ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Սույն օրենքը կարգավորում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով սահմանում է դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները:
(նախաբանը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օրինական շրջանառությունը ապահովող, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելող գործընթացների վրա:
(1-ին հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 2. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստուկների մասին օրենսդրությունը |
(վերնագիրը փոփ., լրաց. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, պատրաստուկների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.09.08 ՀՕ-158-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-227-Ն)
Հոդված 3. | Օրենքի հիմնական հասկացությունները |
(վերնագիրը խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
թմրամիջոցներ` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ (այսուհետ՝ պրեկուրսորներ)` նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալիս, արտադրելիս, պատրաստելիս, վերամշակելիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
պատրաստուկներ՝ ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ընդգրկված մեկ կամ մի քանի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.
թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առևտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն).
թմրամոլություն` թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդությունների դասակարգչին համապատասխան.
թմրամոլությամբ հիվանդ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության միջոցով «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.
թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգներ (համարժեքներ)` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը և հատկությունները նման են այն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիմիական կազմին և հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են.
կանեփ՝ կանեփ բույսի ծաղկող կամ պտղատու գլխիկները, որոնցից բուսախեժը քամված չէ՝ անկախ դրանց համար օգտագործվող անվանումից.
կանեփի բույս՝ կանեփ (Cannabis) ցեղի ցանկացած բույս.
կանեփի բուսախեժ՝ քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփի բույսից.
արտադրական կանեփի բույսի կտրոն՝ կանեփի բույսից առանձնացված մաս (ցողուն՝ տերևներով), որն օգտագործվում է վեգետատիվ բազմացման նպատակով.
արտադրական կանեփ՝ սույն օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված կանեփի մշակաբույս, որում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից.
արտադրական կանեփի մշակություն՝ կանեփի բույսի աճեցման ամբողջ գործընթացը.
արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաև այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր.
իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով՝ իրական շահառու անձ.
փոխկապակցված անձ՝ անձի հետ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող անձ:
(3-րդ հոդվածը խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-233-Ն, 03.06.21 ՀՕ-277-Ն)
Հոդված 4. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Կախված հսկողության ձևերից և միջոցներից՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում առանձնացվում են հետևյալ ցուցակները.
1) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ 1), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է (այսուհետ՝ արգելված նյութեր).
2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ 2), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է.
3) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (ցուցակ 3), որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ.
4) պրեկուրսորներ (ցուցակ 4), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ (այսուհետ՝ պրեկուրսորներ):
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 5. | Պետական քաղաքականությունը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության (այդ թվում՝ ապօրինի) բնագավառում պետական քաղաքականությունը կայանում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորման, այդ գործունեությանը ներկայացվող պահանջների սահմանման, թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը առողջապահական և բժշկավերականգնողական նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման, թմրամիջոցների (հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի) և դրանց շրջանառության հաշվառման, այդ շրջանառության նկատմամբ հսկողության և վերահսկողության սահմանման, թմրամոլության, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրականացման մեջ:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությանը և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականությունն իրականացվում է ծրագրային հիմունքներով:
(5-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 6. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հսկելիությունը և վերահսկելիությունը.
2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորումը.
3) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված թմրամոլության և իրավախախտումների կանխարգելման առաջնայնությունը.
4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար պատժելիությունը, պատասխանատվությունը և դրանց անխուսափելիությունը.
5) թմրամոլության բուժման նոր ձևերի և մեթոդների մշակման բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը պետական աջակցությունը.
6) թմրամոլության դեմ պայքարում և թմրամոլությամբ հիվանդների բժշկավերականգնողական կազմակերպությունների ցանցի զարգացմանը պետական աջակցությունը.
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 7. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինները |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմնական լիազորություններն են՝
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը կարգավորող օրենքների, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը կառավարությանը.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների որակման և չափորոշման ցուցակի մշակումը և դրանում փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
3) պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորման խնդիրների քննարկումը.
4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման մասին տեղեկատվության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված առաջարկությունների հավաքումը և վերլուծումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների օպերատիվ-հետախուզական, փորձագիտական, գիտական, ուսումնական նպատակներով օգտագործման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների անալոգների, թմրաբույսերի, գործիքների, սարքերի, համակարգչային ծրագրերի, գիտապրակտիկ ձեռնարկների և նյութերի անվանացանկի ու չափաբաժինների հաստատումը.
6) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրաբիզնեսի ասպարեզում ձևավորված իրավիճակի գնահատումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ամենամյա տեղեկատվության ներկայացումը, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ՝ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատումը:
(7-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 8. | Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից համաձայնեցված գործունեության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 8.1. | Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձնաժողովը |
1. Լիցենզավորող մարմնին թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել հանձնաժողով: Խորհրդատվական եզրակացություն տալու դեպքերը և կարգը նախատեսվում են հանձնաժողովի աշխատակարգով և լիցենզավորման կարգով:
(8.1-ին հոդվածը լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)
Հոդված 9. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության ընդհանուր կարգը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բոլոր տեսակներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ միայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված կոնկրետ գործունեության տեսակի համար լիցենզիա ստանալուց հետո:
(9-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 10. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության համար լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված գործունեության տեսակների համար լիցենզիաները տրվում են մինչև երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով:
(10-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն, 27.10.17 ՀՕ-175-Ն, լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 11. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների և պատրաստուկների շրջանառության սահմանափակումը |
(վերնագիրը խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով:
3. Պրեկուրսորների շրջանառության սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
5. Պատրաստուկների նկատմամբ կիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար: Երկու կամ ավելի թմրամիջոց և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող պատրաստուկները ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:
6. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, և այդ նյութը չի կարող առանձնացվել մատչելի ձևերով և այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ազատվել հսկողության որոշակի միջոցներից: Այդ որոշման մեջ հստակ նշվում են նման պատրաստուկների նկատմամբ կիրառվող հսկողության միջոցները:
(11-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 08.09.08 ՀՕ-158-Ն, խմբ. 03.06.21 ՀՕ-277-Ն)
(հոդվածը 19.01.21 ՀՕ-32-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 12.08.2021 թվականին)
Հոդված 12. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման նկատմամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման վրա:
(12-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 13. | Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը թույլատրվում է միայն սույն օրենքով նախատեսված նպատակներով:
2. Բժշկական նպատակներով օգտագործվող նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը և պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրականացվում է միայն պետական պատվերներին համապատասխան և հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին: Եթե մշակված թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը ենթադրվում է օգտագործել բժշկական նպատակներով, ապա նրա կլինիկական փորձարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(13-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 14. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրությունը և պատրաստումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներով արտադրությունն իրականացվում է պետական քվոտաների սահմաններում՝ կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում:
2. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-233-Ն)
3. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակում ներառված, սույն օրենքով սահմանված նպատակով հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրությունը և պատրաստումն իրականացվում են անկախ սեփականության ձևից, կազմակերպությունների կողմից կոնկրետ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում:
4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պատրաստում իրականացնող կազմակերպությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(14-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 15. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերամշակումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերամշակումը, ինչպես նաև դրանց հիմքի վրա թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող նյութերի ստացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(15-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 15.1. |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առևտուրը |
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործունեության այդ տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:
(15.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 16. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են կազմակերպությունները հատուկ սարքավորված շինություններում:
2. Սույն օրենքով չնախատեսված նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկացած քանակությամբ պահպանումն արգելվում է:
(16-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 17. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծումն ու արտահանումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պատրաստուկների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից տրված և ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների հանձնախմբի կողմից հաստատված նմուշի ձևաթղթի վրա լրացված թույլտվությամբ:
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման կամ արտահանման թույլտվություն ձևակերպելիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը պետք է ղեկավարվի ՄԱԿ-ի՝ Թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի (ԹՀՄԿ) հաստատած քվոտաներով:
Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում արտահանման թույլտվություն չի պահանջվում:
Թույլտվությունն այլ անձի չի կարող տրվել:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման ու արտահանման հայտերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ՝ ՄԱԿ-ի գործող կոնվենցիաների կողմից հաստատված ձևով ներմուծման ու արտահանման թույլտվություններ կազմելու համար:
Արտահանման ու ներմուծման թույլտվության դիմումի մեջ նշվում են ներմուծողի կամ արտահանողի անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, նաև բեռը ստացողի անունը, ազգանունը, յուրաքանչյուր նյութի միջազգային չարտոնագրված անվանումը, այդ անվանման բացակայության դեպքում` միջազգային կոնվենցիաների ցուցակներում և աղյուսակներում նշված նյութի անվանումը, դեղագործական ձևը, եթե խոսքը պատրաստուկի մասին է` առևտրային անվանումը (եթե այդպիսին կա), յուրաքանչյուր այն նյութի կամ պատրաստուկի քանակը, որոնց վերաբերյալ ծավալվում է համապատասխան գործողություն, այն ժամկետը, որի ընթացքում դա պետք է իրականանա, ինչպես նաև կիրառվելիք փոխադրամիջոցի տեսակը կամ փոխադրման ձևը և ազգային տարածքի վրա սահմանն անցնելու կետը:
Արտահանման թույլտվության դիմումին պետք է կցված լինի ներմուծող երկրի կամ տարածքի վարչակազմի կողմից տրված ներմուծման թույլտվություն (վկայական, թույլտվություն):
Արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար կարող է գանձվել պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և չափով: Այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար պետական տուրք, ապա արտահանման կամ ներմուծման թույլտվության համար դիմողը պարտավոր է վճարել պետական տուրքը թույլտվության համար դիմելուց առաջ:
3. Թույլտվությունների ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:
Արտահանման և ներմուծման թույլտվությունների մեջ ներառվում են այն տեղեկությունները, որոնք կան թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի մեջ, ներառյալ՝ իրավասու կազմակերպության անվանումը, որին պետք է այն տրվի:
Թույլտվություններում պետք է նշված լինեն՝
1) ներմուծողի կամ արտահանողի անվանումը և նրա գտնվելու կամ բնակվելու վայրը.
2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անվանումները (առկայության դեպքում` միջազգային չարտոնագրված անվանումը).
3) ներմուծվող կամ արտահանվող նյութերի և անջուր հիմք պարունակող նյութի քանակը, դեղագործական պատրաստուկի դեպքում` դեղագործական ձևը, դրա բաղադրության մեջ եղած հսկվող նյութի դեղաչափը.
4) թույլտվության ուժը կորցնելու ժամկետը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կնիքն ու ղեկավարի ստորագրությունը:
Արտահանման թույլտվությունում նշվում են նաև ներմուծման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) համարը, տրման տարին, ամիսը և ամսաթիվը, թույլատրող իրավասու մարմնի անվանումը, որոնք վկայում են, որ համապատասխան թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներկրումը թույլատրված է:
4. Ներմուծման թույլտվության պատճենը տրվում է ներմուծողին, մյուսը` արտահանող երկրի իրավասու մարմնին` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի թույլտվություն (այլ երկրի համանուն փաստաթուղթ) ձևակերպելու համար, որի պատճենը նախատեսված է ներմուծող երկրի մաքսային ծառայությունների համար, մյուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համար:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացվող թույլտվությունների պատճեններից բացի, թույլտվության պատճենով ուղեկցվում է բեռը, իսկ մյուսն ուղարկվում է ներմուծող երկրի իրավասու մարմնին:
Ներմուծումն իրականացնելուց հետո ներմուծող երկրի իրավասու մարմինը վերադարձնում է արտահանման թույլտվության վերջին պատճենը, որի վրա կատարված է լինում փաստացի ներմուծված քանակը հավաստող նշում:
Արտահանման թույլտվությունը ձևակերպվում է ներմուծման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) հիման վրա, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմնի կողմից:
Արտահանման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) վավերացված պատճենը կցվում է բեռի յուրաքանչյուր խմբաքանակին, և իրավասու մարմինն այդ թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) պատճենն ուղարկում է ներմուծող երկրի կամ տարածքի իրավասու մարմին (վարչակազմ):
5. Եթե թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փաստացի արտահանված խմբաքանակը փոքր է արտահանման թույլտվությունում նշված խմբաքանակից, ապա արտահանող երկրի իրավասու կազմակերպությունն այդ փաստի մասին նշում է կատարում համապատասխան փաստաթղթում և վերջինիս բոլոր պաշտոնական պատճեններում:
6. Երբ բեռը մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ, երբ լրանում է ներմուծման թույլտվությունում նշված ժամկետը, իրավասու կազմակերպությունը արտահանող երկրի իրավասու մարմին է ուղարկում վերոհիշյալ թույլտվությունը՝ նշելով յուրաքանչյուր թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի փաստացի ներմուծված քանակը:
7. Առևտրային փաստաթղթերում (հաշիվ-ապրանքագիր, բեռնման հայտարարագիր, մաքսային, փոխադրային և բեռնման այլ փաստաթղթեր) նշվում են բույսերի, նյութերի և դրանց պատրաստուկների այն անվանումները, որոնցով դրանք հանդես են եկել միջազգային կոնվենցիաների ցուցակներում, առկայության դեպքում` նաև առևտրային անվանումները, ազգային տարածքից արտահանվող և այդ տարածք ներմուծման ենթակա խմբաքանակները, իմացության դեպքում` արտահանողի, ներմուծողի, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունն ու հասցեն: Հաշիվ-ապրանքագրերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից վավերացված թույլտվության համարով և դրա տրման տարով, ամսով և ամսաթվով դրոշմակնիք:
8. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ այդ տարածք բեռների ներմուծումը բանկի կամ փոստարկղի հասցեով արգելվում է:
9. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռների արտահանումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի կառավարությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը:
Հայաստանի Հանրապետության տարածք բեռների ներմուծումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու կազմակերպությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը:
Կցված մաքսային պահեստից բեռի ցանկացած հանձնման համար պահանջվում է այն կազմակերպությունների թույլտվությունը, որոնց ղեկավարության ներքո է գտնվում տվյալ մաքսային պահեստը: Բեռն արտասահման ուղարկելը սույն հոդվածի իմաստով դիտվում է որպես նոր արտահանում: Կցված պահեստում գտնվող բույսերը, նյութերն ու պատրաստուկները չեն կարող ենթարկվել բնույթը փոփոխող որևէ գործողության, իսկ փաթեթավորումը չի կարող փոխվել առանց այն իրավասու մարմինների թույլտվության, որոնց ղեկավարության տակ գտնվում է պահեստը:
10. Առանց ընդունված կարգի, ներմուծման կամ արտահանման համար տրված ուղեկցող թույլտվության, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ այդ տարածքից արտահանվող թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, որոնք չեն համապատասխանում թույլտվությանը, պահվում են իրավասու մարմինների կողմից՝ մինչև տեղափոխման օրինական լինելու ապացույց ներկայացնելը կամ բռնագրավման մասին դատական որոշում կայացնելը:
11. Հայաստանի Հանրապետության տարածքով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարանցիկ տեղափոխումը թույլատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
12. Օդային փոխադրամիջոցով այլ երկիր բեռի փոխադրման դեպքում սույն հոդվածի տասնմեկերորդ մասի դրույթները չեն կիրառվում: Եթե օդային փոխադրամիջոցը միջանկյալ կամ ստիպողական վայրէջք է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա բեռը դիտվում է արտահանված դեպի նշանակված երկիր, եթե որոշակի հանգամանքներից ելնելով՝ այն բեռնաթափվում է:
(17-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, փոփ., լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)
Հոդված 18. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխման ընդհանուր կարգը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխման իրականացման իրավունքը վերապահվում է կազմակերպություններին:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանումն իրականացնում են դրանք տեղափոխող կազմակերպությունները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ֆիզիկական անձանց թույլատրվում է, սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան, բժշկական նպատակներով ստացված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխումը դեղատնային կազմակերպության կողմից տրված և թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ստացման օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
(18-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 19. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առաքման արգելումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փոստային, այդ թվում՝ միջազգային առաքումն արգելվում է:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առաքումը մարդասիրական օգնության տեսքով արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ արտակարգ իրավիճակներում թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը կառավարության որոշմանը համապատասխան ուղարկվում են կոնկրետ վայր:
(19-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 20. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բաշխումը, բացթողումը և իրացումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բաշխումը, բացթողումը և իրացումն իրականացնում են կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(20-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 21. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ձեռքբերումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ձեռքբերումը արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման համար (այդ թվում՝ բժշկական նպատակներով) իրականացնում են կազմակերպությունները՝ սույն օրենքին համապատասխան:
(21-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 22. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար տեղի է ունենում միայն առողջապահության դեղատնային կազմակերպություններում՝ նրանց գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում: Բժշկական և դեղագործական աշխատողների, ինչպես նաև այն հիմնարկների և կազմակերպությունների ցանկերը, որոնց վերապահված է քաղաքացիներին թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր բաց թողնելու իրավունքը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով:
3. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ֆիզիկական անձանց համար բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը որոշում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման առավելագույն ժամկետները, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսով:
5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման դեպքում բուժող բժիշկը պարտավոր է հիվանդի հետազոտման միջոցով պարզել հետագա նշանակման անհրաժեշտությունը և կատարել համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում:
6. Առողջապահության դեղատնային հիմնարկներին և կազմակերպություններին արգելվում է թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը՝ ավելի քան տասն օր առաջ դուրս գրված դեղատոմսով:
(22-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 23. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի դուրսգրման դեղատոմսերը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը դուրս են գրվում հատուկ ձևաթղթի դեղատոմսերով:
2. Նշված դեղատոմսերի ձևերը, դրանց գրանցման, հաշվառման և պահպանման կարգը, ինչպես նաև ձևակերպման կանոնները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակում պարունակող դեղատոմսերի՝ առանց համապատասխան բժշկական ցուցումների կամ ձևակերպման սահմանված կանոնների խախտումներով հանձնումն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(23-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 24. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փաթեթավորումն ու պիտակավորումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտաքին ու ներքին փաթեթավորումը և պիտակավորումը պետք է համապատասխանի սույն օրենքի, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջներին:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտաքին փաթեթավորումը պետք է բացառի թմրամիջոցը և հոգեմետ (հոգեներգործուն) նյութը փաթեթից դուրս հանելու հնարավորությունը՝ առանց նշված փաթեթի ամբողջականությունը խախտելու:
3. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներքին փաթեթավորումը պետք է ընդգծված լինի կրկնակի կարմիր շերտերով:
4. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտաքին ու ներքին փաթեթավորումը և պիտակավորումը, եթե չի համապատասխանում սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերի պահանջներին, ապա թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(24-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 25. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, գործիքների կամ սարքավորումների ոչնչացումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Այն թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, ինչպես նաև դրանց պատրաստման գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը ճանաչվել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ոչնչացումը իրականացվում է այն դեպքերում, եթե՝
1) լրացել է դրանց պիտանիության ժամկետը.
2) թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը ենթարկվել է քիմիական կամ ֆիզիկական ներգործման, որի հետևանքով դարձել է անպիտան, և որի վերականգնումը կամ վերամշակումը հնարավոր չէ.
3) չօգտագործված թմրամիջոցը վերադարձվել է մահացած հիվանդի հարազատներից.
4) հնարավոր չէ պարզել պատրաստուկի թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ լինելու հանգամանքը.
5) ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը չեն կարող օգտագործվել բժշկական, գիտական և այլ նպատակներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
(25-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 26. | Միջազգային համագործակցությունը |
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա արդյունքում գոյացած գույքի, ֆինանսական միջոցների օրինականացման դեմ պայքարն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները համագործակցում են այլ երկրների՝ նույն խնդիրներն իրականացնող մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան:
(26-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 23.03.18 ՀՕ-227-Ն)
Հոդված 27. | Պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողությունը |
1. Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման ժամանակ ցանկացած գործառույթ, որի դեպքում փոփոխվում է բաղադրիչի քանակը, գրանցվում է հատուկ մատյանում: Մատյանները պահպանվում են տասը տարի՝ դրանցում վերջին գրառումը կատարելուց հետո:
2. Մատյանների պահպանման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են իրավասու մարմիններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել իրենց գործունեության մասին:
4. Այն դեպքերում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պրեկուրսորների բաղադրիչներից մեկը նախատեսված է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անօրինական արտադրության համար, սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների դիմումների հիման վրա մինչև երեք ամիս ժամկետով կարող է դադարեցվել նշված բաղադրիչի շրջանառության հետ կապված կազմակերպությունների գործունեությունը:
(27-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 28. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը բժշկական նպատակներով |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Բժշկական նպատակներով կարող են օգտագործվել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը:
2. Բժշկական նպատակներով օգտագործման թույլատրված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վրա տարածվում են սույն օրենքին չհակասող դեղամիջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
3. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը սահմանում է բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգն ու պայմանները:
4. Դեղատնային կազմակերպություններում և առողջապահական հիմնարկներում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությունն իրականացվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
5. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության բուժումն իրականացվում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:
6. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով թույլատրվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված միջազգային օդանավերի և գնացքների դեղարկղիկներում պահվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի սահմանափակ քանակությամբ ներմուծում (արտահանում)՝ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար:
7. Սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված թույլտվության մեջ պետք է նշված լինի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման և օգտագործման համար պատասխանատու անձը կամ անձինք, ինչպես նաև դրանց ստացման, հաշվառման, պահպանման, բացթողնման պայմանները, և պետք է սահմանվի դրանց օգտագործման մասին հաշվետվության կարգը:
8. Նշված դեղարկղիկներում պահվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հսկողությունը դրվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելումն իրականացնող մարմինների վրա:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 29. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը տարանցիկ ուղևորների բուժման համար |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ կարգով անցնող հիվանդը բուժման նպատակով կարող է իր հետ ունենալ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Եթե սույն հոդվածի առաջին մասում նշված անձը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքում և բուժումը շարունակելու համար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի լրացուցիչ ձեռքբերման կարիք է զգում, ապա բացթողումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում տրված դեղատոմսով՝ օտարերկրյա քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ կանոններին համապատասխան:
(29-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 30. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը անասնաբուժության մեջ |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Անասնաբուժության մեջ, ինչպես նաև կենդանիների որսի համար օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկը հաստատում են առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների լիազոր մարմինները:
2. Անասնապահության մեջ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(30-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 31. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 31.1. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով |
(հոդվածը 19.01.21 ՀՕ-32-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 12.08.2021 թվականին)
Հոդված 31.2. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ |
(հոդվածը 19.01.21 ՀՕ-32-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 12.08.2021 թվականին)
Հոդված 32. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-233-Ն)
Հոդված 33. | Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկվող փոխադրումները և ստուգողական գնումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն անցկացնել վերահսկվող փոխադրումներ և ստուգողական գնումներ:
(33-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 34. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության հաշվետվությունը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ՝ լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ:
(34-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 35. | Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գույքագրումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են եռամսյակը մեկ անցկացնել այդ անձանց տնօրինության տակ գտնվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գույքագրում և կազմել ապրանքանյութային արժեքների հաշվեկշիռ:
2. Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայտնվում են իրավասու մարմիններին:
(35-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 36. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեության գրանցումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման դեպքում ցանկացած գործառույթ, որի արդյունքում փոփոխվում են քանակը և վիճակը, ենթակա է գրանցման հատուկ մատյաններում: Մատյանները պահպանվում են վերջին գրառումից հետո՝ տասը տարվա ընթացքում: Մատյանների վարման և պահման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(36-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 37. | Առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման արգելումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հայաստանի Հանրապետությունում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելն արգելվում է:
(37-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 38. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության, մաքսային և առողջապահության բնագավառի լիազորված մարմինները՝ իրենց իրավասությունների սահմաններում:
2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման գործունեությունը համակարգում են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում խնդիրների լուծման համար իրավասու մարմինները:
3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման կազմակերպումն իրականացվում է նպատակային ծրագրերին համապատասխան:
(38-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 39. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների ֆինանսավորումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
(39-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 40. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Դատավորների, դատախազների, ինչպես նաև քննիչների և հետաքննության մարմինների պաշտոնատար անձանց հարցումները՝ կապված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության հետ, կատարում են պաշտոնատար անձինք նշված հարցումների ստացման օրվանից սկսած 3 օրվա ընթացքում՝ չհաշված հանգստյան և տոնական օրերը:
2. Նշված հարցումներով տեղեկությունները բանկային և վարկային կազմակերպությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(40-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 41. | Առանձին տեսակների մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները |
1. Քաղաքացիների առողջության, նրանց իրավունքների և օրինական շահերի պահպանման, երկրի պաշտպանության ապահովման և անվտանգության նպատակով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլությամբ հիվանդների համար սահմանվում են սահմանափակումներ՝ կապված մասնագիտական և առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ:
2. Սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների պաշտոնատար անձինք և իրավաբանական անձանց ղեկավարները, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց ազատում են մասնագիտական ցանկացած տիպի գործունեության և առավել վտանգի աղբյուրի հետ կապված աշխատանքի կատարումից:
3. (մասն ուժը կորցրել է 11.09.13 ՀՕ-98-Ն)
(41-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 11.09.13 ՀՕ-98-Ն)
Հոդված 42. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտում քարոզչության արգելումը և գովազդի սահմանափակումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների գովազդումը և քարոզչությունը (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործունեությունն է՝ ուղղված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարածման ձևերի, պատրաստման մեթոդների, ստացման, օգտագործման և ձեռքբերման տեղերի մասին տեղեկությունների տարածմանը), ինչպես նաև գրականության հրապարակումը և տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, նշված տեղեկությունների տարածումը համակարգչային ցանցերով կամ այդ տեղեկությունների տարածման նպատակով այլ գործողություններն արգելվում են:
2. Արգելվում է քարոզել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և պրեկուրսորների առավելությունը միմյանց նկատմամբ:
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գովազդը կարող է իրականացվել բացառապես մասնագիտական գրականությամբ՝ նախատեսված բժշկական և դեղագործական ոլորտի աշխատակիցների համար: Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղամիջոցների տարածումը գովազդի նպատակով արգելվում է:
4. Սույն հոդվածի նորմերի խախտումը հանգեցնում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Կազմակերպության կողմից սույն հոդվածի առաջին, երկրորդ, և երրորդ մասերով նախատեսված կրկնակի խախտման փաստերի հայտնաբերման դեպքերում սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասով նշված մարմինների ներկայացմամբ, նշված իրավաբանական անձանց գործունեությունը կարող է կասեցվել երեք ամսով կամ դադարեցվել դատարանի որոշմամբ:
6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նշված հիմքերով կազմակերպության գործունեության դադարեցման պահանջով կարող է դիմում տրվել դատարան՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների կողմից:
(42-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 43. | Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և տարածումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, պրեկուրսորների, անալոգների՝ մշակման, կատարելագործման, արտադրության, վերամշակման պատրաստման ձևերի, մեթոդների, եղանակների, համակարգչային ծրագրերի, գիտագործնական ձեռնարկների և նյութերի, գործիքների և սարքավորումների տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկատվության ապօրինի ձեռքբերման և պատրաստման եղանակների, գործածման, ձեռքբերման, պահելու, վաճառքի, վաճառահանման, տեղափոխման, տարանցիկ տեղափոխման` գործածման ձևերի և հետքերի քողարկման, տեղերի և վայրերի, գաղտնիության ապահովման, քողարկելու, թաքցնելու, այդ գործողությունները բացահայտող սարքերի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների և հայտնաբերման ձևերի ու մեթոդների արդյունավետության նվազեցմանն ուղղված գործողությունների, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելու, աճեցնելու, հավաքելու, գործածման համար նախապատրաստման ձևերի, մեթոդների, եղանակների վերաբերյալ տեղեկատվության որոնումը, հավաքումը, տրամադրումը և տարածումը, ինչպես նաև այդ կապակցությամբ խորհրդատվությունն արգելվում է և առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվության որոնումը, հավաքումը և օգտագործումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններին՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված գործունեությունն իրականացնելու նպատակով:
(43-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 44. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների բռնագրավումը |
(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ընթացքում առգրավված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև պատրաստման գործիքներն ու սարքավորումները օրենքով սահմանված կարգով բռնագրավվում են:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը բռնագրավում իրականացնող մարմինը ճանաչել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործունեության արդյունքում ստացված կամ նշված գործունեության իրականացման համար օգտագործվող գույքը ենթակա է բռնագրավման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կարող են ստեղծել ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու` հնարավորության դեպքում դրանց պատրաստման տեխնիկական պրոցեսների նկարագրմամբ:
5. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի ստեղծման, համալրման, նմուշների փոխանցման կարգը և անհրաժեշտ չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.04.08 ՀՕ-50-Ն, փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 45. | Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները |
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության գործունեության հետ կապված խախտումների մասին բավարար տվյալների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային մարմինների և սահմանապահ ծառայությունների պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների շրջանակներում իրավունք ունեն՝
1) ստուգել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների արտադրության և պատրաստման ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված կանոններին, անհրաժեշտության դեպքում վերցնել նմուշներ համեմատական հետազոտություն կատարելու համար.
2) կնքել համապատասխան շինությունները և պահանջել ներկայացնել փաստաթղթեր և տալ բացատրություններ.
3) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության գործունեության տեսակների թույլտվություն ունեցող կազմակերպություններին տալ պարտադիր կատարման հանձնարարականներ՝ հայտնաբերված խախտումների վերացման համար:
2. Նախաքննության և հետաքննության մարմինների պաշտոնատար անձինք, քննիչները կամ դատախազները հանցագործության առկայության դեպքում կարող են՝
1) մուտք գործել ձեռնարկատիրական և աշխատանքային այլ գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող տարածքներ (բացի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկների տարածքներից և նրանց ծառայողական տրանսպորտային միջոցներից), գույքի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կամ նրա լիազորած անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ կատարել զննություն (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները), արձանագրությամբ առգրավել իրավախախտման փաստին անմիջականորեն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, հումքի և արտադրանքի նմուշներ, կնքել փաստաթղթերի, դրամի և ապրանքանյութական արժեքների պահատեղերը.
2) պահանջել և ստանալ պաշտոնատար ու նյութական պատասխանատու անձանցից տեղեկություններ և բացատրություններ իրավախախտման փաստի վերաբերյալ.
3) պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.
4) կասեցնել իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները:
3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության գործունեության հետ կապված խախտումների հայտնաբերման դեպքում նշված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, իսկ վարչական իրավախախտման կամ հանցագործության առկայության դեպքում անհրաժեշտ նյութեր տրամադրել համապատասխան մարմիններին:
4. Սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձինք պարտավոր են միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված հայտնաբերված վարչական իրավախախտումների և հանցագործությունների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
(45-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
ԳԼՈՒԽ 5.1.
(գլուխը լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 45.1. | Արտադրական կանեփի շրջանառության իրավական կարգավորման առանձնահատկությունները |
1. Սույն գլխով սահմանվում են արտադրական կանեփի շրջանառության, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման, ապօրինի շրջանառության կանխարգելման կարգի առանձնահատկությունները:
2. Սույն գլխով կարող են նախատեսվել արտադրական կանեփի վերաբերյալ սույն օրենքով թմրամիջոցների համար նախատեսված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնց դեպքում գործում են սույն գլխով սահմանված կարգավորումները:
3. Արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը չեն համարվում դեղերի արտադրություն կամ շրջանառություն և չեն կարգավորվում «Դեղերի մասին» օրենքով:
Հոդված 45.2. | Արտադրական կանեփի օրինական շրջանառությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը սույն օրենքով սահմանված նպատակներով և գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման համար տրվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիաներ:
3. Արգելվում է արտադրական կանեփի արտադրությունը անձնական օգտագործման նպատակով:
Հոդված 45.3. | Արտադրական կանեփի արտադրությունը |
1. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որն ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:
2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով թույլատրվող գործունեության ձևերն են արտադրական կանեփի մշակությունը և վերամշակումը:
3. Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմատներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգով:
4. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ և վերամշակմամբ, այնպես էլ դրանցից մեկով:
5. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի:
Հոդված 45.4. | Արտադրական կանեփի արտադրության գործունեության ձևերի հետ կապված այլ գործողությունները |
1. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիան ներառում է նաև սույն օրենքի 45.3-րդ հոդվածով նախատեսված գործունեության ձևերի հետ կապված այլ գործողությունների կատարում, այդ թվում՝
1) արտադրական կանեփի բուսախեժի, թղթի, յուղի, թելի, շինանյութի և այլ վերամշակվող նյութերի արտադրության նպատակով արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի բույսի կտրոնների, սածիլների կամ սերմերի ձեռքբերում մշակման նպատակով, բացառությամբ ներմուծման.
2) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, տիրապետում.
3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում.
4) արտադրական կանեփի նմուշառում և լաբորատոր փորձաքննություն՝ որոշելու համար կաննաբիդիոլի կամ տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիան՝ տոկոսային պարունակությունը արտադրական կանեփի բույսի նմուշառվող հատվածներում կամ կանեփի բույսի նմուշների տեղափոխումը փորձաքննություն իրականացնող համապատասխան լաբորատորիա:
Հոդված 45.5. | Արտադրական կանեփի ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը |
1. Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որն ստացել է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա:
2. Արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի բույսի կտրոնների, սածիլների և սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի առկայության դեպքում:
3. Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման համար լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձի:
Հոդված 45.6. | Արտադրական կանեփի արտադրության և ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզավորման առանձնահատկությունները |
1. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմինը:
2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչև տասը տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգում արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի կողմից բիզնես-ծրագրի ներկայացման և դրա բովանդակության, հիմնավորումների, դիմողի ֆինանսական վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաև այլ պահանջներ:
4. Անձը կարող է զբաղվել արտադրական կանեփի հետ կապված գործունեությամբ միայն այն դեպքում, եթե դիմել է արտադրական կանեփի հետ կապված գործունեության տեսակների լիցենզիա ստանալու համար և օրենքով սահմանված կարգով ստացել է այդ լիցենզիան՝ անկախ այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված գործունեության լիցենզիա ունենալու հանգամանքից:
5. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիայի ստացման համար դիմողը պարտավոր է բացահայտել և լիցենզիա ստանալու հայտի հետ լիցենզավորման կարգով սահմանված ձևով ներկայացնել փոխկապակցված անձանց և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:
6. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք կամ փոխկապակցված անձինք, իրական շահառուները կամ արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք (այսուհետ՝ աշխատակից), որոնք՝
1) ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար.
2) տառապում են թմրամոլությամբ:
7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, անձնագրային տվյալներ, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություն: Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր: Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրամոլությամբ տառապող անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաև լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:
Հոդված 45.7. | Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը:
2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների:
3. Քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով:
4. Քվոտավորման տարբերակումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Քվոտայի սպառվելը համարվում է լիցենզիայի հայտի մերժման հիմք:
6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք:
7. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով քվոտավորման պահանջներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրով քվոտավորման կանոնները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրին համապատասխան քվոտավորման վերաբերյալ այլ պայմանների բավարարման պահանջներ:
8. Արտաքին առևտրի ոլորտում արտադրական կանեփ արտահանելու կամ ներմուծելու սահմանափակումների առկայության դեպքում, բացի սույն օրենքով սահմանված լիցենզավորումից, անձը պետք է ստանա նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 45.8. | Պետական վերահսկողությունը արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում |
1. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության կարգավորման նպատակով սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը:
2. Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով:
3. Տեսչական մարմինն ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Տեսչական մարմինն իրականացնում է նմուշառում և փորձաքննություն արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով:
5. Տեսչական մարմինը վերահսկողության շրջանակներում փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած լաբորատորիայում մինչև տեսչական մարմնի կողմից լաբորատոր կարողությունների ձևավորումը:
6. Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելիս համագործակցում է այլ պետական մարմինների հետ և, ըստ անհրաժեշտության, վերահսկողության ընթացքում կարող է հրավիրել այլ պետական մարմինների ներկայացուցիչների: Տեսչական մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է վերահսկողական աշխատանքներին ներգրավել փորձագետների և մասնագետների:
7. Լիցենզիայի պահանջները խախտելը, ինչպես նաև տեսչական մարմնի տված կարգադրագրերը չկատարելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու համար:
8. Վերահսկողության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողը վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով պարտավոր է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ, ինչպես նաև չխոչընդոտել վերահսկողության ընթացքը, կատարել վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները: Տեսչական մարմնի գործողությունները խոչընդոտելը ենթակա է անհապաղ վերացման Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
9. Արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտում ապօրինի շրջանառության կանխարգելման նկատմամբ հսկողություն իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ մարմիններ՝ իրենց իրավասության շրջանակում:
10. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային և հարկային մարմինները տրամադրում են վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 45.9. | Դիտարկումների իրականացումը |
1. Դիտարկումը արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիցենզիայի պայմանների, օրենսդրության սահմանված նորմերի խախտման կանխարգելման, բացահայտման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջությունն է:
2. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա՝ նախապես այն համաձայնեցնելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) հետ, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցի շրջանակը, դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ դիտարկվող) անվանումը:
3. Տեսչական մարմինը դիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Գրասենյակ: Հաշվետվության ձևը և ներկայացման պարբերականությունը սահմանվում են Գրասենյակի ղեկավարի հրամանով:
4. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ վերջինիս պահանջով:
5. Դիտարկվողի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ դիտարկման վայրում չգտնվելը կամ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը չպահանջելը կամ ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը հիմք չէ տվյալ պահին դիտարկումը չիրականացնելու համար:
6. Յուրաքանչյուր դիտարկվողի մոտ մեկ դիտարկման ժամկետ կարող է սահմանվել հինգ աշխատանքային օրից ոչ ավել:
7. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
Հոդված 45.10. | Արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում սահմանված նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագիրը |
1. Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում իրավախախտումների հայտնաբերման դեպքում տալիս է խախտումների վերացման վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագիր՝ սահմանելով կարգադրագրի կատարման ժամկետը:
2. Կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը։
3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է մինչև կարգադրագրով սահմանված ժամկետի ավարտը կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել տեսչական մարմնին:
4. Կարգադրագիրը ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
5. Տեսչական մարմինը դիտարկման արդյունքով տրված կարգադրագրի կատարման նկատմամբ կարող է իրականացնել ընթացիկ հսկողություն:
6. Կարգադրագրով նախատեսված սահմանափակումները վերացնում է վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրի կատարման արդյունքների հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
Հոդված 46. | Բուժազննությունը |
1. Բուժազննությունն իրականացնում է առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բուժազննության արդյունքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածած անձի՝ ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում բժշկական հետազոտման վերաբերյալ որոշումը կայացնում է բուժազննություն իրականացնող բժիշկ-նարկոլոգը կամ բուժող բժիշկ-նարկոլոգը:
(46-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 47. | Բժշկական հետազոտումը |
1. Անձը, որի նկատմամբ կան բավարար հիմքեր կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտումը կատարում են առողջապահության բնագավառի իրավասու մարմինները՝ բուժազննության արդյունքների կամ անձի կամավոր դիմումի հիման վրա: Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք ենթակա են պարտադիր հետազոտման և բուժման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտման ուղարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(47-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 48. | Բժշկական դիտարկումը |
1. Անձը, որն առանց բժշկական նշանակման, հազվադեպ կամ կարճատև ժամկետում կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, և որը, ըստ բժշկական քննման, ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտման, զերծ է կայուն, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն ձեռք բերելու անմիջական վտանգից, ենթակա է բժշկական կարճատև դիտարկման:
2. Անձը, որն ընդունել է կամավոր, պարտադիր կամ հարկադիր բուժման կուրս, լրիվ կամ մասնակի ապաքինվել է, ենթակա է բժշկական երկարատև դիտարկման:
3. Բժշկական պարտադիր դիտարկումը սահմանվում է բժշկական երկարատև դիտարկման կարիք ունեցող հիվանդների և բոլոր դեպքերում` մինչև 21 տարեկան անձանց նկատմամբ:
(48-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 49. | Թմրամոլներին ցուցաբերվող բժշկական օգնությունը |
1. Բժշկական օգնությունը թմրամոլներին ցուցաբերվում է սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխան:
2. Մինչև 14 տարեկան անչափահասներին բժշկական օգնությունը ցուցաբերվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով, իսկ 14-ից 18 տարեկան անչափահասներին` նրանց համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Բժշկական օգնությունը (կամավոր, պարտադիր և հարկադիր) ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող այն թմրամոլությամբ հիվանդին, որն առանց բժշկական նշանակման, կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը, սակայն ի վիճակի է, թեկուզ ժամանակավորապես, ինքնուրույն հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը:
4. Անհետաձգելի (պարտադիր, հարկադիր) բժշկական օգնությունը ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող թմրամոլությամբ հիվանդին, եթե նա առանց բժշկական նշանակման անընդհատ գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել անդառնալի, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը և ի վիճակի չէ, թեկուզ ժամանակավորապես, առանց բժշկական միջամտության հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը:
5. Այն թմրամոլների նկատմամբ, որոնք գտնվում են բժշկական հետազոտության ներքո և առանց բժշկի նշանակման շարունակում են օգտագործել թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են հանցագործություն կատարելու համար և կարիք ունեն բուժման, դատարանի որոշմամբ կարող են նշանակվել հարկադիր բուժման միջոցներ:
6. Թմրամոլությամբ հիվանդները բժշկական օգնություն ստանալիս օգտվում են հիվանդի իրավունքներից՝ քաղաքացիների առողջության պահպանման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
7. Պետությունը թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է կառավարության սահմանած կարգով անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ցուցաբերում, որը ներառում է հետազոտում, խորհրդատվություն, ախտորոշում, բուժում և բժշկասոցիալական վերականգնում:
(49-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, լրաց. 25.10.10 ՀՕ-159-Ն)
Հոդված 50. | Առողջապահական հիմնարկների գործունեությունը թմրամոլությամբ հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելիս |
1. Պետությունն աջակցում է թմրամոլների հետազոտմանը, կոնսուլտացիային, բուժմանը և բժշկասոցիալական վերականգնմանը:
2. Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 51. | Թմրամոլությամբ հիվանդներին բժշկական օգնության ցուցաբերման գործունեության համակարգումը |
1. Թմրամոլությամբ հիվանդների բժշկական օգնության ծառայության կազմում են գտնվում առողջապահության համակարգի կազմակերպությունները: Դրանց համակարգումն իրականացնում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
2. Առողջապահության պետական լիազոր մարմինը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում բնակչության նարկոլոգիական օգնության կատարելագործմանը և նարկոլոգիական ծառայության զարգացմանը, թմրամոլության ախտորոշման ժամանակակից մեթոդների մշակմանը և ներդրմանը, թմրամոլությամբ հիվանդների բուժմանն ու բժշկասոցիալական վերականգնմանն ուղղված նպատակային ծրագրեր:
Գ Լ ՈՒ Խ 7.
ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 52. | Տարեկան ծրագիրը |
1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով:
2. Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում:
Հոդված 53. | Տարեկան ծրագրի բովանդակությունը և մշակման սկզբունքները |
Տարեկան ծրագիրը ներառում է՝
1) ծրագրի հիմնական խնդիրները.
2) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.
3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
4) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.
5) վերլուծություն (տեղեկանք) հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության (այդ թվում՝ քողարկվածության վիճակի), ինչպես նաև բնակչության շրջանում թմրամոլության տարածման քանակական ու որակական բնութագրի և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության կառուցվածքի և շարժի մասին.
6) թմրամոլների բուժման և նրանց առողջության վերականգնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
7) բնակչության շրջանում (հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում) թմրամոլության դեմ պայքարի, թմրամոլության կանխարգելման, հակաթմրամոլային քարոզչության իրականացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
8) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավասու պետական մարմիններին համապատասխան նյութատեխնիկական բազայով ապահովելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
9) նախատեսված աշխատանքները՝ ըստ լիազորված մարմինների.
10) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում աշխատանքների իրականացման և ֆինանսավորման (այդ թվում՝ օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) ծավալային ցուցանիշները և այդ գործընթացի վերահսկողության կարգը.
11) թմրամոլների բուժման համար բուժվերականգնողական կազմակերպություններին նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.
12) տեղեկանք թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության և օգտագործման (այդ թվում՝ բժշկական, գիտական, ուսումնական, փորձագիտական, օպերատիվ հետախուզական և անասնաբուժական նպատակներով) վերաբերյալ.
13) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
3. Տարեկան ծրագրի հետ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը:
(53-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 54. | Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը |
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
Գ Լ ՈՒ Խ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 55. | Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
1. Սույն օրենքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:
2. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվությունը կարող է արգելվել օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք հանցագործություններ են կատարել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված: Իսկ եթե այդ անձինք արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա հարկադիր վտարվում են:
(55-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)
Հոդված 56. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2003 թ. փետրվարի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|