Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-495-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված՝ ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության և նույն գլխով սահմանված կարգով ներկայացված պայմանագրում տեղ գտած փաստաթղթի էությունն ու բովանդակությունը չփոխող լեզվական կամ տպագրական սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «շարժական գույքի կադաստրի վարում» հասկացության «սույն օրենքում նշված պետական կառավարման» բառերը փոխարինել «Կառավարության լիազորած» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝

 1) 2-րդ կետը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ ունեցած անձանց, այդ թվում՝» բառերով.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 «4) գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունները՝ այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ՝ այլ անձանց:»:

 

 Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «ծածկագրման» բառից հետո լրացնել «և կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման» բառերով:

 

 Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «ռեգիստրը» բառը փոխարինել «ռեգիստրի ղեկավարը» բառերով:

 

 Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4. Սույն հոդվածով նախատեսված հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը: Սույն հոդվածով նախատեսված հատակագծերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:»:

 

 Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության կողմից սահմանված անձի նույնականացման այլ եղանակով:»:

 

 Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասը «լիազորված անձի» բառերից հետո լրացնել «կամ նրա օրինական ներկայացուցչի կամ դատական ակտի հիման վրա գույքը կամ դրա մասն օտարելու կամ այլ գույքային իրավունքով ծանրաբեռնելու իրավասություն ունեցող անձի» բառերով:

 

 Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում՝

 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ մասերով.

 «3.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ կամ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար հայցվող տեղեկատվության դեպքերում դիմողի ինքնությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում:

 3.2. Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումով սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ կամ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար հայցվող տեղեկատվության դեպքերում դիմումը պետք է հաստատված լինի դիմումը ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության կողմից սահմանված անձի նույնականացման այլ եղանակով:

 3.3. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող են պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ:

 3.4. Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:».

 2) 4-րդ մասի՝

 ա. 1-ին կետը «տեղեկություն» բառից հետո լրացնել «, և տեղեկատվությունը հայցող անձը չունի դրան առնչվելու համապատասխան իրավունք» բառերով,

 բ. 2-րդ կետը «տեղեկություն» բառից հետո լրացնել «, և տեղեկատվությունը հայցող անձը չունի այն ստանալու իրավունք» բառերով.

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

 «6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են իրավունքի տեսակը, անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, ինչպես նաև գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ:».

 4) 9-րդ մասի «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «էլեկտրոնային կամ ինքնաշխատ եղանակով» բառերով.

 5) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «10. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

 Սույն օրենքի իմաստով փաթեթ է համարվում ինքնաշխատ եղանակով տրամադրվող առնվազն չորս վճարովի տեղեկությունների համախումբը:»:

 

 Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1-3.3-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի, հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:»:

 

 Հոդված 11. Օրենքի 33.1-ին հոդվածում՝

 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33.1. Անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում ներառվող այլ տեղեկությունները և դրանց տրամադրումը».

 

 2) 1-ին մասը «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումների (պատմամշակութային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն) մասին» բառերով:

 

 Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ճարտարապետահատակագծային առաջադրանքը,» բառերը:

 

 Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը,» բառերը:

 

  Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 37.1. Իրավունքների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը

 

1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասում նշված փաստաթղթերը (բացառությամբ  ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համապատասխանաբար նոր ստեղծվող կամ նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար համարվում են ներկայացված դրանք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում:»:

(14-րդ հոդվածը փոփ. 10.12.21 ՀՕ-388-Ն)

 

 Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «նման գրանցման գործողության ընթացքում» բառերը.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 «1.1. Եթե ամուսնության ընթացքում ձեռք բերված և ամուսինների համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:».

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Սույն հոդվածով նախատեսված՝ ամուսինների համատեղ դիմումը համարվում է ամուսինների կողմից տրված հայտարարություն այն մասին, որ նրանց միջև չի կնքվել պայմանագիր, կամ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը:».

 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 «2.1․ Ամուսնալուծված նախկին ամուսինների դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կանոնները՝ ամուսնալուծության վկայականի ներկայացման առանձնահատկությամբ:».

 5) 3-րդ մասը «այլ փաստաթղթի» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող լիազոր մարմնի տված փաստաթղթի» բառերով.

 6) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Սույն մասով նախատեսված՝ ֆիզիկական անձանց անվան փոխման կամ իրավաբանական անձանց անվանման փոփոխության պետական գրանցման վկայականի բնօրինակը ներկայացվելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է և բնօրինակը վերադարձնում դիմողներին:»:

 

 Հոդված 16. Օրենքի 48-րդ հոդվածում՝

 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի և պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:».

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

 «6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դիմումը և պայմանագիրը պետք է ընդունվեն սույն հոդվածի 3-րդ մասում նշված ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:»:

 

 Հոդված 17. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում՝

 1) առաջին պարբերության «կամ իրավաբանական անձանց լրիվ անվանումները (ներառյալ՝ իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը)՝ առանց հապավումների կամ կրճատումների» բառերը փոխարինել «, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը» բառերով.

 2) երկրորդ պարբերությունը «ստորագրվեն» բառից հետո լրացնել «պայմանագրի կողմերի և կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից» բառերով:

 

 Հոդված 18. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում՝

 1) 11.5-րդ կետը «տրամադրման համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.8-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով․

 2) 11.6-րդ կետը «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների» բառերով, իսկ «տրամադրման համար» բառերից հետո՝ «, բացառությամբ սույն մասի 11.7-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով․

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.7-11.9-րդ կետերով․

 «11.7) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 500 դրամ.

 11.8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 500 դրամ.

 11.9) միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 1000 դրամ.».

 4) 12-րդ կետի՝

 ա. «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.9-րդ» բառերով, իսկ «, ինչպես նաև միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության» բառերը հանել,

 բ․ «ա», «բ», «գ», «դ» ենթակետերից հանել «կամ սուբյեկտի» բառերը.

 5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «15) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար՝

 ա. թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր էջը՝ 30 դրամ,

 բ. էլեկտրոնային տարբերակով ՝ յուրաքանչյուր էջը՝ 10 դրամ։

 Ընդ որում, եթե կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակությունից կամ էությունից պահանջվում են սույն մասի 11.1-11.9-րդ կետերով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի լուսապատճեններ, բացառությամբ կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենների, ապա գանձվում են միայն այդ կետերով նախատեսված համապատասխան վճարները.».

 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ և 28-րդ կետերով.

 «27) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար՝ 300 դրամ.

 28) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկությունների առկա յուրաքանչյուր փաթեթում ներառված տեղեկատվության համար՝ 1000 դրամ:»:

 

 Հոդված 19. Օրենքի 74-րդ հոդվածում՝

 1) 6-րդ մասի «2-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը» բառերով.

 2) 9-րդ մասի «3-րդ, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ և 5-րդ» բառերով.

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

 «13. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ և 28-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն օրենքի 75-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի:»:

 

 Հոդված 20. Օրենքի 75-րդ հոդվածում՝

 1) 4-րդ մասի «պետական կառավարման մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին» բառերով.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

 «4.1. Կադաստրային և տեղագրական քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվությունը՝ վեկտորային ֆորմատով, օրթոֆոտոհատակագծերը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվում են անվճար՝ բացառապես կրթական նպատակներով օգտագործելու համար:»:

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

 «6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության տրամադրման արտոնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի, չեն տարածվում սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ և 28-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:»:

 

Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հատակագծերի ներկայացման կարգը անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ միայն էլեկտրոնային եղանակով հատակագծերի ներկայացման պահանջը տարածվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգը սահմանելուց հետո կազմված հատակագծերի վրա:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգավորումները գործելու են քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 30-ը:

(21-րդ հոդվածը խմբ. 10.12.21 ՀՕ-388-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-495-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: