Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-172-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.01.2018-01.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.610
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային և անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

 

 Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական ծանուցում` անձին առձեռն, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.

2) հրապարակային ծանուցում՝ տեղեկատվություն պարունակող հայտարարություն.

3) հրապարակային ծանուցում հրապարակող անձ՝ հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին (այսուհետ՝ հրապարակող անձ).

4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ՝ կայք).

5) տպագրական նիշ` ցանկացած առանձին տառ, թիվ, կետադրական նշան կամ այլ նշան, բացառությամբ բացատների.

6) կայքը վարող անձ՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի ադմինիստրատոր կամ մոդերատոր.

7) պաշտոնական էլեկտրոնային փոստ՝

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,

բ. իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,

գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը:

(2-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-114-Ն)

(2-րդ հոդվածը  25.10.17 ՀՕ-176-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.04.18թ.)

 

 Հոդված 3. Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում:

 

Հոդված 4.  Կայքի վարումը

 

1. Կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

 Հոդված 5. Հրապարակային ծանուցում ներկայացնելը

 

1. Հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ գործակալություն):

2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:

3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:

4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:

5. Հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով:

7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:

8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կայքը վարող անձը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:

 

Հոդված 6.  Կայքում հայտարարություն տեղադրելը

 

1. Կայքը վարող անձը հրապարակային ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային ծանուցման տեքստը տեղադրում է կայքում:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից:

3. Կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7.  Հրապարակային ծանուցման վճարը

 

1. Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում` գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:

2. Հրապարակող անձը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պարտավոր է վճարել սույն օրենքով սահմանված վճարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվում են կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետևանքով պատճառված վնասի հատուցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նյութատեխնիկական ապահովմանը, մատուցվող ծառայությունների որակի, աշխատանքային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավմանը:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետևանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով վնաս պատճառած անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։

(7-րդ հոդվածը խմբ. 20.12.17 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 8.  Հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը

 

1. Հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ:

2. Գործում են հրապարակային ծանուցման նվազագույն և առավելագույն վճարման չափեր: Նվազագույն վճարման չափը կազմում է 2000 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ:

3. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար վճարի չափը չի կարող գերազանցել 5000 դրամը:

(8-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-29-Ն)

 

Հոդված 9.  Կայքից տեղեկատվություն ստանալը

 

1. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցմանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցումն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Հրապարակային ծանուցումների մասին տեղեկությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:

4. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.  Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-114-Ն)

(10-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-176-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.04.18թ.)

(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 4
Երևան
ՀՕ-172-Ն