Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.05.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «, ընտրական հանձնաժողովի անդամի» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «վեց ամսից մեկ տարի ժամկետով՝» բառերը փոխարինել «առավելագույնը երեք տարի ժամկետով՝» բառերով․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) հանգեցրել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն՝»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 149.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 149.1.

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը»

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով։»։

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 149.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 149.2.

 Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը

 

«1. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն ազդել է կամ կարող էր ազդել ընտրությունների բնականոն գործընթացի վրա՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա։»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով» բառերով․

2) 3-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «վեց» բառով․

3) 5-րդ մասը «ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ» բառերից հետո լրացնել «որևէ այլ անձի կողմից» բառերով, իսկ նույն մասի «պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով» բառերով․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը,

1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

2) որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ,

3) որի դեպքում անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրված (խոստացված) դրամը կամ տրված (խոստացված) սննդամթերքի, արժեթղթերի, ապրանքների կամ մատուցված (խոստացված) ծառայության արժեքը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով։»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 163.

Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը

 

1․ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով։

2. Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

3) նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող հանրային ծառայողի կամ պայմանագրային հիմունքներով աշխատող այլ անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով։»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 314.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 314.1.

Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը իրավասու մարմնին չհայտնելը կամ թաքցնելը

 

1․ Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 6-րդ հավելվածը 154.9-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.

«Հոդված 161.2. Կուսակցության օգտին խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելը.

Հոդված 161.5. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չնախատեսված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափով շրջանցելը․»։

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 5
Երևան
ՀՕ-181-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական: