Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-97-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.23/24(1579) Հոդ.281
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը խմբ. 03.02.21 ՀՕ-70-Ն)

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 03.02.21 ՀՕ-70-Ն)

 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «և տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ենթակա մարմնի ստորաբաժանումներ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «և տեղական ինքնակառավարման մարմինը», «և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» և «կամ համայնքային ծառայության» բառերը հանել, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:

 

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը.»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22.1. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները և կազմավորման կարգը

 

1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) և կազմակերպում սոցիալական աջակցության տրամադրումը.

2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը սոցիալական դեպքի վարման միջոցով.

3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի իրականացումը.

4) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված՝ գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի իրականացումը.

5) կազմակերպում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրերի իրականացումը.

6) կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում՝ ժամանակավոր) պետական ծրագրերի իրականացումը.

7) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում.

8) գործատուներից, պետական այլ մարմիններից և կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.

9) հարկային մարմնից ստանում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

10) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարներ, ապահովում կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կամ մերժում կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու, նշանակված կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարները վերահաշվարկելու դիմումները.

11) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.

12) սոցիալական աջակցությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

13) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումը.

14) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում երկկողմ պայմանագիր զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին.

15) հաշվառում և հաշվառումից հանում է աշխատանք փնտրող անձանց, տրամադրում է գործազուրկի կարգավիճակ, կասեցնում, վերականգնում և դադարեցնում է այդ կարգավիճակը.

16) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.

17) տեղեկատվություն է հավաքում նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի վերաբերյալ, թարմացնում է այդ տեղեկատվությունը և ապահովում հասանելիությունը.

18) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.

19) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը.

20) տեղաբաշխում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը՝ ըստ տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.

21) կազմակերպում է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու, մերժելու, կասեցնելու կամ դադարեցնելու գործընթացները.

22) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության այլ ծառայություններ.

23) կազմում և ամփոփում է սոցիալական աջակցության բնագավառի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին առնչվող այլ վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունները, դրանք սահմանված կարգով ներկայացնում է լիազորված պետական մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ կազմակերպություններ.

24) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, միջազգային և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

25) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում.

26) կազմակերպում և ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) գործընթացը.

27) կազմակերպում և ապահովում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը.

28) ապահովում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով տարածքային մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը.

29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Միասնական սոցիալական ծառայության կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը, 33-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 43-րդ հոդվածի 2-րդ մասը և 46-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:

 

 Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը:

3. Սույն օրենքի ընդունումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործառույթները և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահելու դեպքում այդ գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան գործառույթներ և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ: Իրենց գրավոր համաձայնության դեպքում մրցույթի արդյունքով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են առաջարկվող պաշտոններին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

 4. Օրենսդրությամբ սահմանված ժամկետում առաջարկությունը մերժելու կամ առաջարկությանը չպատասխանելու դեպքում մրցույթի արդյունքով պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով ազատվում են զբաղեցրած պաշտոններից և իրենց դիմումի համաձայն կարող են գրանցվել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են:

5. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, որոնք չեն զբաղեցվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը:

 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 18

Երևան

ՀՕ-97-Ն