Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-41-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.04.2018-10.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին

 

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները:

 

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքի I և VII բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` հանրային իրավունքի բնագավառում իրականացվող ցանկացած գործունեության վրա:

2. Սույն օրենքի II-VI բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեության վրա, իսկ սույն օրենքի IV-VI բաժինների գործողությունը տարածվում է նաև վարչական մարմինների այնպիսի գործողության և անգործության վրա, որոնք անձանց համար առաջացնում են փաստական հետևանքներ:

3. Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) վարչական մարմիններ`

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.

բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար.

2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

(3-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, 26.12.08 ՀՕ-19-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-257-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-193-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 4. ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

 

Հոդված 5. ՁևԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

 

Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

 

Հոդված 6. ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

 

1. Հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:

2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

 

Հոդված 7. ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ

 

1. Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:

2. Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով:

Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:

 

Հոդված 8. ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

 

Հոդված 9. ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

1. Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

2. Եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլևս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձևով:

3. Եթե վարչական մարմինների կողմից անձանց տրված թույլտվությունները բովանդակային առումով ներառում են այլ թույլտվություններ, ապա դրանք նույնպես համարվում են տրված:

(9-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 10. ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

 

1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

2. Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:

 

Հոդված 11. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը:

 

Հոդված 12. ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

 

Սույն գլխով սահմանված վարչարարության հիմնարար սկզբունքներն սպառիչ չեն և չեն կարող արգելք լինել վարչարարության այլ սկզբունքներ կիրառելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. ԳՈՐԾԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անշարժ գույքին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում գտնվում է տվյալ անշարժ գույքը:

2. Իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը որևէ իրավունք տրամադրելը կամ նրա վրա որևէ պարտականություն դնելը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

3. Ֆիզիկական անձին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում հաշվառված է կամ մշտապես կամ առավելապես բնակվում է տվյալ անձը:

4. Եթե որևէ հարցի լուծում վերապահված է միաժամանակ երկու և ավելի վարչական մարմինների իրավասությանը, ապա իրավասու է այն վարչական մարմինը, որին անձը դիմել է, կամ որի նախաձեռնությամբ պետք է լուծվի այդ հարցը:

5. Անմիջականորեն սպառնացող վտանգի կամ վնասի առաջացման դեպքում վարչական մարմինների անհապաղ լուծումը պահանջող հարցերը վերապահվում են այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում առաջացել է այդ իրավիճակներով պայմանավորված գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքին հարում է այդ տարածքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Այլ օրենքներով գործերի տարածքային ենթակայության այլ կարգ սահմանված լինելու դեպքում գործում է այդ օրենքներով սահմանված կարգը:

 

Հոդված 14. ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարչական մարմիններին գործերի առարկայական ենթակայության հարցը լուծվում է այդ գործերում արծարծվող փաստական հանգամանքներին վերաբերող օրենքներով:

 

Հոդված 15. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ` փոխօգնություն) տրամադրել միմյանց` իրենց լիազորություններն իրականացնելու համար:

Փոխօգնությունը տրամադրվում է փոխօգնություն հայցող վարչական մարմնի հայտի հիման վրա:

2. Փոխօգնություն չէ միմյանց նկատմամբ ենթակայության հարաբերությունների մեջ գտնվող վարչական մարմինների միջև օգնությունը:

 

Հոդված 16. ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

Եթե փոխօգնությունը կարող են տրամադրել մեկից ավելի վարչական մարմիններ, ապա հայցող վարչական մարմինը փոխօգնություն տրամադրելու համար պետք է դիմի այն վարչական մարմին (հայցվող վարչական մարմին), որն իր կարծիքով առավել արդյունավետ և սեղմ ժամկետում կտրամադրի անհրաժեշտ փոխօգնությունը:

 

Հոդված 17. ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Հայցվող վարչական մարմինն իրավունք չունի տրամադրելու փոխօգնությունը, եթե`

ա) հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է փոխօգնության կարգով ձեռնարկվելիք միջոցների ոչ իրավաչափ լինելը.

բ) փոխօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ գործողությունների կատարումը չի մտնում հայցվող վարչական մարմնի իրավասության մեջ.

գ) փոխօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) դասվում են օրենքով պահպանվող գաղտնիքների շարքին, և հայցող վարչական մարմնին դրանց տրամադրելը` նույնիսկ տրամադրման գաղտնիությունն ապահովող եղանակով, արգելվում է օրենքով:

2. Հայցվող վարչական մարմինն իրավունք ունի չտրամադրելու փոխօգնությունը, եթե`

ա) որևէ այլ վարչական մարմին, քան ինքն է, փոխօգնությունը կարող է տրամադրել էապես ավելի նվազ ջանքերի գործադրմամբ.

բ) փոխօգնություն տրամադրելու համար պետք է գործադրի դրան ոչ համարժեք ջանքեր.

գ) փոխօգնության տրամադրումը կարող է էապես խոչընդոտել սեփական լիազորությունների իրականացմանը:

3. Հայցվող վարչական մարմինը փոխօգնության տրամադրումը չի կարող մերժել սույն հոդվածի 1-2-րդ մասերով չնախատեսված հիմքերով:

4. Եթե հայցվող վարչական մարմինը սույն հոդվածի 1-2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքով մերժում է փոխօգնության տրամադրումը, ապա նա այդ մասին պարտավոր է եռօրյա ժամկետում տեղեկացնել փոխօգնություն հայցած վարչական մարմին, որը մերժումը կարող է վիճարկել հայցվող վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում:

Վերադաս վարչական մարմինը սեղմ ժամկետում վերջնական որոշում է ընդունում փոխօգնությունը մերժելու վերաբերյալ վեճով: Վերադաս վարչական մարմինը, մերժումն անհիմն ճանաչելու դեպքում, հայցվող վարչական մարմնին հանձնարարում է անհապաղ տրամադրել փոխօգնությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 18. ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Փոխօգնության կարգով կատարվելիք գործողության իրավաչափությունը որոշվում է հայցող վարչական մարմնին վերաբերող իրավական ակտերին համապատասխան, իսկ փոխօգնություն ցուցաբերելու իրավաչափությունը` հայցվող վարչական մարմնին վերաբերող իրավական ակտերին համապատասխան:

2. (մասն ուժը կորցրել է 13.12.04 ՀՕ-10-Ն)

3. Հայցող և հայցվող վարչական մարմինների հարաբերություններում հայցող վարչական մարմինը պատասխանատվություն է կրում փոխօգնության կարգով հայցվող միջոցների իրավաչափության համար: Հայցվող վարչական մարմինը պատասխանատվություն է կրում իր` փոխօգնության կարգով ձեռնարկած միջոցների իրավաչափության համար:

(18-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

 

Հոդված 20. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ

 

1. Վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

2. Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ):

3. Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ):

4. Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

5. Անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

 

Հոդված 21. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

(21-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 22. ԱՅԼ ԱՆՁԻՆՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

 

Վարչական վարույթում կարող են հանդես գալ նաև այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` այլ մարմիններ) ներկայացուցիչներ:

 

Հոդված 23. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

 

1. Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին:

2. Վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ:

Վարույթի անգործունակ մասնակիցներին վարչական վարույթում ներկայացնում են նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված օրինական ներկայացուցիչները:

3. Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ:

Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

4. Լիազորագրի գործողությունն օրենքով սահմանված դեպքերում դադարելիս վարչական վարույթ իրականացնող մարմինն այդ մասին պետք է գրավոր տեղեկացվի լիազորողի կամ լիազորված անձի միջոցով:

5. Վկան, փորձագետը, թարգմանիչը և այլ մարմինների ներկայացուցիչները վարչական վարույթում կարող են հանդես գալ միայն անմիջականորեն:

 

Հոդված 24. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ և ԼՈՒԾԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա`

ա) վարույթի մասնակից է.

բ) վարույթի մասնակիցներից որևէ մեկի ներկայացուցիչն է.

գ) աշխատում է վարույթի մասնակիցներից որևէ մեկի մոտ.

դ) վարույթի մասնակիցներից որևէ մեկի կամ նրա ներկայացուցչի ազգականն է` զավակը, ծնողը, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանց զավակը, ամուսինը (ընդ որում, ամուսնալուծության փաստը սույն կետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ), փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է.

ե) նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը:

(24-րդ հոդվածը խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 25. ԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ

 

1. Վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե`

ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին.

գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի.

դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:

2. Բացարկը կարող է հայտնվել մինչև վարչական վարույթն ավարտվելը` վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում սույն հոդվածով սահմանված որևէ հիմքի առկայությունը:

3. Նույն պաշտոնատար անձին կրկին հայտնված բացարկը կարող է քննարկվել, եթե դրանում մատնանշված են նոր հիմքեր կամ նոր փաստեր:

4. Բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան բացարկ հայտնելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում:

Բացարկի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է այն պաշտոնատար անձի անմիջական ղեկավարը, ում նկատմամբ բացարկ է հայտնվել, իսկ կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում` համապատասխան կոլեգիալ մարմինը` ձայների պարզ մեծամասնությամբ: Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացարկ է հայտնվել:

Վարչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի վերաբերյալ որոշումն ընդունում է ղեկավարն ինքը:

Վարչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի ընդունման դեպքում ղեկավարի փոխարեն վարչական վարույթն իրականացնում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ:

 

Հոդված 26. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ

 

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը) պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել:

Վարչական մարմնի ղեկավարի ինքնաբացարկի դեպքում նրա փոխարեն վարչական վարույթն իրականացնում է օրենքով նշված պաշտոնատար անձը, իսկ օրենքով համապատասխան պաշտոնատար անձ նշված չլինելու դեպքում` ինքնաբացարկ հայտնած ղեկավարի տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ:

Եթե ինքնաբացարկ է հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը, ապա եռօրյա ժամկետում վարչական մարմնի ղեկավարի կողմից նա փոխարինվում է իրավասու այլ անձով:

Եթե ինքնաբացարկ է հայտնել կոլեգիալ մարմնի անդամը, ապա այդ մարմինը վարույթն իրականացնում է կոլեգիալ կազմի մնացած անդամների մասնակցությամբ:

2. Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր: Դա պետք է պատճառաբանված լինի: Ինքնաբացարկի պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին` ի գիտություն:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց ինքնաբացարկ հայտնելու հիմքը հայտնի է դարձել գործի վարույթն սկսվելուց հետո, ապա նրանք պետք է ինքնաբացարկ հայտնեն վարույթի այն փուլում, երբ ի հայտ է եկել համապատասխան հիմքը` պահպանելով սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

 

Հոդված 27. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԵԶՈՒՆ

 

1. Վարչական վարույթն իրականացվում, և վարչական ակտն ընդունվում է հայերենով:

2. Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով: Այդ դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով:

3. Վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, և ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով:

Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաև դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները։

4. Վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է վարույթի մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը: Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:

(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 28. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼԸ և ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

1. Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, որում պահվում են տվյալ վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը (դրա հաստատված պատճեն):

Վարչական մարմինը միաժամանակ վարում է վարչական գործերի ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ, ինչպես նաև առանձին գրանցամատյան` վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման համար:

2. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի և դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի վարման կարգն ու պայմանները սահմանում է վարչական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կարգի հիման վրա:

3. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնվելու:

4. Բանավոր և այլ ձևի վարչական ակտեր ընդունելու վերաբերյալ գործավարություն և հաշվառում չի իրականացվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(28-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 29. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ

 

1. Եթե գործի քննարկումը կատարվում է վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա վարչական մարմինն արձանագրում է քննարկումները:

2. Արձանագրությունը պետք է պարունակի`

ա) վարույթն իրականացնող վարչական մարմնի անվանումը.

բ) վարույթն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը.

գ) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ.

դ) քննարկվող հարցի բովանդակությունը.

ե) վարույթի մասնակիցների և վարույթում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

զ) ընդունված որոշման եզրափակիչ մասը:

Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:

3. Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաև ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած վարույթի մասնակիցների:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՓՈՒԼԸ

 

Հոդված 30. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ և ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑԵԼԸ

 

1. Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

ա) անձի դիմումը, բողոքը.

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:

4. (մասն ուժը կորցրել է 13.12.04 ՀՕ-10-Ն)

5. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված դեպքերում կիրառվում են սույն օրենքի II բաժնի համապատասխան դրույթները, իսկ «ա» կետի` բողոք բերելու մասով նախատեսված դեպքում` նաև IV բաժնի դրույթները:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 31. ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).

գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).

ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

զ) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

Եթե վարչական ակտի համար օրենքով նախատեսվում է մուծել պետական կամ տեղական տուրք կամ կատարել այլ պարտադիր վճարում, ապա պետք է ներկայացվի նաև մուծման կամ վճարման կատարումը հավաստող փաստաթուղթ:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

2. Վարչական մարմնում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն հոդվածի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «դ» կետերով նախատեսված տեղեկությունները, և օրենքը չի պահանջում, որ դիմումը ներկայացվի սույն հոդվածի 1-ին մասի մյուս բոլոր կետերի պահպանմամբ:

(31-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն, 13.04.11 ՀՕ-119-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 32. ՁևԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ

 

Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

 

Հոդված 33. ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵԼԸ և ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:

2. Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:

Դիմումի` իրեն վերաբերող մասով, վարչական մարմնում վարույթ է հարուցվում սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգով:

3. Եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա վարչական մարմինը դիմումը և դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինն իր մոտ պահում է վերահասցեագրված կամ հետ վերադարձված դիմումի պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանց կից փաստաթղթերի կամ դրանց մի մասի պատճենները կամ դրանց ցանկը:

(33-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 34. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

 

Հոդված 35. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

 

1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

2. Վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։

(35-րդ հոդվածը փոփ., խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ

 

Հոդված 36. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐԱԳ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

2. Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

3. Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

(36-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 37. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԻՎՈՒԹՅՈՒՆԸ և ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

2. Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները և փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:

 

Հոդված 38. ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԼՍԵԼԸ

 

1. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

2. Լսումներ կարող են չանցկացվել, եթե`

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն.

բ) դիմումն ակնհայտ անհիմն է.

գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ:

3. Լսումներ չեն անցկացվում, եթե`

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման.

բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ:

4. Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(38-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 39. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

2. Վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորությունը պետք է տրվի համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:

Վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերից կարող են կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ:

3. Վարչական վարույթի նյութերը տրամադրելիս վարչական մարմինը պարտավոր է պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքներ, իսկ այդպիսի գաղտնիքներ տրամադրելիս` պարտավոր է պահպանել համապատասխան գաղտնիքի մասին օրենքով սահմանված կարգն ու պայմանները:

 

Հոդված 40. ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ

 

1. Վարչական մարմինը պարտավոր է ֆիզիկական անձանց պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ տվյալ վարչական վարույթի հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ձևակերպմանը, հնարավորության դեպքում` նաև կազմել դրանք:

2. Վարչական մարմինը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել իր ընդունած նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև այդ մարմնի գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար:

(40-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 41. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ

 

1. Վարույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու սույն մասում նշված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

 

Հոդված 42. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

 

1. Վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

2. Վարչական մարմինն իրավունք չունի պահանջել ներկայացնելու այնպիսի փաստաթղթեր կամ դրանց նոտարական կամ այլ կարգով վավերացված պատճեններ, որոնց ներկայացնելը կամ համապատասխան վավերացմամբ ներկայացնելը նախատեսված չէ օրենքով:

 

Հոդված 43. ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼԸ

 

1. Անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

(43-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 44. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Վարչական մարմինը, վարույթի մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող են հայտնի լինել տվյալ գործին վերաբերող տեղեկություններ: Իր ցանկությամբ վկան կարող է ցուցմունքներ տալ գրավոր` առանց վարչական մարմին ներկայանալու: Գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջի վրա վկան ստորագրում է, որը հաստատվում է վարչական մարմնի կնիքով` ստորագրման տարվա, ամսվա և ամսաթվի նշմամբ: Վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա վարչական մարմնի կողմից հրավիրվում է այդ մարմին:

 

Հոդված 45. ՓՈՐՁԱԳԵՏ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:

2. Որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը:

Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն:

3. Վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը:

4. Վարչական մարմնի կամ վարույթի մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:

5. Վարչական մարմինը, անհրաժեշտություն դեպքում, կարող է նշանակել նաև ֆիզիկական անձի, տեղանքի, որևէ օբյեկտի կամ առարկայի զննում: Վարչական մարմնի որոշմամբ զննմանը կարող են ներկա գտնվել վարույթի մասնակիցները:

(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 46. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով:

Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին:

 

Հոդված 47. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼԸ

 

1. Վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:

Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:

3. Եթե վարչական վարույթի ժամկետի երկարաձգման համար առաջացել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի հիմքեր, ապա վարչական մարմինը կիրառում է դրանցից միայն մեկը, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում վարույթն արագ և արդյունավետ իրականացնելու և ըստ էության որոշում ընդունելու համար:

4. Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող վարչական մարմինն ընդունում է որոշում, որի մասին սահմանված կարգով պետք է ծանուցի վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձանց:

 

Հոդված 48. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

3. Եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:

4. Վարչական մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

5. Վարչական մարմնի կողմից վարչական ակտը սահմանված ժամկետում չտրամադրվելու հետևանքով առաջացած վնասի հատուցման կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի VII բաժնի կանոնները:

(48-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 49. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ

 

1. Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե`

ա) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.

բ) վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը.

գ) վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

2. Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե`

ա) վարչական ակտի հասցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար.

բ) ընդունվելիք վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է:

Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:

4. Վարչական մարմինը վարչական վարույթի կասեցման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին:

Վարչական վարույթի կասեցման մասին որոշումը կարող է ընդունվել վարույթի ցանկացած փուլում:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 50. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼԸ

 

1. Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե`

ա) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը.

բ) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից.

գ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.

դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.

ե) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.

ե1) լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.

զ) դիմումն անթույլատրելի է:

Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է նաև սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`

ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում.

բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

3. Վարչական մարմինը վարչական վարույթի կարճման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» և «զ» կետերով սահմանված հիմքերով վարչական վարույթը կարճելու դեպքում նույն հարցով վարույթի վերսկսում և համապատասխան վարչական ակտի ընդունում չի թույլատրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

(50-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 51. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե՝

ա) վարչական ակտ ընդունելուց հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, որը վարույթը վերսկսելու հարցով դիմում է ներկայացրել.

բ) առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն.

գ) ի հայտ են եկել տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձանց, կամ թեև հայտնի են եղել նրանց, սակայն այդ անձանցից անկախ հանգամանքներով չեն ներկայացվել վարչական ակտն ընդունող վարչական մարմին.

դ) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է: Դրա ընթացքում կիրառվում են վարչական վարույթի իրականացման` սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները:

2. Դիմումը պետք է տրվի 3 ամսվա ընթացքում այն օրից, երբ վարույթը վերսկսելու հարցով դիմած անձն իմացել է վարչական վարույթը վերսկսելու հիմք դարձած` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հանգամանքի (հանգամանքներ) մասին:

3. Դիմումի հիման վրա որոշում է ընդունում այն վարչական մարմինը, որն ընդունել է փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու ենթակա վարչական ակտը, կամ այդ ակտն օրենքով վարչական վարույթի վերսկսման միջոցով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու իրավասություն ունեցող համապատասխան վերադաս կամ իրավասու այլ վարչական մարմինը:

(51-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 52. ՄԻ ՔԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ

 

1. Եթե վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ է նաև վարչական այլ մարմինների թույլտվությունը կամ համաձայնությունը, ապա դրանք հայցելու և ստանալու համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ` լրացուցիչ փաստաթղթեր հավաքելը, իրականացնում է վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով վարչական մարմնի ստացած թույլտվությունները և համաձայնություններն առանձին բողոքարկման ենթակա չեն. դրանք կարող են բողոքարկվել վարչական ակտի հետ միասին:

 

ԲԱԺԻՆ III

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 53. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

2. Սույն օրենքի իմաստով`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.

գ) զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:

(53-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 54. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՁևԵՐԸ

 

1. Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` սույն օրենքով ներկայացվող պահանջները:

3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր)։

(54-րդ հոդվածը խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 55. ԳՐԱՎՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:

2. Վարչական ակտը, որպես կանոն, պետք է տեղեկություններ պարունակի նաև այն ծախսերի և դրանք կրողների վերաբերյալ, որոնք կատարվել են ակտի ընդունման կապակցությամբ: Ծախսերը վերադարձնելու հետ կապված ակտ ընդունելու դեպքում պետք է նշվեն վերադարձման ենթակա գումարը և վերադարձման կարգն ու պայմանները:

3. Վարչական ակտը կարող է ունենալ ներդիրներ, հավելվածներ կամ լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց գործողությունը չի կարող գերազանցել վարչական ակտի գործողության ժամկետը: Ներդիրները, հավելվածները և լրացուցիչ այլ փաստաթղթերը ինքնուրույն վարչական ակտեր չեն, դրանք վարչական ակտի բաղկացուցիչ մասն են և գործում են այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը:

4. Վարչական ակտը պետք է պարունակի`

ա) վարույթն իրականացրած վարչական մարմնի լրիվ անվանումը.

բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).

ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).

զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).

է) ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով.

ը) ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

թ) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը.

ժ) ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը:

5. Միանման հարց կարգավորող վարչական ակտը կարող է ունենալ միասնական նմուշի ձև (ձևաթուղթ):

 

Հոդված 56. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի:

2. Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

 

Հոդված 57. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

2. Հիմնավորում չի պահանջվում, եթե`

ա) վարչական մարմինը բավարարում է որևէ դիմում, և վարչական ակտը չի շոշափում երրորդ անձանց իրավունքները.

բ) ակտի հասցեատիրոջը կամ այն անձին, ում շահերը վարչական ակտը շոշափում է, արդեն հայտնի է վարչական մարմնի դիրքորոշումը փաստական կամ իրավական հետևանքների վերաբերյալ, կամ այդ դիրքորոշումն ակնհայտորեն բխում է ակտի տեքստից.

գ) վարչական մարմինը նույնանման վարչական ակտեր է հրապարակում մեծ քանակությամբ կամ վարչական ակտերը հրատարակում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ, և յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա:

3. Արգելվում է վարչական մարմնի ընդունած վարչական ակտերի հիմնավորումն այն փաստարկներով, որոնք չեն առնչվում տվյալ մարմնի իրավասությանը:

(57-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ԴՐԱ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 58. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից:

2. Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ընդունված են համարվում այդ ակտերը հրապարակվելու պահից:

(58-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 59. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ (ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՆՁՆԵԼԸ և ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ)

 

1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

2. Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

Վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաև այդ ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը:

Նշված փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա և այդ պատճառով ակտի իրավաչափությունը վիճարկելու հիմք դառնալ:

3. Գրավոր վարչական ակտում, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մաս կազմող փաստաթղթերում օրենքով սահմանված կարգով փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում այդ փոփոխությունները և լրացումները կատարած վարչական մարմինը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով դրանք հանձնել վարչական ակտի հասցեատիրոջը:

4. Վարչական ակտն ընդունած վարչական մարմինը, գրավոր վարչական ակտի հասցեատիրոջ խնդրանքով, նրան կարող է տրամադրել նաև վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով:

Իրավաբանական ուժ ունի միայն վարչական ակտի վարչական վարույթի իրականացման լեզվով ընդունված տեքստը: Օտար լեզվով թարգմանված պատճենը չի կարող հիմք լինել այդ ակտի իմաստը կամ բովանդակությունը մեկնաբանելու կամ պարզաբանելու համար, իսկ վեճ առաջանալու կամ բողոք ներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում վարչական ակտի հայերենով ընդունված տեքստը:

5. Վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:

Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը վարչական մարմինը համարում է առավել նպատակահարմար` պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:

6. Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձևով` դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) հայտարարելու միջոցով: Բանավոր վարչական ակտը կարող է հրապարակվել դրա հասցեատիրոջ համար հասկանալի որևէ օտար լեզվով:

7. Այլ ձևի վարչական ակտը հրապարակվում է օրենքով նախատեսված որևէ տեսքով դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) անմիջականորեն տեսանելի, ընկալելի կամ որևէ այլ ձևով հասանելի դարձնելու միջոցով:

(59-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, 17.12.14 ՀՕ-249-Ն)

 

Հոդված 60. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե վարչական ակտը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք ակտի որևէ մասով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մասով ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ):

3. Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից:

(60-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 61. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով:

Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:

Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչև տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը: Մինչև որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտի ժամկետը լրանալը կամ ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ վարչական ակտի ժամկետը կարող է այլ վարչական ակտով երկարաձգվել նոր ժամկետով կամ անորոշ ժամկետով:

2. Վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որևէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ):

Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը:

3. Բանավոր վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից գործում է մինչև այն պահը, երբ այդ ակտն ընդունած վարչական մարմինը ավարտում է դրա հետ կապված` օրենքով նախատեսված գործողությունների կատարումը կամ օրենքով նախատեսված որևէ եղանակով ակտի հասցեատիրոջը հայտարարում է ակտի գործողության դադարեցման մասին:

4. Այլ ձևի վարչական ակտը գործում է մինչև այն պահը, երբ ակտի հասցեատիրոջը, օրենքով նախատեսված տեսանելի, լսելի կամ որևէ այլ ձևով հասանելի եղանակով, հայտնի է դարձվում այդ ակտի գործողության դադարեցման մասին:

(61-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ԱՌ ՈՉԻՆՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Հոդված 62. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՌ ՈՉԻՆՉ լինելու ՀԻՄՔԵՐԸ

(վերնագիրը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

1. Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.

ա) ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.

բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.

գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.

դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

2. Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

3. Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է:

Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Առ ոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը:

(62-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 63. ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

3. Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:

Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

4. Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա`

ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու միջոցով.

բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.

գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:

5. Որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ:

Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի:

Եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել մի մասով, ապա սույն հոդվածի կանոնները կիրառվում են միայն դրա անվավեր ճանաչված մասի նկատմամբ:

(63-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

(63-րդ հոդվածը 09.06.17 ՀՕ-103-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 10.04.2018 թ.)

 

Հոդված 64. ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից` սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով:

Սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների: Սակայն եթե մինչև ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելը դրա կատարման կամ կիրառման հետևանքով որևէ անձի կամ Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի վնաս է պատճառվել, ապա դա ենթակա է հատուցման սույն օրենքի VII բաժնի դրույթներին համապատասխան:

2. Բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին: Այս դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները:

Հատուցման ենթակա օգուտի չափը պետք է սահմանի այն վարչական մարմինը, որն անվավեր է ճանաչել ոչ իրավաչափ վարչական ակտը:

Ընդ որում, օգուտ ստացողը չի կարող հղում կատարել վստահության իրավունքի վրա, եթե վարչական մարմինը բավարար ապացույցներ ունի, որ օգուտ ստացող անձը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խախտումների միջոցով:

3. Եթե ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվել միայն մի մասով, ապա սույն հոդվածով նախատեսված հետևանքները տարածվում են վարչական ակտի անվավեր ճանաչված մասի վրա:

 

Հոդված 65. ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ:

Վարչական ակտն անվիճարկելի է դառնում, և վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է 10 տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

(65-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 66. ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼԸ

 

1. Իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան:

2. Միջամտող իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է նորից ընդունվի միևնույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով:

3. Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե`

ա) օրենքի փոփոխության պատճառով վերանում է տվյալ վարչական ակտի անհրաժեշտությունը, կամ դադարում է այդ ակտի գործողությունը.

բ) ուժը կորցրած ճանաչելը թույլատրվում է օրենքով կամ պայմանավորված է իրավաչափ վարչական ակտում այդպիսի վերապահմամբ.

գ) վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել.

դ) ակտի ընդունումից հետո` փաստական հանգամանքների փոփոխության հետևանքով, վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, և եթե վարչական ակտի ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը.

ե) նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետևանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, քանի դեռ այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռևս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, և եթե վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը.

զ) անհրաժեշտ է վերացնել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքները կամ խուսափել դրանց առաջացումից:

 

Հոդված 67. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:

(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 68. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ և ԻՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Այն փաստաթղթերը և իրերը, որոնք տրվել են անվավեր կամ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի հիման վրա, դրանք տիրապետող անձանց կողմից ենթակա են վերադարձման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Եթե փաստաթղթերը սույն հոդվածի համաձայն չեն վերադարձվում, ապա ակտն ընդունած վարչական մարմինն իրավունք ունի պաշտոնական հրապարակման միջոցով հայտարարելու, որ տվյալ վարչական ակտն այլևս չի գործում:

2. Փաստաթղթերը վերադարձնելիս, դրանց տիրապետողի ցանկությամբ, վարչական մարմինը պարտավոր է տալ այդ փաստաթղթի պատճենը` դրա վրա համապատասխան նշում կատարելով և իր կնիքով հաստատելով:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 69. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

(69-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 70. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`

ա) վարչական մարմին.

բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:

Եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին և (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման:

3. Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված՝ վարչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:

(70-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-257-Ն)

 

Հոդված 71. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Վարչական բողոքը կարող է բերվել`

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:

Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:

(71-րդ հոդվածը փոփ. 05.12.13 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 72. ԲՈՂՈՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Բողոքը պետք է պարունակի`

ա) այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

բ) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

գ) բողոքարկման առարկան.

դ) բողոք բերողի պահանջը.

ե) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

զ) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

է) բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

(72-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-119-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 73. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:

2. Վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:

4. Վերադաս վարչական մարմինը պարտավոր է վարույթ հարուցելուց հետո ստորադաս վարչական մարմնից անհապաղ պահանջել վարչական վարույթի վերաբերյալ գործը (նյութերը): Ստորադաս վարչական մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս վարչական մարմին:

(73-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 74. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`

ա) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

բ) այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:

Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր: Հիմնավորում չի պահանջվում, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքով կարող է անմիջականորեն վտանգվել անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, և այդ վտանգը կանխելու համար վարչական մարմինը հարկադրված կլինի ձեռնարկել արտակարգ միջոցներ, ինչպես նաև, երբ վտանգն արդեն իսկ առաջացել է:

Սույն մասի «բ» կետով նախատեսված դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ պատասխանողի դիմումի հիման վրա, վարչական ակտի կատարումը կարող է չկասեցվել:

2. Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով:

(74-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ

 

Հոդված 75. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

1. Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:

2. Վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

3. Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

(75-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 76. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

2. Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.

բ) մերժելու բողոքը՝ գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։

3. Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և կատարելու հայցվող գործողությունը համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն.

բ) մերժելու բողոքը՝ անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում, եթե համապատասխան բողոքը, սույն օրենքին համապատասխան, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նշված մասերով նախատեսված որոշումներից որևէ մեկը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած ստորադաս վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։

(76-րդ հոդվածը խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 77. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ փոփոխման կամ ԲԵԿԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

(վերնագիրը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

1. Վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերն են`

ա) սույն օրենքի 63-64-րդ հոդվածներով սահմանված հիմքերը.

բ) վարչական վարույթը դրա իրավունքը չունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացված լինելը, նաև այն դեպքում, եթե դա իրականացրել է կոլեգիալ մարմինը, որի կազմում եղել է վարույթին մասնակցելու իրավունք չունեցող պաշտոնատար անձը.

գ) վարչական ակտը վարույթն իրականացրած պաշտոնատար անձի (անձինք) կողմից ստորագրված չլինելը կամ ստորագրելու իրավունք չունեցող անձի (անձինք) կողմից ստորագրված լինելը:

2. Ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը։

3. Վարչական ակտը կարող է բեկանվել մասնակիորեն, եթե վարչական ակտում առկա են սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, և դրանք բեկանելուց հետո չբեկանված մասը կարող է ինքնուրույն գործել:

(77-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Գ Լ ՈՒ Խ  12.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 78. ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ

 

1. Որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողության կատարումից ձեռնպահ մնալուն ուղղված վարչական ակտը կարող է հարկադրաբար ի կատար ածվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմամբ:

2. Հարկադրանքի միջոցներն են`

ա) գործողությունն այլ անձի կողմից կատարելը (փոխարինող գործողություն).

բ) տուգանքը.

գ) անմիջական հարկադրանքը:

3. Հարկադրանքի միջոցը պետք է համաչափ լինի դրա նպատակին: Հարկադրանքի միջոցը պետք է ընտրվի այնպես, որպեսզի պարտավոր անձի և հանրության վնասները հասցվեն նվազագույնի:

 

Հոդված 79. ՊԱՐՏԱՎՈՐ ԱՆՁԸ

 

Պարտավոր անձը որոշակի գործողություն կատարելու կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ ընդունված վարչական ակտի հասցեատերն է:

 

Հոդված 80. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Վարչական ակտի հարկադիր կատարումն իրականացնում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Վարչական ակտն ընդունած մարմինն ի կատար է ածում նաև բողոքների վերաբերյալ վերադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտերը:

 

Հոդված 81. ՓՈԽԱՐԻՆՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե որևէ գործողություն կատարելու վերաբերյալ վարչական ակտով նախատեսված պարտականությունը պարտավոր անձը չի կատարում, բայց դրա կատարումը հնարավոր է մեկ այլ անձի կողմից, ապա կատարողական մարմինը կարող է վերջինիս հանձնարարել կատարելու այդ գործողությունը պարտավոր անձի հաշվին:

Պարտավոր անձի հաշվին կատարողական մարմինն ինքը կարող է կատարել այդ գործողությունը, եթե դա հնարավոր է, և եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 82. ՏՈՒԳԱՆՔԸ

 

1. Եթե գործողությունը չի իրականացվել, ապա պարտավոր անձի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք:

2. Տուգանք կարող է նշանակվել նաև, եթե պարտավոր անձը ձեռնպահ չի մնում որևէ գործողություն կատարելուց, որի վերաբերյալ համապատասխան վարչական ակտ է ընդունվել:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում տուգանք կարող է նշանակվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

4. (մասն ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-141-Ն)

(82-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, 05.12.13 ՀՕ-141-Ն)

 

Հոդված 83. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ

 

Եթե փոխարինող գործողությունը կամ տուգանքը չի կարող հասնել իր նպատակին կամ օբյեկտիվ հանգամանքների բերմամբ չի կարող կիրառվել, ապա օրենքով համապատասխան լիազորություն ունեցող վարչական մարմինը կարող է անմիջականորեն հարկադրել կատարելու համապատասխան գործողությունը կամ արգելել կատարելու որոշակի գործողություն:

 

Հոդված 84. ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ

 

1. Պարտավոր անձը հարկադրանքի միջոցների կիրառման մասին պետք է նախազգուշացվի: Նախազգուշացման մեջ պետք է սահմանվի համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, որի ընթացքում պարտավոր անձին կարող է հնարավորություն տրվել, որպեսզի նա դա կատարի իր համար ընդունելի և օրենքով չարգելված եղանակներով:

2. Փոխարինող գործողության կատարման առիթով նախազգուշացման մեջ պետք է նշվի ծախսերի նախահաշիվը, որը չի կարող խոչընդոտել հետագա պահանջներ ներկայացնելու համար, եթե փոխարինող գործողության կատարումն առաջացնի ավելի մեծ ծախսեր:

3. Տուգանք կիրառելու նախազգուշացման մեջ պետք է նշվի տուգանքի որոշակի չափը:

4. Նախազգուշացումը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ պարտականությունը չի կատարվել, կամ կատարողական մարմինը չի դիմել անմիջական հարկադրանքի միջոցի կիրառմանը: Այդ ընթացքում նախազգուշացումը կարող է փոփոխություններ կրել:

5. Նախազգուշացումը պետք է կազմվի գրավոր և սույն օրենքով վարչական ակտերի հանձնման համար սահմանված կարգով հանձնվի պարտավոր անձին:

 

Հոդված 85. ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

Հարկադրանքի միջոցները նշանակվում են այդ միջոցների կիրառման մասին նախազգուշացմամբ սահմանված ժամկետում պարտավոր անձի կողմից համապատասխան պարտականությունը չկատարվելու դեպքում:

 

Հոդված 86. ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

 

1. Նշանակված հարկադրանքի միջոցը կիրառվում է դրա նշանակմանը համապատասխան:

2. Եթե պարտավոր անձը փոխարինող գործողության կամ անմիջական հարկադրանքի կիրառման ժամանակ դիմադրություն է ցույց տալիս, ապա դա կարող է հաղթահարվել ուժի կիրառմամբ` օրենքով սահմանված կարգով:

Այդ դեպքում, կատարողական մարմնի պահանջով, համապատասխան մարմինները պարտավոր են օգնություն ցույց տալ դիմադրությունը հաղթահարելու համար:

3. Երբ կատարումը հասնում է իր նպատակին, կատարողական վարույթն ավարտվում է:

 

Գ Լ ՈՒ Խ  13.

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 87. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ` դրամական պահանջներ):

 

Հոդված 88. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1.1. (մասն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-259-Ն)

2. Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի պարտավորությանը համարժեք գույքի վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.1. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները:

3. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

5. Եթե վարչական մարմինը մինչև դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելը հետաձգել կամ տարաժամկետել է վարչական ակտի կատարումը, ապա գրության մեջ նշվում է դրա կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտը:

6. Գրությունը ստորագրում և կնիքով (առկայության դեպքում) հաստատում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձը:

(88-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-141-Ն, լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-249-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-182-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 89. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ԱՆՁԸ

 

Դրամական պահանջներով նախատեսվող գումարների վճարման համար պարտականությունը կրում է այն անձը, ով պարտավոր է այդ գումարը վճարել`

ա) իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար.

բ) մեկ այլ անձի փոխարեն:

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  14.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 90. ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

Վարչական ծախսերն են վարչական վարույթում գործի քննարկման համար օրենքով սահմանված դեպքերում և կարգով վճարվող պետական կամ տեղական տուրքը, ինչպես նաև սույն գլխով սահմանված այլ ծախսեր:

 

Հոդված 91. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼԸ

 

1. Դիմողը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև երրորդ անձինք, վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկման համար պարտավոր են օրենքով սահմանված չափով և կարգով մուծել պետական կամ տեղական տուրք:

2. Վարչական վարույթի ընթացքում պետական և տեղական տուրք վճարելու, դա վերադարձնելու կարգը, չափը, տուրք վճարելուց ազատելու, վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը կարգավորվում են օրենքով:

 

Հոդված 92. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

 

1. Վարչական վարույթի ընթացքում կատարվող այլ ծախսերն այն ծախսերն են, որոնք կապված են`

ա) վարչական ակտը կամ այլ փաստաթղթեր դրանց հասցեատերերին հանձնելու, ինչպես նաև վկաներ, փորձագետներ և թարգմանիչներ հրավիրելու հետ.

բ) հրապարակային հայտարարություններ անելու, վարչական ակտը հրապարակելու հետ.

գ) վարչական ակտի կամ վարույթի հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի լրացուցիչ օրինակներ տրամադրելու, այդ փաստաթղթերից պատճեններ (լուսապատճեններ) կամ քաղվածքներ կատարելու և տրամադրելու հետ.

դ) վարույթին մասնակցություն ապահովելու կամ վարույթի հետ կապված այլ նպատակով հեռագրեր և միջքաղաքային հեռախոսազանգեր ուղարկելու և հղելու հետ.

ե) գործուղումների առնչությամբ առաջացող ճանապարհածախսը հոգալու հետ.

զ) այլ վարչական մարմիններին կամ այլ անձանց կողմից ցույց տրված օգնության կամ ծառայությունների համար վճարումներ կատարելու հետ.

է) իրեր տեղափոխելու կամ պահպանելու հետ.

ը) վարչական մարմնի կողմից կատարողական վարույթ իրականացնելու հետ.

թ) վարչական վարույթի ընթացքում փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը կատարում է վարչական վարույթն իրականացնող մարմինը, իսկ փորձագետ կամ թարգմանիչ հրավիրելու հետ կապված ծախսերը հատուցվում են սույն օրենքի 93-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Վարչական գործի նյութերից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու հետ կապված ծախսերը կրում է դրանց նկատմամբ պահանջ ներկայացրած անձը: Այդ դեպքում ծախսերի չափը չպետք է գերազանցի պատճենահանման, լուսապատճենահանման կամ քաղվածք կատարելու համար վարչական մարմնի կատարած փաստացի ծախսերի չափը:

(92-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 93. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԿԱՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ և ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

1. Վարչական վարույթի ընթացքում իրենց կատարած աշխատանքների համար փորձագետները և թարգմանիչները վարձատրվում են, եթե այդ աշխատանքները չեն մտնում տվյալ վարչական մարմնում նրանց ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ:

2. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումներ տրվում են Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համապատասխան համայնքի բյուջեից` կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է հրավիրել այդ անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մարմին):

Եթե փորձագետին կամ թարգմանչին հրավիրել է վարչական վարույթի որևէ մասնակից, ապա համապատասխան ծախսերը կրում է այդ մասնակիցը:

3. Սույն հոդվածով նախատեսված անձանց համապատասխան վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, իսկ վարչական վարույթի մասնակիցներից որևէ մեկի կողմից հրավիրված լինելու դեպքում` հրավիրողի և հրավիրվողի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանված կարգով և չափով:

 

Հոդված 94. ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

Փոխօգնություն ցուցաբերելու հետ կապված ծախսերը կրում է փոխօգնությունը ցուցաբերող վարչական մարմինը:

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

 

Գ Լ ՈՒ Խ 15.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

 

Հոդված 95. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն բաժնի դրույթներին համապատասխան:

2. Ոչ իրավաչափ վարչարարության, իսկ սույն բաժնով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`

ա) Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում.

բ) համապատասխան համայնքը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված դեպքում վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ «բ» կետով նախատեսված դեպքում` համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն օրենքի 106-108-րդ հոդվածներով և 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում բաց թողնված օգուտը ենթակա չէ հատուցման:

(95-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 96. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

 

Վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 97. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

Վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

 

Հոդված 98. ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ

 

1. Եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:

Նշված կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ պատասխանատվություն կրողի վարչարարության հետևանքով առաջացած դրությունը, օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունման կամ փոփոխման ուժով, ոչ իրավաչափ է դառնում հետագայում, և այդ դրության հետևանքները կարող են վերագրվել տվյալ պատասխանատվությունը կրողին և ենթակա չեն վերացման այլ կարգով:

2. Հետևանքները վերացնելը բացառվում է, եթե փաստացի կամ իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաև այն դեպքում, երբ գոյություն ունեցող դրությունը համապատասխանում է անձի համար անվիճարկելի դարձած վարչական ակտին:

3. Եթե անձը մեղք ունի ոչ իրավաչափ դրության առաջացման համար, ապա նա հետևանքների վերացում կարող է պահանջել, եթե ցանկանում է և ի վիճակի է կրելու հետևանքների վերացման` իր մեղքով առաջացած ծախսերի մասնաբաժինը:

Եթե անձի մեղքով առաջացած ծախսերը գերազանցում են պատասխանատվություն կրողի մեղքով առաջացած ծախսերի չափը, ապա հետևանքների վերացման պահանջ չի կարող ներկայացվել, իսկ անձը կարող է հատուցում պահանջել` սույն օրենքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 99. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

 

1. Պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

2. Վնասի հատուցում պահանջող անձը կրում է վնասի հետևանքների վերացման ծախսերն այն չափով, որ չափով դրանք առաջացել են իր մեղքով:

Եթե անձն ի վիճակի չէ կրելու այդ ծախսերը, ապա նա պարտավոր է վնասի հատուցման պահանջը սահմանափակել այն ծախսերի չափով, որոնք առաջացել են պատասխանատվություն կրողի մեղքով:

 

Հոդված 100. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:

2. Վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

 

Հոդված 101. ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

 

Վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել այն պահից հետո` 3 տարվա ընթացքում, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իրեն պատճառված վնասի մասին, բայց ոչ ուշ, քան այն գործողության կատարման կամ անգործություն թույլ տալու կամ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 10 տարին լրանալը, որով նրան վնաս է պատճառվել:

 

Հոդված 102. ՊԱՀԱՆՋԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ և ԼՈՒԾԵԼԸ

 

1. Վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

2. Վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

Հոդված 103. ՀԱՄԱՊԱՐՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե վնասը պատճառել են մեկից ավելի պատասխանատվություն կրողներ, ապա վնաս կրած անձի առջև նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

 

Հոդված 104. ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ

 

1. Ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում վնաս է պատճառվել ֆիզիկական անձի առողջությանը, ապա նա կարող է դրամական միջոցներով հատուցում պահանջել: Հատուցման ծավալը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան:

3. Ֆիզիկական անձի մասնագիտական աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում հատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ կերպ.

ա) մասնագիտական աշխատունակության լրիվ կորստի դեպքում ֆիզիկական անձին վճարվում է հատուցում` հիմնական աշխատանքի վայրում նրա վերջին մեկ տարվա աշխատավարձի առնվազն 70 տոկոսի չափով` մինչև տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույն տարիքի հասնելը, իսկ եթե դա սահմանված չէ, ապա մինչև այն տարիքի հասնելը, որի դեպքում սովորաբար նրա հետ կարող են դադարեցվել տվյալ մասնագիտությամբ աշխատանքային իրավահարաբերությունները.

բ) մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի դեպքում ֆիզիկական անձին վճարվում է հատուցում` հիմնական աշխատանքի վայրում նրա վերջին մեկ տարվա աշխատավարձի ոչ ավելի, քան 70 տոկոսի չափով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան, մինչև անձի` սույն մասի «ա» կետում նշված տարիքի հասնելը:

Եթե անձի մասնագիտական աշխատունակությունը վերականգնվում է, ապա նրան վճարվող հատուցումը նվազեցվում է` մասնագիտական աշխատունակության վերականգնման աստիճանին համապատասխան:

4. Մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում հատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ կերպ.

ա) ընդհանուր աշխատունակության լրիվ կորստի դեպքում, եթե անձն աշխատել է, ապա վերջին աշխատանքի վայրում նրա տարեկան աշխատավարձի առնվազն 85 տոկոսի չափով` մինչև անձի կենսաթոշակային տարիքի հասնելը.

բ) ընդհանուր աշխատունակության մասնակի կորստի դեպքում, եթե անձն աշխատել է, ապա ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան` վերջին աշխատանքի վայրում նրա տարեկան աշխատավարձի ոչ ավելի, քան 85 տոկոսի չափով` մինչև անձի կենսաթոշակային տարիքի հասնելը.

գ) ընդհանուր աշխատունակության լրիվ կորստի դեպքում, եթե անձը չի աշխատել, ապա նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

դ) ընդհանուր աշխատունակության մասնակի կորստի դեպքում, եթե անձը չի աշխատել, ապա ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան` նվազագույն աշխատավարձի ոչ ավելի, քան հինգհարյուրապատիկի չափով:

Ընդհանուր աշխատունակության վերականգնման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերության կանոնները:

5. Մասնագիտական կամ ընդհանուր աշխատունակության լրիվ վերականգնման դեպքում հատուցման ենթակա գումարի վճարումը դադարեցվում է:

6. Անհատ ձեռնարկատիրոջ և իրավաբանական անձի գործարար համբավը արատավորելու հետևանքով նրանց պատճառված գույքային վնասը, ներառյալ` բաց թողնված օգուտը, ենթակա է հատուցման` սույն օրենքի 98-99-րդ հոդվածներին համապատասխան:

Անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը միաժամանակ կարող են դիմել իրենց գործարար համբավի պաշտպանությամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ մասերին համապատասխան:

7. Սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցման պահանջը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ պատասխանատվություն կրողից բացի, այդպիսի վնաս կրած անձին ապահովագրական գումար կամ ապրուստի կամ այլ միջոց պետք է տրամադրի նաև այլ անձ կամ մարմին կամ կազմակերպություն:

(104-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 105. ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՁևԵՐԸ

 

1. Սույն օրենքի 104-րդ հոդվածով նախատեսված այն դեպքերում, երբ անձին պատճառված ոչ գույքային վնասը կարող է հատուցվել դրամական միջոցներով, դրանց վճարումը կարող է կատարվել ամենամսյա վճարումների կամ միանվագ վճարման միջոցով:

2. Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման յուրաքանչյուր ամիս: Ամենամսյա վճարումների չափը որոշվում է հատուցման ենթակա ընդհանուր գումարը վճարման ժամանակահատվածի ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման նաև անձի մահացած ամսվա համար:

3. Ամենամսյա վճարումների փոխարեն վնաս կրած անձը կարող է պահանջել վնասի հատուցում` հատուցման ենթակա վնասի ընդհանուր գումարի միանվագ վճարմամբ, եթե առկա է հիմնավոր պատճառ:

 

Հոդված 106. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձի մահվան դեպքում նրա առաջին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` երկրորդ կարգի ժառանգներին վճարվում է միանվագ հատուցում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ոչ պակաս չափով:

2. Եթե ֆիզիկական անձի մահն առաջացնում է կերակրողին կորցնելու հետևանքներ, ապա այդ հիմքով վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ վնասը հատուցվում է նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձանց։

Եթե սույն մասի առաջին պարբերությանը համապատասխան` վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցողն անչափահաս է և մինչև տասնութ տարեկան դառնալն ընդունվել և սովորում է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա վնասի հատուցումն իրականացվում է մինչև համապատասխան հաստատությունում նրա ուսումնառության ավարտը։

Իսկ եթե սույն մասի առաջին պարբերությանը համապատասխան վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձը մինչև 22 տարեկան դառնալն ընդունվել է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա վնասի հատուցումը վերսկսվում է համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելու օրվանից` դրական գնահատականներով եզրափակված յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, և ավարտվում է համապատասխան հաստատությունն ավարտելուն պես:

Սույն մասով նախատեսված անձանց վճարվում է ամենամսյա հատուցում` մահացածի` մահվանից առաջ վերջին մեկ տարվա միջին ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով:

3. Անձի մահվան դեպքում նրա հուղարկավորության ծախսերը կատարած անձին (անձինք) վճարվում է հատուցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված հատուցման գումարները կարող են նվազեցվել, բայց վճարման ենթակա գումարի կեսը չգերազանցող չափով, եթե անձի մահվան պատճառ են դարձել մասամբ նաև նրա ոչ իրավաչափ գործողությունները: Ընդ որում, մահացածի գործողությունների ոչ իրավաչափ լինելու ապացուցման պարտականությունը կրում է այն վարչական մարմինը, որի վարչարարության հետևանքով անձը մահացել է:

(106-րդ հոդվածը խմբ., փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 107. ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Եթե այն անձը, ում ոչ գույքային վնաս է պատճառվել, օրենքի ուժով պարտականություններ է կրել այլ անձանց հանդեպ, և նրան ոչ գույքային վնաս պատճառելու հետևանքով անուղղակի վնաս է պատճառվել նաև այդ անձանց, ապա այդ վնասը ենթակա է հատուցման սույն օրենքի 98-99-րդ հոդվածներով սահմանված եղանակներով` անուղղակի վնասի իրական չափով, եթե օրենքով այլ չափ սահմանված չէ:

 

Հոդված 108. ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պատճառված վնասը, իրավունք ունի հետադարձ պահանջներ ներկայացնելու վարչական մարմնի այն պաշտոնատար անձին, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են ոչ իրավաչափ վարչարարության, և որի հետևանքով վնաս է պատճառվել անձին:

2. Հետադարձ պահանջներ ներկայացնելու հիմք է պաշտոնատար անձի գործողություններում կամ անգործությունում դիտավորության կամ անփութության առկայությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  16.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 109. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

 

1. Իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ անձը, սույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, վստահության իրավունք ունի:

Իրավունքի այլ սուբյեկտներից հատուցում ստանալու հնարավորության դեպքում սույն օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատասխանատվություն կրողներից հատուցում չի կարող պահանջվել:

2. Եթե ուժը կորցրել է բարենպաստ իրավաչափ վարչական ակտը, որի հետևանքով դրա հասցեատիրոջը կամ երրորդ անձին վնաս է պատճառվել, ապա վերջինիս դիմումի հիման վրա վնասը ենթակա է հատուցման այնքանով, որքանով այդ անձը, վստահելով վարչական ակտի գոյությանը, դրա ընդունման կամ կատարման հետևանքով վնաս է կրել:

(109-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 110. ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

 

1. Եթե ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ, որն առ ոչինչ է կամ անվավեր է ճանաչվել, ապա վարչական մարմինը, շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, պարտավոր է նրան հատուցել այն գույքային վնասը, որն այդ անձը կրել է ոչ իրավաչափ վարչական ակտի գոյությանը վստահելու հետևանքով, բացառությամբ սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

Հատուցման չափը սահմանում է վարչական մարմինը: Վնասի հատուցման չափը պետք է համարժեք լինի այն օգուտի չափին, որը շահագրգիռ անձը կարող էր ստանալ վարչական ակտի կատարման դեպքում:

2. Հատուցման մասին պահանջը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում` վարչական մարմնի կողմից վարչական ակտն անվավեր ճանաչվելու կամ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատվելու մասին վարչական վարույթի մասնակիցներին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած:

 

Հոդված 111. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Հանրային իրավահարաբերություններում առանց իրավական հիմքի վարչական մարմնի տիրապետման տակ անցած գույքը պետք է վերադարձվի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում սույն օրենքին:

3. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջի հետ միասին պահանջելու նաև անհիմն տիրապետման տակ գտնված գույքի օգտագործման ժամանակահատվածում ստացված ամբողջ եկամուտը (գումար), ինչպես նաև այդ եկամտի (գումար) 6 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար:

4. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները լուծում է այն վարչական մարմինը, որի փաստացի տիրապետման տակ է գտնվում առանց իրավական հիմքի ձեռք բերված գույքը:

Վարչական ակտով պետք է լուծվեն նաև գույքը վերադարձնելու եղանակի և հատուցելու չափի հետ կապված հարցերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  17.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 112. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ հարուցված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դեռևս չավարտված վարչական վարույթներն իրականացվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն, եթե դիմողը, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի դեպքում` ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը, գրավոր չեն պահանջում, որ վարույթի չավարտված մասն իրականացվի սույն օրենքին համապատասխան:

(112-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  18.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 113. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված վարչական մարմինները պարտավոր են ապահովել վարչարարության և վարչական վարույթին վերաբերող դրույթներ պարունակող իրենց իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին:

3. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-21-Ն)

(113-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-21-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մարտի 16
Երևան
ՀՕ-41-Ն