Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-164-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.11.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1046
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թ. նոյեմբերի 28-ի Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ կետով.

«46) նախնական պայմանագիր՝ լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը.

14.2) լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետերով.

«20) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային փաթեթի կազմումը.

21) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքումը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված» բառից հետո լրացնել «ընդհանուր հիմունքներով կամ մրցութային» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին և 20.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 20.1. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մրցութային կարգով

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը մրցութային կարգով տրամադրվում է բացառապես ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության դեպքում:

2. Մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար մրցույթի մասնակցության հայտը ներկայացվում է լիազոր մարմին՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

4. Մինչև մրցույթի կազմակերպումը լիազոր մարմնի և ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատիրոջ միջև կնքվում է հողօգտագործման նախնական պայմանագիր, որով սահմանվում է ընդերքօգտագործողի կողմից՝ հողամասի օգտագործման վճարի և ընդերքօգտագործման հետևանքով հողամասի սեփականատիրոջը պատճառվելիք վնասի և բաց թողնված օգուտի չափի փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մրցույթը կազմակերպվում, անցկացվում և բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենսգրքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

 

Հոդված 20.2. Մրցույթի արդյունքների ամփոփումը

 

1. Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմինը ստեղծում է մրցութային հանձնաժողով:

2. Մրցույթում հաղթող անձը որոշվում է մրցութային առաջարկությունների քննարկման արդյունքով` հետևյալ չափանիշների հիման վրա.

1) ընդերքօգտագործման ոլորտում հայտատուի նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձը, նախատեսվող ներդրումների ծավալը, իրականացվելիք աշխատանքների ժամկետները, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.

2) մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները.

3) մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները.

4) մրցույթին չեն կարող մասնակցել սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում նշված անձինք:

3. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանում է մրցույթի կազմակերպիչը:

4. Մրցույթի մյուս մասնակիցների պահանջով 10-օրյա ժամկետում տրամադրվում է արձանագրության կրկնօրինակը:

5. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված անձի հետ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կնքում է նախնական պայմանագիր, որով սահմանվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:

6. Մրցույթում հաղթող ճանաչված անձը նախնական պայմանագրով սահմանված ժամկետում դիմում է լիազոր մարմին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ դիմումին կից ներկայացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 41-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է մրցույթում հաղթող ճանաչված անձին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 1

Երևան

ՀՕ-164-Ն