Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-82-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.03.2018-07.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ. 548
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի ապրիլի 11-ին

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպման ու իրականացման խնդիրները և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության առանձնահատկությունների, կարգերի, պայմանների, դրանց հետ կապված հարաբերությունների և բնապահպանական վերահսկողության իրավական ու տնտեսական հիմքերը:

 

Հոդված 2.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման նպատակով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների վրա:
 

Հոդված 3.

Բնապահպանական վերահսկողության մասին օրենսդրությունը

Բնապահպանական վերահսկողության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և օրենսդրական այլ ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

բնապահպանական վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն օրենքով սահմանված կարգով բնապահպանական պետական տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող ստուգում, որը նպատակաուղղված է շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի, ներառյալ` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների և ընդհանուր օգտագործման ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության տարածքների (ծառեր, թփեր, զբոսայգիներ և այլ կանաչ գոտիներ) պահպանության, դրանց վերականգնման, բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև կենսական անվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործածության, ռադիոակտիվ աղտոտվածության, բնապահպանական հարկ և (կամ) բնօգտագործման վճար վճարողների (բացառությամբ ընդերքօգտագործողների) հաշվառման, բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման (բացառությամբ ընդերքօգտագործման համար) վճարի օբյեկտների համար բազաների հաշվարկման, վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի կատարմանը.

բնապահպանական պետական տեսչություն՝ բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով ստուգման իրավասություն ունեցող լիազորված պետական մարմնի ստորաբաժանում.

բնապահպանական պետական տեսուչ՝ բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով ստուգման լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.

ստուգվող սուբյեկտ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման համար կատարման ենթակա նորմեր.

շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործություն՝ շրջակա միջավայրի օբյեկտներ (մթնոլորտ, ջուր, հող, ընդերք, կենսառեսուրս, ներառյալ` անտառ և բնության հատուկ պահպանվող տարածք) արտանետվող, արտահոսվող ու տեղադրվող վնասակար տարրերի համար սահմանված չափաքանակների գերազանցված ազդեցություն.

բնական ռեսուրսների գերշահագործում` օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավել բնական ռեսուրսների օգտագործում.

թեմատիկ ստուգում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ստուգում.

ուսումնասիրություն` ստուգվող սուբյեկտների ներկայացրած վարչական վիճակագրական հաշվետվությունների, տվյալների, ինչպես նաև լիազոր մարմնի թույլտվությունների, հանձնարարականների, նորմատիվ ակտերով սահմանված այլ պահանջների վերաբերյալ տեղեկատվության և շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի տվյալների և փաստաթղթերի համադրման ու վերլուծության ընթացքում օրենսդրության պահանջների կատարման համար պատշաճ ձևով (պաշտոնական գրությամբ) նախազգուշացնող և իրավախախտման դեպքերը կանխարգելող` ստուգող մարմնում իրականացվող ներքին ընթացակարգ.

բնապահպանական հսկողություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող գործառույթներ, որոնք նպատակաուղղված են իրենց ենթակա կառույցների կողմից կամ իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում, ներառյալ` ընդհանուր օգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարմանը.

ինքնահսկում կամ արտադրական հսկում՝ արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների և գործողությունների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելու և հետևանքները վերացնելու նպատակով ներքին մոնիթորինգի և տվյալների գրանցման իրականացում:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.11.11 ՀՕ-281-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-270-Ն)

Հոդված 5.

Բնապահպանական վերահսկողության խնդիրները

Բնապահպանական վերահսկողության հիմնական խնդիրներն են`

1) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման, բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական վերահսկողության ապահովումը.

2) բնապահպանական օրենսդրության կիրարկմամբ իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների կայացման ապահովումը.

3) տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.

4) բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելումը:

Հոդված 6.

Բնապահպանական վերահսկողության սկզբունքները

Բնապահպանական վերահսկողության սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու իրավունքների և ազատությունների առաջնայնությունը.

2) շրջակա միջավայրի անվտանգության առաջնայնությունը.

3) բնապահպանական օրենսդրության միատեսակ կիրառման ապահովումը.

4) ծրագրային գործողությունների իրականացումը` ըստ գերակա ուղղությունների և առաջնայնությունների.

5) բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացում հասարակայնության մասնակցության ապահովումը:

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ


 

Հոդված 7.

Բնապահպանական վերահսկողության ապահովումը

Բնապահպանական վերահսկողության իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

Հոդված 8.

Բնապահպանական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

Բնապահպանական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) իր իրավասության սահմաններում բնապահպանական վերահսկողության ուղղությամբ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ընդունումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասություններ:
 

Հոդված 9.

Բնապահպանական վերահսկողության ուղղությամբ լիազոր մարմնի իրավասությունները

Բնապահպանական վերահսկողության ուղղությամբ լիազոր մարմնի իրավասություններն են`

1) բնապահպանական պետական տեսչության աշխատանքների համակարգումը և բնապահպանական վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակման ապահովումն ու իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը.

2) բնապահպանական պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 10.

Բնապահպանական պետական տեսչական համակարգը


1. Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչական համակարգը հանրապետական բնապահպանական պետական տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ամբողջությունն է:

2. Տարածքային ստորաբաժանումները բնապահպանական օրենսդրության պահանջների նկատմամբ վարչատարածքային սկզբունքով վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցներ են:

 

Հոդված 11.

Բնապահպանական պետական տեսուչների պաշտոնների դասակարգումը

1. Բնապահպանական պետական տեսուչների պաշտոնները դասակարգվում են հետևյալ կերպ.

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալ.

գ) հանրապետական բնապահպանական ավագ պետական տեսուչ.

դ) հանրապետական բնապահպանական պետական տեսուչ.

ե) տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչ.

զ) տարածքային բնապահպանական պետական տեսուչ:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության պետն է:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալը Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալն է:

4. Հանրապետական բնապահպանական ավագ պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և նրա տեղակալն է:

5. Հանրապետական բնապահպանական պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության կառուցվածքային բաժնի համապատասխան պաշտոնատար անձն է:

6. Տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի ղեկավարը և նրա տեղակալն է:

7. Տարածքային բնապահպանական պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի համապատասխան պաշտոնատար անձն է:

8. Սույն հոդվածի 1-ին մասով դասակարգված անձանց պաշտոնները և դասային աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված` քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:

Հոդված 12.

Բնապահպանական պետական տեսուչի իրավասությունները

1. Բնապահպանական պետական տեսուչը իրավունք ունի՝

ա) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգվող սուբյեկտներում իրականացնելու ստուգումներ.

բ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ստուգվող սուբյեկտներից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ինչպես նաև վերցնելու փորձանմուշներ և կատարելու կապարակնքում.

գ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերցնելու փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և կատարելու չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգումների նպատակներին.

դ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների շրջանակներում պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ընդունելու որոշումներ.

ե) բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում արձանագրելու խախտումները, օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգվող սուբյեկտներին հանձնարարականներ տալու, կասեցնելու, դադարեցնելու, արգելելու նրանց գործողությունները.

զ) բնապահպանական օրենսդրության կիրարկումն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կանգնեցնելու տրանսպորտային միջոցները.

է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում առգրավելու ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսը, որսագործիքները, որսի գործիք համարվող այլ միջոցներ.

ը) օրենքով նախատեսված դեպքերում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ ստորաբաժանումներ ու տարածքներ.

թ) ստուգումների ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու մասնագետների և փորձագետների.

ժ) օրենքով սահմանված կարգով կիրառելու հարկադրանքի միջոցներ.

ժա) օրենքով սահմանված կարգով պահելու, կրելու, օգտագործելու ծառայողական զենք, զինամթերք, ձեռնաշղթա և կրելու համազգեստ.

ժբ) վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում իրականացնելու գործերի վարույթ և գործերի քննությամբ կայացնելու համապատասխան որոշումներ.

ժգ) բնապահպանության ոլորտում ստուգվող սուբյեկտներին տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների, արտոնագրերի ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմիններին ներկայացնելու միջնորդագրեր.

ժդ) օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում բնապահպանական հարկով հարկման բազայի և բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների չափագրման, հարկման բազայի և վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց համար սահմանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ կազմելու ակտեր.

ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնելու դատարան.

ժզ) բնապահպանական օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին:

2. Պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց կողմից բնապահպանական պետական տեսուչի լիազորությունների իրականացումն արգելվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Բնապահպանական պետական տեսչությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:

(12-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-270-Ն)


Հոդված 13.

Բնապահպանական պետական տեսուչի պարտականությունները

1. Բնապահպանական պետական տեսուչը պարտավոր է`

ա) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների կատարումը.

բ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանումը.

գ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բողոքներն ու դիմումները և դրանց ընթացք տալ.

դ) բնապահպանական օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.

ե) ապահովել առգրավված բնական ռեսուրսների, որսի, որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված տնօրինման կարգի պահպանումը.

զ) արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.

է) իրականացնել անկողմնակալ վերահսկողություն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

ը) բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն.

թ) հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին:

2. Բնապահպանական պետական տեսուչն իր պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և լիազոր մարմնի սահմանած մեթոդական ցուցումներով ու հրահանգներով:

Հոդված 14.

Բնապահպանական պետական տեսուչի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

Բնապահպանական պետական տեսուչի նկատմամբ կիրառվող սահմանափակումները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 

Հոդված 15.

Բնապահպանական պետական տեսչության ֆինանսավորումը

Բնապահպանական պետական տեսչությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 16.

Բնապահպանական պետական տեսուչի համազգեստը

Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կարգն ու պայմանները` լիազոր մարմինը:


Հոդված 17.

Բնապահպանական պետական տեսուչի զենքը

 

Օրենքով սահմանված կարգով բնապահպանական պետական տեսուչին հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 18.

Բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը

 

1. Բնապահպանական պետական տեսուչը իր ծառայողական պարտականությունները կատարելիս բնապահպանական օրենսդրության իրավախախտների նկատմամբ իրավունք ունի կիրառելու (գործադրելու) ֆիզիկական հարկադրանք (ուժ) և ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նպատակներով և դեպքերում:

2. Բնապահպանական պետական տեսուչը ֆիզիկական հարկադրանք (ուժ) կիրառելիս իրավունք ունի օգտագործելու ձեռնաշղթաներ և ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ:

3. Բնապահպանական պետական տեսուչը բնապահպանական օրենսդրության իրավախախտների նկատմամբ ֆիզիկական հարկադրանք (ուժ) կիրառում է`

ա) իր և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու, կասեցնելու նպատակով.

բ) բնապահպանական պետական տեսչությանը պատկանող կամ վերջինիս կողմից վերահսկվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու, կասեցնելու նպատակով.

գ) իրավախախտումը կանխելու, կասեցնելու, իրավախախտի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով բերման ենթարկելու դեպքերում` դիմադրություն ցույց տվող անձանց նկատմամբ.

դ) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելու դեպքում:

4. Բնապահպանական պետական տեսուչը բնապահպանական օրենսդրության իրավախախտների նկատմամբ ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ կիրառում է ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, եթե դրա վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում տեսուչի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:

5. Բնապահպանական պետական տեսուչը ֆիզիկական հարկադրանք կիրառելիս իրավունք ունի գործադրելու ձեռնաշղթաներ: Ձեռնաշղթաներ կիրառելն արգելվում է հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ վերջիններիս կողմից զինված դիմադրություն ցույց տալու և բնապահպանական պետական տեսուչի կյանքին վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 19.

Բնապահպանական պետական տեսուչի կողմից զենքի գործադրումը

 

1. Զենք կրելու իրավունք ունեցող բնապահպանական պետական տեսուչը իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունի զենք գործադրելու՝

ա) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու, կասեցնելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

բ) զենքի հափշտակման փորձը կանխելու, կասեցնելու համար:

2. Մինչև զենքի գործադրումը բնապահպանական պետական տեսուչը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և բնապահպանական պետական տեսուչի կյանքին վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Հոդված 20.

Բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի օգտագործման պայմանները
 

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, իսկ այնուհետ՝ պարբերաբար, բնապահպանական պետական տեսուչը սահմանված կարգով անցնում է հատուկ պատրաստության ստուգումներ:

Նշված անձը պարտավոր է նաև տուժողին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ունենալ:

Բնապահպանական պետական տեսուչը տեսչական գործողությունների ծավալման ամբողջ ընթացքում պարտավոր է իր հետ ունենալ առաջին բուժօգնության համար համապատասխան պարագաներ` դրանց համար նախատեսվող հատուկ պայուսակով:

2. Բնապահպանական պետական տեսուչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումը ստեղծված իրավիճակում անհնարին է կամ կարող է վտանգ առաջացնել իր կամ այլ անձանց կյանքին ու առողջությանը և հանգեցնել այլ ծանր հետևանքների:

3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և այն կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով՝ վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները բնապահպանական պետական տեսուչը պետք է հասցնի նվազագույնի:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով մարմնական վնասվածքների և(կամ) մահվան դեպքերի մասին համապատասխան պետական տեսուչն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին և միաժամանակ լիազոր մարմնի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալին:

5. Բնապահպանական պետական տեսուչի կողմից զենքի օգտագործման հատուկ պատրաստության ստուգումների անցկացման կարգը սահմանվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Օրենքով չնախատեսված դեպքերում բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը կամ սահմանների անցումով գործառույթների կատարումը Հայաստանի Հանրապետության օրենքով ենթակա է պատասխանատվության:

Հոդված 21.

Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը

Բնապահպանական պետական տեսչությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բնապահպանական պետական տեսչության տարբերանշանը բնապահպանական պետական տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:
 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


 

Հոդված 22.

Բնապահպանական վերահսկողության հիմնական ուղղությունները

1. Ստուգվող սուբյեկտում բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է բնապահպանական օրենսդրությամբ սահմանված նորմերի կատարման նկատմամբ հետևյալ ուղղություններով.

1) մթնոլորտային օդի պահպանություն՝

ա) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայությունը և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանումը,

բ) կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումը,

գ) մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայությունը և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանումը,

դ) տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների ու չափման կարգերի պահպանումը,

ե) բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանումը,

զ) մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառման վարման կանոնների կատարումը,

է) օզոնային շերտի պահպանության համար սահմանված սահմանափակումների և պահանջների պահպանումը.

2) ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն՝

ա) ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանումը,

բ) ջրօգտագործման թույլտվություն և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարումը,

գ) սահմանված չափաքանակներից ավել ջրային ռեսուրսներն աղտոտելու և ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանումը,

դ) ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների պահպանումը,

ե) ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբյուսների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման պահանջների կատարումը,

զ) ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարումը,

է) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների կատարումը,

ը) ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի՝ չափաքանակների ու սահմանափակումների կատարումը.

3) հողերի պահպանություն՝

ա) հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանումն ու բնապահպանական միջոցառումների կատարումը,

բ) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանումը,

գ) բնապահպանական, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման համար տրամադրված հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական սահմանափակումների ու նորմերի պահպանումը,

դ) բնապահպանական, ջրային, անտառային ֆոնդի հողերի, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի նպատակային ու գործառնական նշանակության օգտագործման, ինչպես նաև այդ հողերի սանիտարական և պահպանական գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների) համար հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերով և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաներով սահմանված նորմերի պահպանումը.

4) ընդերքի օգտագործում և պահպանություն՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-281-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-281-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-281-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 28.11.11 ՀՕ-281-Ն)

ե) ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները կանխող բնապահպանական միջոցառումների իրականացումը,

զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.

5) կենդանական և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն՝

ա) կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների կատարումը,

բ) վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման սահմանված պահանջների պահպանումը,

գ) Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանումը,

դ) կենդանական աշխարհի օբյեկտների վերաբնակեցման, կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանումը,

ե) բուսական աշխարհի օբյեկտների կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակներով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանումը,

զ) ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման պահանջների պահպանումը,

է) բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերի, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրի, բնադրավայրերի, միգրացիոն ուղիների պահպանության համար սահմանված պահանջների պահպանումը,

ը) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանումը,

թ) վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների պահպանումը,

ժ) բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների պահպանության պահանջների կատարումը, ընդհանուր օգտագործման տարածքներում ծառերի, թփերի, զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանման համար սահմանված պահանջների կատարումը,

ժա) անտառներում ծառերի, թփերի, մատղաշի և մշակաբույսերի պահպանման, ծառերի ու թփերի հատման կանոնների պահպանումը,

ժբ) անտառները արտադրական և կենցաղային կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, քիմիական նյութերով և թափոններով աղտոտումը կանխարգելող սահմանափակումների պահպանումը,

ժգ) անտառային ֆոնդի տարածքներում խոտհնձի, անասունների արածեցման, խոտհարքների և արոտահանդակների օգտագործման կանոնների պահպանումը,

ժդ) անտառաշինական փաստաթղթերի համապատասխան անտառավերականգնման և այլ աշխատանքների կատարումը.

6) վտանգավոր նյութեր և արտադրության ու սպառման թափոններ՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության՝ առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման (թափոնի երկրորդային օգտագործում), հեռացման, վնասազերծման, շրջակա միջավայրում դրանց տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանումը,

բ) վտանգավոր նյութերն ու թափոնները Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանումը.

7) ռադիոակտիվ նյութերով աղտոտվածություն`

ռադիոակտիվ նյութերով շրջակա միջավայրի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված նորմերի ու կանոնների պահպանումը, բացառությամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի.

8) բնապահպանական պետական փորձաքննություն՝

բնապահպանական պետական փորձաքննական եզրակացության առկայությունը և փորձաքննության ենթարկված փաստաթղթերում ամրագրված բնապահպանական պահանջների ու միջոցառումների կատարումը.

9) բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ`

ա) բնապահպանական հարկ և (կամ) բնօգտագործման վճար վճարողների (բացառությամբ ընդերքօգտագործողների) հաշվառման կարգի պահանջների պահպանումը,

բ) բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման (բացառությամբ ընդերքօգտագործման) վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանումը.

10) բնապահպանական վարչական վիճակագրություն՝

բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանումը:

2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է նաև բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

(22-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.11.11 ՀՕ-281-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-270-Ն)

Հոդված 23.

Բնապահպանական վերահսկողության ձևերը

Բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին.

2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:

(23-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-270-Ն)


Հոդված 24.

Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը

1. Թեմատիկ ստուգումների համար հիմք են համարվում լիազոր մարմնի ղեկավարի հաստատած տարեկան ծրագիրը և լիազոր մարմնի ու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջև կնքված` շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման վերաբերյալ պայմանագիրը:

Բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում նաև հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը, անկախ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:

2. Հաստատված տարեկան ծրագրին համապատասխան` ստուգում իրականացնելու մասին հրամանը տալիս է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հանձնարարագիրը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը:

3. Թեմատիկ ստուգումների ընթացքի և ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարականների` ըստ ժամկետների կատարման նկատմամբ ստուգման ընթացքի և ժամկետի վրա, ինչպես նաև այն դեպքերի վրա, երբ բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) կամ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներն իրականացվում են այն վճարողների մոտ, որոնք ընդգրկված են հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում:

4. Թեմատիկ ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

(24-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-270-Ն)


Հոդված 25.

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումների իրականացման առանձնահատուկ դեպքերը և դրանց իրականացման կարգը


1. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումների իրականացման համար առանձնահատուկ դեպքեր (այսուհետ` առանձնահատուկ դեպքեր) են համարվում՝

ա) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակները.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.

գ) քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները.

դ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:

2. Առանձնահատուկ դեպքերում ստուգում իրականացնելու համար`

ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» կետերով սահմանված դեպքերում ստուգումն անցկացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարականով, Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի հանձնարարագրով կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչի հանձնարարագրով.

բ) սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված դեպքում ստուգումն անցկացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով և հանձնարարագրով:

3. Առանձնահատուկ դեպքերում ստուգումներ իրականացնելու մասին հրամանում և(կամ) հանձնարարագրում նշվում են ստուգման իրականացման նպատակը, ստուգող և ստուգվող սուբյեկտի անվանումը և(կամ) ստուգվող տարածքը, ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունն ու ազգանունը և ստուգման ժամկետը:

Հրամանում և(կամ) հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը:

4. Առանձնահատուկ դեպքերում ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան տասնհինգ օրացուցային օր, իսկ արտակարգ և վթարային իրավիճակներում ստուգումները կարող են շարունակվել մինչև վթարի կամ վտանգի վերացումը:

5. Առանձնահատուկ դեպքերում ստուգումների ընթացքում՝

ա) ստուգվող սուբյեկտում բնապահպանական օրենսդրության խախտում չհայտնաբերելու կամ հայտնաբերելու դեպքում բնապահպանական պետական տեսուչի կողմից ակտով արձանագրվում է օրենսդրության խախտում չհայտնաբերելու կամ հայտնաբերելու փաստը.

բ) ստուգվող սուբյեկտի կողմից բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում բնապահպանական պետական տեսուչը տալիս է հանձնարարական, որում նշվում են խախտման բովանդակությունը, խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները:

6. Առանձնահատուկ դեպքերում կատարված ստուգումների վերաբերյալ ակտի և հանձնարարականի բովանդակությունը նմանատիպ է թեմատիկ ստուգումների վերաբերյալ ակտի և հանձնարարականի բովանդակությանը:

Ստուգումներով արձանագրված ակտի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող սուբյեկտին, իսկ նրա կողմից ակտը ստորագրելուց կամ վերցնելուց հրաժարվելու դեպքում ակտի օրինակը պատշաճ կերպով ուղարկվում է փոստով:

7. Առանձնահատուկ դեպքերում կատարվող ստուգումների ժամանակ կարող են իրականացվել համատեղ և այլընտրանքային ստուգումներ հետևյալ սկզբունքներով.

ա) համատեղ ստուգումներն իրականացվում են բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման ժամանակ, ստուգումներին պետական կառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց ներգրավման անհրաժեշտություն առաջանալու, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքին համապատասխան.

բ) այլընտրանքային ստուգումներն իրականացվում են միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար բնապահպանական օրենսդրության կիրարկման նպատակով կնքված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում և դրանց համապատասխան:

8. Ստուգումների վերաբերյալ ակտի ու հանձնարարագրի ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

(25-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 26.

Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

1. Ուսումնասիրության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը պատշաճ ձևով նախազգուշացնում է համապատասխան ստուգվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, ներառյալ` դրանց կատարման ժամկետը:

2. Ստուգվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձևով տեղյակ պահել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձանց:

3. Նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում ստուգվող սուբյեկտի կողմից խախտման հետևանքները չվերացնելը և(կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձևով չտեղեկացնելը հիմք են հանդիսանում նոր ստուգումների իրականացման համար:

Ստուգումներ իրականացնելու ընթացքում սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումն արգելվում է:

4. Բնապահպանական օրենսդրության խախտման կանխարգելումը բնապահպանական օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և նորմատիվ բնույթի իրավական ակտի պահանջների կատարման վերաբերյալ բացատրական աշխատանքների կատարման ընթացակարգ է, որն իրականացվում է հանդիպումների, խորհրդակցությունների կամ կապի այլ միջոցներով, ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ ստուգվող սուբյեկտում ստուգումների անցկացման ընթացքում:

Հոդված 27.

Բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի ընթացքում քննություն իրականացնելու և որոշումներ կայացնելու կարգը

 

1. Բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի ընթացքում սույն հոդվածով սահմանված պաշտոնատար անձինք կատարում են քննություն և ընդունում որոշումներ:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված որոշումներ (այսուհետ` որոշումներ) կայացնելու իրավասություն ունեն լիազոր մարմնի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը և տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը` իրենց տված հրամանների, հանձնարարականների, հանձնարարագրերի համաձայն, իսկ տարածքային բնապահպանական պետական տեսուչը՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում և կարգով:

3. Գործերը քննվում են համապատասխան արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասն օր հետո` հնգօրյա ժամկետում, բացառությամբ վարչական իրավախախտումների գործերի, որոնց քննությունը կատարվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

4. Գործերի քննությունն իրականացվում է ստուգումների ընթացքում արձանագրված փաստերի և ուսումնասիրությունների արդյունքների համադրմամբ, որոնց անհամապատասխանության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց հանձնարարությամբ ստուգումները կարող են երկարաձգվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Գործերի քննության արդյունքով կայացվում են հետևյալ որոշումները.

ա) իրավախախտումներ չհայտնաբերելու դեպքում՝ «արձանագրությունը (ակտը) ընդունել ի գիտություն».

բ) իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժ.

գ) իրավախախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ.

դ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել ստուգվող սուբյեկտին.

ե) ըստ իրավախախտման բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցնել, կասեցնել և արգելել իրավախախտում թույլ տվող անձանց գործողությունները.

զ) ըստ իրավախախտման բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով առգրավել ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները, որսագործիքները և որսի գործիք համարվող այլ միջոցներ.

է) իրավախախտում թույլ տված անձանց համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել համապատասխան մարմիններ.

ը) հայտնաբերված իրավախախտումների վերացման համար տալ հանձնարարականներ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշումներում նշվում են որոշումն ընդունած մարմնի և ստորաբաժանման անվանումը, գործը քննող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ստուգվող սուբյեկտի անվանումը, գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և տեղը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, իրավախախտման դեպքում՝ տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը, կատարման ենթակա միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, ինչպես նաև գործի վերաբերյալ եզրահանգումը:

7. Բնապահպանական պետական տեսչական ստուգմամբ կայացված որոշման և հայտնաբերված խախտման վերացման հանձնարարականի ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 28.

Որոշումների կատարման ընթացակարգը
 

1. Գործերի քննության արդյունքում ընդունված որոշումները կատարվում են սույն հոդվածով սահմանված ընթացակարգով:

2. Գործի քննության արդյունքում ընդունված որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է ստուգվող սուբյեկտին:

Որոշումը հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է փոստով` համապատասխան նշում կատարելով գործերի քննության գրանցամատյանում:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) «ա» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին տրամադրվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով.

2) «բ» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին օրենքով սահմանված կարգով տրամադրելուց հետո վարչական տուգանքի ենթարկված անձը որոշմամբ սահմանված ժամկետում որոշում կայացնող պաշտոնատար անձին ներկայացնում է վճարման անդորրագիրը, որը կցվում է որոշման մյուս օրինակին.

3) «գ» կետով սահմանված որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ստուգման նյութերը ներկայացվում են հետաքննություն իրականացնող համապատասխան մարմիններին` միաժամանակ որոշման մեկ օրինակը սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրելով ստուգվող սուբյեկտին.

4) «դ» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրելուց հետո իրավախախտում թույլ տված սուբյեկտը տասնհինգօրյա ժամկետում որոշում կայացնող պաշտոնատար անձին ներկայացնում է վճարման անդորրագիրը, որը կցվում է որոշման մյուս օրինակին: Սահմանված ժամկետում անդորրագիրը չներկայացնելու կամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշումը չկատարելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով.

5) «ե» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին, բացառությամբ ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա) ու անհատ ձեռնարկատերերի, տրամադրվում է սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

Ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա) ու անհատ ձեռնարկատերերին «ե» կետով սահմանված որոշման վերաբերյալ ստուգման պահին տեղեկացնում է ստուգող պաշտոնատար անձը.

6) «զ» կետով սահմանված որոշման վերաբերյալ ստուգվող սուբյեկտը տեղեկացվում է ստուգման պահին.

7) «է» կետով սահմանված որոշումը կայացնելուց հետո լիազոր մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում միջնորդագիր է ներկայացնում համապատասխան պայմանագրեր կնքող, լիցենզավորող կամ թույլտվություն տվող իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին՝ պայմանագրի, թույլտվության, լիցենզիայի և արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին:

Բնապահպանության ոլորտում լիազորված պետական մարմնի կնքած պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու որոշման վերաբերյալ միջնորդագիրը համապատասխան պաշտոնատար անձին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը որոշումը կայացնելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

Միջնորդագրին կցվում է խախտման վերաբերյալ արձանագրության պատճենը: Պայմանագիր կնքող կամ թույլտվություն տվող կամ լիցենզավորող կամ արտոնագիր տվող մարմնի ղեկավարը կամ պաշտոնատար անձը միջնորդագիրն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, քննում է այն և ընդունում որոշում պայմանագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու կամ միջնորդագիրը մերժելու մասին և հնգօրյա ժամկետում տեղյակ է պահում միջնորդագիրը ներկայացնող պաշտոնատար անձին.

8) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «ը» կետով սահմանված որոշումը կարող է ընդունվել սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «բ», «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված որոշումների ընդունման հետ միաժամանակ:

4. Գործերի քննության արդյունքների և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշումների, դրանց ներկայացման ու կատարման ընթացքի վերաբերյալ տվյալները գրառվում են գործերի քննության գրանցամատյանում, որի ձևն ու լրացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
  

Հոդված 29.

Իրավախախտում թույլ տված անձանց գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման ընթացակարգը

1. Ստուգվող սուբյեկտների գործողությունները դադարեցվում, կասեցվում և արգելվում են օրենքներով սահմանված դեպքում ու կարգով և սույն հոդվածով սահմանված ընթացակարգով:

2. Ստուգվող սուբյեկտների գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման վերաբերյալ որոշման մեկ օրինակը սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց հանձնարարությամբ տարածքային բնապահպանական պետական տեսուչը երկօրյա ժամկետում տալիս է ստուգվող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին, որոնք ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում են համապատասխան նշագրում:

Պաշտոնատար անձանց կողմից որոշումն ընդունելուց հրաժարվելու կամ այն հանձնելու անհնարինության դեպքերում որոշման մեկ օրինակն ուղարկվում է փոստով` գրանցամատյանում կատարելով համապատասխան նշագրում:

3. Եթե որոշման պահանջի կատարումն իրականացման ենթակա է ստուգվող սուբյեկտի կողմից, ապա ստուգվող սուբյեկտի ղեկավարը որոշմամբ սահմանված ժամկետում այն իրականացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, պատշաճ ձևով տեղյակ է պահում որոշումն ընդունող պաշտոնատար անձին:

4. Եթե որոշման պահանջի կատարումն իրականացման ենթակա է տվյալ ստուգվող սուբյեկտում համապատասխան բնապահպանական պետական տեսուչի կողմից կամ նրա մասնակցությամբ (դադարեցում, կասեցում, կապարակնքում և այլն), ապա որոշման պահանջների կատարումն իրականացվում է որոշմամբ սահմանված ժամկետում, որն արձանագրվում է:

Բնապահպանական պետական տեսուչը կապարակնքման միջոցով որոշման պահանջների կատարումն իրականացնելու դեպքում կազմում է նաև կապարակնքման ակտ:

5. Բնապահպանական պետական տեսուչի կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 30.

Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգման կարգը

1. Ստուգումների ընթացքում բնապահպանական պետական տեսուչն ստուգում է բնօգտագործման վճար վճարող ստուգվող սուբյեկտի կողմից կենսապաշարի օգտագործման համար վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի առկայությունը, կենսապաշարների օգտագործման համար վճարի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված լինելը, ինչպես նաև կենսապաշարների օգտագործման համար տրված թույլտվության, լիցենզիայի, կնքված պայմանագրի և բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը:

 Համապատասխանությունը  պարզելու նպատակով ստուգվում են կենսապաշարի տեսակը, քանակը, օգտագործման ժամանակահատվածը և վայրը (տարածքը):

2. Կենսապաշարների տեղափոխման ժամանակ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև դրանց իրացման վայրերում բնապահպանական պետական տեսուչն իրականացնում է կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգում:

Ստուգման ժամանակ ստուգվում է նաև վճարի հաշվարկը` անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կատարելով նշված հաշվարկում, ստուգվող սուբյեկտին հանձնելով հաշվարկված վճարի վճարման անդորրագիր, այնուհետև վերահսկելով, որ վճար վճարողը ապահովի հաշվարկված վճարի վճարումը:

3. Ստուգման ընթացքում առանց բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի հայտնաբերված ապօրինի կենսապաշարը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափաքանակը չգերազանցելու դեպքում բնապահպանական պետական տեսուչն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է տվյալ կենսապաշարի օգտագործման համար վճարը և վերահսկում, որպեսզի վճար վճարողն ապահովի վճարի վճարումը:

4. Ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի կենսապաշարը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափաքանակը գերազանցելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը սույն օրենքով սահմանված կարգով առգրավում է ապօրինի օգտագործվող կենսապաշարը:

5. Կենսապաշարների օգտագործման վճարի վճարման փաստը հաստատող վճարի և հաշվարկված վճարի վճարման անդորրագրերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:

6. Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի), որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առգրավված բնական ռեսուրսների իրացումից կամ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցներից առաջացած գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-270-Ն)


Հոդված 31.

Բնապահպանական պետական տեսուչի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն` բնապահպանական պետական տեսուչն ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնում է`

ա) մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի չափաքանակների ակնհայտ գերազանցման դեպքում.

բ) թափոնների տեղափոխման նորմերի ու կանոնների ակնհայտ խախտման դեպքում.

գ) կենսառեսուրսների և հողի բերրի շերտի տեղափոխման դեպքերում` դրանց ձեռքբերման օրինականությունը պարզելու համար:

2. Բնապահպանական պետական տեսուչը սույն հոդվածի`

ա) 1-ին մասի «ա» կետով սահմանված ստուգման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի թույլատրելի նորմատիվների գերազանցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով փաստն արձանագրում է և արգելում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործումը մինչև ստուգվող սուբյեկտի կողմից դրա կարգավորումը:

Ավտոտրանսպորտային միջոցի հետագա շահագործումը թույլատրվում է բնապահպանական պետական տեսուչի տված համապատասխան տեղեկանքի հիման վրա, որի ձևը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը.

բ) 1-ին մասի «բ» կետով սահմանված ստուգման ժամանակ սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով արձանագրվում է իրավախախտման փաստը.

գ) 1-ին մասի «գ» կետով սահմանված ստուգման ժամանակ կենսառեսուրսների և հողի բերրի շերտի տեղափոխման իրավախախտում հայտնաբերելու դեպքում տվյալ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխվում է համապատասխան բնապահպանական պետական տեսչությանը պատկանող կամ նրանց հսկողության տակ գտնվող տարածք` սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն հոդվածով սահմանված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցի վարորդի` բնապահպանական պետական տեսուչի օրինական պահանջին չենթարկվելու` ավտոտրանսպորտային միջոցը չկանգնեցնելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

(31-րդ հոդվածը փոփ. 28.11.11 ՀՕ-281-Ն)

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 

Հոդված 32.

Ստուգվող սուբյեկտների իրավունքները
  

1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող սուբյեկտներն իրավունք ունեն`

ա) արգելելու ստուգումը և(կամ) ստուգում իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը, եթե բնապահպանական պետական տեսուչը խախտել է օրենքով սահմանված ստուգումների իրականացման կարգը.

բ) ծանոթանալու ստուգման ակտերին, ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ.

գ) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ստուգումն իրականացնող բնապահպանական պետական տեսուչի գործողությունները.

դ) օրենքով սահմանված կարգով պահանջելու ստուգումն իրականացնող բնապահպանական տեսուչի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարելու ստուգման առաջադրանքներից չբխող պահանջները.

զ) սեփական շահերի պաշտպանության նպատակով ստուգմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների և փաստաբանների:

2. Բնապահպանական պետական տեսուչի գործողությունները ստուգվող սուբյեկտը վերադասության, ինչպես նաև դատական կարգով կարող է բողոքարկել լիազոր մարմնի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչին:

3. Վերադասության կարգով բողոքարկելու դեպքում, մինչև պատասխան ստանալը, ստուգվող սուբյեկտը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում ստուգումը շարունակվում է:

4. Վերադասության կարգով բողոքարկելիս 15 օրացուցային օրում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքի վերաբերյալ փաստարկները համարվում են ընդունված:

Սույն կետով սահմանված ժամկետի սկիզբ է համարվում հասցեատիրոջ մոտ բողոքի ստացման օրը:

Հոդված 33.

Ստուգվող սուբյեկտների պարտականությունները

1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող սուբյեկտները պարտավոր են`

ա) պահպանել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ ինքնահսկում կամ արտադրական հսկում.

գ) չխոչընդոտել ստուգումների ընթացքին.

դ) կատարել ստուգում իրականացնող անձանց օրինական պահանջները.

ե) ստուգող անձանց պահանջով տրամադրել ստուգմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, բանավոր և գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և ստուգմանն անհրաժեշտ այլ փաստաթղթեր և իրեր.

զ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

է) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում վերացնել ստուգմամբ բացահայտված թերություններն ու իրավախախտումները:

2. Ստուգվող սուբյեկտները պարտավոր են իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ:

3. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման համար ինքնահսկում կամ արտադրական հսկում իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի պահանջները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Հոդված 34.

Բնապահպանական պետական տեսչության և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները


1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կենսառեսուրսների (բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների), վտանգավոր թափոնների տեղափոխումը (ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում) կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության կամ լիցենզիայի առկայության դեպքում:

Սույն հոդվածում նշված ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման մասին տեղեկատվությունը մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում տրամադրում է բնապահպանական պետական տեսչությանը:

Տեղեկանքում ներառվում են ապրանքների նկարագիրը և ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, քանակը, ամսաթիվը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող այլ տեղեկություններ:

Բնապահպանական պետական տեսչությունը սույն հոդվածում նշված տեղեկատվության ուսումնասիրության և տեղեկատվության մեջ ընդգրկված սուբյեկտներում սույն օրենքով սահմանված կարգով կատարած ստուգումների արդյունքների հիման վրա կարող է դիմել մաքսային մարմին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:

2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և հարկային մարմինների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ու իրավական այլ ակտերով:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը ստուգման ակտը ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:

(34-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-270-Ն)

 

Հոդված 35.

Բնապահպանական պետական տեսչության և տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերությունները

 

1. Տարածքային կառավարման մարմինները, Երևանում Երևանի քաղաքապետը հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

2. Տարածքային կառավարման մարմինները, Երևանում Երևանի քաղաքապետը համապատասխանաբար մարզի և Երևան քաղաքի իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս տեղյակ են պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

3. Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգում և ստուգման ավարտից հետո` եռօրյա ժամկետում, արդյունքների մասին պատշաճ ձևով տեղեկացնում է համապատասխան տարածքային կառավարման մարմնին կամ քաղաքապետին:

Ստուգումն սկսելու մասին տեղյակ է պահվում համապատասխան տարածքային կառավարման մարմնին կամ քաղաքապետին, որի ներկայացուցիչը կարող է մասնակից դառնալ ստուգումներին:

4. Տարածքային կառավարման մարմինները, Երևանում Երևանի քաղաքապետը հսկողություն են իրականացնում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական մարզային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և դրանց ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

5. Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումները սույն օրենքով սահմանված կարգով ստուգում են տարածքային կառավարման մարմինների, Երևանում Երևանի քաղաքապետարանի բնապահպանական համապատասխան ստորաբաժանման և (կամ) կազմակերպության կողմից բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը և կայացված որոշումների մասին սույն օրենքի 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղյակ պահում մարզպետին (Երևանում Երևանի քաղաքապետին):

6. Տարածքային կառավարման մարմինները, Երևանում Երևանի քաղաքապետը հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

Հոդված 36.

Բնապահպանական պետական տեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները


1. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կամ նկատելիս տեղյակ են պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

3. Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգում և ստուգման արդյունքների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին:

Ստուգումն սկսելու մասին տեղյակ է պահվում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, որի ներկայացուցիչը կարող է մասնակից դառնալ ստուգումներին:

4. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական համայնքային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

5. Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումները սույն օրենքով սահմանված կարգով ստուգում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը և կայացված որոշումների մասին սույն օրենքի 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղյակ պահում համայնքի ղեկավարին:

 

Հոդված 37.

Բնապահպանական պետական տեսչության փոխհարաբերությունները հասարակայնության հետ

 

1. Հասարակայնության, ներառյալ` հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հասարակայնություն) պահանջով բնապահպանական օրենսդրության կիրարկման վերաբերյալ տեղեկատվությունը բնապահպանական պետական տեսչությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Հասարակայնությունը բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին պատշաճ ձևով է տեղյակ պահում կամ ահազանգում բնապահպանական պետական տեսչությանը, որը համապատասխան դիմում-բողոքը կամ հաղորդումն ստանալուց հետո սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնում է ստուգում և ստուգման ավարտից հետո` հնգօրյա ժամկետում, արդյունքների մասին տեղյակ է պահում նաև դիմողին կամ հաղորդում ներկայացնողին:

3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում բնապահպանական պետական տեսչությունը ստուգմանը կարող է ներգրավել նաև դիմողին կամ հաղորդում ներկայացնողին:

4. Բնապահպանական օրենսդրության կիրարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով բնապահպանական պետական տեսչությունը կատարվող աշխատանքների մասին կարող է տեղեկացնել հասարակայնությանը` միաժամանակ պահպանելով գաղտնիությունն ու ձեռնպահ մնալով գործերի քննության ընթացքի մանրամասներ տրամադրելուց, ինչպես նաև հասարակայնությանը կարող է ներգրավել բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին:

5. Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին օրենսդրության խախտման դեպքերի վերաբերյալ հասարակայնության տրամադրած ակնհայտ կեղծ տեղեկատվությունը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 38.

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում


Սույն օրենքով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտները սույն օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ իրավասությունները վերազանցելու կամ դրանք ոչ պատշաճ կատարելու կամ սույն օրենքի այլ պահանջները խախտելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 39.

Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. մայիսի 10
Երևան
ՀՕ-82-Ն