Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-173-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.14/40(1595) Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      

Օ Ր Ե Ն Ք Ը

     

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

   

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի» բառերով:

     

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     

 «Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

 

1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն։

2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը (ենթակա է հրապարակման կազմակերպության կողմից համապատասխան նշման դեպքում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում).

2) գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը.

3) կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները.

4) Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը.

5) հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը.

6) հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ).

7) տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը.

8) օգտագործված դրամական միջոցները և (կամ) շարժական, անշարժ գույքը.

9) հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։

3. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ համայնքային միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, ներառում է՝

1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, հիմնական արդյունքներ).

2) հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.

3) հանրային դրամական միջոցների և (կամ) տրամադրված գույքի օգտագործումը, ծախսերը:

4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի (այսուհետև՝ Համակարգ) անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:

5. Կազմակերպությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են:

6. Կազմակերպությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին:

7. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:

8. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:»:

       

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքների» բառը փոխարինել «օրենքի» բառով:

       

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

         

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020թ. ապրիլի 8

Երևան

ՀՕ-173-Ն