Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-150-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

 1․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության, անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, շահագրգիռ հանրության ծանուցման, հանրային լսումների գործընթացների, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու և այդ գործընթացներին մասնակցող անձանց վրա:

Հոդված 3. Գնահատման և փորձաքննության մասին օրենսդրությունը

 

1. Գնահատման և փորձաքննության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շրջակա միջավայր` բնական և մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության և մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի, ներառյալ մարդու առողջության, անվտանգության գործոնների, նյութերի, երևույթների ամբողջությունը և դրանց փոխազդեցությունը միմյանց ու մարդկանց միջև.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցություն՝ հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի կամ դրա բաղադրիչներից որևէ մեկի փոփոխությունը.

3) անդրսահմանային ազդեցություն՝ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում շրջակա միջավայրի վրա ազդեցություն, որը կառաջանա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով, և որի ֆիզիկական աղբյուրն ամբողջությամբ կամ մասամբ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում է.

4) ազդակիր պետություն` «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի իմաստով՝ պետություն, որն այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով կարող է ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության.

5) ծագման պետություն` «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի իմաստով՝ պետություն, որի իրավազորության ներքո նախատեսվում է իրականացնել հիմնադրույթային փաստաթղթի դրույթները կամ նախատեսվող գործունեությունը.

6) հիմնադրույթային փաստաթուղթ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթուղթ (ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, պլան, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) կամ փաստաթղթի փոփոխություն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների այլ իրավական ակտերով.

7) նախատեսվող գործունեություն՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործունեության տեսակներ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված գործունեություն, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով նախատեսված դեպքերում` նաև դրանց վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների դեպքում՝ շահագործումից հանում (ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող գերեզմանոցի դեպքում՝ փակում) կամ քանդում կամ նախագծային փոփոխություն.

8) նախագծային փաստաթուղթ` նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ և դրանց փոփոխություն։ Նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով կամ այլ իրավական ակտերով փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ նախատեսված չլինելու դեպքում՝ նախատեսվող գործունեության փուլային նկարագիր, ընդերքօգտագործման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 39-րդ հոդվածներով սահմանված ծրագիր կամ 50-րդ հոդվածով սահմանված արդյունահանման նախագիծ.

9) ռազմավարական էկոլոգիական գնահատում (այսուհետ՝ ՌԷԳ)՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների գործողության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունների որոշման և գնահատման գործընթաց, որը ներառում է ՌԷԳ հաշվետվության շրջանակի որոշակիացումը և դրույթները, ՌԷԳ հաշվետվության նախապատրաստումը, շահագրգիռ հանրության մասնակցության և մասնագիտական խորհրդակցությունների անցկացման ապահովումը, հիմնադրույթային փաստաթղթում ՌԷԳ հաշվետվության դրույթների, հանրության մասնակցության և խորհրդակցությունների արդյունքների հաշվի առնելը.

10) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (այսուհետ՝ ՇՄԱԳ)՝ նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթաց․

11) փորձաքննություն` հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, գնահատման և վերլուծության արդյունքով հիմնադրույթային փաստաթղթի նախագծին և ՌԷԳ հաշվետվությանը համապատասխան կամ նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան նախատեսվող գործունեության վերաբերյալ դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց.

12) պետական փորձաքննական եզրակացություն` փորձաքննության արդյունքով լիազոր մարմնի կողմից ընդունվող պաշտոնական փաստաթուղթ.

13) լիազոր մարմին` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին․

14) նախաձեռնող՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագիծ ներկայացնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ նախատեսվող գործունեություն իրականացնելու համար դիմող անձ.

15) փորձագետ` փորձաքննության գործընթացում լիազոր մարմնի կողմից ներգրավված իրավաբանական կամ ֆիզիկական անձ․

16) ազդակիր բնակավայր՝ շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր ազդեցության ենթակա բնակավայր (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջան)․

17) ազդակիր համայնք` ազդակիր բնակավայր ներառող համայնք․

18) շահագրգիռ անձ կամ հանրություն (այսուհետ՝ շահագրգիռ հանրություն)` հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ․

19) գործընթացի մասնակիցներ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ ազդակիր համայնք, ազդակիր բնակավայր, շահագրգիռ հանրություն, որոնք, սույն օրենքի համաձայն, մասնակցում են գնահատումների կամ փորձաքննության գործընթացին.

20) հայտ` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված գործողություններ իրականացնելուց առաջ նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ․

21) հաշվետվություն` համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի մշակած ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ․

22) փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթ՝ նախագծային փաստաթուղթ, ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվություն, սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթեր․

23) բնապահպանական կառավարման պլան` շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները (շինարարության, շահագործման, փակման, հետփակման փուլերը, ռիսկային և արտակարգ իրավիճակները), դրանց ընտրության և արդյունավետության հիմնավորումը, իրականացման ժամանակացույցը, մշտադիտարկման ցուցիչները, ծախսերի գումարային գնահատումը նախատեսող փաստաթուղթ․

24) շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիտորինգի) ծրագիր` հիմնադրույթային փաստաթղթի դրույթների գործողության կամ նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթին համապատասխան իրականացման ընթացքում և դրանից հետո շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկմանը, հետնախագծային վերլուծությանը, պետական փորձաքննական եզրակացության և Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարմանը կամ արտադրական հսկմանը (ինքնահսկմանը) ուղղված գործողությունների ամբողջություն.

25) կլիմայի փոփոխության հարմարվողականություն՝ շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների՝ կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողություն՝ վնասները նվազեցնելու, բացասական հետևանքները մեղմելու և հնարավորություններից օգտվելու համար․

26) կլիմայի փոփոխության մեղմում՝ միջոցառումների տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և ջերմոցային գազեր կլանող կարողությունների ստեղծմանը։

Հոդված 5. Գնահատման և փորձաքննության սկզբունքները

 

1. Գնահատման և փորձաքննության սկզբունքներն են՝

1) նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավորության դիտարկումը.

2) հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելումը, նվազեցումը և բացառումը․

3) գնահատման ընթացքում ազդեցությունների, ներառյալ անդրսահմանային ազդեցության համալիր դիտարկումը.

4) նախատեսվող գործունեության իրականացման այլընտրանքային, այդ թվում՝ գործունեության իրականացման բացառման, տարբերակների դիտարկման ապահովումը.

5) հաշվետվությունների լիարժեքության, հավաստիության և գիտական հիմնավորվածության ապահովումը.

6) պետական փորձաքննական եզրակացության հիմնավորվածության, օրինականության, օբյեկտիվության ապահովումը.

7) գնահատման և փորձաքննության գործընթացների թափանցիկության, հրապարակայնության, շահագրգիռ հանրության մասնակցության ապահովումը.

8) փորձաքննության արդյունքով շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, նվազեցման, բացառման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման կամ շրջակա միջավայրի վերականգնման ապահովումը։

 

Հոդված 6. Գնահատման և փորձաքննության նպատակն ու խնդիրները

 

1. Գնահատման նպատակն է հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան իրականացման արդյունքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը, ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատումը:

2. Փորձաքննության նպատակն է շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելման, նվազեցման կամ բացառման սկզբունքով՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախագծային փաստաթղթի ու ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության, վերլուծության և գնահատման արդյունքում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ պետական փորձաքննական դրական կամ բացասական եզրակացության տրամադրումը։

3. Գնահատման և փորձաքննության խնդիրներն են՝

1) էկոլոգիական անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովումը.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների և նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը.

3) արտակարգ իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերի գնահատումը:

 

Հոդված 7. ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունները, շրջակա միջավայրի օբյեկտները և բնութագրերը

 

1. Գնահատման և փորձաքննության իրականացման գործընթացում, ելնելով նախատեսվող գործունեության տեսակներից և առանձնահատկություններից, դիտարկվում են՝

1) մթնոլորտային օդի որակական ցուցանիշները, մթնոլորտն աղտոտող նյութերը, աղտոտվածության մակարդակը.

2) մակերևութային և ստորերկրյա ջրերը, դրանց որակի դասը, հոսքի ռեժիմը, որակական և քանակական ցուցանիշները, աղտոտվածության մակարդակը, ջրօգտագործումը, ջրահեռացումը, ջրային համակարգը կամ դրա առանձին մասերը.

3) հողը` նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը, կարգը, որակը, վիճակը, կազմը, աղտոտվածությունը, դեգրադացիան, բերրի շերտի օգտագործումը.

4) երկրաձևաբանությունը, լանջերի թեքությունը, երկրաբանական և տեկտոնական կառուցվածքը, արտածին երկրաբանական երևույթները, օգտակար հանածոները, ընդերքօգտագործումը.

5) ռելիեֆը, լանդշաֆտը, բնության հատուկ պահպանվող տարածքները կամ բնապահպանական հողերը, բնակավայրերի կանաչ գոտիները, կենդանիների միգրացիոն ուղիները և բնադրավայրերը.

6) բուսական ու կենդանական աշխարհը, դրանց տեսակային կազմը, կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրերը, բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերը, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածությունը, ինվազիվ՝ օտարածին, բուսական և կենդանական տեսակների, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում կամ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված կենդանիների կամ բույսերի առկայությունը.

7) անտառները` դրանց գործառնական նշանակությունը, անտառների կայուն կառավարումը, տեսակային կազմը, բոնիտետը, վիճակը (կենսունակությունը, վնասատուներով վարակվածությունը, տարիքային կազմը).

8) պատմության և մշակույթի հուշարձանները, կառույցները, գերեզմանոցները, ենթակառուցվածքները, տրանսպորտային միջոցներով ճանապարհների ծանրաբեռնվածությունը.

9) թափոնի կազմը, թափոնի դասը, գործածությունը, վտանգավոր հատկությունները, վտանգավորության աստիճանը, թափոնի քանակը, ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի).

10) ֆիզիկական ազդեցությունները` աղմուկը, թրթռումները (վիբրացիան), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումները.

11) կլիմայի փոփոխության վրա ազդեցություն ունեցող գործոնների առկայությունը, կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները․

12) ազդեցությունների հետ կապված առողջապահական գործոնները.

13) սոցիալական գործոնները, ժողովրդագրական կազմն ու բնակչությունը.

14) արտակարգ իրավիճակների, պատահարների, վտանգավոր տարերային երևույթների առաջացման հավանականությունը։

2. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների գնահատման դեպքում, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանվածից, դիտարկվում են նաև սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված որոշմամբ հաստատված բնութագրերը։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 8. Կառավարության իրավասությունները

 

1. Գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասություններն են՝

1) ՌԷԳ կարգի և ՌԷԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջների հաստատումը.

2) ՇՄԱԳ կարգի հաստատումը․

3) փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի հաստատումը.

4) նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգի հաստատումը.

5) նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության ՇՄԱԳ-ի և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգի հաստատումը.

6) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատումը կամ ուժը կորցրած ճանաչելը.

7) սույն օրենքի 16-րդ հոդվածով և 7-րդ գլխով նախատեսված՝ hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի և ժամկետների սահմանումը.

8) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգի հաստատումը․

9) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերի հաստատումը․

10) նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բնապահպանական վնասի գնահատման և հատուցման կարգի հաստատումը․

11) պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակների հաստատումը։

Հոդված 9.

Լիազոր մարմնի իրավասությունները

 

1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) իր իրավասության սահմաններում փորձաքննության գործընթացին վերաբերող միջազգային համագործակցության իրականացումը.

2) ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը.

3) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության ստորագրումը.

4) անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի մշակումը․

5) փորձաքննության իրականացումը, պետական փորձաքննական եզրակացության կազմումը, հաստատումը (բացառությամբ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության), տրամադրումը․

6) նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունումը՝ Կառավարության հաստատած կարգին համապատասխան․

7) փորձաքննության գործընթացում, մասնագիտական կամ փորձագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված, պայմանագրային հիմունքներով փորձագետի ներգրավումը.

8) սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը.

9) շահագրգիռ մարմինների հետ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության համաձայնեցումը.

10) հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցության ապահովումը․

11) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով նախաձեռնողին նախատեսվող գործունեության ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը․

12) սույն oրենքով սահմանված դեպքերում և կարգով փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության ծանուցման և մասնակցության հնարավորության ապահովումը.

13)սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված բնագավառների պետական լիազոր մարմիններին և համապատասխան տեսչական մարմիններին հաստատված պետական փորձաքննական եզրակացության հրապարակման վերաբերյալ գրավոր տեղեկատվության տրամադրումը․

14) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

Հոդված 10. ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները

 

1. ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են`

1) մարզին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

2) իրենց նախաձեռնությամբ կազմված հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների և պահանջների ապահովումը.

3) նախաձեռնողի գրավոր դիմումի հիման վրա տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

4) գնահատման գործընթացներում նախաձեռնողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար իրենց տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:

 Հոդված 11. ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

 

1. ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) համայնքին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի ավագանու կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը.

2) լիազորության սահմաններում սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների և պահանջների ապահովումը համայնքի ղեկավարի կողմից.

3) համայնքի ղեկավարի կամ ավագանու կամ ավագանու անդամների կողմից հանրային լսումների ժամանակ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

4) նախաձեռնողի գրավոր դիմումի հիման վրա տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

5) ՇՄԱԳ գործընթացներում նախաձեռնողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՇՄԱԳ-Ի ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 12.

ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունը

 

1. Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ, 6-9-րդ մասերով, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների ՇՄԱԳ հաշվետվությունները և նախագծային փաստաթղթերը:

2. Գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երկու կատեգորիայի` Ա, Բ՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:

3. Ա կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա․ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների հրապարակի ընտրությունը, կառուցումը, շահագործումը և շահագործումից հանումը (ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված գերեզմանոցների դեպքում՝ փակումը),

բ․ կայանքներ՝ ճառագայթահար միջուկային վառելիքի վերամշակման համար,

գ. կայանքներ՝ միջուկային վառելիքի արտադրության կամ հարստացման համար,

դ. կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ բարձր ռադիոակտիվություն ունեցող թափոնների վերամշակման համար,

ե. կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի վերջնական հեռացման համար,

զ․ կայանքներ՝ բացառապես ռադիոակտիվ թափոնների վերջնական հեռացման համար,

է․ կայանքներ՝ բացառապես ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների պահպանման համար (ծրագրավորված ավելի քան 10 տարվա համար) արտադրական օբյեկտի տարածքից դուրս այլ վայրերում,

ը. ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ և գերեզմանոցներ,

թ. ջերմային էլեկտրակայաններ կամ 50 ՄՎտ կամ ավելի ջերմային հզորությամբ այլ այրման համար նախատեսված կայանքներ,

ժ. 50 ՄՎտ և ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

ժա. 1 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ,

ժբ. գազիֆիկացիայի կամ գազի հեղուկացման կայանքներ,

ժգ. կոքսի արտադրության վառարաններ,

ժդ. երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ 8 ՄՎտ և ավելի հզորությամբ.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում,

բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում կամ հանքաքարի կամ հանքանյութի վերամշակում կամ արդյունահանման համալիրի (այդ թվում՝ պոչամբարների) կառուցում,

գ. ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների վերամշակում,

դ. նավթամշակման կամ գազամշակման գործարաններ,

ե. նավթի կամ գազի արդյունահանում կամ հում նավթի կամ բնական գազի վերամշակում,

զ. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում,

է. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում,

ը. մետաղական օգտակար հանածոների հանքարդյունահանման համալիրի վերջնական փակում,

թ. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում կամ հանքանյութի վերամշակում՝ օրական 30 խմ և ավելի.

3) քիմիական արդյունաբերության բնագավառում՝

ա. կաուչուկի կամ ռետինատեխնիկական իրերի արտադրություն կամ վերամշակում,

բ. նավթի կամ նավթամթերքների արտադրություն կամ վերամշակում,

գ. մազութի, գուդրոնի, բիտումի արտադրություն կամ վերամշակում,

դ. պայթուցիկների արտադրություն,

ե. անօրգանական թթուների կամ ալկալիների կամ անօրգանական այլ նյութերի կամ միացությունների արտադրություն,

զ. օրգանական կամ անօրգանական նյութերի կամ դրանց խառնուրդների արտադրություն կամ վերամշակում,

է. թունաքիմիկատների կամ ագրոքիմիկատների արտադրություն,

ը. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա և ավելի,

թ. էթիլ սպիրտի արտադրություն,

ժ. քիմիական արտադրության կայանքներ, որտեղ քիմիական կամ կենսաբանական գործընթացներն օգտագործվում են կերերի սպիտակուցային հավելումների, ֆերմենտների և այլ սպիտակուցային նյութերի արտադրության համար,

ժա. կայանքներ՝ ածխածնի (բնական կոքսի) կամ էլեկտրագրաֆիտի արտադրության համար՝ այրման կամ գրաֆիտիզացիայի միջոցով,

ժբ. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի 5 000 տոննա և ավելի տարողության պահեստներ.

4) դեղագործական արտադրության բնագավառում`

ա. քիմիական կամ կենսաբանական պրոցեսների օգտագործմամբ դեղանյութերի արդյունաբերական արտադրություն.

5) մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում՝

ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ սուլֆիդային կամ օքսիդացված հանքանյութերի) թրծում և ագլոմերացիա,

բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սև մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն կամ վերամշակում կամ ժամում 2 տոննա մեծությունը գերազանցող քանակով պաշտպանիչ մետաղական ծածկույթների փչում անմշակ պողպատի մատուցմամբ,

գ. գունավոր մետաղների մշակում, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն),

դ. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը,

ե. մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ և ավելի ծավալով ավազաններում․

6) թափոնների գործածության բնագավառում՝

ա. վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում (բացառությամբ կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման կամ մեխանիկական եղանակով տարանջատման), վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում,

բ. 15 000 և ավելի բնակչության սպասարկման համար կամ օրական 10 տոննա և ավելի աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում կամ կենցաղային թափոնների վերամշակում,

գ. ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված փոխանցման կայաններ կամ աղբավայրեր՝ օրական 50 տոննան գերազանցող հզորությամբ,

դ. աղբավայր, որտեղ թափվում է օրական ավելի քան 10 տոննա աղբ, կամ ընդհանուր ծավալը գերազանցում է 25 000 տոննան, բացառությամբ ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայրի,

ե. թափոնների տեղադրման օբյեկտների կառուցում,

զ. պլաստիկ նյութերի վերամշակում՝ քիմիական հատկությունների փոփոխմամբ․

7) շինանյութի արդյունաբերության բնագավառում՝

ա. ցեմենտի կամ կլինկերի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական 100 տոննա և ավելի,

բ. հանքանյութի հալեցում` օրական 20 տոննա և ավելի, ներառյալ հանքային մանրաթելի արտադրությունը,

գ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի կամ աղյուսի կամ հրակայուն աղյուսի կամ կերամիկական սալիկի կամ քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 30 տոննա և ավելի, կամ 4 խմ հզորությունը գերազանցող թրծման վառարաններ, որոնց շարման խտությունը գերազանցում է 300 կգ/մ խորանարդ մեծությունը,

դ. ապակու կամ ապակաթելի կամ ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի,

ե. 80 տ/ժ և ավելի արտադրողականությամբ ասֆալտի կամ 80 խմ/ժ և ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն,

զ. ասբեստի կամ ասբեստ պարունակող նյութերի արտադրություն.

8) թեթև արդյունաբերության բնագավառում՝

ա. բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա և ավելի, արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր և ավելի,

բ. կայանքներ՝ մանրաթելի կամ տեքստիլի նախնական վերամշակման (այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լվացումը, սպիտակեցումը, մերսերիզացիան) կամ ներկման համար, որտեղ մշակվող նյութերի ծավալը գերազանցում է օրական 10 տոննան,

գ. նյութերի, առարկաների կամ արտադրատեսակների մակերեսային մշակում` օրգանական լուծիչների օգտագործմամբ, մասնավորապես կայանքներ՝ հարդարման, տպագրման, ծածկույթի, յուղազրկման, ջրամեկուսացման, ստանդարտացման, ներկման, մաքրման կամ ներծծման համար, որոնց օրական հզորությունը գերազանցում է 150 կգ-ը մեկ ժամում կամ տարեկան՝ 200 տոննան.

9) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում՝

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ,

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 20 տոննա և ավելի հզորությամբ.

10) ենթակառուցվածքների բնագավառում՝

ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ և ավելի,

բ. էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ և ավելի երկարությամբ կամ 220 կՎ և ավելի լարման,

գ. չորս և ավելի երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկու կամ պակաս երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս և ավելի երթևեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ և ավելի անընդհատ երկարություն,

դ. 500 մետր և ավելի երկարությամբ թունելների կամ մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում կամ 25 տոննա և ավելի բեռնատարողությամբ կամուրջների կառուցում,

ե. 300 մմ և ավելի տրամագծով, 20 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,

զ. գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով՝ գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այն օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության գործակիցը 5-ից ավելի է, կամ առավելագույն հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ մակարդակները՝

900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում․

500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում․

25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում․

11) ջրային տնտեսության բնագավառում՝

ա. ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 3 մլն խմ և ավելի,

բ. կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 50 000 և ավելի բնակչի համարժեք հզորությամբ,

գ․ արտադրական կեղտաջրերի մաքրման կայաններ,

դ. ստորերկրյա ջրերի արդյունահանման կամ ստորգետնյա ջրերի արհեստական համալրման համակարգեր, երբ արդյունահանվող կամ վերհամալրվող ջրի տարեկան ծավալը համարժեք է 5 միլիոն խորանարդ մետրին կամ գերազանցում է դրան,

ե․ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանում՝ ձեռնարկատիրական նպատակներով.

12) քաղաքաշինության բնագավառում՝

ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա և ավելի տարածքների համար.

13) գյուղատնտեսության բնագավառում`

ա. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա և ավելի արտադրական հզորությամբ,

բ. ձկնաբուծական տնտեսություններ՝ 400 լիտր/վայրկյան և ավելի ջրառի դեպքում (մեկ տնտեսության համար),

գ. թռչնաբուծական տնտեսություններ` 20000 առանձնյակից ավելի,

դ. խոզաբուծական տնտեսություններ` 1000 գլուխ և ավելի կամ 350 տեղ և ավելի մայր խոզերի համար.

14) փայտի և թղթի արդյունաբերության բնագավառում`

ա. թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի ծավալով,

բ. փայտանյութից ցելյուլոզի կամ նման մանրաթելային նյութերի արտադրություն․

15) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա և ավելի,

բ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա և ավելի։

4.ուղղ. Բ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետևյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները.

ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ և ավելի հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` մինչև 1 ՄՎտ հզորությամբ,

գ. հողմաէլեկտրակայաններ՝ 5 ՄՎտ և ավելի ընդհանուր հզորությամբ, արևային էլեկտրակայաններ՝ 3 հա և ավելի տարածք զբաղեցնող կամ լողացող արևային կայանքներ,

դ. երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ մինչև 8 ՄՎտ հզորությամբ,

ե. 1 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ, բացառությամբ ջերմային էլեկտրակայանների,

զ. 1 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ․

2) ընդերքօգտագործման բնագավառում՝

ա. երկրաբանական ուսումնասիրություններ,

բ. ոչ մետաղական օգտակար հանածոների հանքերի վերջնական փակում,

գ. ընդերքօգտագործման ոչ վտանգավոր թափոնների վերամշակում,

դ. հանքային ջրերի հանքավայրերի վերջնական փակում,

ե․ հանքային ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,

զ․ ոչ մետաղական օգտակար հանածոյի վերամշակում՝ օրական 8-ից մինչև 30 խմ․

3) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում՝

ա. ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 500 000-ից մինչև 3 մլն խմ,

բ. ջրային ավազանների միջև ջրի հոսքի տեղափոխման աշխատանքներ, երբ այդպիսի տեղափոխումն ուղղված է ջրի հնարավոր պակասը կանխելուն, և տեղափոխվող ջրի տարեկան ծավալը գերազանցում է 100 մլն խմ-ն, բացառությամբ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված դեպքերի, կամ գետերի ավազանների միջև ջրային ռեսուրսների տեղափոխման հետ կապված բոլոր այլ տեսակի աշխատանքներ, երբ ջրի վերցման միջին բազմամյա հոսքը գերազանցում է տարեկան 2 000 միլիոն խմ-ն, երբ տեղափոխվող ջրի ծավալը գերազանցում է այդ հոսքի 5%-ը։ Այս երկու դեպքերում էլ բացառվում է խմելու ջրի հոսքի տեղափոխումը,

գ. կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 3 000-ից մինչև 50 000 բնակչի համարժեք հզորությամբ,

դ. ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով,

ե. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով,

զ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ և ավելի երկարությամբ․

4) գյուղատնտեսության բնագավառում՝

ա. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա և ավելի արտադրողականությամբ, եթե տնտեսության ջրօգտագործումը չի գերազանցում 400 լիտր/վայրկյանը,

բ․ ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ և ավելի,

գ. անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ և ավելի․

5) անտառային տնտեսության բնագավառում`

ա. անտառահատում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում, բացառությամբ անտառկառավարման կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններով նախատեսված անտառահատումների,

բ. անտառապատում, բացառությամբ անտառային հողերի․

6) ենթակառուցվածքների բնագավառում՝

ա․ էլեկտրահաղորդման գծերի կառուցում` 5 կմ-ից մինչև 15 կմ երկարությամբ կամ 110 կՎ-ից մինչև 500 կՎ լարման՝ 500 մ-ից ավելի երկարությամբ,

բ. բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ,

գ. ավտոմայրուղիների և արագընթաց ճանապարհների կառուցում՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ,

դ. 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր կամ մայր ջրանցքներ,

ե․ 300 մմ և ավելի տրամագծով և 20 կմ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար․

7) սննդի արդյունաբերության բնագավառում՝

ա. սննդամթերք ստանալու համար կենդանական հումքի (բացի կաթից) մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 75 տոննան գերազանցելու դեպքում,

բ. սննդամթերք ստանալու համար բուսական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 300 տոննան (եռամսյակային միջին ցուցանիշը) գերազանցելու դեպքում,

գ. շաքարի կամ շաքարավազի արտադրություն՝ օրական 10 տոննա և ավելի,

դ. գարեջրի արտադրություն` օրական 1000 դեկալիտր և ավելի,

ե. կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100-ից մինչև 200 տոննա արտադրական հզորությամբ,

զ. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա և ավելի,

է․ ձկնամթերքի արտադրություն կամ վերամշակում, որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 30 տոննան.

8) քաղաքաշինության բնագավառում՝

ա․ քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 1500 քմ և ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ և ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով,

բ․ քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 15000 քմ և ավելի ընդհանուր կառուցապատման մակերեսով, ներառյալ բոլոր հարկերի, այդ թվում՝ ստորգետնյա հարկերի մակերեսները, բարեկարգման անջրանցիկ տարածքի մակերեսները,

գ․ բարեկարգում՝ 1000 քմ և ավելի անջրանցիկ մակերեսի դեպքում.

9) ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում՝

ա. դահուկուղիներ, ճոպանուղիներ, զիփլայն (ճախրուղի) և հարակից ենթակառուցվածքներ.

10) շինանյութի արդյունաբերության բնագավառում՝

ա. 30-ից մինչև 80 տ/ժ արտադրողականությամբ ասֆալտի կամ 30-ից մինչև 80 խմ/ժ արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն,

բ. ցեմենտի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական մինչև 100 տոննա․

11) թափոնների գործածության բնագավառում՝

ա. մինչև 15 000 բնակչության սպասարկման համար կամ օրական մինչև 10 տոննա աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում, որոնց ընդհանուր ծավալը չի գերազանցում 25000 տոննան,

բ. կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման հետ կապված տնտեսական գործունեություն,

գ. ոչ վտանգավոր թափոնների օգտահանում, մշակում, վերամշակում, այրում՝ օրական 1 տոննան գերազանցող քանակությամբ:

5.ուղղ.  Փորձաքննության (այդ թվում՝ անդրսահմանային) ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի համարվող, սույն հոդվածով նախատեսված գործունեության տեսակները կամ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված նախագծային փոփոխությունները։

6.ուղղ.  Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չթվարկված՝ Կառավարության հաստատած գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում, և որոնք ներառված չեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:

7.ուղղ.  Նախաձեռնողի նախաձեռնությամբ փորձաքննության ենթակա են սույն հոդվածով չսահմանված բոլոր նախատեսվող գործունեությունները: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:

8.ուղղ.  Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնումը կամ վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը։

9.ուղղ.  ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների սահմանաչափերը չգերազանցող գործունեության ընդլայնումը կամ վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը, որի արդյունքով գործունեության սահմանաչափերը համընկնելու են սույն հոդվածով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների սահմանաչափերին կամ գերազանցելու են դրանց:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՇՄԱԳ-Ը ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 13. ՇՄԱԳ-ը և փորձաքննությունը

 

1. Գնահատումը և փորձաքննությունը կատարվում են մինչև նախատեսվող գործունեության իրականացումը։ Առանց պետական փորձաքննական դրական եզրակացության նախատեսվող գործունեության փաստացի իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախատեսվող գործունեությունը փաստացի իրականացրած անձի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ։

2. Գնահատումը և փորձաքննությունն իրականացվում են՝ հիմք ընդունելով նախատեսվող գործունեության տեսակը, չափերն ու տեղադրությունը և, դրանցով պայմանավորված, արդեն իսկ առկա և կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը:

Հոդված 14. ՇՄԱԳ գործընթացները

 

1. ՇՄԱԳ-ն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով: ՇՄԱԳ փուլում՝

1) գնահատվում է նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա․

2) բացահայտվում և հիմնավորվում են նախատեսվող գործունեության` նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակները, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը, և գնահատվում է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական վիճակի վրա.

3) մշակվում է բնապահպանական կառավարման պլան, որը պետք է ամրագրվի նախագծային փաստաթղթում, ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագիր` շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կանխարգելելու, նվազեցնելու կամ բացառելու նպատակով.

4) հաշվի է առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, ազդեցության հավանականությունը, բարդությունը, աստիճանը, տևողությունը, հաճախականությունը և արդեն իսկ առկա և կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը.

5) գնահատման ընթացքում հաշվի է առնվում նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցությունը։

2. Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները: Դրանք չընդունվելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ:

3. Գնահատման արդյունքով նախաձեռնողը կազմում է հաշվետվություն` սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, և ներկայացնում փորձաքննության:

4. ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է խորհրդակցել լիազոր մարմնի, պետական մարմինների, ազդակիր համայնքի ղեկավարների, շահագրգիռ հանրության հետ:

Հոդված 15. ՇՄԱԳ հաշվետվությունների բովանդակությունները

 

1. Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան․

3) հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, նախատեսվող գործունեության ոչ տեխնիկական նկարագիրը, իրականացման վայրը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը, որոնք պետք է բխեն նախագծային փաստաթղթից.

4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով․

5) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, արտադրական հզորությունները, ֆիզիկական, տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը.

6) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.

7) նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը.

8) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագրի առանձին, գումարային և ամբողջական գնահատումը.

9) նախագծային փաստաթղթով նախատեսված սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.

10) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

11) նախագծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ռիսկերի գնահատումը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումները․

12) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը, ծավալը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.

13)հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները․

14) նախագծային փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքով ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.

15) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.

16) նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը.

17) նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ամփոփ նյութերը, հաշվետվությանը կից ներկայացված քարտեզները, սխեմաները, գրաֆիկները, աղյուսակները՝ նշելով ելակետային տվյալների աղբյուրները.

18) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները․

19) գնահատման և հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

20) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում:

2. Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

3) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով․

4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության բնութագիրը շինարարության, շահագործման, փակման և հետփակման փուլերում (արտադրական հզորություններ, օգտագործվող բնական ռեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).

5) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում․

6) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

7) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը․

8) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները․

9) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը։

 

Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը

 

1. Նախաձեռնողը, որը մտադիր է իրականացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեություն համայնքում, որի վարչական սահմաններում իրականացվելու է նախատեսվող գործունեությունը, համայնքի ղեկավարին է ներկայացնում ծանուցում, որը ներառում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան, նպատակը, համառոտ նկարագիրը.

3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը:

2. Համայնքի ղեկավարը ծանուցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է շահագրգիռ հանրության ծանուցում և ծանուցումից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ և ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում ազդակիր բնակավայրում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։

4. Համայնքի ղեկավարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համայնքի ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։

5. Մեկից ավելի համայնքներում լսումներ իրականացվելու դեպքում առնվազն մեկ համայնքի կողմից սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան անհամաձայնությունը համարվում է նախատեսվող գործունեության վերաբերյալ անհամաձայնություն։

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չկայացվելու դեպքում նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համայնքի ավագանու նախնական համաձայնության։

Հոդված 17. Փորձաքննությունը

 

1. Փորձաքննությունն սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։ Էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու անհնարինության դեպքում փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է թղթային տարբերակով։ Ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության փորձաքննության գործընթացում փաթեթի ներկայացման, փաթեթի վերադարձման, փաթեթի լրամշակման վերադարձման, նախաձեռնողին ծանուցման, փորձաքննությունից հրաժարման, փորձաքննության կասեցման կամ երկարաձգման փաստաթղթաշրջանառությունը լիազոր մարմինը և նախաձեռնողն իրականացնում են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի միջոցով։

2. Փաթեթը ներառում է՝

1) ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվությունը․

2) նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը.

3) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների)` սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի, որը հավաստվում է լիազոր մարմնի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին հարցում կատարելու միջոցով.

4) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։

3. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաքննություն սկսելը նախաձեռնողը ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող պարզաբանումներ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր դիմել լիազոր մարմին։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր պատասխանում է նախաձեռնողին։

4. Լիազոր մարմինը ներկայացված փաթեթը դրանք լիազոր մարմին մուտքագրելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է նախաձեռնողին (ընդերքօգտագործման դեպքում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին), եթե այն չի պարունակում ՇՄԱԳ հաշվետվությունը և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կամ պարունակում է ձևական կամ ոչ բովանդակային անճշտություններ կամ թերություններ, կամ վճարված չէ պետական տուրքը՝ նշելով վերադարձման պատճառը։

5. Նախաձեռնողը մինչև պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը կարող է հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից՝ այդ մասին գրավոր դիմելով լիազոր մարմին։ Այս դեպքում պետական տուրքը վերադարձման ենթակա չէ։

6. Նախատեսվող գործունեությունն անդրսահմանային ազդեցության համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է նախաձեռնողին։

7. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործընթացում ներգրավում է գործընթացի մասնակիցներին: ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունն ուղարկվում է կարծիքների՝ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ։ Նշված մարմինների կողմից առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։

8. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը՝ տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ, նախաձեռնողի մասնակցությամբ իրականացնում է հանրային լսումների ծանուցում և հանրային լսում:

9. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործունեության ենթակա տարածքում իրականացնում է տեղազննման աշխատանքներ և դիտարկումներ՝ տարածքի առկա վիճակի և ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը պարզելու նպատակով։

10. Փաթեթում պարունակվող տեղեկատվության մեջ ոչ ձևական կամ բովանդակային անճշտություններ կամ թերություններ լինելու դեպքում կամ նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության միջև անհամապատասխանության դեպքում բոլոր անճշտությունների, թերությունների, անհամապատասխանությունների մատնանշմամբ պարզաբանող գրությամբ այն նախաձեռնողին (ընդերքօգտագործման դեպքում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին) վերադարձվում է լրամշակման: Լրամշակված փաթեթը նախաձեռնողը լիազոր մարմին է ներկայացնում պարզաբանող գրությունը լիազոր մարմնից ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում լրամշակման վերադարձված փաթեթի փորձաքննության ժամկետը համարվում է կասեցված մինչև նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը լիազոր մարմին մուտքագրվելու օրը։ 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած։ Լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է բացասական եզրակացություն։

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում փաթեթն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացված համարվելու կամ բացասական եզրակացություն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին` նշելով բացասական եզրակացություն տալու հիմքերը։

12. Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության դեպքում, երբ փորձաքննության իրականացումն ուղղակիորեն կապված է նախաձեռնված քրեական վարույթի կամ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքների հետ, փորձաքննության ժամկետը համարվում է կասեցված։ Լիազոր մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է նախաձեռնողին։

13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փորձաքննական գործընթացը վերսկսվում է, որի մասին լիազոր մարմինը ծանուցում է նախաձեռնողին։

14. Փորձաքննական գործընթացի արդյունքով կազմվում է պետական փորձաքննական եզրակացություն՝ հիմք ընդունելով հետևյալը.

1) հաշվետվությունների ամբողջականությունը և համապատասխանությունը հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթին․

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ընտրության հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով այլընտրանքային տարբերակները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին համապատասխանությունը․

5) հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթում ամրագրված բնապահպանական կառավարման պլանի, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի արդյունավետությունը.

6) գործընթացի մասնակիցների ծանուցման, հանրային լսումների ապահովման և կարծիքների դիտարկման արդյունավետությունը, հիմնավորվածությունը:

15. ՇՄԱԳ փորձաքննության ժամկետներն են՝

1) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում` մինչև 80 աշխատանքային օր.

2) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում` մինչև 40 աշխատանքային օր։

16. Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու կամ այլ տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգել մինչև 30 աշխատանքային օրով, որի մասին ծանուցում է նախաձեռնողին՝ ծանուցման մեջ նշելով կատարվելիք լրացուցիչ աշխատանքի կամ ձեռք բերվող անհրաժեշտ տեղեկատվության մասին:

17. Սույն հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի փորձաքննության ժամկետում պետական փորձաքննական եզրակացություն չտրամադրվելու դեպքում պետական փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական տրամադրված, եթե փորձաքննությունն իրականացվել է սույն օրենքով ամրագրված բոլոր պահանջներին համապատասխան։

Հոդված 18. Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության ՇՄԱԳ-ը և փորձաքննությունը

 

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ նախաձեռնողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ։

2. Հայտը ներառում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության տեսակի անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

3) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի նկարագիրը.

4) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորությունները, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները).

5) առկա վիճակի և նախատեսվող փոփոխությունների համեմատական վերլուծությունը.

6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգով սահմանված տեղեկությունները կամ փաստաթղթերը:

3. Սույն հոդվածով սահմանված հայտում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտություններ կամ թերություններ լինելու կամ պետական տուրքը վճարված չլինելու դեպքում հայտն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրությամբ լրամշակման նպատակով վերադարձվում է նախաձեռնողին՝ նշելով վերադարձման պատճառները:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հայտն ստանալու, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում լրամշակված հայտն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, նախաձեռնողին գրավոր տեղեկացնում է՝

1) նախատեսվող գործունեության տեսակի վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու մասին, որի դեպքում ՇՄԱԳ-ը և փորձաքննությունն իրականացվում են սույն օրենքով նախատեսված կարգով, կամ

2) նախատեսվող գործունեության վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարեցումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա չլինելու մասին։

Հոդված 19. Պետական փորձաքննական եզրակացությունը

 

1. Պետական փորձաքննական եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ հետևյալ մասերից.

1) ներածական՝ ներառում է համառոտ տեղեկատվություն նախաձեռնողի, հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության մասին.

2) նկարագրական՝ ներառում է շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցության նկարագրությունը, բնապահպանական կառավարման պլանով և մշտադիտարկման ծրագրով նախատեսված միջոցառումները․

3) պատճառաբանական՝ ներառում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տվյալների ամփոփ վերլուծությունը, հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հիմնավորված եզրահանգումները.

4) եզրափակիչ՝ ներառում է եզրահանգում պետական փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու վերաբերյալ։

2. Պետական փորձաքննական դրական եզրակացությունը կարող է պարունակել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պարտադիր կատարման ենթակա պահանջներ, պայմաններ, որոնց համար սահմանվում են ժամկետներ: Սահմանված ժամկետում նշված պահանջները կամ պայմանները չկատարելու դեպքում եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով:

3. Հիմնադրույթային փաստաթղթի նախագծով կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության փաստաթղթերում ժամկետ նշված լինելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է այդ ժամկետով, եթե եզրակացության մեջ հիմնավոր պատճառաբանությամբ այլ ժամկետ չի սահմանվում։ Հիմնադրույթային փաստաթղթի նախագծով կամ նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության փաստաթղթերում ժամկետ նշված չլինելու դեպքում փորձաքննական դրական եզրակացությունը տրվում է առավելագույնը 25 տարի ժամկետով։

4. Պետական փորձաքննական դրական կամ բացասական եզրակացությունները կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները և հանրային լսումների արդյունքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները չընդունելու դեպքում լիազոր մարմինը տալիս է հիմնավոր պատճառաբանումներ: Պետական փորձաքննական եզրակացությունը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

5. Պետական փորձաքննական եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նախաձեռնողին և յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

6. Առանց պետական փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրույթային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը:

7․ Պետական փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների առկայության դեպքում, որոնք չեն ազդում պետական փորձաքննական եզրակացության բովանդակության վրա, շտկվում են լիազոր մարմնի կողմից փորձագիտական եզրակացության անբաժանելի մաս կազմող ուղղումների ձևով, որը լրացուցիչ ներկայացվում է նախաձեռնողին։

8. Պետական փորձաքննական եզրակացությունը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 20. Պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո նախաձեռնողը մեկամսյա ժամկետում չի վերացնում արձանագրված խախտումները, և որի վերաբերյալ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը միջնորդում է լիազոր մարմնին, որ պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի․

2) ուժի մեջ է մտել օրենսդրական ակտ, որով սահմանվել է պետական փորձաքննական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչելու պահանջ․

3) պետական փորձաքննական եզրակացություն տալուց հետո առաջացել է շրջակա միջավայրի նոր գործոն, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որի առկայության պայմաններում գործունեության շարունակումը հակասելու է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, և որի առկայությունը պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին հիմք կհանդիսանար փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար․

4) փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), և պետական փորձաքննական դրական եզրակացությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, և եթե արձանագրված անհամապատասխանությունները մինչև եզրակացության տրամադրումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար։

2. Հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չսկսելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցնում է։

3. Նախաձեռնողը պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՌԷԳ-Ի ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 21. ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները

 

1. ՌԷԳ-ի ենթակա են սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեությունների տեսակների կամ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված նախագծերի իրականացման հիմքեր են պարունակում: Հիմնադրույթային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության չափանիշները սահմանվում են ՌԷԳ կարգով։

2. ՌԷԳ-ի ենթակա են բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը և դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:

3. Հիմնադրույթային փաստաթղթերի փոփոխություններին կամ տարածքների պլանավորմանը վերաբերող նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:

4. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովմանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը:

 

Հոդված 22. ՌԷԳ-ը

 

1. Հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ՌԷԳ-ը և փորձաքննությունն իրականացվում են մինչև հիմնադրույթային փաստաթղթի ընդունումը:

2. ՌԷԳ-ի իրականացման փուլերն են՝

1) ՌԷԳ շրջանակի որոշումը․

2) ՌԷԳ հաշվետվության կազմումը․

3) ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրույթային փաստաթղթում:

3. Նախաձեռնողը՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փուլերում խորհրդատվության համար դիմում է լիազոր մարմին, առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հիմնադրույթային փաստաթղթի բնագավառը, դիմում է նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բնագավառների կառավարման լիազոր պետական մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ․

2) սույն օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով ներգրավում է շահագրգիռ հանրությանը, իսկ անհրաժեշտության դեպքում սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով իրականացնում է անդրսահմանային ծանուցում և քննարկումներ:

 

Հոդված 23. ՌԷԳ հաշվետվության փորձաքննությունը

 

1. ՌԷԳ հաշվետվության փորձաքննությունն իրականացվում է ՌԷԳ հաշվետվությունն ուղեկցող գրությամբ լիազոր մարմին ներկայացնելու օրվանից մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթերի), որի արդյունքում լիազոր մարմինը նախաձեռնողին է տրամադրում պետական փորձաքննական եզրակացություն:

2. ՌԷԳ հաշվետվության պետական փորձաքննական եզրակացությունը տրամադրվում է համաձայն սույն օրենքի 19-րդ հոդվածի:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 24. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողությունը կամ նախատեսվող գործունեության իրականացումը, ինչպես նաև այլ պետությունների տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողությունը կամ նախատեսվող գործունեության իրականացումը կարող են ունենալ անդրսահմանային ազդեցություն, ապա ՇՄԱԳ-ն իրականացվում է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերի, միջազգային առողջապահական կանոնների և սույն օրենքի պահանջներին համապատասխան:

2. Անդրսահմանային ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունն ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը, հաստատում է Կառավարությունը:

3. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման ընթացակարգերի լիարժեքությունն ապահովելու և գնահատման արդյունքներն ամփոփելու նպատակով լիազոր մարմինը համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարաձգել սույն օրենքով սահմանված ժամկետները:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատումը

 

1. Հնարավոր անդրսահմանային ազդեցությունը գնահատման ընթացքում պարզվելու դեպքում լիազոր մարմինը նախաձեռնողի հետ պարտավոր է ապահովել սույն հոդվածով սահմանված պահանջները:

2. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի 1-ին հավելվածով սահմանված որևէ գործունեություն կամ 21-րդ հոդվածով սահմանված որևէ հիմնադրույթային փաստաթղթի գործողություն կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա նշանակալի վտանգավոր անդրսահմանային ազդեցություն, ապա լիազոր մարմինը դրա մասին սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ծանուցում է ազդակիր պետության համապատասխան լիազորված պետական մարմնին:

3. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով, ապա ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) հիմնադրույթային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը, տեղեկություններ նախատեսվող գործունեության, ներառյալ ցանկացած տեղեկություն դրանց հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հնարավոր որոշումների կայացման բնույթը.

3) փորձաքննության ընթացակարգերը և ժամկետները.

4) անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու մտադրության մասին տվյալ պետության պատասխան տալու ժամկետները: Լիազոր մարմինն աջակցում է նախաձեռնողին ծանուցումը և հարցումը նախապատրաստելու գործընթացում:

4. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու մտադրության մասին ազդակիր պետության պատասխան տալու ժամկետը չի կարող գերազանցել ծանուցումն ստանալուց հետո 45 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Եթե ծանուցում ստացած պետությունը պաշտոնապես հրաժարվել է անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելուց կամ սահմանված ժամկետում չի պատասխանել մասնակցելու իր մտադրության մասին, ապա անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

6. Լիազոր մարմինը ծանուցում ստացած երկրի կողմից անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական գրությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազդակիր պետություն ներկայացնում է ազդեցության գնահատմանն անհրաժեշտ փաստաթղթերը` նշելով դրանց վերաբերյալ կարծիք ներկայացնելու ժամկետը, որը չի կարող գերազանցել նրա կողմից փաստաթղթերն ստանալուց հետո 60 աշխատանքային օրը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ նախատեսված չէ:

7. Լիազոր մարմինը և նախաձեռնողն օժանդակում են ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին տվյալ երկրի համապատասխան մարմինների և առավել հնարավոր ազդեցության ենթակա տարածքների շահագրգիռ հանրության շրջանում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:

8. Լիազոր մարմինը և նախաձեռնողը հնարավոր ազդեցության ենթակա պետության համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնեցնում են հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձևն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները և օժանդակում են այդպիսի խորհրդակցությունների իրականացմանը:

9. Նախաձեռնողն ապահովում է ազդակիր պետությունից ստացված կարծիքների և այլ անհրաժեշտ նյութերի թարգմանությունը:

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա այլ պետության հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստացվում է ծանուցում Հայաստանի Հանրապետության վրա անդրսահմանային ազդեցություն առաջացնելու հնարավորություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ, և ստացողը լիազոր մարմինը չէ, ապա ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկվում է լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկում է ծագման պետության համապատասխան լիազոր մարմնին ծանուցումն ստանալու և անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու կամ չմասնակցելու իր մտադրության մասին` ծանուցման մեջ նշված ժամկետում և կարգով:

3. Եթե ծանուցման մեջ պատասխան տալու ժամկետ ամրագրված չէ, ապա լիազոր մարմինը ծանուցող երկրին պատասխանում է ծանուցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա լիազոր մարմինը ծանուցման քննարկումն ապահովում է՝ առաջնորդվելով սույն օրենքի պահանջներով:

5. Եթե լիազոր մարմինը որոշում է ընդունել մասնակցելու անդրսահմանային գործընթացին, ապա ՇՄԱԳ-ն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջները, միաժամանակ տեղեկացնելով ծագման պետության լիազոր մարմնին սույն օրենքի պահանջների, ներառյալ ՇՄԱԳ փաստաթղթերի թարգմանության, շահագրգիռ հանրության մասնակցության ապահովման և սույն օրենքով պահանջվող այլ ծախսերի համար նրա կողմից անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու մասին:

6. Լիազոր մարմինը ծագման պետության համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնեցնում է անհրաժեշտ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձևն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները:

7. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն այլ բան նախատեսված չէ, ապա լիազոր մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո սույն օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով ապահովում է փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց քննարկումը և Կառավարության հաստատած պետական փորձաքննական եզրակացությունն ուղարկում է ծանուցող երկիր:

8. Եթե լիազոր մարմինը տեղեկացված է եղել այլ երկրի տարածքում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության մասին, որը կարող է անդրսահմանային ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա, և դրա վերաբերյալ տվյալ երկրից ծանուցում չի ստացվել, ապա լիազոր մարմինը, դրա մասին նախապես տեղեկացնելով Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է տվյալ երկրի համապատասխան լիազորված պետական մարմին` հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի վերաբերյալ ծանուցում ստանալու նպատակով:

Հոդված 27. Անդրսահմանային ազդեցության բնագավառում միջազգային համագործակցությունը

 

1. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կարող է կնքել երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր կամ ձեռք բերել այլ պայմանավորվածություններ:

2. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների հետ կարող է ստեղծել ժամանակավոր կամ մշտական գործող մարմիններ, որոնց գործունեության կարգը որոշվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով կամ այլ գրավոր համաձայնություններով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 28. Շահագրգիռ հանրության ծանուցումը և հանրային լսումների իրականացումը

 

1. Շահագրգիռ հանրությունն իրավունք ունի մասնակցելու ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին։

2. Լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգով ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով իրականացնում են՝

1) ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներն սկսելու և դրանց մասնակցելու իրավունքի մասին տեղեկատվության տարածում.

2) ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության փաստաթղթերի և այլ տեղեկատվության մատչելիության ապահովում.

3) լսումներին շահագրգիռ հանրության մասնակցության համար պայմանների ստեղծում, պաշտոնական կայքերի և տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:

3. Առաջին հանրային լսումն իրականացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլում, իսկ երկրորդը՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ընթացքում։ Հանրային լսումներից առաջ սահմանված կարգով ապահովվում է հանրային լսումների ծանուցումը։

 4. ՌԷԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը).

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի անվանումը.

3) ամփոփ նկարագիրը.

4) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը.

5) հանրային լսումների իրականացման ժամկետները, վայրը.

6) տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները։

5. ՇՄԱԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը).

2) նախատեսվող գործունեության տեսակը.

3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը և ամփոփ նկարագիրը.

4) հանրային լսումների իրականացման ժամկետները և հասցեն.

5) փաստաթղթերին ծանոթանալու և տեղեկատվության ստացման հնարավորությունը, առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված հասցեն:

6. Հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում): Փորձաքննության ընթացքում ծանուցումը տեղադրվում է նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

7. Փորձաքննության ընթացքում հանրային լսումներն իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 15-րդ օրը:

 

Հոդված 29. Հանրային լսումների իրականացումը և առաջարկությունների ներկայացումը

 

1. ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության, այդ թվում՝ հանրային լսումների ընթացքում, շահագրգիռ hանրությունը սույն օրենքով սահմանված ժամկետներում իրավունք ունի լիազոր մարմին և նախաձեռնողին ներկայացնելու ցանկացած գրավոր և բանավոր առաջարկություն, դիտողություն և կարծիք՝ առանց դրանց հիմքում ընկած պատճառների հիմնավորման:

2. Լիազոր մարմինը, նախաձեռնողը պարտավոր են քննարկել շահագրգիռ հանրության ներկայացրած բոլոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները և ՇՄԱԳ, ՌԷԳ հաշվետվությունները, պետական փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի առնել շահագրգիռ հանրության մասնակցության արդյունքները և հիմնավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները:

3. Շահագրգիռ հանրությունը՝ գրավոր, իսկ հանրային լսումների ընթացքում նաև բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացնել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման մարմիններ, փորձաքննության ընթացքում՝ նաև լիազոր մարմին:

4. Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են՝

1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում.

2) փորձաքննության ընթացքում՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` ծանուցումից հետո՝ 25 աշխատանքային օրվա ընթացքում.

3) փորձաքննության ընթացքում՝ Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում՝ ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փորձաքննության ընթացքում լսումների ժամանակ նախաձեռնողը ներկայացնում է ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները:

6. Լսումների ընթացքում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները նախաձեռնողը և լիազոր մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:

7. Հանրային լսումների արդյունքներն արտացոլվում են համապատասխան հաշվետվություններում և պետական փորձաքննական եզրակացության մեջ:

8. Եթե նախատեսվող գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունը պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա նախաձեռնողն այդ տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա հրապարակային մասը մատչելի դարձնելով շահագրգիռ հանրությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՇՄԱԳ-Ի ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. ՇՄԱԳ-ի, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Գնահատման և փորձաքննության գործընթացում նախաձեռնողն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու գնահատման և փորձաքննության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերը, ինչպես նաև ՇՄԱԳ իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պետական փորձաքննական եզրակացությունը և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը․

4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ իրավունքներ։

2. Նախաձեռնողը պարտավոր է՝

1) պահպանել սույն օրենքով սահմանված պահանջները.

2) տրամադրել սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունները լիազոր մարմնին.

3) ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը.

4) մասնակցել շահագրգիռ հանրության ծանուցմանը և հանրային լսումներին.

5) տրամադրել համապատասխան նյութերն ու փաստաթղթերը հանրային լսումներ անցկացնողներին.

6) ընդունել կամ հաստատման ներկայացնել հիմնադրույթային փաստաթուղթը և իրականացնել նախատեսվող գործունեությունը միայն պետական փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում․

7) կատարել և չխախտել պետական փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները, չշեղվել դրանցից և նախատեսվող գործունեությունն իրականացնել պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան.

8) իրականացնել նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնում կամ վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն՝ համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկացման, կամ պետական փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում։

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 31. Փորձաքննության գործընթացում փորձագետի ներգրավմանը ներկայացվող պահանջները

 

1. Լիազոր մարմինը փորձաքննության գործընթացում կարող է ներգրավել ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող համապատասխան փորձագետի:

2. Որպես փորձագետ կարող է հանդես գալ այն իրավաբանական անձը, որի կանոնադրական գործառույթները համապատասխանում են փորձաքննության ենթակա առարկային: Որպես փորձագետ հանդիսացող իրավաբանական անձի` փորձաքննության գործընթացում ներգրավված աշխատողները պետք է բավարարեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:

3. Որպես փորձագետ կարող է հանդես գալ այն ֆիզիկական անձը, որն ունի փորձաքննության ենթակա առարկային համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից հինգ տարվա փորձը՝ վերջին ութ տարվա ընթացքում:

4. Փորձաքննության ընթացքում փորձագետների ներգրավումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, փորձագետների աշխատանքի բովանդակությունը, ծավալն ու ժամկետները, վճարման կարգն ու չափը և, կողմերի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

6. Փորձաքննության գործընթացում որպես փորձագետ չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնք մասնակցել են տվյալ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային կամ դրանց առնչվող այլ փաստաթղթերի մշակմանը կամ դրանց ազդեցության գնահատման գործընթացին:

Հոդված 32. Փորձաքննության գործընթացում փորձագետի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետն իրավունք ունի՝

1) լիազոր մարմնից ստանալու փորձաքննության ներկայացված բոլոր փաստաթղթերը.

2) լիազոր մարմնից և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու փորձաքննության ենթակա փաստաթղթերին առնչվող բոլոր նյութերը.

3) մասնակցելու իր տված մասնագիտական եզրակացության ու պետական փորձաքննական եզրակացության նախագծերի քննարկմանը․

4) մասնակցելու իր կողմից փորձաքննվող փաստաթղթերի հանրային լսումներին:

2. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետը պարտավոր է՝

1) իրեն առաջադրված հարցերին տալ անաչառ, անկախ, օբյեկտիվ և հիմնավորված մասնագիտական եզրակացություն.

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության փորձաքննությունն իրականացնել սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

3) պահպանել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը.

4) ապահովել պայմանագրային պահանջների կատարումը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 33. Փորձաքննության գործընթացի վճարները

 

1. Փորձաքննության գործընթացի իրականացման կամ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված հայտի ուսումնասիրության համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

Հոդված 34. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը

 

1. Լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքով սահմանված փորձաքննության գործընթացի հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 35. Փորձաքննության գործընթացում պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 36. Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Փորձաքննական եզրակացություն պահանջող իրականացվող գործունեության մասով սույն օրենքով սահմանված պահանջների կատարման, այդ թվում՝ պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերի և ՇՄԱԳ հաշվետվության պահանջների ու պայմանների, սահմանված ժամկետներում դրանց կատարման, պետական փորձաքննական դրական եզրակացության պահանջների ու պայմանների, սահմանված ժամկետներում դրանց կատարման, առանց պետական փորձաքննական դրական եզրակացության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով։

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվածը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 10-րդ կետերով նախատեսվածները՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգավորումներում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերը գործելու են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: Մինչև այդ շարունակում են գործել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի համապատասխան դրույթները:

5. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը տարածվում է նախատեսվող գործունեությունների համար 2022 և 2023 թվականներին տրամադրված պետական փորձաքննական դրական եզրակացությունների կամ նույն ժամկետում ներկայացված հայտի հիման վրա տրամադրված պետական փորձաքննական դրական եզրակացությունների վրա։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-150-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: