Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-340-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «ինչպես նաև, եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,» բառերը.

2) 9-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է, եթե ծնողը կրկին դիմում է նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում:»:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Օտարերկրյա քաղաքացի ծնողին սույն մասի հիման վրա խնամքի նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:».

2) 2-րդ մասի «գտնվում են» բառերը փոխարինել «երեխան գտնվում է» բառերով.

3) 5-րդ մասի առաջին նախադասության «Խնամքի նպաստ» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Ծնողին» բառը՝ «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Խնամքի նպաստը» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է, եթե այդ գործատուներից որևէ մեկի մոտ շահառուն գտնվում է խնամքի արձակուրդում:».

5) 4-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «տասներկուամսյա» բառով.

6) 5-րդ մասը «ավարտվելը» բառից հետո լրացնել «(եթե նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին)» բառերով.

7) 6-րդ մասի «Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Տարածքային կենտրոնը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.

8) 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (եթե դիմումը ներկայացվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար, և առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններից որևէ մեկը, կամ եթե դիմումը ներկայացվել է խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակելու համար, և առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններից որևէ մեկը), կամ».

9) 7-րդ մասի 2-րդ կետից հանել «(եթե անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք է կատարում մեկից ավելի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ խնամքի արձակուրդում գտնվելու)» բառերը, և նույն կետը «տվյալներ,» բառից հետո լրացնել «եթե դիմումը ներկայացվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա խնամքի նպաստ նշանակելու համար,» բառերով.

10) 12-րդ մասի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

11) 13-րդ մասի «վեցերորդ» բառը փոխարինել «տասներկուերորդ» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու դեպքում), եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.».

3) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա՝

ա. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի և ծնողի` այլ (գյուղական բնակավայր չհանդիսացող) բնակության վայրի հասցեով հաշվառվելու (փաստացի բնակվելու) դեպքում,

բ. երեխայի կամ ծնողի` հաշվառումից դուրս գալու և գյուղական բնակավայրի հասցեով մեկամսյա ժամկետում կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում,

գ. երեխայի` Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 90 օր և ավելի ժամկետով բացակայելու դեպքում.».

5) 3-րդ մասի 2-րդ կետի «վեցերորդ» բառը փոխարինել «տասներկուերորդ» բառով.

6) 3-րդ մասի 3-րդ կետի «վեց» և «6-րդ» բառերը փոխարինել համապատասխանաբար «տասներկու» և «տասներկուերորդ» բառերով.

7) 3-րդ մասի 4-րդ կետում՝

ա․ «և (կամ) ծնողի» բառերը հանել,

բ․«վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով,

գ․ «հաջորդող ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.

8) 4-րդ մասի 1-ին կետի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

9) 6-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «ամբողջ» բառով.

10) 6.1-ին մասի «, իսկ ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը` սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա, դիմումը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Պետական նպաստ ստացող անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է`

1) տարածքային կենտրոն ներկայացնել իրեն (ընտանիքին) վերաբերող հավաստի տվյալներ.

2) տարածքային կենտրոնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել պետական նպաստի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի` գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու և վարելու վերաբերյալ դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա մեկից ավելի գործատուների մոտ աշխատանք կատարող` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործատուներից որևէ մեկի մոտ խնամքի արձակուրդում գտնվող, սակայն խնամքի նպաստ ստանալու իրավունք չունեցող անձին Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա խնամքի նպաստ նշանակվում է՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում․

2) դիմելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Եթե Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա մեկից ավելի գործատուների մոտ աշխատանք կատարող անձի խնամքի նպաստ ստանալու իրավունքը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցվել է որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու) հիմքով, կամ անձի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է ծնողի` այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, անկախ դիմելու հանգամանքից, եթե անձն այդ օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 30

Երևան

ՀՕ-340-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2020 թվական: