Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-343-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.20
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 127-րդ հոդվածի 7-րդ մասում «որոշումը հրապարակելու» բառերը փոխարինել «որոշման կայացման» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 148-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «հրապարակման» բառը փոխարինել «կայացման» բառով․

2) 4-րդ մասը «եթե բերված բողոքը» բառերից հետո լրացնել «վարույթ ընդունելը մերժվել է,» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասը «մինչև գործի դատաքննության ավարտը» բառերից հետո լրացնել «կամ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 166. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը

 

1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:»:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 166.1-ին հոդվածով.

 

«Հոդված 166.1. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում

 

1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:

2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած, գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:»:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 166.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 166.2. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով

 

1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:

4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:

5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:

6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 172-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 172. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը և որոշման հրապարակումը

 

1. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

2. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 173-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 173. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցներին և համապատասխան դատարան ուղարկելը

 

1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումն ուղարկվում է բողոք բերած անձին, դատավարության այլ մասնակիցներին և համապատասխան դատարան այն կայացնելու օրվանից յոթնօրյա ժամկետում:»:

 

Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննության վրա, որոնք քննվում են սույն օրենքով նախատեսված գրավոր ընթացակարգով, եթե վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում չի կայացվել:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հուլիսի 1

Երևան

ՀՕ-343-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական: