Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/54(1609) Հոդ.641
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մայիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, ինչպես նաև կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները սահմանվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված բնագավառներում կատարված նախաձեռնությունները և գործունեության արդյունքները ճանաչելու, գնահատելու, խրախուսելու և խթանելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներն են`

1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից` ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական` Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

11) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

3. Պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Կառավարությունն իրավասու է ընդունելու որոշում` մրցանակների այլ տեսակներ սահմանելու, դրանք շնորհելու և հանձնելու կարգի վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 4.

Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի ներկայացնելը

 

1. Նույն ստեղծագործությունը, հայտնագործությունը (գյուտը) և աշխատանքը մրցանակի կարող է ներկայացվել միայն մեկ անգամ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը), աշխատանքները և ձեռքբերումները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել և այլն) են գրականության, հրապարակախոսության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից` ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մրցանակի հայցման առաջարկությունները ներկայացնելու ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում:

3. Գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների աշխատանքները մրցանակի հայցման համար կարող են ներկայացնել հեղինակները, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ստեղծագործական միավորումները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ու խնդիրները ներառում են նշված ոլորտները, և որոնք պետական գրանցման օրվանից առնվազն երեք տարի ծավալել են համապատասխան գործունեություն։

4. Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման համար կարող են ներկայացնել հեղինակները, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բաժանմունքները, գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպությունը, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդները, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

5. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հայցման համար աշխատանքների առաջադրման իրավունք է վերապահվում`

1) ֆիզիկայի բնագավառում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներին.

2) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը.

3) ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտական խորհրդին.

4) Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնին:

6. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքները պետական մրցանակի հայցման համար կարող են ներկայացնել հեղինակը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

7. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 5.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հավակնորդների ընտրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում աշխատանքներ կատարած կամ նշանակալից ձեռքբերումներ ունեցած անձանց:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողովներ), որոնք ձևավորվում են առանձին` ըստ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ոլորտների:

3. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի թեկնածուների հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցանակաբաշխության կոմիտեն:

4. Մրցանակների հավակնորդների ընտրությունն իրականացվում է` հիմք ընդունելով ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների արժեքավորությունը, նշանակությունը տվյալ ոլորտի զարգացման համար և այլ չափանիշներ, որոնք սահմանում են հանձնաժողովները կամ մրցանակաբաշխության կոմիտեն:

5. Մրցանակների հավակնորդների ընտրության արդյունքները չեն կարող բողոքարկվել:

 

Հոդված 6.

Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի գործունեության սկզբունքները

 

1. Հանձնաժողովները և մրցանակաբաշխության կոմիտեն գործում են օբյեկտիվության, անաչառության, թափանցիկության և կոլեգիալության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 7.

Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման կարգը

 

1. Հանձնաժողովներից յուրաքանչյուրը բաղկացած է նախագահից և անդամներից, որոնք հանձնաժողովների կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

2. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են`

1) երկու անդամ՝ առաջադրված այն հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրները ներառում են համապատասխան ոլորտները, և որոնք պետական գրանցման օրվանից առնվազն երեք տարի ծավալել են համապատասխան գործունեություն.

2) երկու անդամ՝ առաջադրված համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից.

3) երեք անդամ՝ համապատասխան ոլորտում ավանդ ունեցած հեղինակավոր մասնագետներից, որոնց առաջադրում է Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը.

4) երեք անդամ՝ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նշանակված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի առաջադրած անձանցից:

3. Հանձնաժողովները համարվում են ձևավորված, եթե հաստատվել է անդամների կեսից ավելին:

4. Հանձնաժողովների անդամի թեկնածու կարող է ընտրվել յուրաքանչյուր ոք, ով օժտված է բարձր մասնագիտական որակներով, անաչառությամբ, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ է կամ հանրային հեղինակություն վայելող անձ:

5. Հանձնաժողովների անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող:

6. Հանձնաժողովներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովների անդամների լիազորությունների ժամկետը երեք տարի է:

7. Հանձնաժողովների անդամներն իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների համար չեն կարող հավակնել սույն օրենքով սահմանված պետական մրցանակներ ստանալուն:

8. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թեկնածուներին ներգրավելու նպատակով համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալուց առնվազն 30 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են մեկական թեկնածու: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմ:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Կառավարությունը:

 10. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված թեկնածուներին ներգրավելու նպատակով Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալուց առնվազն 30 օր առաջ կարող է հայտարարություն տարածել հանձնաժողովների անդամի թեկնածու ընտրվելու համար ինքնաառաջադրում իրականացնելու հնարավորության վերաբերյալ:

11. Հանձնաժողովների անդամների լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն մեկ շաբաթ առաջ թեկնածուների վերաբերյալ տվյալները առաջադրող մարմինները ներկայացնում են վարչապետի աշխատակազմ:

12. Հանձնաժողովների անհատական կազմերը հաստատում է վարչապետը:

13. Հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:

14. Մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ անհատական կազմը հաստատում է վարչապետը:

 

Հոդված 8.

Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման առաջարկություն ներկայացնելը

 

1. Հանձնաժողովները և մրցանակաբաշխության կոմիտեն մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են վարչապետի աշխատակազմ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Հոդված 9.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհումը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների, շնորհվում են երկու տարին մեկ անգամ:

3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի:

 

Հոդված 10.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնումը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնում է վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության այլ անդամ:

2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:

4. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՔՆԵՐԸ

 

Հոդված 11.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների բաղադրիչները

 

1. Գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր և դրամական պարգև:

2. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հավաստող հավաստագրով, դրամական պարգև, ինչպես նաև դրամական միջոցներ` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով տնօրինելու իրավունքով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դրամական միջոցները մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար՝ ըստ հետևյալ նպատակների`

1) գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպում.

2) գիտաշխատողների` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորում.

3) Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպում.

4) պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակների տրամադրում.

5) մրցանակի արժանացած աշխատանքի և դափնեկրի (դափնեկիրների) այլ աշխատանքների հանրայնացում:

4. Մրցանակակիրը սույն հոդվածի 3-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված միջոցառումների ֆինանսական միջոցները չօգտագործելու կամ ոչ լրիվ օգտագործելու դեպքում հավելյալ միջոցներն ուղղում է սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված մրցույթի կազմակերպմանը, իսկ մրցույթի ֆինանսական միջոցները չօգտագործելու կամ ոչ լրիվ օգտագործելու դեպքում հավելյալ ֆինանսական միջոցները գումարում է գիտական հետազոտությունների աջակցության հաջորդ մրցույթի կազմակերպման ֆինանսական միջոցներին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները, միջոցառումների համակարգման, վերահսկման, ինչպես նաև դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:

7. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են վկայագիր և հուշամեդալ:

8. Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար դափնեկրի վկայագրի ձևը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձևը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը սահմանում է Կառավարությունը:

9. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը սահմանում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 12.

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակաբաշխության և մրցանակի հավաստիքների պատրաստման ֆինանսավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեության, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների, հուշամեդալների, հուշախորհրդանիշի, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի և այն հավաստող հավաստագրի պատրաստման և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մաս կազմող դրամական պարգևների և դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ 7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 13.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 14.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում, ընդունվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 7-րդ մասով, 7-րդ հոդվածի 9-րդ, 13-րդ և 14-րդ մասերով, 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով, 11-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավական ակտերը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մայիսի 19

Երևան

ՀՕ-262-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան