Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (10.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

10 նոյեմբերի  2015 թվականի

թիվ 126

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծին (այսուհետ` Համաձայնագիր) (կցվում է)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (Նախարար) Տ. Մ. Սուլեյմենովին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում Համաձայնագրի նախագիծը քննարկելուց հետո այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ` ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` սույն Կարգադրության 2-րդ կետին համապատասխան ներպետական համաձայնեցում անցկացնելու համար Համաձայնագրի նախագիծն ուղարկելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր հետո տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նման համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին։

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ` անդամ պետություններ, ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) XVII բաժնի դրույթներով և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 18 հավելված),

հաշվի առնելով «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան,

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայր ապահովելու նպատակով,

համակարծիք լինելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտման հետ,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաշվի առնելով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,

ընդունելով անդամ պետություններից յուրաքանչյուրի` ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում` անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները, միջոցներն ու կարգը և կարգավորում է սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) հարցերը։

 

Հոդված 2

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա`

անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության ամենօրյա եկամուտների չափերի տարբերությունների, անդամ պետությունների բնակչութան համար ծխախոտային արտադրանքի մատչելիության (այդ թվում` գնային) հաշվառում.

աճի ավելի ցածր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի արագացում և աճի ավելի բարձր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղեցում.

անդամ պետությունների (այդ թվում` դրանց շրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման պլանների հաշվառում.

անդամ պետությունների` ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու իրավունքի ապահովում.

ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկություն ու կանխատեսելիություն։

 

Հոդված 3

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործման մեխանիզմը

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է` սահմանելով`

1) ակցիզների ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափեր (այսուհետ` ինդիկատիվ դրույքաչափեր).

2) ինդիկատիվ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետ.

3) ինդիկատիվ դրույքաչափերից շեղման տարեկան տիրույթ։

2. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների` անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված և ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) հանրագումար հանդիսացող փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել ինդիկատիվ դրույքաչափերից։

3. Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով օգտագործվում է անդամ պետության համապատասխան ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքը, որը կիրառվում է հերթական բյուջետային ժամանակաշրջանի համար բյուջետային պլանավորման ժամանակ։

4. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունների, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետների և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների փոփոխության դեպքում Եվրասիական միջկառավարական խորհուրդն իրավունք ունի անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։

5. Մինչև 2017 թվականը անդամ պետությունները կապահովեն սիգարետների համար ֆիլտրի առկայությամբ պայմանավորված ակցիզների դրույքաչափերի տարբերակման բացառումը։

6. Անդամ պետությունները նախքան ինդիկատիվ դրույքաչափերի գործողության 5-ամյա ժամանակահատվածի ավարտը` ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության մեջ են մտնում հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերը, մշակում են հաջորդ 5-ամյա ժամանակահատվածում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների մասին առաջարկություններ։ Անդամ պետությունների կողմից համաձայնեցված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետները և շեղման տիրույթները հաստատվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։

7. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես`

1) ցանկացած անդամ պետության նկատմամբ ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափեր սահմանելու այնպիսի պահանջ, որն այդ անդամ պետության կողմից կարող է դիտարկվել որպես իր անվտանգության շահերին հակասող.

2) ցանկացած անդամ պետության համար խոչընդոտ այնպիսի գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության շահերի պաշտպանության համար` ծխախոտային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափեր սահմանելու առնչությամբ նորմատիվ իրավական ակտ ընդունելու միջոցով։

 

Հոդված 4

 

Սիգարետների համար ակցիզների ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետները և շեղման տիրույթները

 

1. Հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետը` անդամ պետությունները 2016-2020 թվականներին կիրառում են հետևյալ մեծություններով ինդիկատիվ դրույքաչափերը`

2016 թվականին` 22 եվրո 1000 հատ սիգարետի համար.

2017 թվականին` 25 եվրո 1000 հատ սիգարետի համար.

2018 թվականին` 27 եվրո 1000 հատ սիգարետի համար.

2019 թվականին` 30 եվրո 1000 հատ սիգարետի համար.

2020 թվականին` 32 եվրո 1000 հատ սիգարետի համար:

2016 թվականին ինդիկատիվ դրույքաչափը կիրառվում է ֆիլտրով սիգարետների նկատմամբ։

2017 թվականից սկսած` ինդիկատիվ դրույքաչափերը կիրառվում են` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետը։

2. Սիգարետների համար ակցիզների` անդամ պետություններում գործող փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափերից`

1) Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության համար (I գնային խմբին պատկանող սիգարետների առնչությամբ) հետևյալի սահմաններում`

2016 թվականին` ոչ ավելի, քան 55 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2017 թվականին` ոչ ավելի, քան 45 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով ` աճման ուղղությամբ.

2018 թվականին` ոչ ավելի, քան 35 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2019 թվականին` ոչ ավելի, քան 30 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2020 թվականին` ոչ ավելի, քան 20 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2) Բելառուսի Հանրապետության (բացառությամբ I գնային խմբի սիգարետների), Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար հետևյալի սահմաներում`

2016 թվականին` ոչ ավելի, քան 30 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2017 թվականին` ոչ ավելի, քան 30 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2018 թվականին` ոչ ավելի, քան 25 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2019 թվականին` ոչ ավելի, քան 20 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ.

2020 թվականին` ոչ ավելի, քան 15 տոկոսով` նվազման ուղղությամբ, և ոչ ավելի, քան 10 տոկոսով` աճման ուղղությամբ:

 

Հոդված 5

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը, անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում ծանուցում` հերթական օրացուցային տարում (բյուջետային ժամանակահատվածում) ծխախոտային արտադրանքի համար ակցիզների սահմանված դրույքաչափերի մասին։

2. Հանձնաժողովն ամփոփում է սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված տեղեկությունները և վերջին ծանուցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է բոլոր անդամ պետություններին:

3. Հանձնաժողովին և անդամ պետություններին ծանուցելուց հետո անդամ պետություններից որևէ մեկի կողմից ենթաակցիզային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ որոշման կայացման դեպքում ծխախոտային արտադրանքի ակցիզների նոր դրույքաչափերի մասին տեղեկություններն ուղարկվում են Հանձնաժողով և անդամ պետություններ համապատասխան ակտը ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օր առաջ։

4. Անդամ պետություններն ապահովում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարկային քաղաքականության հարցերով փոխադարձ խորհրդատվությունների անցկացումը Հանձնաժողովի կոլեգիային առընթեր այն խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության մեջ են մտնում հարկային քաղաքականության և վարչարարության հարցերը։

 

Հոդված 6

 

Վարչական համագործակցությունը

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով անդամ պետությունները որոշում են իրենց լիազորված մարմինների միջև վարչական համագործակցության մեխանիզմները (եղանակները) (այդ թվում` համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով)։

 

Հոդված 7

 

Փոխադարձ կապը միջազգային այլ պայմանագրերի հետ

 

Սույն Համաձայնագրի դրույթներով չեն շոշափվում անդամ պետությունների` նախկինում կնքված միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են իրենք։

 

Հոդված 8

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված ________ քաղաքում, _____ թվականի _______-ի «_____»-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը` որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետության կողմից

Ղազախստանի Հանրապետության կողմից

Ղրղզստանի Հանրապետության կողմից

Բելառուսի Հանրապետության կողմից

Ռուսաստանի Դաշնության կողմից

 

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: