Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-456-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) տնտեսական գործունեության կասեցում։»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

 

«Հոդված 31.1. Տնտեսական գործունեության կասեցումը

 

1. Տնտեսական գործունեության կասեցումը տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումն է:

2. Տնտեսական գործունեության կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.5-րդ հոդվածով.

 

«Հոդված 182.5. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը

 

1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությունը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

13. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

14. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը՝

առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը « Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, » բառերից հետո լրացնել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը,» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 223.3-րդ հոդվածով․

 

«Հոդված 223.3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

 

1․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե դրանք վերաբերում են տեսալսողական մեդիածառայություն մատուցող լրատվական գործունեություն իրականացնողներին:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «և 10-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «և 11-րդ մասերով» բառերից հետո լրացնել «, 182.5-րդ հոդվածի 3-րդ (նախատեսված դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով,» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածը «և 4-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) և 14-րդ մասերով,» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 244․7-րդ հոդվածի 1-ին մասը «26-րդ մասերով» բառերից հետո լրացնել «182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով,» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 290-րդ հոդվածը «և 29» բառերից հետո լրացնել «, 31.1-ին» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

        

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

ՀՕ-456-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան