Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.187
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «իրավաբանական» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։»։

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`

1) անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքներ, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեության, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգության, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.

2) բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող և շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին.

3) գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները.

4) ենթասպառող` սպառող, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.

5) էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առք ու վաճառքի, հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների համակարգ, որը բաղկացած է մեծածախ և մանրածախ շուկաներից.

6) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան մեծածախ կամ մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, մեծածախ առևտրի, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սպառողները (ներառյալ՝ որակավորված սպառողները).

7) էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում և ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով՝ լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը լիցենզիա ունեցող անձի կողմից փաստացի արտադրվել և առաքվել է, ինչպես նաև որը նա պատրաստ էր արտադրել և առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելու պատրաստ չլինելու պատճառով, և այդ դեպքերը, որպես բացառություն, սահմանված չեն շուկայի կանոններով.

8) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում.

9) էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարում` սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով և սակագներով սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) երաշխավորված մատակարարում.

10) էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է շուկայի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա.

11) էլեկտրաէներգիայի օր-առաջ շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվան նախորդող օրը.

12) էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում իրականացվում է հաշվեկշռող էլեկտրաէներգիայի առևտուրը.

13) ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը.

14) լիցենզիա` հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով և լիցենզիայով նախատեսված դեպքերում՝ նաև պարտականությունը.

15) լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

16) խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.

17) կարգավարում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որը կապահովի սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

18) հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) են բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում են երրորդ երկիր.

19) համակարգային ծառայություններ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռք բերվող ծառայություններ.

20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ իրական ժամանակում էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման արդյունքում էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր-առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով.

21) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

22) մատակարարման և օգտագործման կանոններ` հանձնաժողովի հաստատած կարգավորման փաստաթղթեր, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու սպառողների կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.

23) միացում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի և հանձնաժողովի սահմանած միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին.

24) շուկայի կանոններ` հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները.

25) որակավորված սպառող՝ սեփական դիմումի հիման վրա հանձնաժողովի հաստատած՝ շուկայի կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող.

26) սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար.

27) սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

28) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.

29) տարանցում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) «ե» ենթակետի «այլընտրանքային» բառը փոխարինել «վերականգնվող» բառով.

2) «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) խոցելի սպառողների շահերի պաշտպանությունը.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետով.

«ժդ) հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի և միացման երաշխավորումը:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը

 

1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում է էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինն էներգետիկայի բնագավառում՝

ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններն ու պահանջները.

գ) համագործակցում է հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.

դ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

ե) համաձայնություն է տալիս հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

զ) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին.

 է) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.

ը) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.

թ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:»:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Էներգետիկայի բնագավառի կարգավորումը

 

Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և լիցենզիա ունեցող անձանց շահերը, լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը՝ երաշխավորելով սպառողների իրավունքները:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «գ» ենթակետից հանել «կարգավորվող» բառը.

3) «դ» և «ը» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) լիցենզիա ունեցող անձանց միջև, ինչպես նաև սպառողների հետ կնքվող էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը.».

«ը) համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.

«թ) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացումը:»:

 

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Հանձնաժողովի իրավասությունները

 

Հանձնաժողովն իրավասու է`

ա) սահմանելու էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.

բ) սահմանելու սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի, երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագները, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները.

գ) իր սահմանած կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնելու լիցենզավորում՝ տրամադրելու լիցենզիաներ, երկարաձգելու դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպելու, կասեցնելու և դադարեցնելու դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանելու լիցենզիաների պայմանները, վերահսկելու դրանց կատարումը և կիրառելու սույն օրենքով սահմանված տուժանքները.

դ) հաստատելու լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը.

ե) սահմանելու ջերմային էներգիայի, ինչպես նաև բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները.

զ) հաստատելու շուկայի կանոնները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ.

է) սահմանելու լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր սահմանած կարգով գրանցելու էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև ներկրման և արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 17.1-ին հոդվածի համաձայն.

ը) սահմանելու լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող՝ էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովելու դրանց ներդրումը.

թ) կազմակերպելու քննարկումներ՝ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ և (կամ) տալու պարզաբանումներ.

ժ) սույն օրենքի, հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր սահմանած կարգով իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում).

ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջելու բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.

ժբ) սահմանելու լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները.

ժգ) սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունները ներկայացնելու համար.

ժդ) համաձայնություն տալու լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.

ժե) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը և մեկնաբանումը.

ժզ) համագործակցելու էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.

ժէ) հաստատելու լիցենզիա ունեցող անձանց մշակած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ.

ժը) հաստատելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ.

ժթ) սահմանելու լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

 

«Հոդված 17.1 Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը)

 

1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից՝ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:

3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքվող պայմանագրերը ներկայացվում են էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին և հաշվառվում նրա կողմից՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:»:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.

«5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտելու սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունները՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում.

բ) հանձնաժողովի պահանջով՝ հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման շրջանակում.

գ) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որ բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով.

դ) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:

6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:»:

 

Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  4

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ»:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.

2) առաջին պարբերության «Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.

3) «դ» ենթակետը «տեսակներով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև խոցելի սպառողներ լինելու հանգամանքով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա», «ժբ» ենթակետերով.

«ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած հիմնավորված լրացուցիչ ծախսերի կամ ստացած լրացուցիչ օգուտների ներառումը սակագնում.

ժբ) լիցենզավորված գործունեության համար սահմանվող սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսերը չներառելը:»:

 

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.

2) 2-րդ կետը «երեսուն օր հետո» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր:».

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Երաշխավորված մատակարարի կողմից ավելի ցածր սակագին կիրառվելու դեպքում այն ենթակա է կիրառման տվյալ սպառողական խմբի բոլոր սպառողների նկատմամբ: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:»:

 

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.

բ) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը կամ բնական գազի փոխադրումը.

գ) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը.

դ) էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը.

ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը.

զ) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունը.

է) Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուրը.

ը) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը:

Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի տված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, սույն օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը:».

3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարգավորման ենթակա չեն՝

ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.

բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.

գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.

դ) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.

ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:»։

 

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները

 

1. Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք հանձնաժողով են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցվելու, լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքում երաշխիքային գումարը հանձնաժողովի սահմանած կարգով և չափով ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը

 

1. Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:

2. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:

3. Սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում է կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, ինչպես նաև համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում հանձնաժողովի սահմանած կարգի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում են կամ կարող են վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը:

4. Սույն հոդվածի 1-2-րդ կետերի դրույթները չեն տարածվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե նրանք չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում:»:

 

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «բ» - «դ» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրերը` ապագա սակագներում ներդրումների ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».

3) 2-րդ կետը «գործունեությունը» բառից հետո լրացնել «պետք է վարվի լիցենզավորված գործունեությունից առանձին՝ առանձնացված հաշվառմամբ, և» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտավոր է վարել առանձնացված հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:»:

 

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը «օրենքների» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերի» բառերով.

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.

 

«Հոդված 30.1 Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը

 

1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում:

2. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

ա) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար, կամ հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.

բ) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.

գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, և հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը.

դ) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:»։

 

Հոդված 23. Օրենքի 31-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 24. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Բնական գազի արտահանման և ներկրման լիցենզիաները

 

1. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն հանձնաժողովի սահմանած կարգի:

2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին այն վաճառելու իրավունք` համաձայն հանձնաժողովի սահմանած կարգի:»:

 

Հոդված 25. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիան

 

1. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու և արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիան կարող է արտահանվել միայն ներքին սպառման պահանջարկի բավարարումից հետո, որը հաստատում է էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:

2. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:»:

 

Հոդված 26. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ այդ նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1 Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել երաշխավորված մատակարարին, այլ մատակարարներին և որակավորված սպառողներին՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել չկարգավորվող գներով:».

3) 2-րդ կետից հանել «ընդլայնելու» բառը.

4) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են՝ հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝

ա) մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.

բ) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:»:

 

Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին կետից հանել «ընդլայնելու» և «և Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու,» բառերը.

2) 2-րդ կետի «համակարգի» բառը փոխարինել «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետևյալ բացառիկ գործառույթներով.

ա) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում և կարգավարում.

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.

գ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.

դ) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, համագործակցելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները և ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը։».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:

 

Հոդված 29. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «էներգիա (հզորություն) բաշխելու» բառերը փոխարինել «էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման» բառերով, հանել «ընդլայնելու» և «, շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու» բառերը.

2) հանել 1-ին կետի երկրորդ նախադասությունը.

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման):».

4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, համագործակցելով լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը:»:

 

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին և 38.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 38.1 Մատակարարման լիցենզիաները

 

1. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան՝ այն վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին, իսկ ավելցուկը՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:

2. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հոդված 38.2 Երաշխավորված մատակարարը

 

1. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:

2. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, իսկ ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:

3. Երաշխավորված մատակարարի և սպառողների միջև կնքվող մատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեն հանձնաժողովի սահմանած պարտադիր պայմաններին (օրինակելի ձևերին):

4. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 31. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 39. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիան

 

1. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն հետևյալ բացառիկ գործառույթներով.

ա) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում.

բ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում.

գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում.

դ) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում.

ե) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունք:

2. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, համագործակցելով այլ լիցենզավորված անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային (մեծածախ և մանրածախ) կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը:

3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում:»:

 

Հոդված 32. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  5.1

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ

 

Հոդված 39.1. Ընդհանուր սկզբունքները

 

1. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաներում՝ կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրի մասնակիցներին ծառայություններ են մատուցում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը:

3. Էլեկտրաէներգետիկական շուկայում չեն կարգավորվում՝

ա) մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները (բացառությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության).

բ) մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնվող և վաճառվող (ներառյալ՝ ներկրվող և արտահանվող) էլեկտրական էներգիայի գները.

գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները:

4. Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը:

 

Հոդված 39.2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրի մասնակիցները

 

1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մեծածախ առևտրի, մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև որակավորված սպառողները:

2. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինքնավար էներգաարտադրողները և սպառողները (բացառությամբ որակավորված սպառողների):

3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և շուկայի առևտրի մասնակիցների փոխհարաբերությունները սահմանվում են շուկայի կանոններով:

 

Հոդված 39.3. Որակավորված սպառողները

 

1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և (կամ) ներկրելու և դրա ավելցուկը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք:

2. Որակավորված սպառողը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Սպառողների որակավորման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա նրանց պարտադիր մուտքի պայմանները սահմանում է հանձնաժողովը՝ շուկայի կանոններով:

 

Հոդված 39.4. Մեծածախ շուկան

 

1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքի պահանջներին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա վաճառելու և գնելու, ինչպես նաև էլեկտրական էներգիա ներկրելու:

2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքի պահանջներին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունքի ունի արտահանելու էլեկտրական էներգիա՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո:

3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան ներառում է էլեկտրական էներգիայի և հզորության շուկաները:

4. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հզորությունների առևտուրն իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով և ներառում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պատվիրած հզորությունները:

5. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի, իսկ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում՝ նաև էլեկտրաէներգիայի օր-առաջ և էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկաներում:

6. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում շուկայի մասնակիցների միջև առևտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

 

Հոդված 39.5. Մանրածախ շուկան

 

1. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկան ներառում է մատակարարների և (կամ) երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին (բացառությամբ որակավորված սպառողների) էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ հանձնաժողովի սահմանած կանոնների համաձայն:

2. Սպառողն իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրելու մատակարար և շուկայի կանոնների համաձայն՝ փոխարինելու վերջինիս:

 

Հոդված 39.6. Շուկայի առևտրային և ցանցային կանոնները

 

1. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնները բաղկացած են մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններից:

2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանվում են՝

ա) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառուցվածքը.

բ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության սկզբունքները.

գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների գրանցման կարգը.

դ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները.

ե) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կանոնները.

զ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հայտերի և առաջարկների ներկայացման կանոնները.

է) ուղիղ պայմանագրերի, օր-առաջ և հաշվեկշռման շուկաների գործունեության կարգը.

ը) էլեկտրաէներգիայի, հզորության, համակարգային ծառայությունների հաշվառման ու վճարման կարգը.

թ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները.

ժ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

3. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանվում են՝

ա) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության սկզբունքները.

բ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում առևտրի իրականացման կանոնները.

գ) էլեկտրաէներգիայի մատակարարման և մատակարարման երաշխավորված ծառայություններին ներկայացվող պահանջները.

դ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին ներկայացվող պահանջները.

ե) սպառողների կողմից մատակարարներին փոփոխելու կարգը.

զ) սպառած էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ու վճարման կարգը.

է) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման ու անճշտության հայտնաբերման դեպքում՝ մատակարարի ու սպառողի փոխհարաբերությունները.

ը) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները.

թ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

4. Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից:

5. Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են՝

ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորումը.

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը.

գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը.

դ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը.

ե) էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.

զ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

6. Էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով սահմանվում են՝

ա) բաշխման ցանցի զարգացման պլանավորումը.

բ) բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը.

գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը.

դ) բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաև նոր հզորությունների միացումը.

ե) բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.

զ) բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:»:

 

Հոդված 33. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  6

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 40. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի կազմակերպումը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը և հանձնաժողովը էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման և տարանցման ապահովման նպատակով մշտապես կատարելագործում են էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքն ու կանոնները և համագործակցում այլ երկրների հետ:

2. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը և տարանցումը պետք է իրականացվեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով՝ նպատակ ունենալով բարձրացնել էլեկտրաէներգետիկական շուկայի արդյունավետությունը:

3. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրն իրականացվում է սույն օրենքի համաձայն՝ էլեկտրաէներգիայի ներկրման և (կամ) արտահանման իրավունք ունեցող անձանց կողմից: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը սույն օրենքով և շուկայի կանոններով սահմանված կարգով համակարգում են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը, ինչպես նաև տարանցումը:

4. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը կարող է իրականացվել ինչպես օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի կնքման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այլ երկրների էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկաների հետ զուգակցելու միջոցով: Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այլ երկրների հետ զուգակցելու պայմանները և առք ու վաճառքի կանոնները որոշվում են համապատասխան պայմանագրերով:

5. Շուկայի կանոններով սահմանված կարգով օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիա տարանցելու իրավունք ունեն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, հաղորդման, ինչպես նաև բաշխման (եթե տարանցվող էլեկտրական էներգիան անցնում է նաև բաշխման ցանցով) լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա:»:

 

Հոդված 34. Օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 35. Օրենքի 42-րդ, 47-րդ, 48-րդ և 51-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 42. Տուժանքները

 

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալու խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուժանքները:

2. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացում:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից քառասուն միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում:

5. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ հինգ միլիոն դրամից տասը միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

6. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանն առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

7. Կայանի կառուցման ժամանակահատվածում էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի), գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի հաղորդման կամ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի, մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող կայաններում էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելն առաջացնում է նախազգուշացում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամից երկու միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտի պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված այլ վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում:

10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

11. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից մեկուկես միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:».

 

«Հոդված 47. Սպառողների էներգամատակարարումը

 

1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը կամ երաշխավորված մատակարարը պարտավորվում է մատակարարել էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար՝ այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցում է խախտողը` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:

3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:

4. Եթե էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազն սպառվում է առանց մատակարարման պայմանագրի (ապօրինի սպառում), ապա բաշխման լիցենզիա ունեցող անձն անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մատակարարված էներգիան և բնական գազը խոցելի սպառողներն իրավունք ունեն օգտագործելու բացառապես կենցաղային կարիքները բավարարելու նպատակով:

6. Էլեկտրաէներգետիկայի բնագավառում խոցելի սպառողների էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացնում է միայն երաշխավորված մատակարարը:

7. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն է տրամադրում հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի և բնական գազի մատակարարման հատուկ սակագներ և պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաև խոցելի սպառողներին էներգիա և բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ նրանց հաշվառելու նպատակով:

 

Հոդված 48. Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը

 

1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան և բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումն սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):».

 

«Հոդված 51. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքը

 

1. Ցանկացած անձ իրավունք ունի իր նոր կամ վերակառուցված սպառման համակարգը կամ կայանը ոչ խտրական պայմաններով միացնել էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ընդունված տեխնիկական կանոնակարգերի և հանձնաժողովի սահմանած միացման կանոնների:

2. Անձն իր սպառման համակարգը կամ կայանն էլեկտրական, ջերմային կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին միացնելու համար հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով վճարում է միացման վճար: Միացման վճարը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև կամ որոշվել անհատական կարգով՝ յուրաքանչյուր նոր միացվող սպառման համակարգի կամ կայանի համար:

3. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգի կամ կայանի միացումն էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին կարող է ազդել նշված համակարգի հուսալիության և անվտանգության վրա, ապա այդպիսի միացումներն իրականացվում են էլեկտրաէներգետիկական կամ գազամատակարարման համակարգի օպերատորի համաձայնությամբ՝ հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով:

4. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգը կառուցվել է գործող էներգակայանքների անվտանգության գոտիներում, ապա այդ էներգակայանքների տեղափոխման ծախսերը կրում է տվյալ տարածքի սեփականատերը:

5. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) կամ բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են շուկայի կանոնների և պայմանագրերի հիման վրա ապահովել համապատասխանաբար իրենց հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերին ցանկացած անձի ոչ խտրական մուտքի իրավունքը, ինչպես նաև իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել) կամ բաշխել սպառողի կամ այլ անձանց էլեկտրական էներգիան կամ բնական գազը` հանձնաժողովի սահմանած սակագնով:»:

 

Հոդված 36. Օրենքի 53-րդ և 54-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 37. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «գ» ենթակետը «քսան տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «տրվում է» բառերով, «էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի գնման երաշխիք» բառերով, իսկ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:».

2) 2-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 38. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ կետը գործում է մինչև սույն օրենքով լրացվող՝ Օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին յոթ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում երաշխավորված մատակարարի կարգավիճակ: Նշված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի:

4. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն էլեկտրամատակարարման երաշխավորված ծառայության մասով վարում է առանձնացված հաշվառում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկինում տրված լիցենզիաներում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է իր ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 22

Երևան

ՀՕ-100-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան