Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-25-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.04.2018-09.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.18/31(1044) Հոդ.469
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` քննչական կոմիտե)` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

(1-ին հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) քննչական կոմիտեում ծառայություն` պետական ծառայության հատուկ տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով.

2) քննչական կոմիտեի ծառայող` քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը և նրանց տեղակալները, բաժնի պետերը, բաժնի պետի տեղակալները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները:

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 3. Քննչական կոմիտեում դիմումների (հաղորդումների), միջնորդությունների և բողոքների քննարկումը

 

1. Քննչական կոմիտեում քրեական վարույթին առնչվող դիմումները (հաղորդումները), բողոքները և միջնորդությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 4. Քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները

 

1. Քննչական կոմիտեում քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ վարվում է վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

2. Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Կառավարությունը:

(4-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 5. Քննչական կոմիտեի ներկայացուցչի մասնակցությունը գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին

 

1. Քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, իսկ նրանց հանձնարարությամբ` քննչական կոմիտեի այլ ծառայողներ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների` հանցավորության հարցերին վերաբերող նիստերին կարող են մասնակցել այդ մարմինների հրավերի հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 6. Քննչական կոմիտեի լիազորությունները

 

1. Քննչական կոմիտեի լիազորություններն են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:

 

Հոդված 7. Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը, նրա ծառայողների գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։

2. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է:

 

Հոդված 8. Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը

 

1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

2. Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:

3. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 9. Քննչական կոմիտեի ծառայողի պահանջների կատարման պարտադիրությունը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից բխող պահանջները ենթակա են կատարման:

2. Հանրային ծառայողի կողմից քննչական կոմիտեի ծառայողի լիազորություններից բխող պահանջները չկատարվելու դեպքում քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը տվյալ ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է նման լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին:

 

Հոդված 10. Քննչական կոմիտեում ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

2. Քննչական կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 11. Քննչական կոմիտեի համակարգը

 

1. Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը:

2. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները և կենտրոնական մարմնի բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները: Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչության տարածքային բաժինները: Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են գլխավոր վարչությունների վարչությունները:

3. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն են:

4. Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը:

5. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը:

(11-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 12. Քննչական կոմիտեի նախագահը

 

1. Քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման համար:

2. Քննչական կոմիտեի նախագահը՝

1) սահմանում է քննչական կոմիտեի ծառայողների կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

3) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).

4) ներկայացնում է քննչական կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հարաբերություններում.

5) հաստատում է քննչական կոմիտեի և քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունները.

6) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.

7) քննչական կոմիտեի խնդիրների իրականացման, քննչական կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.

8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 13. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը

 

1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը՝

1) համակարգում է քննչական կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).

3) միջնորդություններ է ներկայացնում քննչական կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

4) քննչական կոմիտեի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է քննչական կոմիտեի նախագահին: Նման հրամանի բացակայության դեպքում քննչական կոմիտեի նախագահին ժամանակավորապես փոխարինում է քննչական կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը.

5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 14. Ծառայողական և քրեադատավարական վերադասությունը

 

1. Քննչական կոմիտեի նախագահը վերադաս է քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ներքո գտնվող քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար:

3. Քննչական կոմիտեի ստորաբաժանման պետը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր ծառայողների համար:

4. Քննչական կոմիտեում ծառայողական վերադասության մյուս հարաբերությունները կարգավորվում են քննչական կոմիտեի կանոնադրությամբ:

5. Քննչական կոմիտեում քրեադատավարական վերադասության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 15. Քննչական կոմիտեի կարգապահական և որակավորման հանձնաժողովները

 

1. Քննչական կոմիտեում գործում են կարգապահական և որակավորման հանձնաժողովներ:

2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել որակավորման հանձնաժողովի անդամներ: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:

3. Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:

4. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

4.1. Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական:

6. Որակավորման հանձնաժողովի անդամներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ 3 տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովի նոր անդամներին քննչական կոմիտեի նախագահը նշանակում է որակավորման հանձնաժողովի գործող անդամների լիազորությունների դադարեցման օրը:

7. Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճաններ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 16. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները

 

1. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն պաշտոններ.

2) գլխավոր պաշտոններ.

3) առաջատար պաշտոններ.

4) կրտսեր պաշտոններ:

2. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի։

3. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։

4. Քննչական կոմիտեում ծառայության բարձրագույն խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետում նշված պաշտոնների), հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

5. Քննչական կոմիտեում ծառայության գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական վարչության պետ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

6. Քննչական կոմիտեում ծառայության առաջատար պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ:

7. Քննչական կոմիտեում ծառայության կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ:

(16-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 17. Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է հայերենին.

3) չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը).

4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:

2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

3. Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝

1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

4. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:

5. Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը համապատասխանաբար Կառավարության և վարչապետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 18. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:

2. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:

3. Որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

4. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.

3) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

5) քննչական կոմիտեում ծառայությանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

5. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

6. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները, ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ընդգրկվում են քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:

9. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն: Ուսումնառությունը չանցած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

10. Անձն ազատվում է ուսումնառությունից, եթե`

1) ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ

2) իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ

3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

11. Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

12. Որակավորման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան՝ որոշումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը կազմելու` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկում է որակավորման հանձնաժողովը:

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 19. Քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը`

1) քննչական կոմիտեի ծառայողների հերթական ատեստացիայի ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեի ծառայողն ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

 

Հոդված 20. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը

 

1. Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:

3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Կառավարությունը և վարչապետը համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին պաշտոնից ազատում է սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

6. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների, բաժինների և կայազորային քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների բաժինների կազմում գործող քննիչներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքով սահմանված կարգով ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից:

7. Քննչական կոմիտեի մյուս ծառայողներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակից:

8. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված քննչական կոմիտեի ծառայողներին պաշտոնից ազատում է սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

(20-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 21. Քննչական կոմիտեի ծառայողի երդումը

 

1. Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Քննչական կոմիտեի ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քննչական կոմիտեի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 22. Քննչական կոմիտեի ծառայողին պաշտոնից ազատելը

(վերնագիրը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

1. Քննչական կոմիտեի ծառայողը պաշտոնից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) իր գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.

4) հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը:

2. Քննչական կոմիտեի ծառայողը պաշտոնից ազատվում է ՝

1) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում.

2) եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

4) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

5) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում.

6) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.

7) նրա՝ սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում:

(22-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 22.1. Քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Քննչական կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:

4. Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

5. Քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է քննչական կոմիտեի նախագահը։

(22.1-ին հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 23.

Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Քննչական կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողը կարող է զրկվել քննչական կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի:

4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի:

5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի դասային աստիճանն է:

6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

7. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

(24-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 25. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեի ծառայողի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:

8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:

(25-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 26. Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական իրավունքները

 

1. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.

2) սահմանված կարգով ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.

4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.

5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

6) ներկայացնելու առաջարկություններ քննչական կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ:

(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 27. Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական պարտականությունները

 

1. Քննչական կոմիտեի ծառայողը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը.

5) պահպանել ծառայողական կարգապահությունը.

6) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն:

2. Քննչական կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

(27-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 28. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը:

6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:

8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(28-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 28.1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը

 

1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք քննչական կոմիտեի նախագահի կողմից կարող են պարգևատրվել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ:

2. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(28.1-ին հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 29. Քննչական կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում:

 

Հոդված 30. Կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-311-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-311-Ն)

(30-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 31. Քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 

1. Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

2. Եթե կարգապահական վարույթը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը:

3. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:

4. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո:

5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:

6. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է քննչական կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը:

7. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:

9. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը:

10. Կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեի ծառայողը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

11. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե քննչական կոմիտեի նույն ծառայողը կատարել է մի քանի կարգապահական խախտում, քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

12. Եթե քննչական կոմիտեի ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:

13. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:

14. Կարգապահական տույժի ենթարկված քննչական կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

(31-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 32. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`

1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.

2) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմինը:

3. Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

(32-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 33. Քննչական կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.

4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա:

(33-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Հոդված 34. Քննչական կոմիտեի ծառայողին գործուղելը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել քննչական կոմիտեի կենտրոնական կամ տարածքային ստորաբաժանում այլ ծառայության` վերջինիս կազմում քննչական կոմիտեի ծառայողի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով:

2. Քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելը կատարվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով: Քննչական կոմիտեի ծառայողի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

3. Քննչական կոմիտեի գործուղված ծառայողի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:

4. Քննչական կոմիտեի ծառայողը գործուղման ավարտից հետո` երկու տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:

 

Հոդված 35. Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Քննչական կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում:

3. Քննչական կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քննչական կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ քննչական կոմիտեի ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները.

2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալները, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետերը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, մարզային քննչական վարչության պետերը.

3) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև քննչական կոմիտեի ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա քննչական կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը:

11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քննչական կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քննչական կոմիտեի ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

12. Քննչական կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

15. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք քննչական կոմիտեի նախագահին:

16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է քննչական կոմիտեի նախագահին:

17. Քննչական կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ քննչական կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում քննչական կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:

18. Քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(35-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 36. Քննչական կոմիտեի ծառայողի վերապատրաստումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողները, բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ անցնել վերապատրաստում:

2. Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 36.1. Քննչական կոմիտեի ծառայողի մասնակցությունը կրթական ծրագրերին

 

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեի ծառայողը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը:

2. Կրթական ծրագրերին քննչական կոմիտեի ծառայողի մասնակցության կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայությունը համարվում է հարգելի. այդ ընթացքում նրա հիմնական և լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:

(36.1-ին հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 37. Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության, ներառյալ՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 39. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու (բացառությամբ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից:

2. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

(39-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 40. Գույքային վնասի հատուցումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 41. Քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտումը

 

(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը

 

1. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ, քննչական կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ: Քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով:

(42-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 43. Քննչական կոմիտեի ծառայողի այլ սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը քննչական կոմիտեի ծառայողի համար երաշխավորում է՝

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

4) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

 

Հոդված 44. Քննչական կոմիտեի ծառայողի արձակուրդը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:

2. Քննչական կոմիտեի ծառայողի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի քննչական կոմիտեի բնականոն գործունեության իրականացմանը:

(44-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 45. Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

 

1. Քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանում է Կառավարությունը:

2. Քննչական կոմիտեի ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, իսկ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին` նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների կրման համար նախատեսված դաշտային (ամառային և ձմեռային) համազգեստ:

3. Քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Քննչական կոմիտեի ծառայողներին տրվում են քննչական կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ քննչական կոմիտեում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

(45-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 46. Քննչական կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Քննչական կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Քննչական կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով։

3. Քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

4. Ծառայողական հաշվեցուցակային զենքի և անձնական պաշտպանության հատուկ միջոցների գործադրման հիմքերի և կարգի նկատմամբ կիրառվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

5. Քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում քննչական կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

(46-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 47. Քննչական կոմիտեի ֆինանսավորումը

 

1. Քննչական կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

2. Քննչական կոմիտեի բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և քննչական կոմիտե է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

3. Քննչական կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով քննչական կոմիտեի ծառայողների և քննչական կոմիտեի դեպարտամենտում ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի երկու տոկոսին:

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ:

(47-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 48. Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը անցումային փուլում

 

1. Մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննչական կոմիտեի ծառայողների վարձատրությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Քննչական կոմիտեի ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից:

3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափին։

4. Բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը։

5. Բարձրագույն պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսը:

6. Գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը:

7. Գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսը։

8. Գլխավոր պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսը։

9. Առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսը:

10. Առաջատար պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսը։

11. Առաջատար պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսը։

12. Կրտսեր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսը։

13. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափից ելնելով` կոչումների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ.

1) արդարադատության գեներալ-լեյտենանտ՝ 80 տոկոսով.

2) արդարադատության գեներալ-մայոր՝ 75 տոկոսով.

3) արդարադատության գնդապետ՝ 65 տոկոսով.

4) արդարադատության փոխգնդապետ՝ 60 տոկոսով.

5) արդարադատության մայոր՝ 55 տոկոսով.

6) արդարադատության կապիտան՝ 50 տոկոսով.

7) արդարադատության ավագ լեյտենանտ՝ 45 տոկոսով.

8) արդարադատության լեյտենանտ՝ 40 տոկոսով:

14. Կոչում ունեցող քննչական կոմիտեի ծառայողն ստանում է հավելավճար` դատախազի, դատավորի, քննիչի և հետաքննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված կոչման նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կոչման համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել տվյալ ծառայողի պաշտոնային դրույքաչափը:

15. Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնի նշանակված դատավորների, դատախազների, քննիչների կամ հետաքննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս:

 

Հոդված 49. Ծառայության ստաժը հաշվարկելը

 

1. Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչներին և հետաքննիչներին քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում նրանց ունեցած ծառայության ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում ծառայության ստաժի մեջ:

(49-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 50. Նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները), կիրառված կարգապահական տույժերը

 

1. Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց սույն օրենքով համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

3. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

4. Քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են: Սույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը հաշվվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժի նշանակման օրվանից:

5. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման կամ աշխատավարձի չափի նվազեցման:

 

Հոդված 51. Քննչական կոմիտեի կառուցվածքի հաստատումը և ծառայողների նշանակման կարգը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը 20-օրյա ժամկետում նշանակում է քննչական կոմիտեի նախագահ:

2. Քննչական կոմիտեի նախագահը՝

1) պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը.

2) քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝

ա. 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ նշանակման նպատակով ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները,

բ. մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:

3. Կառավարությանն առընթեր ոստիկանության և պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինների քննիչները քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվում են քննչական կոմիտեում պաշտոնի՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Պաշտոնի նշանակելիս պահպանվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ ծառայողի զբաղեցրած պաշտոնի խումբն ու ենթախումբը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նշանակումները կատարելուց հետո քննչական կոմիտեում թափուր պաշտոններում նշանակումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ մինչև սույն օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի կազմումը:

(51-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հոդված 52. Քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետային պարբերականությամբ՝ երեք փուլով, յուրաքանչյուր փուլում առաջին ատեստավորում է անցնում քննչական կոմիտեի ծառայողների մեկ երրորդը:

 

Հոդված 53. Քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովները

 

1. Քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո:

 

Հոդված 54. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակների կազմումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները կազմելու և դրանցում ընդգրկման՝ սույն օրենքով սահմանված կարգը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 55. Քրեական վարույթները փոխանցելը

 

1. Մինչև քննչական կոմիտեի ծառայող նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները շարունակում են նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել՝ հանդես գալով համապատասխանաբար որպես ոստիկանության կամ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներ:

2. Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի նախկին քննիչները շարունակում են իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում այդպիսի լիազորություն իրենց վերապահված է: Հակառակ դեպքում քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները հանձնում են ըստ քննչական ենթակայության:

 

Հոդված 56. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում առկա քրեական գործերի արխիվը հանձնվում է քննչական կոմիտեի պահպանությանը:

3. Սույն օրենքի 38-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

4. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ:

Սույն մասով սահմանված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են զինվորական ծառայության ժամանակահատվածը և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելը աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը: Սույն մասով սահմանված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով: Կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

(56-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.06.15 ՀՕ-95-Ն, խմբ. 31.05.17 ՀՕ-92-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 10

Երևան

ՀՕ-25-Ն