արտադրությունից (աշխատանքներից, ծառայություններից) և իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

(6-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 7. Այն դեպքում, երբ ստացված շահույթի որոշումն անհնար է, թույլատրվում է, ելնելով առանձին վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվող շահութաբերության համապատասխան նորմաներից, շահույթը որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

Հոդված 8. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը նվազեցվում է`

ա) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.

բ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.

գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(8-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

ԳԼՈՒԽ III

 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. Հարկվող շահույթը հաշվարկվում է որպես սույն օրենքի 10 հոդվածով սահմանված համախառն եկամտի և այդ եկամտի ստացման հետ կապված ծախսերի տարբերություն:

 

ՀՈԴՎԱԾ 10. Համախառն եկամուտը տնտեսական ու այլ առևտրային գործունեության բոլոր տեսակներից ստացված եկամուտն է, որն ընդգրկում է`

ա) արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթը.

բ) ձեռնարկության սեփականությունը հանդիսացող գույքի իրացումից ստացված եկամուտները` հանած այդ սեփականության մնացորդային արժեքը և իրացման ծախսերը.

գ) տրամադրված վարկերի դիմաց ստացված տոկոսները.

դ) սեփականությունը վարձակալության տալուց ստացված վարձավճարը.

ե) արժեթղթերից ստացված եկամուտը, բացառությամբ բաժնետոմսերից ստացված շահութամասերի (դիվիդենտների), եթե այն շահույթը, որից վճարվում են այդ շահութամասերը (դիվիդենտները), արդեն հարկվել է շահութահարկով.

զ) փայամասնակցությունից (այդ թվում նաև տնտեսական ընկերակցություններում) ստացված շահութամասերը, եթե շահույթը, որից վճարվում են նշված շահութամասերը, նախօրոք շահութահարկով չի հարկվել.

է) գույքի կառավարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերից ստացված եկամուտները.

ը) տնտեսական տույժերի, տուգանքների և բաց թողնված եկամուտների ձևով ստացված գումարները և փոխհատուցված վնասները:

 

ՀՈԴՎԱԾ 11. Շահույթի հաշվարկման համար համախառն եկամտից նախապես հանվում են շրջանառության հարկը և ակցիզային հարկը, ապա` համախառն եկամտի ստացման նպատակով կատարված`

ա) նյութական, այն է` հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, ապրանքների, վառելիքի, էներգիայի, սարքերի գնման ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության, այդ թվում` բնամթերային ձևով կատարված ծախսերը.

գ) արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման և վերանորոգման ամորտիզացիոն հատկացումները.

դ) վարձակալական վճարները.

ե) այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը, բացառությամբ կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի.

զ) գործուղումների, գրասենյակային, կապի միջոցներից օգտվելու ծախսերը.

է) մարկետինգի ծախսերը, այն է` շուկայի ուսումնասիրության, գովազդի, արտադրանքի գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական, վաճառահանման, դիզայնի ծախսերը.

ը) բնական ռեսուրսների օգտագործման վճարը.

թ) ապահովագրական վճարումները.

ժ) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից).

ի) պետական սոցիալական և բուժապահովագրական վճարները:

 

ՀՈԴՎԱԾ 12. Եթե սույն օրենքի 11 հոդվածում թվարկված առանձին ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված են նորմաներ, ապա եկամուտների ստացման նպատակով կատարված ծախսերը, որոնք գերազանցում են այդ նորմաները, չեն ընդգրկվում նշված ծախսերի կազմի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 13. Բնամթերային ձևով վարձատրություն ստացող ձեռնարկությունների հարկվող շահույթի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:

 

ՀՈԴՎԱԾ 14. Շահույթի հաշվարկման ժամանակ գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 15. Հարկվող շահույթը հաշվարկելիս այն նվազեցվում է`

ա) սեփականության վաճառքի կամ փոխանակության հետևանքով ստացված կորստի չափով (որը որոշվում է մնացորդային արժեքի և վաճառքի կամ փոխանակության արժեքի տարբերությամբ).

բ) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.

գ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.

դ) այն հարկերի և վճարումների գումարի չափով, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16. Այն դեպքում, երբ ստացված շահույթի ուղղակի որոշումն անհնար է, թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված շահութաբերության համապատասխան նորմաներից:

 

ԳԼՈՒԽ IV

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. Հարկվող շահույթից շահութահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

հարկվող շահույթի տարեկան գումարը

շահութահարկի դրույքաչափը

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

մինչև 18000 ռուբլի

12 տոկոս

18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի
2160 ռուբլի գումարած 18000 ռուբլուն գերազանցող գումարի 15 տոկոսը
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի
4860 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 20 տոկոսը
54001 ռուբլի և ավելի
8460 ռուբլի գումարած 54000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը

 

Հոդված 18. Բանկերը, այլ ֆինանսավարկային, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունները շահութահարկ վճարում են 45 տոկոս դրույքաչափով:

Շահումներով խաղերի (այդ թվում խաղատներում անցկացվող) և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված շահույթի դիմաց շահութահարկ վճարվում է 70 տոկոս դրույքաչափով:

Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել շահութահարկի այլ դրույքաչափեր ու չափեր, հաստատագրված վճարումներ, դրանց հաշվարկման ու վճարման կարգը և արտոնություններ:

Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ (այդ թվում շահութահարկի հաստատագրված վճարման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկություններն ու կազմակերպությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով, շահութահարկ են վճարում գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին` սահմանված դրույքաչափով: Այդ նպատակով վճարողի կողմից, ըստ գործունեության առանձին տեսակների, պետք է տարվի շահույթի հաշվառում:

Եթե ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի հաշվառումը բացակայում է, ողջ շահույթը (անկախ բյուջե մուծվելիք հաստատագրված վճարի գումարից) հարկվում է գործունեության այդ տեսակների համար օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ամենաբարձր դրույքաչափով:

(18-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 19. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ վերանայում է սույն օրենքի 17 հոդվածով սահմանված դրույքաչափերը` ելնելով ինֆլյացիայի գործակցի չափերից:

 

ԳԼՈՒԽ V

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ԲՅՈՒՋԵ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 20. Շահութահարկի բաշխումը ըստ հանրապետական և տեղական բյուջեների իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 21. Եթե ձեռնարկությունների կառուցվածքային ստորաբաժանումները տեղաբաշխված են մի քանի վարչատարածքային միավորներում, ապա շահութահարկը համապատասխան բյուջեներ է վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

ԳԼՈՒԽ VI

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 22. Շահութահարկի վճարումից ազատվում են նոր ստեղծվող ձեռնարկությունները` պետական գրանցման օրվան հաջորդող առաջին երկու տարվա ընթացքում:

Մինչև եռամյա ժամկետի ավարտը ձեռնարկության լուծարման դեպքում հարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` դրա գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

Նշված արտոնությունը չի տրվում պետական ձեռնարկություններին, վերակազմավորված, այդ թվում նաև` սեփականաշնորհված ձեռնարկություններին, լուծարված ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիման վրա ստեղծված ձեռնարկություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող ձեռնարկություններին:

(22-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

Հոդված 23. Սույն օրենքի 8 հոդվածի համաձայն հաշվարկված շահույթը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցուցակով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական կազմակերպությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.

բ) շուկաների և բորսաների կողմից ստացված շահույթի այն մասով, որն օգտագործվում է դրանց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.

գ) տնտեսական գործունեության նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի հաշվին ձեռք բերված շահույթի գումարի չափով.

դ) շահույթի հաշվին իրականացվող գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների կատարման վրա ձեռնարկության ծախսումների գումարի 50 տոկոսի չափով.

ե) շահույթի հաշվին իրականացվող տեխնիկական վերազինման և վերակառուցման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության ծախսումների գումարի չափով` այդ նպատակով օգտագործվող ամորտիզացիոն ֆոնդի միջոցների անբավարարության պայմաններում.

զ) բնապահպանական միջոցառումների իրականացման նպատակով ձեռնարկության, կազմակերպության տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին կատարված կապիտալ ներդրումների 30 տոկոսի չափով.

է) երկարաժամկետ վարկերի դիմաց տրված տոկոսների գումարի չափով.

ը) փոքր ձեռնարկության շահույթի հաշվին հիմնական ֆոնդերի կառուցման, վերակառուցման ու նորացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի յուրացման, ինչպես նաև կադրերի պատրաստման նպատակով կատարված ծախսումների գումարի չափով.

թ) ձեռնարկության շահույթի հաշվին իրականացվող բնապահպանական միջոցառումների հետ կապված ծախսումների գումարի 30 տոկոսի չափով.

ժ) բարեգործական և այլ բնույթի ֆոնդեր մուծված, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի ու սպորտի, սոցիալական ապահովագրության և այլ ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին փոխանցված շահույթի գումարների չափով, բայց ոչ ավելի սույն օրենքին համապատասխան սահմանված հարկվող շահույթի 10 տոկոսից:

Նշված ֆոնդերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից.

ժա) հաշմանդամների աշխատանքն օգտագործող ձեռնարկությունների շահույթի գումարի 50 տոկոսի չափով, եթե նրանց թիվը կազմում է ընդհանուր թվակազմի առնվազն 50 տոկոսը կամ շահույթի գումարի 30 տոկոսի չափով, եթե հաշմանդամների թիվը կազմում է ձեռնարկությունում աշխատողների ընդհանուր թվակազմի 30-50 տոկոսը.

ժբ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունների (եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 30 տոկոսից) շահույթի այն մասով, որը հաշվապահական հաշվառման միջոցով ստացվել է վնասների բացահայտումից հետո հինգ տարվա ընթացքում և հատկացվել դրանց ծածկմանը` պահեստային ֆոնդի միջոցների անբավարարության պայմաններում.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահեստային կամ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով` մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերում սահմանված չափերին, բայց կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի.

ժդ) Հայաստանի Հանրապետության ապրանքափոխանակման ֆոնդին վաճառված արտադրանքից ստացված շահույթի 30 տոկոսի չափով.

ժե) զբաղվածության ֆոնդ մուծված գումարների 30 տոկոսի չափով.

ժզ) իրենց հաշվեկշռում գտնվող առողջապահական օբյեկտների, ծերանոցների ու հաշմանդամների տների, մանկական, նախադպրոցական ու դպրոցական հիմնարկների, մշակույթի ու սպորտի օբյեկտների, ինչպես նաև կրթօջախների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն ձեռնարկությունների շահույթի հաշվին կատարվող ծախսումների գումարի չափով:

(«ժա» կետում 14.06.94 ՀՕ-108 օրենքի 9-րդ կետի 2-րդ մասով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)

(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 24. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունների` սույն օրենքին համապատասխան հաշվարկվող շահութահարկի գումարը նվազեցվում է գործունեության երրորդ տարվանից սկսած` շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 50 տոկոսից, իսկ եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը 30-ից մինչև 50 տոկոս է, ապա գործունեության երրորդ տարվանից սկսած` շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 25. (հոդվածը հանվել է 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 26. Տրված արտոնությունների հետևանքով բյուջե մուծվելիք շահութահարկի նվազումը չպետք է գերազանցի 60 տոկոսից, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածով, ինչպես նաև 23 հոդվածի «ա», «բ» և «ե» կետերով նախատեսված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ VII

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 27. Վճարողները հարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար, ելնելով հարկվող շահույթի չափից` հաշվի առնելով վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել այն նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրվում է շահութահարկի վճարումը, շահութահարկի հաշվարկների և հաշվետվությունների ներկայացումը կատարել կենտրոնացված կամ դրանց համար սահմանված հատուկ կարգով:

(27-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 28. Եռամսյակի ընթացքում բոլոր վճարողները (բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածում թվարկվածների) շահութահարկի կանխավճարներ են կատարում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում մուծված հարկի հիման վրա` կիրառելով սույն օրենքով սահմանված շահութահարկի դրույքաչափերը:

Այն դեպքերում, երբ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում մուծված հարկի փաստացի գումարը հնարավոր չէ որոշել, ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարի չափը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:

Շահութահարկի կանխավճարները բյուջե կատարվում են ամեն ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ, հավասար բաժիններով, շահութահարկի եռամսյակային գումարի մեկ վեցերորդի չափով:

Առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա և տարվա ավարտից հետո վճարողը, ելնելով իր փաստացի ստացած և հարկման ենթակա շահույթից, տարեսկզբից աճող հանրագումարով հաշվարկում է հարկի գումարը:

(28-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 29. Հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական կազմակերպությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները, կոոպերատիվները, բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները, համատեղ ձեռնարկությունները հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով, հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը:

 

ՀՈԴՎԱԾ 30. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք տարվա ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ են կատարում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:

(30-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

Հոդված 31. Բոլոր հարկատուները (բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածում թվարկվածների) իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ: Ընդ որում`

ա) եռամսյակային հաշվապահական հաշվետվություններն ու շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսի 15-ը.

բ) տարեկան հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:

Բաժնետիրական ընկերություններն ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև տեղեկություններ` բաժնետերերի և փայատերերի եկամուտների մասին: Մինչև օրացուցային տարին ավարտվելը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևով:

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները տարեկան հաշվապահական հաշվետվություններ, հաշվեկշիռներ և շահութահարկի հաշվարկներ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 32. Հարկի վճարումը ըստ եռամսյակային հաշվարկների կատարվում է հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում` ըստ տարեկան հաշվարկների, տարվա հաշվապահական հաշվետվության (հաշվեկշռի) ներկայացման համար` սահմանված օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 33. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ձեռնարկությունները շահութահարկը վճարում են անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային արժութային կուրսից:

Հարկատուները շահութահարկը բյուջե փոխանցելու հանձնարարագրերը բանկային հիմնարկին են հանձնում նախքան վճարման ժամկետը լրանալը:

(33-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)

 

Հոդված 34. Շահութահարկի այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից շահութահարկի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման, վճարողի ցանկությամբ, վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավել վճարելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան երեք տարիների դիմաց` վճարողի գրավոր դիմումի համաձայն:

Շահութահարկի ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետի ընթացքը:

(34-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

ԳԼՈՒԽ VIII

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 35. (հոդվածը հանվել է 14.06.94 ՀՕ-108)

 

ՀՈԴՎԱԾ 36. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթի ձևավորման առանձնահատկություններն ու այն հաշվարկելիս նկատի առնվող ծախսումների կազմը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

ՀՈԴՎԱԾ 37. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

 

ՀՈԴՎԱԾ 38. Օտարերկրյա իրավաբանական անձինք օգտվում են համատեղ ձեռնարկությունների համար սույն օրենքով սահմանված արտոնություններից: Այն դեպքում, երբ համատեղ ձեռնարկությունների համար, կախված օտարերկրյա մասնակցի բաժնից, սահմանվում են մի քանի արտոնություններ, ապա օտարերկրյա ձեռնարկությունների վրա տարածվում է տրված արտոնություններից առավելագույնը:

 

ՀՈԴՎԱԾ 39. Օտարերկրյա իրավաբանական անձը հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին է ներկայացնում հաշվետվություն իր գործունեության մասին, ինչպես նաև հայտարարագիր եկամուտների մասին:

Մինչև օրացուցային տարին ավարտվելը, օտարերկրյա իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված կարգով:

Հաշվարկված հարկի գումարի վերաբերյալ հարկատուին վճարման ծանուցագիր է տրվում Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված կարգով:

Հարկը մուծվում է վճարման ծանուցագրում նշված ժամկետներում, անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում շրջանառություն կատարող դրամով կամ արտարժույթով:

 

ՀՈԴՎԱԾ 40. Օտարերկրյա իրավաբանական անձանցից շահութահարկի գանձումը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել փոխադարձության սկզբունքով, այն դեպքերում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը նույնպիսի միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց առնչությամբ, ինչը պետք է հավաստվի այդ պետության հարկային մարմինների կողմից:

 

ԳԼՈՒԽ IX

 

ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

Հոդված 41. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

(41-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

18 հունվարի 1992 թ.

ՀՕ-8

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան