Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-331-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.13/46(1404) Հոդ.716
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մայիսի 22-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 43.1.

 Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը

 

1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

5. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը՝

առաջացնում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

6. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

7. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

8. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

9. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

10. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

11. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 81.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և շինարարական աղբի» և «կամ համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածից հանել 3-րդ մասը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 15-րդ մասից հանել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «43.1-րդ հոդվածի» բառերից հետո «1-ին, 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 9-րդ մասերով» բառերով.

2) 2-րդ մասի «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43.1-ին հոդվածի 7-րդ մասով,» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43.1-ին հոդվածի 7-րդ մասով,» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43.1-ին հոդվածի 4-րդ մասով,» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-331-Ն