Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-106-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.03.2020-07.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.473
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Արտակարգ դրությունը

 

1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։

2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

 

Հոդված 2.

Արտակարգ դրության մասին իրավական ակտերը

 

1. Արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ իրավական ակտերով:

(2-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 3.

Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, ինչպես նաև որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։

(3-րդ հոդվածը խմբ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 4.

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը

(վերնագիրը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են՝

1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.

4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.

6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները և նրանց իրավասության շրջանակը.

7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը և դրա գործողության ժամկետները։

(4-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

 

Հոդված 5.

Արտակարգ դրության գործողության ժամկետը

 

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

(5-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 6.

Արտակարգ դրության դադարումը

 

1. Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումն ուժի մեջ է մտնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակվելու պահից: (նախադասությունը հանվել է 06.12.17 ՀՕ-252-Ն)

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 7.

Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները

 

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.

8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

 9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ.

17) սույն օրենքի 9.1-ին հոդվածով սահմանված նպատակով, դեպքերում և սահմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:

2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը։

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը:

(7-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն, լրաց. 31.03.20 ՀՕ-160-Ն)

 

Հոդված 8.

Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները

 

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։

2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած պարետը։

(8-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 9.

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը

 

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։

2. Ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետևյալ խնդիրներն իրականացնելու նպատակով.

1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

2) ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

3) անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում.

4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում և նյութական արժեքների պահպանություն.

5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացման համար պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերը (այսուհետ` զինված ուժեր) կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով:

4. Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը և ապահովվի ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերի հետ փոխգործակցության և փոխօգնության շրջանակներում։

5. Զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։

6. Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք կարող են ներգրավվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացմանը, անցնում են հատուկ պատրաստություն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից այդ խնդիրների իրականացման նպատակով գործադրվող հմտությունների և մեթոդների վերաբերյալ: Սույն հոդվածով սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը կարող են ներգրավվել միայն այդ պատրաստությունն անցնելուց հետո:

 

Հոդված 9.1.

 Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումները

 

1. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձևով և կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ` տվյալներ մշակողներ) տրամադրել`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

2. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են տվյալներ մշակողներին սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ձևով և կարգով տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ: Տվյալներ մշակողները կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից պահանջել և ստանալ սույն մասում նշված տվյալները:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ՝ տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց` անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց` այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումն ապահովելու նպատակով՝ այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողություն, այդ թվում` հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

5. Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, դադարումը, վերացումը կամ արտակարգ դրության ընթացքում կիրառված համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը (այսուհետ սույն հոդվածում՝ արտակարգ դրության ավարտ):

6. Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ոչնչացվում են տվյալներ մշակողների կողմից արտակարգ դրության ավարտից հետո` արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով: Բոլոր դեպքերում տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

7. Տվյալների մշակման ժամանակ պետք է ապահովվեն անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական, այդ թվում՝ օգտագործվող համակարգչային և այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ տվյալների անօրինական օգտագործումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից պաշտպանելու համար:

8. Տրամադրված և մշակվող տվյալները սույն հոդվածով սահմանված նպատակներով կարող են փոխանցվել միայն այն մարմիններին, որոնք նախատեսված են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար: Տվյալներ մշակողները և այն մարմինները, որոնց փոխանցվել են մշակվող տվյալները, ինչպես նաև այն երրորդ անձինք, որոնց բացահայտվել են սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները, պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ընթացքում, այնպես էլ արտակարգ դրության ավարտից հետո:

9. Սույն հոդվածով սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում` պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չոչնչացնելը առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Սույն հոդվածով սահմանված նպատակներից ելնելով՝ արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները կարող են կիրառվել, և դրանց պահպանման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների և ծրագրային ապահովման (այսուհետ` էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) կիրառման միջոցով՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցները կարող են կիրառվել իրավասու մարմիններից արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկություններ ստանալու և նրանց փոխանցելու, անձի տեղաշարժը մշտադիտարկելու, նրա առողջական վիճակի, գտնվելու վայրի մասին տեղեկություններ և տվյալներ ստանալու և փոխանցելու համար: Այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պարտավոր են կիրառել էլեկտրոնային հաղորդակցության միջոցները կամ ենթարկվել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների կիրառման և դրանց պահպանման նկատմամբ հսկողության այլ միջոցների: Սույն մասին համապատասխան՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցները պետք է նախատեսված լինեն բացառապես սույն հոդվածով սահմանված նպատակներով կիրառման համար, և դրանցով չի կարող հասանելիություն տրվել անձի մասնավոր և ընտանեկան կյանքի մասին այնպիսի տեղեկությունների և այնպիսի անձնական տվյալների, որոնք նախատեսված չեն սույն հոդվածով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման պարտադիր դեպքերում դրանք չկիրառելը համարվում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ռեժիմի խախտում:

(9.1-ին հոդվածը լրաց. 31.03.20 ՀՕ-160-Ն)

 

Հոդված 10.

Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների և կիրառվող միջոցների սահմանները

 

1. Սույն օրենքում նշված իրավունքների և ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։

2. Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները և իրավունքների ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին։

4. (մասն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-252-Ն)

(10-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-252-Ն)

 

Հոդված 11.

Արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները

 

1. Արտակարգ դրության ընթացքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները և ազատությունները վարչական և դատական կարգով պաշտպանելու իրավունք:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։

 

Հոդված 12.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները

 

1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման` օրենքներով սահմանված պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման։

 

Հոդված 13.

Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը

 

1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից մինչև պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչև նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։ Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները և տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաև դրանց վրա մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման և արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով։

 

Հոդված 14.

Արտակարգ դրությունը դադարեցնելու իրավական հետևանքները

 

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում և տարածքում, ուժը կորցրած են համարվում արտակարգ դրությունը դադարեցնելու պահից։

 

Հոդված 15.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 12

Երևան

ՀՕ-106-Ն 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-431-Ն ---------
29.04.2020, ՀՕ-238-Ն 07.05.2020, ՀՕ-106-Ն
31.03.2020, ՀՕ-160-Ն 31.03.2020, ՀՕ-106-Ն
06.12.2017, ՀՕ-252-Ն 09.04.2018, ՀՕ-106-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան