Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-163-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.01/31(1586) Հոդ.371
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 31-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա լինելու` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով:»․

2) 4-րդ մասը «առնվազն 30 օր առաջ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրոնային, հեռատիպային կամ հեռախոսային կապի միջոցներով ժողովի անցկացման քվեարկության դեպքում քվեաթերթիկները (այդ թվում՝ էլեկտրոնային քվեաթերթիկները) պետք է տրամադրվեն բաժնետերերին ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:»․

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածում 1-ին մասի երրորդ պարբերությունը «անձամբ հանձնելով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ՝ բջջային հեռախոսների հավելվածներով), որոնք թույլ են տալիս հավաստիանալ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու մասին» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածում 1-ին մասի երկրորդ պարբերությունը «կամ հանձնվում են անձամբ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում են էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ՝ բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերով։

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով՝ անկախ Ընկերության կանոնադրությամբ նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից: Ընդ որում, նման նիստի կազմակերպիչը սահմանում է նիստի անցկացման ու քվեարկության ընթացակարգ, որը պետք է ապահովի բաժնետերերի շահերի պաշտպանությունն ու պատշաճ` սույն օրենքի դրույթներին համապատասխան քվեարկությունը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. ապրիլի 1

Երևան

ՀՕ-163-Ն