Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-584-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման համար ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, եթե՝

1) արբիտրաժն իրականացվել է մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, և

2) արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը, և

3) արբիտրաժի կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, և

4) արբիտրաժի վճռով բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:»։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-35.4-րդ հոդվածներով.

 

«Հոդված 35.1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմում ներկայացնելը

 

1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում արբիտրաժային տրիբունալի վճիռը ենթակա է հարկադիր կատարման այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:

2. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմումը կարող է ներկայացվել վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան վճիռն ստանալու պահից երեք ամիս հետո:

3. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմումը ներկայացվում է արբիտրաժն իրականացրած մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը, բացառությամբ եթե դիմումը ներկայացնելու պահին այլևս չի գործում արբիտրաժն իրականացրած հաստատությունը, որի դեպքում դիմումը ներկայացվում է դատարան:

 

Հոդված 35.2. Դիմումին ներկայացվող պահանջները

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար ներկայացվող դիմումի մեջ նշվում են՝

1) արբիտրաժային հաստատության անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, վճիռը կայացրած արբիտրաժի վայրը և կազմը.

2) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

3) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.

4) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման մասին պահանջը:

2. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման դիմումին կից ներկայացվում են՝

1) արբիտրաժային տրիբունալի վճիռը.

2) արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար ներկայացված դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

3. Ի թիվս սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կարող են սահմանվել նաև դիմումին ներկայացվող այլ պահանջներ:

4. Սույն հոդվածով կամ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին:

 

Հոդված 35.3. Դիմումի քննությունը

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար ներկայացված դիմումը քննվում է դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում ներկայացված փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա:

2. Եթե արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար ներկայացված դիմումը քննելիս պարզվում է, որ վճիռը կողմերի համար դեռևս պարտադիր չի դարձել, կամ առաջին ատյանի դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումը թողնվում է առանց քննության:

 

 Հոդված 35.4. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելը

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման դիմումը բավարարելու դեպքում մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որում նշվում են՝

1) արբիտրաժային հաստատության անվանումը, վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.

2) արբիտրաժային վարույթի կողմերի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրանց բնակության (գտնվելու) վայրը.

3) արբիտրաժային տրիբունալի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

4) վարույթի մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը, բացառությամբ եթե գործի քննության ընթացքում հնարավոր չի եղել ստանալ այդ տվյալները.

5) արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման ենթակա մասը.

6) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը:

2. Արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության հետ միասին ուղարկում է նաև արբիտրաժային տրիբունալի վճռի սկանավորված պատճենը:

3. Եթե արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը թողնվում է առանց քննության, ապա դա խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունն սպառված չէ:

4. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-584-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: