Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-594-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-ին հոդվածում՝

1) երկրորդ պարբերության «Հայտարարագիրը» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերություններով.

«Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում`

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ)՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

4) սույն պարբերության 1-3-րդ կետերում չնշված ֆիզիկական անձանց համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը սույն հոդվածի չորրորդ պարբերության մեկից ավելի կետերում ներառված լինելու դեպքում այդ անձի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) չներկայացնելու դեպքերի մասով:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-594-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: