Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-238-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.01.2016-30.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1421
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, և տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է` անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ճանապարհային երթևեկության կանոնի խախտում` (այսուհետ` իրավախախտում) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով արգելված արարք (գործողություն կամ անգործություն).

2) վարչական ակտի հասցեատեր` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք.

3) վարչական մարմին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն.

4) անհատական ծածկագիր` թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցային կայքէջում` վարչական ակտի հասցեատերը կարող է դիտել և պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 3. Ապացույցները

 

1. Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

 

Հոդված 4. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը, ապացույցները պահպանելը, ապացույցները ծանոթացման տրամադրելը

(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-179-Ն)

 

1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանների միջոցով:

2. Ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործում:

3. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրան է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:

4. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից:

5. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, և հանձնման փաստն ամրագրվում է վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից դիմումում կատարված գրառմամբ:

6. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա նրա չներկայանալու փաստն ամրագրվում է վարչական մարմնի կողմից դիմումում կատարված գրառմամբ:

7. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու մասին պահանջով:

8. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:

9. Վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործերը շտեմարանի ընթացիկ հատվածում պահպանվում են մինչև դրանց ավարտը, իսկ ավարտից հետո՝ տեղափոխվում շտեմարանի արխիվ, իսկ օրենսդրությամբ՝ արխիվում պահպանման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ոչնչացվում են (հեռացվում են շտեմարանից):

10. Վարչական ակտի հասցեատիրոջը հանձնվող (իրազեկվող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրվող) վարչական ակտում զետեղված՝ իրավախախտումն ամրագրած տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:

11. Այն դեպքերում, երբ կատարած իրավախախտման համար անձը համարվել է նախազգուշացված, ապացույցները (նախազգուշացում նշումով) հասանելի են դարձվում էլեկտրոնային ձևով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրելու եղանակով: Դրանց վերաբերյալ անձը տեղեկացվում է այլ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի ծանոթագրությամբ: Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը օրենքով սահմանված կարգով անձին պետք է հանձնվի էլեկտրոնային փոստով, ապա նախազգուշացված համարելու հիմք հանդիսացած ապացույցները (նախազգուշացում նշումով) ևս ուղարկվում են նույն էլեկտրոնային փոստով:

(4-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 5. Վարչական վարույթի փուլերը

 

1. Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

 

Հոդված 6. Իրավախախտման հատկանիշների պարզումը

 

1. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

4. Եթե իրավախախտումը կատարվել է պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրավոր հարցում է կատարում համապատասխան կազմակերպությանը (հարցումը կարող է ուղարկվել նաև կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին):

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումն ստացած կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը պարտավոր է հնգօրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ում է ամրացված եղել (ով է վարել) տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան և համարը, և կցվում է աշխատանքային պայմանագրի և տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենը (եթե հարցումն ուղարկվել է կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա դրա պատասխանը ևս կարող է ներկայացվել էլեկտրոնային փոստով):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի իրականացվում (չի հարուցվում):

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերը մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը վարչական մարմինն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմին՝ կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.12.15 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

 

1. Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցում կատարելու դեպքում՝ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատասխանն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարչական ակտն ընդունելուց հետո` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

3. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-179-Ն)

4. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:

5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցմանը՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պատասխանելու միջոցով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատը (բողոքը կամ հայցադիմումը) կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա գանգատին (բողոքին կամ հայցադիմումին) պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացվելու կամ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը որևէ այլ կերպ հաստատվելու, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը վարչական, դատական կամ որևէ այլ կերպ հաստատվելու կամ հարցման պատասխանն ստանալու օրվանից:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 7.1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և սույն օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել: Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի կատարման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վաղեմության ժամկետը հաշվարկվում է վարչական ակտը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնելու օրվանից:

(7.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 7.2. Տրանսպորտային միջոցները վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների հետևանքը

 

1. Տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չվճարվելու դեպքում վարչական ակտերով գումարը վճարելու պարտականությունը կրում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝ տրանսպորտային միջոցը վարձակալած (վարող) անձի (խախտումը կատարած անձի) նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքով:

2. Վարչական ակտերով գումարը վճարելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի գանգատարկելու վարչական ակտը օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը իրազեկելու պահից։

(7.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 8. Վարչական ակտի առանձնահատկությունները

 

1. Վարչական ակտը ներառում է`

1) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար.

2) անհատական ծածկագիրը.

3) լուսանկարը, եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ.

4) օրենքով սահմանված այլ տվյալներ:

2. Վարչական ակտի ձևը և նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

 

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-238-Ն