Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-21-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (19.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների մշակման և կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարների չափերը և արտոնությունները։

2. Սույն օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության և վեճերի լուծման կարգը տարածական տվյալների բնագավառում, ինչպես նաև սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը։

 

Հոդված 2. Տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությունը

 

1. Տարածական տվյալների կառավարման վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներից, այլ օրենքներից և իրավական ակտերից։

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում տարածական տվյալների հավաքածուի բաղադրիչ տարրերի՝ մտավոր սեփականության իրավունքի կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց՝ իրենց գործունեության ոլորտում դրանք տիրապետելու իրավունքի վրա։

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տարածական (երկրատարածական) տվյալ՝ գեոդեզիական և քարտեզագրական գործունեության (աշխատանքների) արդյունքով ստեղծված տարածական օբյեկտի գտնվելու վայրի, տեսքի և այլ հատկությունների մասին տվյալ, որը սահմանված տարածաժամանակային կոորդինատային համակարգում ունի որոշակի տեղադիրք և վեկտորային տվյալների հավաքածուներում ներկայացված է կետով, գծով, բազմանկյունով կամ աշխարհագրական այլ բարդ պատկերով.

2) ազգային տարածական տվյալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ տարածական տվյալ (բազային և թեմատիկ), որը մասնավորեցման ենթակա չէ, ստեղծվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից և սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը.

3) տարածական տվյալների բանկ՝ բազային կամ այլ տարածական և ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների և օբյեկտների վիճակի, երկրի հեռազննման համալիր տվյալների վրա հիմնված երևույթների մշտադիտարկման, ինչպես նաև հանրապետական և տեղական մակարդակներում բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծման համար.

4) տարածական տվյալների մշակում՝ տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, հավաքման, կարգավորման, պահպանման, փոփոխման, թարմացման, արտապատկերման (վիզուալիզացման), օգտագործման, տրամադրման, տարածման և փոխանցման մեկ կամ մի շարք գործողությունների իրականացում.

5) տարածական տվյալների ծառայություններ` տարածական տեղեկատվության տրամադրում համացանցի միջոցով. միևնույն ժամանակ օգտագործողին տրամադրվում են տարածական տվյալների հետ աշխատելու գործիքներ, որոնք գործում են ինքնաշխատ` արտադրանքի կամ փոխկապակցված ծառայության տրամադրման տեսքով.

6) տարածական տվյալներ ստեղծող՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ստեղծում կամ թարմացնում են տարածական տվյալներն ու մետատվյալները.

7) տարածական տվյալների ստանդարտացում՝ ծրագրային ապահովման և տվյալների ինտեգրման միջոցառումների համախումբ, որն ուղղված է տարածական տվյալների հավաստիության, ամբողջականության և համապատասխանության մակարդակի բարձրացմանը.

8) տարածական տվյալներ օգտագործող՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձ, ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնք տարբեր նպատակներով օգտագործում են տարածական տվյալները.

9) տարածական օբյեկտ՝ բնական կամ արհեստական օբյեկտ, որի գտնվելու վայրը երկրի վրա կարող է սահմանվել տարածաժամանակային կոորդինատային համակարգում.

10) ոլորտային տարածական տվյալ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տարածական տվյալ՝ պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների վերաբերյալ.

11) տարածական տվյալների ենթակառուցվածք` տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, ստանդարտների, մարդկային ռեսուրսների և դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որոնք անհրաժեշտ են տարածական տվյալների և մետատվյալների ձեռքբերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման և ծառայությունների մատակարարման համար.

12) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված և իրականացված նորմերի և կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական հարթակի, միջազգային և Հայաստանի Հանրապետությունում ընդունված ազգային ստանդարտների, մետատվյալների և դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման և օգտագործման համաձայնության, համակարգման և մշտադիտարկման մեխանիզմների ամբողջություն.

13) բազային տարածական տվյալ՝ համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության համար հավաքված տվյալների), բաց հրապարակման համար նախատեսված, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող՝ տարածական օբյեկտների թվային տվյալ.

14) թեմատիկ տարածական տվյալ՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում ստեղծված տարածական տվյալ (տնտեսական, գիտական, կրթական և այլն).

15) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբտեխնոլոգիաների միջոցով.

16) մետատվյալ՝ տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.

17) փոխգործելիություն՝ համակարգերի ու տեխնոլոգիաների միջև տեղեկատվություն փոխանակելու ունակություններ և փոխանակման արդյունքով համատեղ շահերի պահպանման համար անհրաժեշտ համաձայնեցված գործողություններ.

18) աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ)՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծության, քարտեզագրման, մոդելավորման, կառավարման և տարածման համար.

19) ատրիբուտային (հատկանիշային) տվյալ՝ տարածական տվյալներին փոխկապակցված տեղեկատվություն, որը նկարագրում է վեկտորային օբյեկտների առանձնահատկությունները, այսինքն՝ աշխարհագրական տեղեկատվություն, որն առնչվում է ԱՏՀ-ում կետային, գծային կամ տարածական մոդելներին:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 4. Տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքները

 

1. Տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքներն են՝

1) տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովումը մշտադիտարկման, գիտատեխնիկական փորձաքննության և տարածական տվյալների, մետատվյալների հավաքման և վերահսկման միջոցով.

2) համացանցի միջոցով անվճար և վճարովի հիմունքներով գաղտնիության տարրեր չպարունակող տարածական տվյալների և մետատվյալների բաց հասանելիությունը տարածական տվյալներ օգտագործողներին.

3) բազային և թեմատիկ տարածական տվյալներում պետական գաղտնիք հանդիսացող և օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվության բացակայությունը.

4) տարածական տվյալների, մետատվյալների ստեղծումն ու մշակումը, համացանցային ծառայությունների մատուցումը.

5) տարածական տվյալների և մետատվյալների ստեղծումն ու պահպանումն անհատի, հասարակության և պետության անվտանգությանն ուղղված սպառնալիքների և կեղծիքների կանխարգելման նպատակով:

 

Հոդված 5. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության իրավասությունները

 

1. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության իրավասություններն են՝

1) տարածական տվյալների ոլորտում պետական և այլ ծրագրերի մշակումը, հաստատումը և իրականացումը.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկի սահմանումը.

3) լիազոր պետական մարմնին տարածական տվյալների տրամադրման կարգի սահմանումը.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման համար թույլտվության տրամադրման կամ մերժման հիմքերի և կարգի սահմանումը.

5) պետական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգի հաստատումը.

6) օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգի և մերժման հիմքերի սահմանումը.

7) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի սահմանումը.

8) լիազոր պետական մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի օրինակելի ձևի և դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգի հաստատումը.

9) տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հաստատումը.

10) տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների հաստատումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության լիազորությունները սպառիչ չեն, և սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ:

 

Հոդված 6. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի իրավասությունները

 

1. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական կառավարման մարմինը Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

2. Լիազոր մարմինը՝

1) մասնակցում է տարածական տվյալների ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը.

2) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով մշտադիտարկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.

3) ստուգում է ազգային գեոպորտալ մուտքագրվող թեմատիկ և բազային տարածական տվյալների՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխանությունը մուտքագրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անհամապատասխանության դեպքում մերժում է թեմատիկ և բազային տարածական տվյալների մուտքագրումը: 5 աշխատանքային օրվա ընթացքում թեմատիկ և բազային տարածական տվյալների մուտքագրումը չմերժվելու դեպքում տվյալները համարվում են մուտքագրված ազգային գեոպորտալ.

4) ստեղծում և մշակում է բազային տարածական տվյալները, մետատվյալները և դրանց առցանց ծառայությունները.

5) պատվիրում է տարածական տվյալների ոլորտում գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ, իրականացնում կամ պատվիրում է տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների մշակումը և ներդրումը.

6) տարածական տվյալների ոլորտում իրականացնում է միջազգային համագործակցություն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիազոր մարմնի իրավասությունները սպառիչ չեն, և սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ:

 

Հոդված 7. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց իրավասությունները

 

1. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք՝

1) իրականացնում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների, մետատվյալների և դրանց առցանց ծառայությունների ստեղծման և մշակման աշխատանքներ.

2) ապահովում են օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը.

3) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների ստանդարտացումը՝ «Ստանդարտացման մասին» օրենքով սահմանված կարգով և ստանդարտացման ուղեցույցների հիման վրա.

4) օգտագործում են տարածական տվյալները և մետատվյալներն իրենց լիազորություններն իրականացնելու համար.

5) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների և մետատվյալների օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը.

6) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների և մետատվյալների տրամադրումը կամ հասանելիությունը լիազոր մարմնին.

7) ստեղծում և վարում են թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները.

8) իրենց իրավասության սահմաններում հավաքում և պահպանում են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, պետական սահմաններին վերաբերող տարածական տվյալները։

2. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

Հոդված 8. Տարածական տվյալների ոլորտում աշխատանքի տեսակները

 

1. Տարածական տվյալների ոլորտում աշխատանքները բաժանվում են հետևյալ տեսակների.

1) տարածական տվյալների և մետատվյալների ստեղծում, հավաքում, համակարգում, պահպանում, թարմացում, արտապատկերում, օգտագործում, տրամադրում, տարածում.

2) օդատիեզերական լուսանկարահանման (հեռազննման) նյութերի մշակում և դրա արդյունքներով տարածական տվյալների ստեղծում.

3) տարբեր նպատակների համար ԱՏՀ-ների և տարածական տվյալների ենթակառուցվածքների ստեղծում, գործարկում, օգտագործում, վարում.

4) տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների ստեղծում, որոնք օգտագործվում են տարածական տվյալների մշակման և տարածման համար.

5) գեոպորտալների և դրանց առանձին գործառույթների ստեղծում և պահպանում.

6) տարածական տվյալների և մետատվյալների, դրանց առցանց ծառայությունների որակի վերաբերյալ գիտատեխնիկական փորձաքննության իրականացում.

7) տարածական տվյալների բազաների, մետատվյալների շտեմարանների, առցանց ծառայությունների, ԱՏՀ-ների, գեոպորտալների, տարածական տվյալների ոլորտում այլ տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձարարական և գիտատեխնոլոգիական աշխատանքների իրականացում.

8) տեխնիկական կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում.

9) այլ աշխատանքների իրականացում՝ ԱՏՀ-ների և տարածական տվյալների ենթակառուցվածքների գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար:

 

Հոդված 9. Տարածական տվյալների ստեղծումը

 

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում բազային տարածական տվյալներին առնչվող տարրերի ստեղծման աշխատանքներ իրականացնելիս համապատասխան նախագծերը, տեխնիկական առաջադրանքները, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքներով ստեղծված տարածական տվյալները մինչև դրանք ընդունելը կարծիք ստանալու համար ներկայացնում են լիազոր մարմին, բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար ստեղծված բազային տարածական տվյալների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ:

2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված նախագծերը, տեխնիկական առաջադրանքները և տարածական տվյալներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, ուսումնասիրում և համաձայնեցման ներկայացրած մարմնին է տրամադրում սույն օրենքին, «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքին, դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերին և ստանդարտներին, ստանդարտացման ուղեցույցներին համապատասխանության վերաբերյալ դրական կամ բացասական կարծիք: 15 օրվա ընթացքում կարծիք չտրամադրվելու դեպքում լիազոր մարմնի կարծիքը համարվում է դրական:

3. Բացասական կարծիքը պետք է լինի պատշաճ պատճառաբանված և պարունակի բացասական կարծիքի բոլոր հիմքերը՝ համապատասխան հղումներով:

4. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում բազային տարածական տվյալը չի կարող ներառվել ազգային գեոպորտալում:

5. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները կարող են վերացնել կարծիքում նշված անհամապատասխանությունները և ներկայացնել լիազոր մարմին՝ համաձայնեցման, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-5-րդ մասերը:

6. Պետական կառավարման մարմիններն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տարրերը Կառավարության սահմանած կարգով տրամադրում են լիազոր մարմնին, բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ տվյալների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ:

7. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքներն իրականացնում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա, բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքներով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքներն իրականացնում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա, բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքներով:

9. Բացառությամբ գիտատեխնիկական և շինարարական աշխատանքների նախագծման նպատակով իրականացվող օդալուսանկարահանման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա:

10. Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չպարունակող տարածական տվյալների ստեղծումը, մշակումը և պահպանումը կատարվում են ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում:

11. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք տարածական տվյալները և մետատվյալներն ստեղծում կամ թարմացնում են տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

12. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ստեղծած կամ այդ սուբյեկտների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում այլ անձանց կողմից մշակվող և պահպանվող տարածական տվյալներն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի անբաժանելի մասն են:

 

Հոդված 10. Տարածական տվյալների խմբերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալները դասակարգվում են երկու հիմնական խմբի՝ բազային տարածական տվյալներ և թեմատիկ տարածական տվյալներ:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ստեղծած բազային տարածական տվյալները համարվում են պետական սեփականություն՝ անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից, և մասնավորեցման ենթակա չեն:

3. Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման, չպետք է պարունակի օրենքով պահպանվող գաղտնիք:

4. Բազային տարածական տվյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով ստեղծվող ազգային, ոլորտային և տեղական ԱՏՀ-ներում, կադաստրների և ռեգիստրների թեմատիկ և ոլորտային տարածական տվյալներում:

5. Բազային տարածական տվյալները և դրանց համապատասխան ստեղծված տեղեկատվական բազան (հատկանիշային տվյալներ) պարտադիր են տարածական տվյալներ ստեղծող, մշակող, տարածող, տնօրինող բոլոր կազմակերպությունների համար:

6. Որպես պարտադիր տեղեկատվություն՝ բազային տարածական տվյալների բանկն ընդգրկում է տեղադիրքի բաց գեոկապակցված (գեոռեֆերենց) պատկերներ, որոնք հիմնված են տիեզերական կամ օդալուսանկարների տվյալների վրա, և կանոնակարգված տարածաժամանակային կոորդինատային համակարգերի վերաբերյալ տվյալներ, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) վարչական սահմաններ.

2) անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ).

3) գնահատում.

4) իրավունք (գույքային իրավունքի տեսակ).

5) հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք).

6) հասցե.

7) աշխարհագրական անվանումներ.

8) մակերևութային ջրեր.

9) պլանաբարձունքային հիմք.

10) ռելիեֆ.

11) ճանապարհատրանսպորտային ցանց.

12) օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ:

7. Բազային տարածական տվյալների բանկի ստեղծումը լիազոր մարմինն իրականացնում է բազային տարածական տվյալների հավաքման, ընտրության և ինտեգրման միջոցով:

8. Բազային տարածական տվյալներում ներառված տեղեկատվությունը փոփոխվում և անընդհատ բարելավվում է: Բազային տարածական տվյալներում ներառված տեղեկատվության կազմը սահմանվում է տարածական տվյալների ստանդարտներով և ստանդարտացման ուղեցույցներով:

9. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների խմբերը, դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տարածական տվյալների ստանդարտներով և ստանդարտացման ուղեցույցներով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԵՐԸ

 

Հոդված 11. Տարածական տվյալների ֆոնդերի տեսակներն ու առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում առանձնացվում են տարածական տվյալների հետևյալ ֆոնդերը․

1) պետական տարածական տվյալների ֆոնդ.

2) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդ.

3) պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդ.

4) տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդ.

5) այլ սուբյեկտների տարածական տվյալների ֆոնդեր, որոնք ներառում են գաղտնի տեղեկություններ չպարունակող տարածական տվյալներ և նյութեր, որոնք ստացել են Հայաստանի Հանրապետության տարբեր սուբյեկտներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, տարածական տվյալների ստեղծման աշխատանքների արդյունքներով։

 

Հոդված 12. Պետական տարածական տվյալների ֆոնդը

 

1. Պետական տարածական տվյալների ֆոնդը ներառում է՝

1) լիազոր մարմնի կողմից գեոդեզիական, քարտեզագրական, այդ թվում՝ երկրի հեռազննման աշխատանքների իրականացմամբ ստացված տարածական տվյալներ և մետատվյալներ, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքներով ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութեր ու տարածական տվյալներ.

2) տեղեկություններ պետական գեոդեզիական ցանցի կետերի, պետական նիվելիրացման ցանցի և պետական գրավիմետրիկ ցանցի մասին.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց (իրենց համաձայնությամբ), պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների (իրենց համաձայնությամբ) կազմակերպած տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով ստացված տարածական տվյալները և մետատվյալները.

4) տարածական տվյալների և մետատվյալների մասին տեղեկությունները, որոնք ներկայացրել են տարածական տվյալների գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների ֆոնդերի և տարածական տվյալների այլ սուբյեկտների ֆոնդերի հիմնադիրները՝ սույն օրենքին համապատասխան:

2. Լիազոր մարմինը պետական տարածական տվյալների ֆոնդի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ դրա վարման տեխնոլոգիայի միասնականության սկզբունքների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան ապահովելով դրանում պարունակվող տեղեկությունների թարմացման պարբերականությունը և դրանց արժանահավատությունը։

3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների ֆոնդի նյութերից տարածական տվյալներ և այլ տեղեկատվություն տրամադրելու համար գանձվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափերով վճար:

4. Պետական տարածական տվյալների ֆոնդը վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալները և մետատվյալները ներառում, դրանք պահպանում և շահագրգիռ անձանց տրամադրում է լիազոր մարմինը:

5. Լիազոր մարմինը կազմում է տարածական տվյալների և մետատվյալների վերաբերյալ հաշվետվություններ և հրապարակում տեղեկություններ:

 

Հոդված 13. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը

 

1. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել են պետական կառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:

2. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան պետական կառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք։

3. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը կամ պաշտոնատար անձը` նախապես կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Գերատեսչական ֆոնդ վարող պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու համար միմյանց անվճար տրամադրում են իրենց ստեղծած տարածական տվյալների հավաքածուներն ու ծառայությունները, ներառյալ համապատասխան մետատվյալները:

 

Հոդված 14. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդը Կառավարության սահմանած կարգով վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները տրամադրում է պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 15. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել են տեղական ինքնակառավարման մարմինները տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքներով:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդերը վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ և նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները։

3. Տեղական ինքնակառավարման մարմնի տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է տվյալ համայնքի ղեկավարը` կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ՍՏԵՂԾՈՒՄԸ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 16. Տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման և կառավարման հիմնական սկզբունքները

 

1. Տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման և կառավարման հիմնական սկզբունքներն են՝

1) տարածական տվյալներ ստեղծողները տարածական տվյալները մշակում են սույն օրենքին համապատասխան.

2) տարածական տվյալներ ստեղծող, հավաքող, տնօրինող գերատեսչությունները և կազմակերպությունները պատասխանատու են իրենց տարածական տվյալների հավաքածուների, ծառայությունների տրամադրման և տարածման համար.

3) տարածական տվյալներ ստեղծող, հավաքող, տնօրինող սուբյեկտները պետք է ունենան տվյալների տրամադրման և հասանելիության տարբեր մակարդակներ.

4) օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող տարածական տվյալները և մետատվյալները պետք է հասանելի լինեն տարածական տվյալների ծառայությունների, տարածական տվյալների ենթակառուցվածքների և այլ միջոցներով՝ առևտրային և ոչ առևտրային նպատակներով օգտագործման համար, եթե օրենսդրությամբ, քաղաքացիաիրավական պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց տեղեկատվություն տրամադրվում է վճարովի կամ անվճար հիմունքներով, որի մանրամասները սահմանվում են սույն օրենքի 19-րդ հոդվածով.

6) բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու նպատակով ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար պետական կառավարման մարմինների ստեղծած տարածական տվյալները և ծառայությունները Կառավարության սահմանած կարգով տրամադրվում են անվճար.

7) չսահմանափակված մատչելիությամբ տարածական տվյալների մետատվյալները հասանելի են անվճար բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

8) տարածական տվյալներ ստեղծող, հավաքող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը.

9) բազային տարածական տվյալները կարող են տրամադրվել օգտվողներին ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալի ծառայությունների կիրառմամբ, «Էլեկտրոնային կառավարում» համակարգի միջգերատեսչական ինտեգրման հարթակի միջոցով՝ փոխանցման եղանակով և լիազոր մարմնի համաձայնությամբ.

10) տարածական տվյալներ ստեղծող, հավաքող, տնօրինող գերատեսչությունները և կազմակերպությունները պարտավոր են լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից կամ պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից ստեղծված և թարմացվող բազային տարածական տվյալներին առնչվող քարտեզագրական շերտերը՝ համապատասխան հատկանիշային տվյալներով, հետևյալ եղանակներով.

ա. տարածական տվյալների առցանց ծառայությունների հասանելիության ապահովում,

բ. տարածական տվյալների փոխանցում՝ համաձայնեցված ձևաչափով և որակով.

11) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների հանրային հասանելիությունը կարող է սահմանափակվել, եթե դա նախատեսված է օրենքով:

 

Հոդված 17. Տարածական տվյալների մետատվյալների հավաքումը, ստեղծումը, տրամադրումը և տարածումը

 

1. Տարածական տվյալներ հավաքող, ստեղծող և տնօրինող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները և ծառայությունները, ստեղծում, տրամադրում և տարածում են համապատասխան մետատվյալներ, ինչպես նաև դրանք պահպանում և թարմացնում են տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների և ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանում են ոլորտները համակարգող լիազոր մարմինները:

2. Առնվազն հետևյալ բովանդակությունը կամ հետևյալ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է որպես տարածական տվյալների մետատվյալ.

1) հիմնաբառ.

2) դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշ.

5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում.

6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում.

7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:

3. Մետատվյալների բնութագրման վերաբերյալ մանրամասները կարգավորվում են մետատվյալներ ստեղծող մարմինների ընդունած իրավական ակտերով:

 

Հոդված 18. Տարածական տվյալների և մետատվյալների տրամադրումը, տարածումը, փոխանակումը ցանցային (առցանց) ծառայությունների և տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով

 

1. Տարածական տվյալներ ստեղծող և տնօրինող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով ապահովում են տարածական տվյալների և մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները.

1) որոնման ծառայություն.

2) դիտման ծառայություն.

3) ներբեռնման ծառայություն.

4) փոխակերպման ծառայություն.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

2. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.

1) հիմնաբառ.

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշ:

3. Ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:

 

Հոդված 19. Պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարները և արտոնությունները

 

1. Լիազոր մարմինը տարածական տվյալների տրամադրման և դրանց առնչվող ծառայությունների համար գանձում է հետևյալ վճարները.

1) կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի (հողամասի) համար` 100 դրամ.

2) կադաստրային քարտեզների (հատակագծերի) թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ մեկ համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) յուրաքանչյուր թեմատիկ շերտում (տվյալների համախմբում) ընդգրկված տեղեկատվության համար` 5000 դրամ.

3) լիազոր մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝

ա. սկզբնական տրամադրման համար` 300000 դրամ,

բ. տրամադրված քարտեզների յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար` 50000 դրամ.

4) տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով՝ ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար` 25000 դրամ.

5) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից և քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում՝

ա. 1:10 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 1000 դրամ,

բ. 1:25 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 250 դրամ,

գ. 1:50 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 62 դրամ.

6) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար՝

ա. գունավոր տարբերակով` 6000 դրամ,

բ. սև-սպիտակ տարբերակով` 2000 դրամ.

7) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար` 1000 դրամ.

8) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար` 100 դրամ.

9) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սմ կամ 23x23 սմ) օդալուսանկարի տրամադրման համար` 1500 դրամ.

10) սույն մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումը թղթային տարբերակով կատարվում է՝ սույն հոդվածի 1-ին և 5-րդ կետերով սահմանված վճարներին ավելացնելով հետևյալ վճարները.

ա. A0 ֆորմատ` 5000 դրամ,

բ. A1 ֆորմատ` 2500 դրամ,

գ. A2 ֆորմատ` 1250 դրամ,

դ. A3 ֆորմատ` 625 դրամ,

ե. A4 ֆորմատ` 300 դրամ.

11) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար` 1000 դրամ.

12) թեմատիկ քարտեզագրական նյութերի տրամադրման համար՝

ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 3000 դրամ,

գ. թեմատիկ քարտեզների թղթային տարբերակ` 100x70 սմ (քաշը՝ 200 գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ, A3 ֆորմատ (քաշը՝ 200 գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ, A4 ֆորմատ (քաշը՝ 200 գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ,

դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 80000 դրամ.

13) աշխարհագրական անվանումների տեղեկագրերի և տեղեկատու բառարանների տրամադրման համար՝

ա. մեկ տեղեկագրի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ, սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ,

բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ, սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ.

14) թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)՝

ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 600 դրամ,

գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 40000 դրամ.

15) օրթոֆոտոհատակագծերի (Թի Այ Էֆ Էֆ (TIFF)), (Ջիո Թի Այ Էֆ Էֆ (GeoTIFF)) տրամադրում սպեկտրի տեսանելի և մոտակա ինֆրակարմիր տիրույթներում (Ար Ջի Բի (RGB)), (Էն Այ Ար/Սի Այ Ար (NIR/CIR))՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ.

16) պետական ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝

ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ,

բ. ամսական բաժանորդագրությամբ՝ 15000 դրամ,

գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների միջոցով սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS)) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար հետևյալ չափերով.

1) տարեկան բաժանորդագրման համար՝ 400 000 դրամ.

2) ամսական բաժանորդագրման համար՝ 50 000 դրամ:

3. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է դրա համար դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև դիմումը ներկայացնելու օրվանից հետո` երկրորդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով:

5. Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով:

6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և դրան առնչվող ծառայությունները բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու` ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, պետական կառավարման մարմիններին, մարզպետարաններին, դատարաններին, դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, Կենտրոնական բանկին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները վերջիններս կարող են փոխանցել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որոնց համար գանձվում են սույն օրենքով սահմանված վճարները:

7. Ֆիզիկական, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկատվության համար (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հոդված 20. Ազգային տարածական տվյալների ձևավորման հիմնական սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալները ձևավորվում և մշակվում են հետևյալ սկզբունքների հիման վրա.

1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների կողմից միասնական կոորդինատային համակարգի և բազային տարածական տվյալների պարտադիր օգտագործում.

2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովմանը.

3) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների արդիականություն, լրիվություն, լիարժեք նկարագրություն, հուսալիություն, ամբողջականություն և ճշգրտություն.

4) տարածական տվյալների համատեղելիություն, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական ուղեցույցների և նորմերի վրա.

5) տարածական տվյալների, մետատվյալների և ծառայությունների փոխգործելիություն.

6) տեխնիկական ուղեցույցների (կանոնակարգերի) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցում և համապատասխանեցում միջազգային ստանդարտներին.

7) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական և տեխնիկական համակարգի, աստիճանական և շարունակական զարգացում.

8) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծման և թարմացման հաջորդականության պլանավորում.

9) պետական աջակցություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծմանը և թարմացմանը.

10) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարում ազգային գեոպորտալի միջոցով:

 

Հոդված 21. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում Կառավարության իրավասությունները

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում Կառավարության իրավասություններն են՝

1) ազգային ծրագրերի, հայեցակարգերի և ռազմավարությունների մշակումը, հաստատումն ու իրականացումը.

2) պետական վերահսկողության և հսկողության կազմակերպումը.

3) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգի սահմանումը:

 

Հոդված 22. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը համակարգող լիազոր մարմնի իրավասությունները

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը համակարգում է լիազոր մարմինը, որն ունի հետևյալ իրավասությունները.

1) մշակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

2) մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման ծրագիրը.

3) փոխանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալներ տրամադրողների և օգտագործողների միջև փորձի մասին տեղեկատվությունը.

4) ապահովում է լիազոր մարմնի ղեկավարին կից ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հարցերով խորհրդակցական մարմնի գործունեությունը.

5) սահմանում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի վարման կարգը.

6) ապահովում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացումն ու արդիականացումը՝ ըստ ոլորտային իրավասությունների.

7) իրականացնում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման և օգտագործման մշտադիտարկում, պատրաստում է տարեկան հաշվետվություններ և դրանք ներկայացնում Կառավարություն.

8) ապահովում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացմանն առնչվող աշխատանքների իրականացումը.

9) իրականացնում է բազային տարածական տվյալների և դրանց մետատվյալների, ինչպես նաև մետատվյալների ընդունումը և վերահսկումը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով.

10) ազգային գեոպորտալի միջոցով ապահովում է բազային տարածական տվյալների հասանելիությունը՝ ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով.

11) մշակում և ներդրում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համար ծրագրային, տեխնոլոգիական ապահովումը.

12) ապահովում է օգտվողների մուտքը ազգային գեոպորտալ.

13) օգտվողներին տրամադրում է բազային տարածական տվյալներ և դրանց մետատվյալները՝ համաձայն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգի.

14) հավաքում և վերլուծում է տարածական տվյալների և մետատվյալների օգտագործողներից ստացվող տեղեկատվությունը, բացահայտում է առկա խնդիրները և միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

 

Հոդված 23. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունները

 

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ապահովում են թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների թարմացումը, ստանդարտացումը և ինտեգրումը՝ սույն օրենքին համապատասխան:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ունեն հետևյալ պարտականությունները.

1) մասնակցում են քաղաքականության մշակմանը և իրականացմանը՝ իրենց իրավասությունների շրջանակներում և օրենքին համապատասխան.

2) համագործակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող հարցերի շուրջ.

3) ապահովում են սուբյեկտների կամ երրորդ անձանց հասանելիությունը տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին.

4) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմնին տրամադրում են բազային տարածական տվյալների քարտեզագրական շերտերը.

5) մասնակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների մշակմանը.

6) նշանակում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատուներ.

7) ապահովում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով թեմատիկ տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը.

8) ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով՝ համաձայնեցված ձևաչափով և որակով.

9) տեղադրում են տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին իրենց պաշտոնական կայքէջերում.

10) ռեսուրսներ են հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իրենց գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:

 

Հոդված 24. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատում է Կառավարությունը` սահմանելով՝

1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների, տեխնիկական և ծրագրային ապահովման փոխգործելիությունն ապահովող պահանջները.

2) կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաև կատարման ժամկետները և ձևաչափերը:

 

Հոդված 25. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների և ծառայությունների կառավարումը

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով սպառողներին (օգտագործողներին) տարածական տվյալների հասանելիությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե տվյալների բանկում առկա են բազային տարածական տվյալների և այլ աղբյուրներից տարածական տվյալների միջև հակասություններ, ապա հուսալի է համարվում բազային տարածական տվյալների տեղեկատվությունը։

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից:

3. Լիազոր մարմինը և այլ սուբյեկտներ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մետատվյալների ամբողջականության և սահմանված որակին համապատասխանության ապահովման համար:

4. Լիազոր մարմինն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային տարածական տվյալների հասանելիությունն առցանց քարտեզագրական ծառայության (Օ Ջի Սի Վի Ֆի Էս, Վի Սի Էս, Վի Էմ Էս (OGC WFS, WCS, WMS)) միջոցով սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված մարմինների համար ապահովում է անվճար:

 

Հոդված 26. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալների ցանցը ներառում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինն ստեղծում և վարում է էլեկտրոնային ծառայություն՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալ, որն ապահովում է բազային և թեմատիկ տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը, առկայության դեպքում ներառում է նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալները:

3. Պետական կառավարման մարմինների գեոպորտալներում ներառվում են թեմատիկ, ոլորտային տարածական տվյալներ և մետատվյալներ, որոնք ստեղծել են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները ոլորտային խնդիրների լուծման համար:

4. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գեոպորտալներն ստեղծում և վարում են համապատասխանաբար պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը՝

1) պետք է հասանելի լինի համացանցի միջոցով և հաղորդակցության այլ միջոցներով.

2) պետք է հասանելի լինի ընդհանուր արտածման (ինտերֆեյսի) միջոցով.

3) ներառում է մետատվյալներ տարածական բոլոր տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքել են տարածական տվյալներ ստեղծող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք.

4) ներառում է ներբեռնման հասանելիություն բոլոր բաց տարածական տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքել են տվյալներ ստեղծող կազմակերպությունները:

6. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալն ապահովում է առնվազն հետևյալ գործառույթները.

1) որոնում, որն ապահովում է տեղեկատվական ցանցերում տարածական տվյալների և տարածական տվյալների ծառայությունների բացահայտումը.

2) տարածական տվյալների դիտարկում, տարածական օբյեկտների բնութագրերի և մետատվյալների բովանդակության մասին տեղեկատվություն.

3) մուտք, որն ապահովում է տարածական տվյալների մշակման կամ դրանց պատճեններն ստանալու հնարավորություն.

4) կոորդինատային գործողություններ, որոնք ապահովում են տարածական տվյալների կոորդինատների փոխակերպում մեկ կոորդինատային համակարգից (կամ քարտեզի պրոյեկցիայից) մյուսը:

7. Ազգային գեոպորտալի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման և դիտման հնարավորությամբ, ապահովվում է անվճար:

 

Հոդված 27. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքների կազմակերպումը և համակարգումը

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումն ապահովելու համար լիազոր մարմնին կից ձևավորվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքները համակարգող խորհուրդ (այսուհետ՝ համակարգող խորհուրդ):

2. Համակարգող խորհուրդը համարվում է կոլեգիալ մարմին, որը չունի իրավաբանական անձի կարգավիճակ:

3. Համակարգող խորհուրդը խորհրդատվական դեր ունի տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի զարգացման քաղաքականության իրականացման գործում:

4. Համակարգող խորհուրդը բաղկացած է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

5. Համակարգող խորհրդի կազմը և գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:

 

Հոդված 28. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը

 

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, գործառութայնության (ֆունկցիոնալության) և զարգացման համար ֆինանսավորումն իրականացվում է պետական և համայնքային բյուջեների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

3. Պետության, համայնքի, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերն իրականացվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29. Տարածական տվյալների ոլորտում տեսչական վերահսկողությունը

 

1. Տարածական տվյալների ոլորտում տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

 

Հոդված 30. Տարածական տվյալների ոլորտում վեճերի լուծման կարգը

 

1. Տարածական տվյալների ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

2. Մի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, մյուս կողմից պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց միջև վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 31. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտելու համար վարչական պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, իսկ քրեական պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

 

Հոդված 32. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 6-րդ հոդվածի 2-5-րդ մասերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-9-րդ մասերի, 10-րդ հոդվածի 7-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի 4-րդ մասի, 26-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-5-րդ մասերը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-9-րդ մասերը, 10-րդ հոդվածի 7-րդ մասը, 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 18-րդ հոդվածը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 4-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-7-րդ մասերը, 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ և 10-րդ կետերից, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից, 24-րդ հոդվածից, 27-րդ հոդվածի 5-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին մասից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից, որոնք պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում:

3. Պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում գույքագրում են պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները և դրանք փոխանցում պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմին:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 8

Երևան

ՀՕ-21-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: