ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքով են կարգավորվում նաև պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (այսուհետ՝ Բջջային հավելված) օգտագործմամբ հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցով տեսանկարահանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3-7.5-րդ հոդվածներով.
«Հոդված 7.3. | Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի առանձնահատկությունները |
1. Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե՝
1) իրավախախտումն ամրագրվել է Բջջային հավելվածի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնելու իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզելու իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը.
2) իրավախախտում ամրագրած տեսանյութը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:
2. Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև Բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգը խախտելու դեպքում վարչական մարմինը կարող է սահմանափակել Բջջային հավելվածում գրանցված անձանց էլեկտրոնային հաղորդում ուղարկելու իրավունքը մինչև երկու ամսով:
5. Վարչական մարմինը պարտավոր է Բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված) և հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող ֆիզիկական անձանց համար:
Հոդված 7.4. | Վարչական վարույթի արդյունքների մասին ֆիզիկական անձին տեղեկացնելը |
1. Վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում՝ ֆիզիկական անձին Բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 7.5. | Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցման անթույլատրելիությունը |
1. Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա անձին, նրա ներկայացուցչին և երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը, կամ իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ վարչական մարմնին հայտնի դարձած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է օրենքով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Կառավարությունը սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-205-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|