Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-326-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

         

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին

             

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                   

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը «զինծառայողները» բառից հետո լրացնել «և մաքսային մարմինները» բառերով:

          

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                

«Հոդված 14. Վերահսկողությունը և հսկողությունը պետական սահմանը հատելիս

            

1. Պետական սահմանի անցման կետերում մշտական վերահսկողություն և հսկողություն են իրականացնում միայն սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները:

2. Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության:

3. Սույն օրենքի իմաստով՝ սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը սույն օրենքով նախատեսված սահմանային վերահսկողություն և մաքսային հսկողություն չհանդիսացող պետական վերահսկողությունը կամ հսկողությունն է պետական սահմանի անցման կետերում:

4. Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը իրականացնում են սահմանապահ զորքերը կամ մաքսային մարմինները տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

5. Առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված այլ պետական մարմինների տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության աշխատանքները կարող են կազմակերպվել համատեղ: Սույն մասով նախատեսված աշխատանքների համատեղ կազմակերպմանն առնչվող առանձին հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

          

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում «է սահմանապահ զորքերի թույլտվությամբ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում» բառերը փոխարինել «են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

             

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային հսկողություն, սահմանային վերահսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթ իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել:».

2) 4-րդ մասի «պահանջով, մաքսային մարմինների համապատասխան ներկայացուցիչների ներկայությամբ» բառերը փոխարինել «կամ մաքսային մարմինների պահանջով» բառերով:

             

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:»:

      

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության մաքսային հսկողության բնագավառի պետական լիազորված մարմինը`

ա) իրականացնում է մաքսային հսկողություն.

բ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:»:

                 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «այլ» բառը:

                 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Պետական սահմանի անցման կետերում մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող 14-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ այլ պետական մարմինների տեղակայման կարգի, ժամկետների և առանձին դեպքերի՝ Կառավարության կողմից սահմանումը իր իրավասության սահմաններում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերով և սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

                  

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-326-Ն

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: