Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-87-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (22.02.2020-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.21/13(1568) Հոդ.167
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 222-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը» բառերը.

2) 2-րդ մասը «Բանդայում մասնակցությունը» բառերից հետո լրացնել «կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) անչափահասի ներգրավմամբ,

3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Իր կողմից բանդայում մասնակցելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Հանցավոր համագործակցություն ստեղծելը» բառերից հետո լրացնել «կամ ղեկավարելը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) անչափահասի ներգրավմամբ,

3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:».

3) 4-րդ մասի «հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ» բառերը հանել, իսկ «պետական» բառը փոխարինել «քրեական հետապնդման» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 223.1-223.4-րդ հոդվածներով.

 

 «Հոդված 223.1. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը

 

1. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Սույն գլխի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) է համարվում այն անձը, որը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

 

 Հոդված 223.2. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը

 

1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը՝ սույն օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ,

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն գլխի իմաստով քրեական ենթամշակույթ կրող խմբավորում (գողական աշխարհ) է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

 

 Հոդված 223.3. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը

 

1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ եղանակներով ներգրավելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ,

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

 Հոդված 223.4. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը

 

1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 18

Երևան

ՀՕ-87-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան