Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-117-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով իրականացվող առևտրի և ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են Օրենքի 4.1-ին գլխով: Օրենքի 4.1-ին գլխի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ եթե նշված կանոնների կիրառումը չի հակասում դրա էությանը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  4.1

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

«Հոդված 15.1. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս ներկայացվող պահանջները

 

1. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի հետևյալ տեղեկատվությունը.

ա) պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այդ թվում` օֆերտա կամ ակցեպտ համարվող գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, որը պետք է պարունակի բավարար ու որոշակի տեղեկություններ պայմանագիրը կնքված համարվելու պահի մասին, ինչպես նաև տեղեկատվություն այն գործողության մասին, որն առաջացնելու է վճարման պարտականություն.

բ) գնորդի նշած վայր ապրանքի առաքման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) սահմանափակումները՝ մինչև գնորդի կողմից ապրանքը գնելու գործողությունն սկսելը.

գ) ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջների հետ կապված տեղեկությունները.

դ) կայքի շահագործման հասանելիության սահմանափակումները` դրանց առկայության դեպքում.

ե) կայքի շահագործման` սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումները, որոնց մասին տեղյակ է կամ ողջամտորեն պետք է տեղյակ լինի վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).

զ) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը.

է) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր այլ տեղեկատվություն:

2. Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առևտրային հարթակում) կարող է հղում նախատեսվել մեկ այլ էլեկտրոնային փաստաթղթի, որը պարունակում է կնքվող պայմանագրի պայմանները: Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է ապահովի տվյալ հղման տեխնիկական հասանելիության կարգն ու ժամկետները:

3. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է հնարավորություն ընձեռի գնորդին պահպանելու կնքված պայմանագիրը կամ պայմանագրի կնքումից հետո ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան պայմանագրի կատարումն սկսելն այն այլ կերպով հասանելի դարձնել կողմին:

4. Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու) և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով վաճառում են անձնական գույքն ու իրերը, ապա էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսվում է առանձին բաժին (ենթաբաժին)` անձնական գույքին վերաբերող գործարքները տարբերակելու համար:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 7

Երևան

ՀՕ-117-Ն