Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-464-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործում` սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 8.1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը

 

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների պետական լիազոր մարմինների ղեկավարները կամ նրանց կողմից այդ նպատակով լիազորված պաշտոնատար անձինք (այսուհետ` իրավասու պաշտոնատար անձինք) առաջարկում են գույքի սեփականատիրոջը կամ բացառիկ դեպքերում, երբ գույքի սեփականատերը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ` գույքի օրինական տիրապետողին (այսուհետ` գույքի օրինական տիրապետող)` գույքն օգտագործման նպատակով տրամադրել համապատասխան մարմնին:

3. Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է անհրաժեշտ գույքը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը (եթե այն գաղտնի չէ), գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) պետության պարտականությունը, ինչպես նաև նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

4. Առաջարկությունը ներկայացվում է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է ներկայացվել նաև բանավոր (այդ թվում` կապի միջոցներով): Գրավոր առաջարկի դեպքում այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում ուղարկվում հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով` զուգահեռաբար այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (առանձնացված բաժնում), եթե հրապարակման ենթակա տեղեկությունները գաղտնիք չեն պարունակում: Առաջարկում (բանավոր և գրավոր) սահմանվում է պատասխան ներկայացնելու ողջամիտ ժամկետը, իսկ գրավոր առաջարկում` նաև ձևը:

5. Գույքի օրինական տիրապետողի համաձայնության դեպքում իրավասու պաշտոնատար անձը կազմում է գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) համապատասխան մարմին հանձնելու եղանակը, վայրը և ժամանակը,

3) գույքի օրինական տիրապետողի տվյալները` անունը, ազգանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը,

4) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը և պաշտոնը,

5) նշում սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված կարգի մասին։

6. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչև գույքի վերադարձը):

7. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է այն կազմող իրավասու պաշտոնատար անձի և գույքը կամավոր հանձնելու համաձայնություն տված օրինական տիրապետողի կողմից, որին տրամադրվում է արձանագրության մեկ օրինակը:

8. Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առաջարկով սահմանված ժամկետում որևէ դիրքորոշում չներկայացնելը համարվում է գույքը կամովին հանձնելուց հրաժարում:

9. Գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի՝

1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) գույքի գտնվելու վայրը,

3) գույքի օրինական տիրապետողի տվյալները,

4) գույքի օրինական տիրապետողին սույն հոդվածով սահմանված կարգով առաջարկ ներկայացնելու և վերջինիս կողմից գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու մանրամասները,

5) գույքը վերցնելու եղանակը և ժամանակը,

6) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ),

7) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը,

8) նշում սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված կարգի մասին։

10. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչև գույքի վերադարձը):

11. Արձանագրությունը տրվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն կամ ուղարկվում է պատվիրված փոստով:

12. Այն բացառիկ դեպքերում, երբ գույքի օրինական տիրապետողը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այդ գույքի օգտագործման հրատապությունը, հնարավոր չէ բավարար միջոցներ ձեռնարկել օրինական տիրապետողին կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ, գույքը կարող է վերցվել անմիջապես` առանց սույն հոդված 2-11-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանման: Գույքը կարող է վերցվել անմիջապես նաև այն բացառիկ դեպքերում, երբ սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանումը և դրանով պայմանավորված գույքի օգտագործման հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետևանքների: Սույն մասով նախատեսված դեպքերում կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի`

1) գույքի (նաև դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) գույքի գտնվելու վայրը,

3) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ) և հրատապության հիմնավորումը,

4) գույքի օրինական տիրապետողի տվյալները, եթե հայտնի են, իսկ եթե ոչ` այն միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանք պարզելու համար,

5) գույքը վերցնելու եղանակը և ժամանակը,

6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը,

7) արձանագրությունը կազմելու ժամանակը,

8) նշում սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված կարգի մասին:

13. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչև գույքի վերադարձը):

14. Արձանագրությունը (լուսանկարների հետ) անհապաղ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում, իսկ օրինական տիրապետողի կամ նրա բնակության վայրը հայտնի դառնալու դեպքում անհապաղ միջոցներ են ձեռնարկվում արձանագրությունը վերջինիս տրամադրելու համար:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը: Այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո՝ երկու տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

16. Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված, կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

17. Սույն հոդվածը չի տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերի հիման վրա տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի, զենքի, զինամթերքի, ռազմամթերքի, թունավոր նյութերի, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ժամանակավոր առգրավման, տրանսպորտային միջոցների ներգրավման, ինչպես նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի հիման վրա ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման դեպքերի վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

ՀՕ-464-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական: