ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մայիսի 11-ին
«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներման մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ներման խնդրագիրը չի քննարկվում և վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե նա ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու` օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Մարդու դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացվելու դեպքում նախարարությունը մինչև անձնական գործը Վարչապետին ներկայացնելը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան Վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելն արգելք չէ ներման խնդրագիրը քննարկելու համար:».
3) 3-րդ մասը «ներման միջնորդությունները (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը (առկայության դեպքում)» բառերով.
4) 4-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «ոչ ուշ, քան 10-օրյա» բառերով.
5) 5-րդ մասից հանել «կամ ներման շնորհումը մերժելու» բառերը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը:».
2) 3-րդ մասի «քսան» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրամանագիրը և դրանից արված քաղվածքն ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն: Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը, հրամանագիրը և քաղվածքն ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքներն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Բացառիկ կարող են ճանաչվել առողջական վիճակով պայմանավորված՝ դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ:
Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ նախարարության առաջարկությունն ստանալու պահից երեք օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «տեղեկացնում են» բառերից հետո լրացնել «նախարարությանը, Վարչապետի և» բառերով, իսկ նույն մասի «կայացրած» բառից հետո հանել «՝ հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-266-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|