ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(նախադասությունը հանվել է 10.12.21 ՀՕ-431-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և նպատակը |
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի գործունեության հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքները, ներառյալ տարածական տվյալների հավաքումը, մշակումը, պահպանումը, տարածումը և տրամադրումը իրականացվում են սույն օրենքին համապատասխան։
2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում, հաստատել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծման և սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում միջազգային համագործակցության կարգը։
(1-ին հոդվածը խմբ. 21.03.12 ՀՕ-109-Ն, 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 1.1 | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
2) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում գիտատեխնիկական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման և կառավարչական գործունեություն.
3) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով.
4) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է նրանց համար ընդհանուր հանդիսացող գեոդեզիական կոորդինատային համակարգում.
5) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման, օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթաց.
6) Երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.
7) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը.
8) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.
9) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.
10) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.
11) տարածական տվյալներ՝ տարածական օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնք ներառում են տեղեկություններ դրանց ձևի, տեղադիրքի և հատկությունների մասին և սահմանված տարածաժամանակային կոորդինատային համակարգում ունեն որոշակի տեղադիրք.
12) տարածական օբյեկտ՝ իրական աշխարհի առարկա կամ երևույթ, որը բնութագրվում է Երկրի վրա որոշակի տեղադիրքով.
13) բազային տարածական տվյալներ՝ համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ.
14) թեմատիկ տարածական տվյալներ՝ իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլն).
15) տարածական տվյալների բանկ՝ բազային և (կամ) այլ տարածական և ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների և օբյեկտների վիճակի, երևույթների և գործընթացների մոնիտորինգի, ինչպես նաև հանրապետական և տեղական մակարդակներում սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծման համար.
16) մետատվյալներ՝ տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.
17) քարտեզագրություն՝ տարածական տվյալների, այդ թվում` տեղեկատվական համակարգերի օգտագործման, ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում բխող հարաբերությունների ոլորտ.
18) քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` քարտեզագրական և գեոդեզիական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու.
19) աշխարհագրական տեղեկատվական համակարգ՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծության, մոդելավորման, կառավարման և տարածման համար.
20) տարածական տվյալների ենթակառուցվածք՝ տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, չափորոշիչների (ստանդարտների), մարդկային ռեսուրսների և դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որն անհրաժեշտ է տարածական տվյալների, մետատվյալների ձեռքբերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման և ծառայությունների մատակարարման համար.
21) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված և իրականացված նորմերի և կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական պլատֆորմի, ստանդարտների, մետատվյալների և դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման և օգտագործման համաձայնության, համակարգման և մոնիտորինգի մեխանիզմների ամբողջություն.
22) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբտեխնոլոգիաների միջոցով:
(1.1-ին հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 2. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են`
ա) պետական նշանակության աշխատանքների.
բ) տեղական նշանակության աշխատանքների:
2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
ա) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.
գ) պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
դ) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.
ե) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
զ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիա), սահմանազատման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարումը.
է) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, սերտիֆիկացումը, տեխնիկական նորմերի և ստանդարտների սահմանումը.
ը) գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծումը և վարումը.
թ) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
ժ) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
ժա) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.
ժբ) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ժգ) պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը.
ժդ) իրական ժամանակում մշտապես գործող ռեֆերենց կայանների զարգացումը, շահագործումը և տվյալների մատակարարումը։
3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրային և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը` կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում.
բ) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:
4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
ա) տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.
բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, կադաստրային, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.
գ) Երկրի հեռազննման արդյունքում ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.
դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.
ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.
զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը և դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.
է) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, տուրիստական ատլասների) ստեղծումը և հրատարակումը.
ը) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը, գրանցումը, չափաբանական ապահովումը, սերտիֆիկացումը, նորմերի և ստանդարտների սահմանումը.
թ) պետական բազային աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.
ժ) պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
ժա) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
ժբ) (կետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-109-Ն)
ժգ) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ժդ) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը, վարումը և փոխգործելիության ապահովումը.
ժե) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծումը, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը.
ժզ) տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով.
ժէ) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը.
ժը) տարածական տվյալների, ծառայությունների օգտագործման և փոխանակման քաղաքականության մշակումը:
5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
ա) ճյուղային (ոլորտային), տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների (կադաստրային, գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ոռոգելի հողերի, երկրաբանական, տնտեսական, կլիմայական, պատմական, տուրիստական, հողերի ծրաչափության, հողաշինարարական, գեոդինամիկայի և այլն) ստեղծումն ու հրատարակումը.
բ) գերատեսչական և տեղական (համայնքային) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (տարածական տվյալների ենթակառուցվածք) ստեղծումը և վարումը.
գ) անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:
(2-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված նյութերի և տարածական տվյալների օգտագործողներ: Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները ենթակա են հաշվառման՝ կոմիտեի սահմանած կարգով։
2. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքը և նրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:
(3-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
Հոդված 4. | Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) իրականացնում է գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական, տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
գ) սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.
դ) հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները.
ե) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-371-Ն)
զ) սահմանում է տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման և վերջինիս միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը.
է) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:
(4-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-371-Ն, փոփ., խմբ., լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5. |
Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը |
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-301-Ն, 10.12.21 ՀՕ-431-Ն)
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե)`
ա) ապահովում է գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում պետական կառավարման իրականացումը.
բ) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի և տարածական տվյալների ենթակառուցվածքի վերաբերյալ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.
գ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների, ինչպես նաև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող հայեցակարգերի և ծրագրերի մշակումը, վերահսկում է դրանց իրականացումը.
դ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-371-Ն)
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական քարտեզագրական, տարածական տվյալների բանկի կառավարումը.
զ) սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.
է) հանդես է գալիս որպես պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.
ը) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները.
ժ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված գործառույթների շրջանակում նախատեսվող թվային երկրատարածական տվյալների ստեղծման աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքում ստեղծված երկրատարածական տվյալները՝ մինչև դրանք ընդունելը, ներկայացնում են լիազոր մարմին՝ կարծիքի:
(5-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-301-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-371-Ն, խմբ., փոփ., լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6. | ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Պետական կառավարման մարմինը`
ա) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.
բ) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
գ) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
դ) իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը.
ե) վարում է այդ բնագավառին առնչվող տեղական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական և տարածական տվյալների բանկը.
զ) կոմիտեին սահմանված կարգով տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ստանդարտներով:
է) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-301-Ն)
(6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, լրաց., փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում համայնքի ղեկավարը`
ա) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.
բ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
գ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.
դ) ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանության աշխատանքները.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ստանդարտների համաձայն՝ կոմիտեին տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:
(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
Հոդված 8. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերը և ստանդարտները:
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է կոմիտեն: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:
3. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:
Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`
ա) պետական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
բ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների, տարածական տվյալների ենթակառուցվածքի տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, փոփ., լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 9. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գեոդեզիական չափումների, քարտեզագրական ստանդարտների միասնականության ապահովումը, գեոդեզիական և քարտեզագրական սարքերի և գործիքների փորձարկումների իրականացումը, չափաբանական վերահսկողությունն իրականացնում է կոմիտեն: Չափաբանական նորմատիվների և ստանդարտների սահմանումն իրականացնում է կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման, գրանցման կարգը սահմանում է կոմիտեն:
(9-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա:
Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու և (կամ) կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տարածական տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները:
Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի և տարածական տվյալների առկայության, տարածքների ուսումնասիրվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է կոմիտեն:
(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11. | Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստացված պետական գեոդեզիական պլանային և բարձունքային, պետական ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի կետերի քարտադարանները, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը (գրաֆիկ, թվային և այլ ձևերով), հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունները, օդահանութային և տիեզերահանութային նյութերն ու տարածական տվյալները, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութերն ու տարածական տվյալները ձևավորում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը` տեղեկատվական բանկը:
2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ընդգրկում է պետական նշանակություն ունեցող աշխատանքների իրականացումից ստացված նյութերն ու տարածական տվյալները և գտնվում է կոմիտեի տնօրինության տակ:
Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տարածական տվյալներից օգտվելու համար սահմանված կարգով գանձվում է վճար:
4. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պետական սեփականություն են:
5. Տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծված գերատեսչական ֆոնդերն ստեղծում է պետական կառավարման տվյալ մարմինը, որի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը` համաձայնեցնելով կոմիտեի հետ:
6. (մասն ուժը կորցրել է 10.12.21 ՀՕ-431-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 10.12.21 ՀՕ-431-Ն)
(11-րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-109-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, փոփ., լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-239-Ն)
Հոդված 13. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են`
ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
գ) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ե) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.
զ) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.
է) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը:
3. Տեսչական մարմինն իրավունք ունի`
ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.
բ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-371-Ն)
գ) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.
դ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ:
4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով:
(13-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-371-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
1. Պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ նյութերից ու տարածական տվյալներից օգտվելու համար կոմիտեն տալիս է թույլտվություն:
2. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող նյութերից ու տարածական տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(14-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են կոմիտեն և պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմինը: Այդ մարմինների իրավասությունը վերոնշյալ բնագավառում որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-301-Ն)
Հոդված 16. |
Պետական գեոդեզիական և մշտապես գործող ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը |
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
1. Պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները (այսուհետ` գեոդեզիական կետեր) համարվում են պետական սեփականություն:
2. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն կոմիտեի թույլտվությամբ:
3. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման խնդիրները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
4. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, ով պարտավոր է կոմիտեին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:
5. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի պահպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-301-Ն, խմբ., փոփ., լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.1. |
Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման սկզբունքները |
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման սկզբունքներն են՝
1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման հետ.
2) տարածական տվյալների արդիականությունը, լրիվությունը, լիարժեք նկարագրությունը, հուսալիությունը, ամբողջականությունը և հաստատված ճշգրտությունը.
3) տարածական տվյալների համատեղելիությունը, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական նորմերի և ստանդարտների վրա.
4) տեխնիկական կանոնակարգերի, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցումը և համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին.
5) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական և տեխնիկական համակարգի, ստեղծման և զարգացման փուլայնությունը, որը բնութագրվում է կայունությամբ, զարգացման և շարունակական բարելավման անսահմանափակ տևողությամբ՝ ինտեգրված համալիր մոտեցումներին.
6) ազգային տարածական տվյալների քաղաքականությունն իրականացվում է պարզության, թափանցիկության, արդարության և անվտանգության սկզբունքների հիման վրա:
(16.1-ին հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.2. |
Տարածական տվյալների տրամադրումը |
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում առանձնացվում են բազային և թեմատիկ տարածական տվյալների շերտեր։ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը սահմանում է լիազոր մարմինը։
2. Բազային տարածական տվյալների շերտերը համարվում են պետական սեփականություն՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և դրանց ստեղծումից (թարմացումից), և մասնավորեցման ենթակա չեն։ Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման, չպետք է պարունակի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնց հասանելիությունն օրենքով սահմանված կարգով սահմանափակված է:
3. Թեմատիկ տարածական տվյալների կառուցվածքը, դրանց թարմացման և տրամադրման կարգը սահմանվում են ոլորտային լիազոր մարմինների ընդունած իրավական ակտերով:
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում տարածական տվյալներն ստեղծվում, պահպանվում և տրամադրվում են մեկ միասնական կոորդինատային համակարգում։
(16.2-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.3. |
Մետատվյալների ստեղծումը և բովանդակությունը |
1. Մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որի միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից։
2. Տարածական տվյալներ տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ստեղծում են իրենց մետատվյալները և ապահովում դրանց արդիականությունը։
3. Մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները սահմանում է լիազոր մարմինը։
(16.3-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.4. |
Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի փոխգործելիությունը, ոլորտային կադաստրների ինտեգրումը և տարածական տվյալների օգտագործման և փոխանակման քաղաքականությունը |
1. Կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաև կատարման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը։
2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով ազգային գեոպորտալի միջոցով ապահովում է բազային քարտեզագրական շերտերի հասանելիությունը։
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիություն ազգային գեոպորտալի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատում է լիազոր մարմինը։
(16.4-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.5. |
Հայաստանի Հանրապետության կառավարության, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմնի և սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները |
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է՝
ա) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտին վերաբերող պետական քաղաքականության բարելավումը.
բ) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքին վերաբերող նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության կազմակերպումը.
գ) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի գեոպորտալի ստեղծումը և շահագործումը.
դ) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ոլորտում սուբյեկտների իրավասությունների որոշումը և հաստատումը։
2. Ազգային տարածական տվյալների օգտագործման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը կոմիտեն է:
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի սուբյեկտներն ապահովում են տարածական տվյալների հավաքածուների թարմացումը և դրանց ինտեգրումն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության և զարգացման համար ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(16.5-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 17. | ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 18. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Սույն օրենքի խախտման հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
Հոդված 20. |
Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում |
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 21. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.01.2023, ՀՕ-20-Ն | 19.02.2023, ՀՕ-179 | |
10.12.2021, ՀՕ-431-Ն | 06.01.2022, ՀՕ-179 | |
09.07.2020, ՀՕ-371-Ն | 21.07.2020, ՀՕ-179 | |
23.03.2018, ՀՕ-301-Ն | 09.04.2018, ՀՕ-179 | |
21.03.2012, ՀՕ-109-Ն | 05.05.2012, ՀՕ-179 | |
08.12.2010, ՀՕ-239-Ն | 01.01.2011, ՀՕ-179 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|