Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-310-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.26/100(1553) Հոդ.1258
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 5.1. Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը

 

1. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են երեք ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ երկու տարի:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները տրամադրվում են՝

1) հարցաքննված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին.

3) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

4) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

5. Նախնական քննության տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ միայն վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունն ստանալու պարտականությունը կրում է ոստիկանությունը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված անձանց տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետներում:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված անձանց կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:

8. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվում է հարցաքննությունների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):

9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով իրականացվող տեսաձայնագրությունները հարցաքննության արդյունքների քրեադատավարական ամրագրման ձև չեն հանդիսանում և քրեական գործի նյութերին չեն կցվում:

10. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին և տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը և դրանց հանրորեն վտանգավոր բնույթը» բառերը փոխարինել «կանխարգելման անհրաժեշտությունը» բառերով, իսկ 4-րդ մասի վերջին նախադասությունը «նախազգուշացնել» բառից հետո լրացնել «իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին» բառերով:

 

Հոդված 3. Ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող բոլոր տարածքները (աշխատասենյակները) համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-310-Ն