Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-103-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ. 635
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի հունիսի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի (այսուհետ՝ Դիլիջան քաղաքային բնակավայր և հարակից տարածքների (այսուհետ՝ Տարածք) զարգացման և ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, ինչպես նաև Դիլիջան համայնքի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները` հիմնված պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի վրա:

(1-ին հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 2. Օրենքի նպատակը, խնդիրները և սկզբունքները

 

1. Սույն օրենքի նպատակն է՝

1) ապահովել Տարածքի զարգացման ընթացքում Դիլիջան համայնքի քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը, կառուցապատման գործունեության իրականացումը առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման համար.

2) խրախուսել և աջակցել Տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին և պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը.

3) ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը և հանրության մասնակցությունը որոշումների կայացման հանրային քննարկումների միջոցով.

4) նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը և Տարածքի զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը.

5) ներդնել Տարածքի զարգացման և ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգեր.

6) նպաստել «մաքուր քաղաք» և «կանաչ քաղաք» հայեցակարգի ներդրմանը:

2. Սույն օրենքի խնդիրներն են՝

1) հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելը.

2) Տարածքի՝ որպես միջազգային նշանակության կրթական կենտրոնի հետագա զարգացման ապահովումը.

3) Տարածքի՝ որպես զբոսաշրջային և հանգստյան գոտու զարգացման ու ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ձևավորումը.

4) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և ճարտարապետական պահանջների հետևողական իրականացման ապահովումը.

5) Բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը:

3. Սույն օրենքի սկզբունքներն են՝

1) պետություն-մասնավոր համագործակցությունը.

2) որոշումների կայացման թափանցիկությունը.

3) ծրագրերի իրականացման հաշվետվողականությունը:

(2-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Տարածք՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի և հարակից տարածքներ.

1.1) Դիլիջան համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 2-ի 2.10-րդ բաժնի 3-րդ կետով սահմանված վարչատարածքային միավոր.

2) Դիլիջան քաղաքային բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածք.

3) Հարակից տարածքներ՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Ճերմակավան, Գեղատափ գյուղական բնակավայրերի վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.

4) անձ` սույն օրենքով նախատեսված ծրագիր իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

5) Ծրագիր` անձի կողմից ձեռնարկատիրական կամ ոչ ձեռնարկատիրական նպատակով Տարածքի, դրա առանձին ոլորտի կամ բնագավառի զարգացումը կամ օբյեկտի և (կամ) ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթ, որը հաստատվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով.

6) Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներն իրականացնելու` Դիլիջան համայնքի ղեկավարին կից ձևավորված խորհուրդ.

7) «կանաչ» քաղաքաշինություն ու ճարտարապետություն՝ քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառի հատուկ ուղղություն, որի հիմնական նպատակն է էկոլոգիապես կենսունակ, վերականգնվող էներգիայի, բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայությունն ապահովող տարածքների կազմակերպումն ու կառուցապատման ձևավորումը.

8) «կանաչ» կամ «կենդանի» տանիքներ՝ ջրամեկուսիչ թաղանթի վրա տեղադրված հատուկ բնահողի վրա աճեցրած բուսական շերտով մասնակի կամ լրիվ ծածկված շենքի տանիք.

9) արգելված գործունեություն` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ:

2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» և հարկային ու մաքսային բնագավառը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

(3-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 4. Տարածքի զարգացման գործընթացը կարգավորող օրենսդրությունը

 

1. Տարածքի զարգացման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. «Դիլիջան» ազգային պարկի տարածքի վրա տարածվում են սույն օրենքով և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքով սահմանված սահմանափակումները:

 

 Հոդված 5. Արգելված գործունեությունը

 

1. Տարածքում արգելվում է հետևյալ գործունեության իրականացումը.

1) հանքագործական արդյունաբերություն, բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային և ստորերկրյա հանքային ջրերի.

2) էլեկտրաէներգիայի արտադրություն, բացառությամբ արևային, հողմային, երկրաջերմային և կենսազանգվածի (մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր) էներգիայի.

3) կոքսի, նավթամթերքի և միջուկային նյութերի արտադրություն.

4) քիմիական արդյունաբերություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեսակների.

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով արգելված այլ գործունեության տեսակներ:

2. Դիլիջան քաղաքային բնակավայրի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արգելված գործունեության տեսակներից բացի, արգելվում են նաև հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

1) անասնաբուծություն.

2) բուսաբուծություն.

3) մշակող արդյունաբերություն:

(5-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

 Հոդված 6. Տարածքի, դրա առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման ծրագրերը

 

1. Սույն օրենքի իմաստով Ծրագիր է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ առնվազն երկու միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրմամբ Տարածքում առանձին ոլորտի զարգացումը կամ օբյեկտի և (կամ) ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթը: Ծրագրի արժեքը ներառում է Ծրագիրն իրականացնողի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքը (շենք, շինություններ, հողատարածք) ձեռք բերելու համար վճարված արժեքը:

2. Սույն գլխով սահմանված Ծրագիրն առնվազն ներառում է՝

1) Ծրագրի նպատակը և հակիրճ նկարագիրը.

2) Ծրագիրը ներկայացնող անձը.

3) իրականացման գործընթացը՝ ըստ փուլերի, ժամկետների և ներդրումների (այդ թվում՝ կապիտալ ծախսեր, սեփական ներդրվող միջոցներ, ներգրավված և (կամ) ներգրավվող միջոցներ).

4) Ծրագրի առանձնահատկությունների մանրամասն նկարագիրը.

5) սոցիալ-տնտեսական նշանակություն և ազդեցություն Տարածքի զարգացման վրա.

6) հիմնական ռիսկերը և դրանց կանխարգելման ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.

7) Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի եզրակացությունը.

8) այլ տեղեկություններ` ըստ Ծրագիրը ներկայացնող անձի հայեցողության:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում Ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերի նախագծումն ու շինարարությունն իրականացվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության պահանջների կիրառմամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրերի շրջանակներում այն իրականացնող անձինք օգտվում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված արտոնություններից:

(6-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 7. Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը

(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

1. Դիլիջան համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի, գոտիավորման, համայնքի քաղաքաշինական կանոնադրության, ճարտարապետական լուծումների, քաղաքաշինական նախագծերի, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման, առաջարկվող ծրագրերի վերաբերյալ եզրակացության տրամադրման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ Տարածքում քաղաքաշինական գործունեության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանների և պահանջների իրականացման նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (այսուհետ` Խորհուրդ):

2. Խորհուրդը կազմված է 9 անդամից, որոնց կազմը հաստատում է Դիլիջան համայնքի ավագանին: Խորհրդի կազմը ձևավորվում է առնվազն 5 անդամով՝ Դիլիջանում ներդրումային ծրագիր իրականացրած անձանց լիազոր ներկայացուցիչներից, ընդ որում՝ ծրագիր իրականացրած յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ներկայացնելու մեկ ներկայացուցչի թեկնածություն և ծրագիր իրականացրած անձանց կողմից սույն մասով սահմանված քանակից ավել թեկնածու ներկայացնելու դեպքում նշանակումն իրականացվում է առաջնահերթություն տալով այն անձանց, որոնց իրականացրած ծրագրի ծավալը ավելի մեծ է, 1-ը՝ ավագանու անդամներից, իսկ 3-ը՝ համայնքի բնակիչներից, որոնք քաղաքաշինության կամ ճարտարապետության բնագավառում ունեն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

3. Խորհուրդը իր որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ:

4. Խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել Տավուշի մարզպետը և Դիլիջան համայնքի ղեկավարը, վերջիններիս լիազորված անձինք:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կազմից՝ գաղտնի քվեարկությամբ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Խորհուրդը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը հաստատում է Դիլիջան համայնքի ավագանին` նման առաջին խորհրդի ձևավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

7. Խորհրդի կանոնադրությամբ սահմանվում են Խորհրդի կազմավորման, Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման, նիստերի հրավիրման, աշխատանքների, քննարկումների կազմակերպման, ուսումնասիրությունների իրականացման կարգը, ինչպես նաև Դիլիջան համայնքի ղեկավարին եզրակացությունների կամ առաջարկությունների ներկայացման և դրանց հետագա ընթացքի ապահովման ընթացակարգը:

(7-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 8. Խորհրդի իրավասությունը

 

1. Խորհուրդը Դիլիջան համայնքի ղեկավարին տրամադրում է եզրակացություն՝

1) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ գլխավոր հատակագծերի և քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների վերաբերյալ.

2) համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ.

3) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ.

4) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց պատվիրատուն է Դիլիջան համայնքը.

5) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, համայնքի ավագանու սահմանած պայմաններով, սահմանված կարգով օգտագործման տրամադրվող՝ համայնքի սեփականություն համարվող գույքերի կամ հողամասերի վերաբերյալ.

6) քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ.

7) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության հայտերի վերաբերյալ.

8) ճարտարապետաշինարարական նախագծերի, շինարարության (քանդման) թույլտվությունների հայտերի վերաբերյալ.

9) ավարտված շինարարության շահագործման փաստագրման հայտերի վերաբերյալ.

10) տեղական նշանակության ավտոճանապարհներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության հայտերի վերաբերյալ.

11) համայնքի բնակավայրերի բարեկարգման և կանաչապատման նախագծերի վերաբերյալ:

2. Խորհրդի այլ իրավասություններն են՝

1) ինքնակամ շինարարությունների կանխարգելման ու կասեցման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Տավուշի մարզպետին և (կամ) Դիլիջան համայնքի ղեկավարին.

2) շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում և քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան կառուցապատման ուսումնասիրության իրականացում և առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջան համայնքի ղեկավարին.

3) շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման ուսումնասիրության իրականացում և առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջան համայնքի ղեկավարին և (կամ) ավագանուն.

4) սույն օրենքով սահմանված արգելված գործունեության տեսակների ավելացման և (կամ) փոփոխման վերաբերյալ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջան համայնքի ղեկավարին և (կամ) ավագանուն.

5) Խորհրդի քննարկմանը ներկայացված ներդրումային ծրագրի վերաբերյալ եզրակացության տրամադրում ներդրումային ծրագրի նախագիծը ներկայացնող անձին:

(8-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԻԼԻՋԱՆ համայնքում ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 9. Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքի իրավական ռեժիմը և Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման առանձնահատկությունները

(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

1. Դիլիջան քաղաքային բնակավայրը համարվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

2. Դիլիջան քաղաքային բնակավայրի կառուցապատման համար նախատեսված գոտիների տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով (նախագծերով):

3. Դիլիջան քաղաքային բնակավայրում կիրառման համար նախատեսված` բնակելի կառուցապատման օբյեկտների սահմանված կարգով հաստատված օրինակելի նախագծերի կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով:

4. Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը տեղական ինքնակառավարման մարմնի հաստատմանը ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ենթակա են հրապարակման համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

5. Դիլիջան համայնքի ղեկավարը որոշումները ընդունելիս հաշվի է առնում Խորհրդի եզրակացությունը: Խորհրդի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում Դիլիջան համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում հրավիրում է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որում քննարկվում են Խորհրդի եզրակացությունը և Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից Խորհրդի եզրակացությունը չընդունելու հիմնավորումը: Եթե Դիլիջան համայնքի ավագանին հավանություն է տալիս Խորհրդի եզրակացությանը, ապա Դիլիջան համայնքի ղեկավարը որոշում կայացնելիս առաջնորդվում է ավագանու որոշմամբ:

6. Կառուցապատման նպատակով տրամադրված թույլտվությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

7. Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով տրամադրումն իրականացվում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատման իրականացման պայմանով, որը ներառում է քաղաքաշինական օբյեկտի կառուցապատման և հողամասի կանաչապատման և բարեկարգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նորմատիվային ժամկետները: Սույն մասով սահմանված ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում քաղաքաշինական օբյեկտի կառուցապատման և հողամասի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները չիրականացնելու դեպքում վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձի տրամադրված գույքի պայմանագրերը դադարեցվում են:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հոդված 10. Հարկային արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Ծրագրի իրականացման շրջանակներում`

1) այն իրականացնող անձանց և ենթակապալառուների կողմից ապրանքների ներմուծումը (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից) ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) այն իրականացնող անձանց և ենթակապալառուներին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.

3) այն իրականացնող անձանց շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկից.

4) այն իրականացնող անձանց կողմից ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող, գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից.

5) այն իրականացնող անձանց կողմից ֆիզիկական անձանցից անշարժ գույք ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկից:

2. Համայնքի ղեկավարի հաստատած ցանկում ընդգրկված՝ Տարածքում բնակելի, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի սեյսմակայունության, էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

(10-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

 Հոդված 11. Հարկային արտոնությունների դադարումը

 

1. Ծրագիրը չկատարելու դեպքում այն իրականացնող անձանց մոտ առաջանում են լրացուցիչ պարտավորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ արտոնություններից օգտվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 12. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչև սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը: Սույն մասով սահմանված ոչ բնակելի տարածքների օրինականացումն իրականացվում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումից հետո՝ դրանցով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած և առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է: Սույն մասով սահմանված դրույթներին չհամապատասխանող կառուցապատված տարածքները ենթակա են քանդման կառուցապատողի կողմից կամ հարկադրաբար՝ նրա միջոցների հաշվին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախկինում տրամադրված ընդերքօգտագործման, Էլեկտրաէներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև կառուցման փուլում գտնվող փոքր հիդրոէլեկտրակայանները շարունակում են իրենց գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վեց ամսվա ընթացքում իրականացնում է շահագործվող և շահագործման ենթակա հանքավայրերի, ինչպես նաև շահագործվող, կառուցման ընթացքում գտնվող և կառուցման թույլտվություն ունեցող էլեկտրաէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրություն, գույքագրում և ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ:

7. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ՝ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը).

2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Դիլիջան քաղաքային բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.

3) երկու տարվա ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերը, գոտիավորման նախագծերը և քաղաքաշինական կանոնադրությունները:

(12-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-103-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2015, ՀՕ-153-Ն 09.01.2016, ՀՕ-103-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան