Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-116-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.20/46(1321) Հոդ.727
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2017 թվականի հուլիսի 6-ին

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ հոդվածով.

«Հոդված 2.4. Հաստատել 2017 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն 5-րդ հավելվածի:»։

 

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.6-րդ կետով.

«6.6. 2017 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3: 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը (այսուհետ` Լրացուցիչ շահույթ) ենթակա է վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ շահույթի հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել 5-րդ հավելվածով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-116-Ն

 

 

Հավելված 5

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

 

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 2017 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

 Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

 

2. Ներկա վիճակի վերլուծություն

Օրենքով ամրագրված է լճից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի՝ պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, որն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար առաջացրել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ:

Ըստ Հայաստանի Հանրապետության ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն: 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ (սույն օրենքի նախագծի մշակման ժամանակ) անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա համեմատ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված՝ 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն:

Առկա և առաջիկայում սպասվելիք բարձր ջերմաստիճանի հետ կապված՝ բնականաբար կմեծանա նաև ջրի պահանջարկը: Դա կպահանջի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առավել ջրամատակարարում:

2016 թվականի հունիսի 19-ին 2015 թվականի նույն օրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով (տարբերության առավելագույն ցուցանիշը 24.08.2016 թվականին գրանցվել է 32 սմ), իսկ 2017 թվականի հունիսի 19-ին 2016 թվականի նույն օրվա դրությամբ՝ ևս 18 սմ-ով:

 

 3. Ծրագրի հիմնական նպատակը ԵՎ առաջնային խնդիրները

 Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

 Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից ջրի տարեկան բաց թողնման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է՝ դարձնելով այն մինչև 270 մլն մ3:

Սույն ծրագրի մշակման համար առկա են հետևյալ հիմքերը.

- Սևան-Հրազդան ջրառի իշխման տարածքներում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում ոռոգման ջրաքանակը պակաս է շուրջ 17 մլն մ3-ով, Հրազդան գետի ջրատվությունը` 40 մլն մ3-ով (2016 թվականին եղել է 150 մլն մ3, 2017-ի նույն ժամանակահատվածում` 110 մլն մ3).

- 2016 թվականին ևս 60 մլն մ3 ջուր արտադրվել է Մխչյան և Ռանչպար պոմպակայաններով, որի ծախսը կազմել է 1.2 մլրդ դրամ:

Այսպիսով՝ Սևան-Հրազդան համակարգում առկա է 117 մլն մ3 ջրի դեֆիցիտ անցած տարվա համեմատ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյան և Ռանչպար պոմպակայանները կարող են լրացնել այս դեֆիցիտի միայն 50%-ը, այդ իսկ պատճառով Սևանա լճից լրացուցիչ ջրառը դառնում է անհրաժեշտություն:

Խնդիրն առավել սուր բնույթ է ստանում, երբ Սևան-Հրազդան համակարգի կարիքներին գումարվում են Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները: 2016 թվականի համեմատ Ախուրյանի ջրամբարը 105 մլն մ3-ով պակաս է լցվել (անցած տարի եղել է 545 մլն մ3, 2017 թվականին` 440 մլն մ3):

Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքների ջրի պակասը լրացնելու միակ տարբերակը մեխանիկական ջրարտադրությունն է Արմավիրի տարածաշրջանի խորքային հորերի շահագործման միջոցով, որը կպահանջի առնվազն 1.2 - 1.3 մլրդ դրամի էլեկտրաէներգիայի ծախս:

2016 թվականի սցենարով աշխատելու, Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու դեպքում համակարգում առկա կմնան հետևյալ չլուծվող խնդիրները.

- Սևան-Հրազդան համակարգում` 50 մլն մ3 ջրի դեֆիցիտ.

- Ախուրյան-Արաքս համակարգում` 105 մլն մ3 ջրի դեֆիցիտ:

Այսպիսով՝ երկու համակարգերում էլ կունենանք թերոռոգում, որը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի, գյուղատնտեսական արտադրանքի վերջնարդյունքի կորստի` առ ոչինչ դարձնելով նաև մինչ այդ իրականացված ջրամատակարարումը, ինչպես նաև շուրջ 130 հազ. հողօգտագործողների կատարած ծախսերն ու վճարումները:

Սևանա լճից լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարելու մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող՝ Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, որի շնորհիվ համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա:

Լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրի բաց թողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոէլեկտրակայաններում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա: Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

 Լրացուցիչ ջրբացթողումները լճի ջրի մակարդակի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ Օրենքի ընդունման պահին Սևանա լճի ջրի մակարդակը կազմել է 1896.32 մ: 2017 թվականի հունվարի 1-ին այն կազմել է 1900.46 մ: Այս նիշերի տարբերությամբ պայմանավորված, և, հաշվի առնելով Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտման/կոլերացիայով ընդունված 0,20 մ նիշի բարձրացման գործակիցը, Սևանա լճի ջրի մակարդակը Օրենքի ընդունումից հետո 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ փաստացի բարձրացել է 3.94 մ-ով:

Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, որի պարագայում նույնիսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18-8) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված՝ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված՝ Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները:

 Որակական առումով առաջարկվող փոփոխությունը նույնպես լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա՝ պայմանավորված լճի ջրի ծավալի ավելացմամբ և ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս և Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների գործարկմամբ:

 

4. Ծրագրի իրականացումԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔները

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում.

2) ոռոգում իրականացնող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում:

 

5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը

Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն (170 մլն մ3) չափաքանակից ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն (170 մլն մ3) չափաքանակից ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Էներգետիկայի բնագավառի լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն (170 մլն մ3) չափաքանակից ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործման շնորհիվ արտադրված էլեկտրական էներգիայի քանակի և դրա հետ կապված կատարված վճարումների վերաբերյալ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն Ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: