Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-72-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.06.2016-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է ներմուծողը՝ այդ ապրանքների համար «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) սահմանված կարգով որոշվող ավելացված արժեքի հարկով հարկման բազայի (առանց այդ ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի) հիման վրա (այսուհետ՝ վճարի հաշվարկման բազա) և պետական բյուջե է վճարում մինչև այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Սույն պարբերությունում նշված բնապահպանական վճարի հաշվարկը ներառվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է՝

1) ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված և իրացված՝ ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն.

2) ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծված և իրացված՝ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`

1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.

2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների համար հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողները և արտադրող իրացնողները:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարի հաշվարկված գումարները «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում ներմուծողի կողմից ներառելու դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա ընթացքում կատարված ներմուծումների վրա:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողների և արտադրող իրացնողների կողմից «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարից պակասեցվում է ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-72-Ն