Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրերը և պատասխանում է դրանց:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.1-ին հոդվածով.

 

«Հոդված 123.1.

Ազգային ժողով ներկայացված հանրագրերը քննարկելու և դրանց պատասխանելու կարգը

 

1. Հանրագրերն Ազգային ժողով կարող են ներկայացվել միայն Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:

2. Հանրագիրը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ: Եթե գրությունը սույն հոդվածի 1-ին մասի կամ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Աշխատակազմը վերադարձնում է գրությունը՝ նշելով պատճառների մասին, իսկ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է հանրագրի քննարկումը.

2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը հանրագիրն ուղարկում է իրավասու մշտական հանձնաժողով կամ հանձնաժողովներ, եթե հանրագիրը վերաբերում է մեկից ավելի մշտական հանձնաժողովների իրավասության ոլորտներին:

3. Աշխատակազմը գրանցում է մշտական հանձնաժողով ուղարկված հանրագիրը և այն տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանրագիրն ուղարկում է հանձնաժողովի անդամներին, որոնք կարող են հանրագիրն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնել հանրագրի պատասխանի նախագիծ: Եթե սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը կարող է հանրագրի պատասխանի նախագիծ մշակել նաև հանձնաժողովի այլ անդամի կողմից հանրագրի պատասխանի նախագիծ ներկայացվելու դեպքում:

5. Հանձնաժողովի նիստում հանրագրի պատասխանի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Եթե հանրագրի պատասխանի վերաբերյալ հանձնաժողովը որոշում չի կայացնում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված:

6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը, իսկ պատասխանի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում համապատասխան գրությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Աշխատակազմ, որն այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է անհատական հանրագիրը ներկայացրած անձին կամ կոլեկտիվ հանրագրում որպես պատասխանատու նշված անձին: Հանրագրի պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Հանրագրերի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաև հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու վերաբերյալ Աշխատակազմի որոշումները կամ այլ գործողությունները (անգործությունը) բողոքարկման ենթակա չեն:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-22-Ն