ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին
«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-99-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը և 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «լրատվական» բառից հետո լրացնել «կամ մարզական կամ հանգստի կազմակերպման» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.
«Հոդված 7.1. |
Մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները |
1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի`
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.
4) կանոնադրությունը.
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով և չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:
5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության վրա տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայություն կազմակերպելու, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ:»:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-292-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|