Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Ակտի տիպ
Base act (07.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2004
Ստորագրման ամսաթիվ
11.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2005

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ուկրաինայի ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ուկրաինայի Նախարարների կաբինետը (այսուհետ՝ Կողմեր),

ղեկավարվելով տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային հանրաճանաչ սկզբունքներով, ինչպես նաև Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններով,

գիտակցելով, որ մի պետության ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտների և (կամ) պետական իշխանության մարմինների գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ մրցակցության վրա մյուս պետության ապրանքային շուկաներում,

անհրաժեշտ համարելով Կողմերի միջև համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության և (կամ) Ուկրաինայի ապրանքային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների և պետական մարմինների գործողությունների արգելման ու կանխման ուղղությամբ,

ցանկանալով զարգացնել համագործակցությունը մրցակցային քաղաքականության բնագավառում մրցակցության սահմանափակման հաղթահարման նպատակով, որոնք վերաբերում են Ուկրաինայի և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերին և բացասաբար են ազդում միմյանց միջև առևտրային հարաբերությունների վրա,

համարելով, որ համագործակցությունը Կողմերի միջև պետք է իրականացվի կամավոր հիմունքներով և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա,

հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների օրինական շահերը Հայաստանի Հանրապետության և (կամ) Ուկրաինայի ազգային օրենսդրությամբ պահպանվող առևտրային և այլ գաղտնիքի պաշտպանության գծով,

ճանաչելով Կողմերի իրավունքը՝ ընդունել վերջնական որոշումներ` հաշվի առնելով մրցակցության բնագավառում ազգային շահերը,

      պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Պայմանագրի նպատակները

 

Սույն Պայմանագրի նպատակն է մրցակցության զարգացման և աջակցման ոլորտում Կողմերի համագործակցությունը, որն ուղղված է հետևյալին.

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ապրանքային շուկաների արդյունավետ գործելու համար պայմանների ապահովմանը,

համագործակցության մեխանիզմի ստեղծմանը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ապրանքային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների կանխմանն ու կասեցմանը,

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ապրանքային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների համատեղ ուսումնասիրությանը:

 

Հոդված 2. Կիրառման ոլորտը

 

1. Սույն Պայմանագրի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ապրանքային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն թողնող տնտեսվարող սուբյեկտների գործողությունների ուսումնասիրության ընթացքում այն դեպքերում, երբ՝
      այդ գործողություններին մասնակցում են մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ապրանքային շուկաներում,
       այդ գործողությունները իրականացվում են մի պետության ապրանքային շուկաներում և կարող են բացասական ազդեցություն ունենալ մյուս պետության ապրանքային շուկաներում մրցակցության վրա:

2. Սույն Պայմանագրի դրույթները կիրառվում են մի պետության պետական իշխանության այն մարմինների գործողությունների ուսումնասիրության ընթացքում, որոնք բացասական ազդեցություն են ունենում մյուս պետության ապրանքային շուկաներում մրցակցության վրա:

3. Մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների գնահատման ժամանակ հաշվի է առնվում վերջիններիս աջակցության փաստը տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, ապրանքային շուկաների հագեցմանը, ապրանքի սպառողական հատկությունների բարելավմանը, նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:

 

Հոդված 3. Հասկացությունները և դրանց սահմանումները

 

1. Սույն Պայմանագրում օգտագործվող հասկացությունները պարզաբանվում են Կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը, իսկ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հասկացությունները` այդ կետով տրվող բացատրություններին համապատասխան:

2. Սույն Պայմանագրի նպատակների համար «Մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողություններ» հասկացությունը նշանակում է՝

գերիշխող դիրքի չարաշահում,

տնտեսվարող սուբյեկտների միջև համաձայնություններ և այլ տիպի համաձայնեցված գործողություններ, որոնք բերում են կամ կարող են բերել մրցակցության սահմանափակման,

պետական իշխանության մարմինների գործողություններ (անգործություն), որոնք բերում են կամ կարող են բերել մրցակցության սահմանափակման,

անբարեխիղճ մրցակցություն,

տնտեսական համակենտրոնացում, որը բացասական ազդեցություն է ունենում մի և (կամ) մյուս պետության ապրանքային շուկայում մրցակցության վրա:

 

Հոդված 4. Համագործակցության սկզբունքները և ձևերը

 

1. Կողմերի համագործակցությունը իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝

որոշումների ընդունում՝ ազգային օրենսդրությանը համապատասխան,

որոշումների ընդունման ընթացքում տարաձայնությունների կարգավորում համաձայնեցման ընթացակարգերի գործադրման միջոցով,

համագործակցության իրագործման արդիականություն,

տեղեկատվության նախաձեռնողական փոխանակում՝ հաշվի առնելով Կողմերի շահերը:

2. Համագործակցությունը իրականացվում է այն ձևերով, որոնք թույլ են տալիս ժամանակին և առավելագույնս հաշվի առնել Կողմերի շահերը մրցակցության բնագավառում, այդ թվում նաև՝

ծանուցագրերի ուղարկում,

տեղեկատվության հարցում,

խորհրդակցություններ,

տեղեկատվության փոխանակում,

փորձի փոխանակում,

համատեղ ուսումնասիրությունների անցկացում:

 

Հոդված 5. Ծանուցումները

 

1. Եթե Կողմերից մեկը սահմանի, որ իր պետության տարածքում տնտեսվարող սուբյեկտների կամ պետական իշխանության մարմինների գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ մյուս պետության ապրանքային շուկաների մրցակցության վրա, ապա նա պետք է այդ մասին ծանուցի մյուս Կողմին:

2. Եթե Կողմերից մեկը սահմանի, որ իր պետության ապրանքային շուկաների մրցակցության վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ տնտեսվարող սուբյեկտների կամ պետական իշխանության մարմինների այն գործողությունները, որոնք իրականացվում են մյուս պետության տարածքում, ապա նա պետք է այդ մասին ծանուցի մյուս Կողմին:

3. Ծանուցումը պետք է ուղարկվի գրավոր` այնպիսի ժամկետում, որը թույլ կտա հաշվի առնել մյուս Կողմի դիրքորոշումը, և պետք է պարունակի գործի էության կարճ բնութագիրը և, անհրաժեշտության դեպքում, հղում ազգային իրավական նորմերին, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք ծանուցող Կողմը հնարավոր կհամարի տրամադրել:

4. Ծանուցում ստացած Կողմը, ազգային օրենսդրության պահանջների համաձայն, ուսումնասիրում է համապատասխան միջոցների գործադրման հնարավորությունը և արդյունքների մասին հայտնում է մյուս Կողմին:

 

Հոդված 6. Տեղեկատվության հարցումը

 

1. Մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների ուսումնասիրության ժամանակ մի Կողմը իրավունք ունի տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում ուղղել մյուս Կողմին: Մյուս Կողմը իրավունք ունի մերժելու հարցվող տեղեկատվության տրամադրումը, եթե այդպիսի տեղեկատվությունն արդեն տրամադրված է եղել կամ կարող է տրամադրվել տնտեսվարող սուբյեկտի կողմից, ազգային օրենսդրությանը համապատասխան, կամ ճանաչվում է գաղտնի:

2. Կողմն իր հարցման մեջ պետք է սահմանի դրա նպատակը, ինչպես նաև շարադրի գործի հիմնական հանգամանքները՝ գործադրելով հնարավորինս առավել դիպուկ հասկացություններ:

3. Հարցվող տեղեկատվությունը պետք է տրամադրվի Կողմերի միջև համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 7. Խորհրդակցությունները

 

1. Սույն Պայմանագրի կիրառման ոլորտին վերաբերող հարցերի շուրջ Կողմերն անց են կացնում խորհրդակցություններ համաձայնեցված որոշումներ ընդունելու նպատակով:

2. Խորհրդակցության անցկացման առաջարկը պետք է պարունակի խորհրդակցության անհրաժեշտության հիմնավորումները և որոշի դրա անցկացման պայմանները:

3. Խորհրդակցությունները Կողմերն անց են կացնում այդ մասին առաջարկը ստանալու պահից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում կամ առանձին պայմանավորված ժամկետում:

 

Հոդված 8. Տեղեկատվության փոխանակումը

 

1. Կողմերը միմյանց աջակցություն են ցուցաբերում փոխադարձ կամ ցանկացած Կողմի համար հետաքրքրություն ներկայացնող այնպիսի անհրաժեշտ տեղեկատվության ստացման համար, որը կարող էր՝

օժանդակել Հայաստանի Հանրապետության և (կամ) Ուկրաինայի մրցակցային օրենսդրության կիրառման արդյունավետության բարձրացմանը,

պարունակել տեղեկություններ՝ կապված մրցակցային օրենսդրության կիրառման հետ:

2. Կողմերը կարող են միմյանց ի տնօրինումն տրամադրել մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների մասին ցանկացած տեղեկատվություն, եթե այն կարող է հիմք ծառայել ներգործության միջոցների ընդունման համար:

 

Հոդված 9. Փորձի փոխանակումը

 

Սույն Պայմանագրի արդյունավետ կիրառման համար Կողմերն իրականացնում են փորձի փոխանակում` հետևյալ ձևերով.
       սույն Պայմանագրի նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական, մեթոդական, գիտական և տեղեկատվական նյութերի փոխանակում,

կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպում ստաժավորման, ուսումնական սեմինարների, գիտաժողովների և համաժողովների միջոցով:

 

Հոդված 10. Համատեղ հետազոտությունների անցկացում

 

Շահագրգիռ Կողմն իրավասու է տնտեսության որոշակի ճյուղում համատեղ հետազոտման անցկացման առաջարկություն անելու, եթե այնտեղ հայտնաբերվել են այնպիսի գործողություններ, որոնք բացասաբար են անդրադառնում մրցակցության վրա:

Հետազոտման անցկացման արդյունքների հիման վրա Կողմերի միջև կատարվում է համապատասխան տեղեկատվության փոխանակում:

 

Հոդված 11. Տեղեկատվության պաշտպանությունը

 

Սույն Պայմանագրի կիրառման արդյունքում ստացված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:

Սույն Պայմանագրի շրջանակներում համագործակցության իրականացման ժամանակ Կողմերը հաշվի են առնում իրենց պետությունների շահերը Հայաստանի Հանրապետության և (կամ) Ուկրաինայի օրենսդրություններով առևտրային և այլ գաղտնիքներ պարունակող տեղեկատվությունների պաշտպանության գործում:

 

Հոդված 12. Իրավասու մարմինները

 

1. Սույն Պայմանագրի իրականացման իրավասու մարմիններ են՝

Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,

Ուկրաինայի կողմից՝ Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն:

2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կձեռնարկեն համապատասխան միջոցներ իրենց իրավասու մարմինների և սույն Պայմանագրի նպատակների իրագործման համար ներգրավված պետական այլ մարմինների միջև գործողությունների համակարգման համար:

 

Հոդված 13. Վեճերի կարգավորումը

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են կարգավորման խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը ստացվելու օրվանից:

2. Սույն Պայմանագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք կհանդիսանան սույն Պայմանագրի անբաժանելի մասը: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

3. Սույն Պայմանագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը համապատասխան ժամկետի ավարտից ոչ պակաս, քան 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցում է սույն Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

4. Սույն Պայմանագրի դրույթների իրագործումը չի շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են Կողմերի այլ միջազգային պայմանագրերից:

 

Կատարված է Կիև քաղաքում 2004 թվականի մայիսի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 07.02.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան