Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-321-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 5

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում և ազատվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:

4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն և կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերից:

6. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող, ինչպես նաև մարզային հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ հոգեբույժի վճարովի աշխատանք:

 

Հոդված 32.1. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը

 

1. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Կառավարությունը:

2. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների և հարցազրույցի հարցաշարերը կազմում և հաստատում է լիազոր մարմինը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի և համայնքի ղեկավարի իրավական ակտով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում և ազատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի և համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 15

Երևան

ՀՕ-321-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2023 թվական: