ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64-րդ կետով.
«64) առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ և հասանելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման, մարդու և հանրային առողջության պահպանման և տարածքային համաչափ զարգացման նպատակով առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ և միջին բուժաշխատողների քանակի և մասնագիտությունների պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատման և պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների համալիր:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. |
Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը |
1. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացնում է լիազոր մարմինը:
2. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացվում է իրավիճակային վերլուծության և վիճակագրական ցուցանիշների հիման վրա, որով ապահովվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման կայունությունը, անընդհատությունը, շարունակականությունը, ֆիզիկական հասանելիությունը, առաջնային և անհետաձգելի բժշկական օգնության համընդհանուր մատչելիությունը և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը՝ ըստ մակարդակների:
3. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ` Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված ընդունելություն իրականացնելու համար:
4. Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր։»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտը։
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թ. մարտի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|