Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-16
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.05.2021-25.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/8
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
23 հոկտեմբերի 1995 թ.Ն-041-I
ՀՀ նախագահի առարկություններով
և առաջարկություններով ընդունված
 է Ազգային Ժողովի կողմից
6 նոյեմբերի 1995 թ. Ն-061-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:

Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

(մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-75-Ն) 

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:

Քաղաքացիությունը փոխելը կարգավորում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

  Ներմուծեք նկարագրությունը_21507(1-ին հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-319-Ն) 

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:

Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը և ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:

(4-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-75-Ն, 30.11.11 ՀՕ-291-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-251-Ն) 

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ պետությանը հանձնելու անթույլատրելիությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

(5-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն) 

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը

 

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքնին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետությունից դուրս օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից և հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետությունը նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև` միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք

 

Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը և չի խոչընդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.

2) ծննդով.

3) քաղաքացիություն ստանալու միջոցով.

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Սույն կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

(10-րդ հոդվածը փոփ. 18.11.97 ՀՕ-157, խմբ. 12.10.99 ՀՕ-5, 20.03.01 ՀՕ-157, փոփ. 20.03.02 ՀՕ-313, 18.11.03 ՀՕ-33-Ն, 26.02.07 ՀՕ-75-Ն, 06.04.10 ՀՕ-34-Ն, 08.12.11 ՀՕ-319-Ն, 20.05.13 ՀՕ-58-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-33-Ն, լրաց., փոփ. 06.12.17 ՀՕ-251-Ն) 

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

 

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:

(11-րդ հոդվածը խմբ. 07.05.15 ՀՕ-33-Ն, փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն) 

 

Հոդված 12. Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաև այն երեխայի քաղաքացիությունը, որի ծնողների քաղաքացիությունն անհայտ է, կամ որի ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

 

1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.

3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ձեռնարկած անհրաժեշտ և բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:

(12-րդ հոդվածը խմբ. 07.05.15 ՀՕ-33-Ն) 

 

Հոդված 12.1.

Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

 

1. Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնությունը:

(12.1-ին հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-251-Ն) 

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-319-Ն)

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:

Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով, պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-319-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-74-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-44-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 131. Երկքաղաքացիություն

 

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրությամբ կամ օրենքով որոշակի պաշտոն ստանձնելու համար միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջ սահմանված լինելու դեպքում այդպիսի պաշտոնին հավակնող անձը պարտավոր է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ նախկինում ունեցած լինելու մասին տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին հայտնել այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս, իսկ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ այլ պետության քաղաքացիություն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։

(մասն ուժը կորցրել է 08.02.17 ՀՕ-40-Ն)

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 Ներմուծեք նկարագրությունը_21507(131-ին հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-75-Ն, փոփ. 08.02.17 ՀՕ-40-Ն, լրաց. 28.04.21 ՀՕ-183-Ն)

(28.04.21 ՀՕ-183-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:

Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ երկրի քաղաքացիություն չստացած անձը, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

(14-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն)

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

 

Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝

1) եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ

2) եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը, կամ

3) եթե ծնողների (ծնողի) համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:

(16-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, 07.05.15 ՀՕ-33-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 17.

Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առկայության դեպքում, եթե չունի պետության հանդեպ չկատարված՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորություններ:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա` սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:

(17-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 18. Երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) առկա է երեխային որդեգրած ամուսինների համաձայնությունը.

2) երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.

3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

(19-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն)

 

Հոդված 20. Երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները հայտնի չեն

 

Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխան, որի ծնողներն անհայտ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Ծնողներից մեկի կամ խնամակալի գտնվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 21. Երեխայի քաղաքացիության պահպանումը, որի նկատմամբ հաստատված է խնամակալություն կամ հոգաբարձություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան, որի նկատմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնամակալություն կամ հոգաբարձություն, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` անկախ նրա ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքից: Նման դեպքում երեխան կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ծնողների դիմումով, եթե նրանք զրկված չեն ծնողական իրավունքից, և եթե երեխան ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

(21-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն)

 

Հոդված 22. Երեխաների համաձայնության անհրաժեշտությունը նրանց քաղաքացիությունը փոխելիս

 

(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-319-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

(23-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, 07.05.15 ՀՕ-33-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը

 

Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին.

4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:

5) նա չունի այլ պետության քաղաքացիություն և մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:

Ներմուծեք նկարագրությունը_21507 (24-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելը

 

(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-319-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից քաղաքացիության հարցերի լուծումը

(վերնագիրը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

(26-րդ հոդվածը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 27. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը

(վերնագիրը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է անձին քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առանց Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից եզրակացություն ստանալու:

5. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(27-րդ հոդվածը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում

(վերնագիրը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը.

3) անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը:

(28-րդ հոդվածը խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը

 

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և համաձայնությունները ներկայացվում են գրավոր: Սույն օրենքի 11-րդ, 12.1-ին, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով պահանջվող համաձայնություններն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում դրանց վրա անձանց ստորագրության իսկությունը վավերացվում է օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը:

(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-74-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

 

Հոդված 30. Քաղաքացիության հարցերով պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների գանգատարկումը

 

Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիության հարցերով դիմումները չընդունելը, քննարկման ժամկետները խախտելը, ինչպես նաև նրանց այլ անօրինական գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


16 նոյեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-16

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան